ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ
ՀԱՏՎԱԾՆԵՐ «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտաս Komitas Комитас — ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Մի ժամից նա տուն վերադարձավ և պատմեց հետևյալը. «Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը։ Սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ և ասում.
— Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգևորական, ինչ-որ տերտեր ես բերում Երևանում թաղելու համար։ Ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր թող չուղարկեն, մենք հոգևորականներին թաղելու համար գումարներ չունենք։
Այս դեպքից Աղասին անսահման հուզվել ու վրդովվել է, անհարմար է զգում հեռագիր տալ, ուստի ինձ խնդրեց, որ ես այդ անեմ։ Ես ցավով նրա խնդրանքը կատարեցի, բայց տա Աստված, որ հեռագիրս ուշ տեղ հասնի և Կոմիտասի դին ետ չուղարկեն։ Խեղճ Աղասի, դու տեսնում ես, Մարո ջան, թե ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը»։
Մյուս օրը Ալազանը Կենտկոմ է գնում՝ իմանալու հեռագրի պատասխանի մասին։ Խանջյանը ուրախ-ուրախ նրան ցույց է տալիս մի հեռագիր՝ հետևյալ բովանդակությամբ։ «Նավը երեք օր է, դուրս է եկել և գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։
Կոմիտասին խնամող հանձնաժողով»։
— Այդ շատ լավ եղավ,– ասում է Ալազանը։
— Լավը լավ է. Ալազան ջան, բայց ցավալին այն է, որ Կոմիտասին ներկայացնում են որպես «ինչ-որ տերտեր»,– ասում է Խանջյանը վրդովված։
Այս դեպքից մեկ թե երկու օր հետո մեր տուն եկավ Չարենցը և ասաց.
— Ա՛յ տղա, Ալազան, մի «պազոռնի» բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հավատում։ Ասում են, որ Փարիզից հեռագրել են Աղասուն, որ նա Կոմիտասի դիակը ընդունի և Երևանում թաղի։ Աղասին համաձայնել է, բայց Բերիան իր երևանյան «սիշչիկներից» այդ մասին իմանալով՝ կտրականապես արգելել է՝ ասելով, թե «Մենք ինչ-որ տերտեր թաղելու համար գումար չունենք»։
— Այո, դժբախտաբար ճիշտ է, բայց բարեբախտաբար հեռագիրը ուշ է տեղ հասել, և Կոմիտասին բերող նավը արդեն Միջերկրականի ջրերում է, և շուտով Կոմիտասը Երևանում կլինի,– ասաց Ալազանը։
— Այ տղա, ճիշտ ե՞ս ասում, էդ ինչ լավ բան եղավ։ Թող հիմա Բերիայի «սիշչիկները» տրաքվեն,– ասաց Չարենցը ուրախությամբ։
Քիչ հետո նորից լրջացավ, մռայլվեց և հուզված ասաց. «Ինչ-որ տերտեր։ Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է։ Ողորմելիներ, տգետներ, թո՛ւ ձեր երեսին, անամոթներ։ Վա՛յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ Մարո ջան, մի կոնյակ բեր. խմենք Կոմիտասի հաղթանակի և հիշատակի կենացը»։
Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր»։
Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղևորվեցինք դեպի Կուլտուրայի տուն։ Աբովյան փողոցում մեզ միացավ նաև Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանեց լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը և սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զայրացրեց։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ և ուղղակի գոռալով ասաց. «Մի բան գտա՞ք, անամոթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա համարյա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով դուրս եկավ դահլիճից։ Նրան հետևեցին նաև հանձնաժողովի անդամները, Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին։
Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ և խանջյանին պատմում այդ խայտառակ արարքի մասին։ Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում է.
–Ալազան, ես կարևոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի և մյուս անդամների հետ միասին մեծ շուքով թաղեք մեր պայծառ Կոմիտասին։

Հրատարակության պատրաստեց Հասմիկ Ալազանը
«Էջմիածին», Է-Ը, 2004, էջ 120-121
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Աղբյուր՝  ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ

Տես՝ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը. Եղիշե Չարենց

 

Добавить комментарий