Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։ Դանիել Վարուժան

Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։
Դանիել Վարուժան
Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։ Դանիել Վարուժան

Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։ Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանից՝ «Ազդակ»-ի խմբագրության
[1909, մայիս ?] Գանգ․
«Ազդակ»-ի խմբագրության.
Համիդին փորասողուկ թավալումը ինձի այնքան ուրախություն չպատճառեց՝ որքան Կիլիկիայի ջարդը ճմլեց աղիքներս։ Ցեղին հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քա­ղաքներեն եկող ամեն լուր՝ տաք մոխիրի նման կթափի գլուխիս և սրտիս վրա։ Հինգ դարեր պետք եղան՝ որպեսզի թուրքերեն մաս մը քաղաքակրթվեր, եվրոպականանար, ինչ­պես փտած կաթսաները կկլայեկվին. ո՜վ գիտե դեռ որչա՜փ հինգ դարեր պետք են և որչա՜փ հայու արյուն՝ մյուս մեծագույն մա­սին համար։ Երիտասարդ թուրքերը չեն դադ­րիր Եվրոպայի հասկցնելե, թե թուրքը ի բնե բարի ժողովուրդ է, թե տաք հայերու անխոհեմությունն է աղետին սկզբնապատճառը․ — ոճի՜ր, — եղած՝ Եվրոպայի հայանպաստ կարծիքին դեմ հակազդելու համար, կարծիք մը՝ որ արդեն առանց ադոր ալ պոռնկացած է։ Լուրերը այնքա՜ն գեշ ազդած են վրաս, որ կցավիմ Ադանա չգտնվելուս համար։
Կովկասի հայ-թաթարական ընդհարումնե­րը օրինակ մեզ։ Եթե այդ ոճով շարժինք, խուժանը ինքը պիտի գա մեզ եղբայրություն քարոզելու։ Կռապաշտ է խուժանը․ բոցին առջև միայն կխոնարհի։ Քանդել և այրելը բարբարոս ժողովուրդի մը համար առաքի­նություն է, այդ կարմիր առաքինությունը ունեցող մարդիկ միայն կրնան իրենց պատկառանք ներշնչել։ Երջանիկ ապագան, ժողովուրդներու եղբայրությունը աշխատանքի սրբարանին առջև՝ զոր մենք բոլորս կհու­սանք և կհետապնդենք։ Ուխտ մըն է՝ որ թուրք խուժանին հետ լոկ զենքերու վրա կկնքվի։
Միթե դեռ հայեր կա՞ն՝ որ ձեր ըսած խլուրդի գոյությունը կապրին։ Եթե մինչև հիմա ուրիշ ազգ մը մեր կյանքը ապրեր՝ իր մեջ մեկ պահպանողական չէր հաշվեր։ Միթե այսքան պղնձի և կրակի դարեր չկրցա՞ն ձուլել Գայլ Վահաններու սերունդ մը։ Գնչու­ները անիշխանական պիտի ըլլային՝ եթե մեր ճակատագիրն ունենային։ Եվ դե՜ռ հայության ծոցին մեջ «խլուրդի գոյություններ» կան։ Խլուրդ չեն ադոնք, ընկե՛ր, մեր նախնիքներուն դիակներեն տարասերած որդեր են, անարգ որդեր, զոր ադամանդե գարշապարիս տակ ճզմել իսկ պիտի զզվեի։ Ո՜վ ատրաշեկ երկաթով կուրացված հայրենիք, չտեսա՞ր, թե ինչպե՛ս լուսաբուխ ծիծերուդ վրա կսեղմեիր աստղապսակ որդիներուդ հետ, որոնք Մասիսեն կիջնեին, այնպիսի ճետեր, որոնց սկիզբը թաղված է այն մորուտներուն մեջ՝ ուր Վահագն աստվածային՝ Մեղքի վիշապն սպաննեց։
Բայց հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն, և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին։ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոս­կի օղակն ըլլալու համար։ Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը՝ զոր մուրճով կռեցինք ինչ­պես մեր պապերեն մեկուն նիզակը՝ որ նպատակին կդիմեր օդին և արևուն մեջ եր­գելով։
«Չանցնիր այն ճրագն՝ զոր վառեց Աստ­ված», ըսած է Վարպետս {1} իր «Հայրունի»-ին մեջ, զոր ես կհասկնամ այն Աստվածը՝ որ յուրաքանչյուրիս կամքին մեջ է, այն Աստ­վածը՝ որ իր իսկ քնարը զեն ու զարդեց մարտիկի մը նման՝ զոր առաջին անգամ իդեալական պատերազմին կտանին։
Չանցնիր այն ճրագն՝ զոր կամքը վառեց։

Դանիել Վարուժան

{1} «Վարպետ» ասելով նկատի ունի Հ, Ղևոնդ Ալիշա­նին (1820-1901), Վենետիկի Մխիթարյան միաբա­նության անդամներից, բանաստեղծ, հայագետ, գիտ­նական։

Աղբյուր՝ («Ազդակ», 1909 թ ., 9/22 մայիս, № 21, էջ 334)
Կենսագրություն՝ Դանիել Վարուժան

Добавить комментарий