ԼԵՈ Առաքել Բաբախանյան

ԼԵՈ Առաքել Բաբախանյան
ԼԵՈ Առաքել Բաբախանյան

ԼԵՈ Առաքել Բաբախանյան

Մեռավ հայ մշակույթի ամենից տքնաջան և բեղմնավոր աշխատավորներից մեկը՝ Լեոն, 72 տարեկան հասակի մեջ։
Մեր, հին սերունդիս սիրելի ընկերներն ու բարեկամները մեկ-մեկ հեռանում են մեզանից, և, այսպես, աշխարհը դատարկվում է մեզ համար։
Նա լինելով չունևոր ընտանիքի զավակ, նյութական ծանր զրկանքների տակ, ավարտելով Շուշվա քաղաքային դպրոցը, տակավին պատանեկան հասակում նետվեց կյանքի պայքարի մեջ՝ ընտանիքի ապրուստը հոգալու համար։
Անսպառ եռանդի տեր և չափազանց աշխատունակ՝ նվիրվեց ինքնակրթության և իրենից շինեց-կերտեց գրական այն ուժը, որ երկար տարիներ եղավ տիրապետող դեմքերից մեկը կովկասահայ հասարակության մտավոր կյանքի մեջ։
Որպես ինքնաշխատությամբ ստեղծված մի մեծություն, շատ հետաքրքրական օրինակ է Լեոն։
Հազիվ կարելի էր գտնել այդքան չարաչար աշխատող մի մարդ։ Անշուշտ դրան նպաստում էր և իր ուժեղ, առողջ ֆիզիկական կազմը։
Առանց ժամանակ կորցնելու, անընդհատ պարապում էր, կարդում ու գրում, գրում ու կարդում դպրոցի օրերից մինչև ծերություն, մինչև աչքերի կես կուրության հասնելը։
Նա գրքից և գրելուց դուրս կյանք չուներ, ուրիշ հաճույք չգիտեր, եզակի ընթերցասեր էր, գրապաշտ, գրամոլ։ Տարին մի քանի անգամ հազիվ կհանդիպեիր նրան դուրսը, փողոցում, հանդեսներին, հասարակային հավաքույթներին։
Ինչե՜ր չէր կարդացել և ինչե՜ր չէր կարդում — գեղարվեստական գրքեր, քննադատական, աշխարհագրական, պատմական, գիտական, փիլիսոփայական։ Ռուսական ինքնուրույն և թարգմանական ծով գրականությունը լափում էր և չէր հագենում։ Իսկ հայերեն հին ու նոր գիրք չկար, որ նրան անծանոթ լիներ։ Անհուն էր նրա հարցասիրությունը։
Տասնևութը տարեկան հասակից ոտք դրեց գրական ասպարեզի մեջ՝ յուրացնելով Շպիլհագենի նշանավոր վեպի հերոսի Լեո անունը, և ամբողջ 55 տարի գրիչ բռնեց և մեռավ գրիչը ձեռքին։
Լինելով Գր. Արծրունու խանդավառ աշակերտը, իր կրքոտ խառնվածքի բոլոր թափով արծարծեց և ժողովրդականացրեց իր պաշտած վարպետի լիբերալ տեսությունները և անողոք պայքար մղեց հայկական պահպանողական հոսանքների դեմ։
Շատ հաճախ աչառու և կուսակցամոլ՝ նրա գրիչը թույն էր հղում և նշտարի սրության ուներ։
Բազմաճյուղ են նրա գրական գործունեության ուղիները։
Իբրև հրապարակախոս, նա ստորագրել է անհամար հոդվածներ, որոնք իր ժամանակին կարդացվել են հևիհև, խանդավառությամբ։ Իբրև գրական քննադատ, նա հեղինակներին երբեմն գնահատել է անաչառ ոգով, հաճախ գերագնահատել է բարեկամ միջակ գրողներին, և ստորագնահատել տաղանդավոր մեծությունները, ինչպես օրինակ, Հովհ. Թումանյանին։
Նրա «Ռուսահայ գրականություն» հատորը պերճախոս ապացույցն է այս իրողության։
Որպես գեղարվեստական գրող, Լեոին, անշուշտ, չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին՝ Րաֆֆիի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի, սակայն իր պատվավոր տեղն ունի։
Նրա վեպիկները, օրինակի համար «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են։
Մանավանդ «Պանդուխտն» ու «Այծարածը», իրապաշտ ճշտությամբ գրված, միշտ հաճույքով կկարդացվեն։ Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ և պատկերավոր, և ժողովրդական դարձվածքներով հարուստ։
Նրա «Մելիքի աղջիկը» պատմական մեծ վեպը, Ղարաբաղի մելիքների շրջանից, Րաֆֆիի թույլ հետևողությամբ, ռոմանտիկ գույներով է թաթախուն, թեև ունի վարպետի էջեր, բայց ընդհանրապես տաղտկալի է և ճապաղ։
Այս անուններից զատ Լեոն ունի նաև ուրիշ վիպակներ ու պատմվածքներ, ինչպես՝ «Վերջին վերքեր», «Ծայրեր», «Գավառական հերոսներ», «Սպանված հայրը», «Արնագին» և բազմաթիվ պատմվածքներ «Մշակ» թերթի կիրակնօրյա համարներում։ Սակայն նրանք շատ նվազ արժեք են հայտ բերում։
Լեոն գրել է ուղևորական նոթեր, ինչպես «Ջրաբերդի լեռներում», ուր նկարել է բնությունը և ժողովրդի կենցաղը։ Թարգմանություններից հիշենք Մորտովցևի «Հայաստանի ուղևորությունը» հաճելի գիրքը։
Այս հապճեպ գրությանս մեջ անկարելի է թվել նրա գրչի բոլոր արտադրությունները։ Հիշում եմ, որ վերջերս Երևանում, մի օր, Լեոի տանը, միասին հաշվեցինք իր գրածները, որոնց թիվը մի երկու հարյուրի հասավ և դարձյալ թերի մնաց։
Սակայն Լեոի արդարացի համբավը գլխավորապես կայանում է նրա պատմական գործերի մեջ։ Նա թեպետ շատ կարդացած էր՝ բազմակողմանի միտք լինելով, բայց անկարող եղավ եվրոպական իմաստով պատմաբան լինելու։ Նրանում պակասում էր հիմնական֊սիստեմատիկ կրթություն։ Ծանոթ էր եվրոպական պատմագետներին, նրա սեղանի վրա էին Բլոկ, Տեն, Ռամբո, Մոմզեն, Կլյուչևսկի և այլն, սակայն յուրացումը օրգանապես չէր տեղի ունեցել նրա մտքի լաբորատորիայում։
ԼԵՈ Առաքել Բաբախանյան
Եվ շա՜տ հուզիչ էր, երբ ես Երևանում տեսնում էի, թե ինչպես մեր սիրելի Լեոն հոգնած տարիքում, հիվանդ աչքերով կքել է գրասեղանի վրա և ճիգով կարդում է Մարքս, Էնգելս, Պլեխանով, Լենին և բազմաթիվ նոր գրքեր, օրը օրին լույս տեսնող նոր ստվար գրքեր՝ նոր տերմինոլոգիայով, և տքնում է յուրացնել պատմական մատերիալիզմի մեթոդոլոգիան, նրանով լուսաբանելու Հայոց հին և նոր պատմությունը և վերստին մի անհնարին տաժանքով գրելու Հայոց պատմությունը, ամբողջ պատմությունը նոր լույսի տակ։
Գլուխս ցավագնորեն երերում էր այս համառ, տոկուն մարդու սիզիֆային աշխատանքի վրա և միևնույն ժամանակ հիանում էի նրա դեռ չցամաքած ավյունի, կրքի, աննկուն
կամքի վրա։ Աշխատանքի հերո՛ս, իրավամբ։
«Մարդ առնվազը 200 տարի կյանք պիտի ունենա, որ կրծե գիտությունը և կարողանա մի գիտական կոթող կառուցանել», ասաց մի անգամ ինձ՝ ալեհեր գլուխը բարձրացնելով հուսահատեցնող գրքերի վրայից և հոգնած աչքերով նայելով իմ զարմացած աչքերին։
Լեոն իր առասպելական եռանդով և աշխատասիրությամբ տարիների ընթացքում սկսեց իր պեղումները, բերեց ու քրքրեց Թիֆլիսի, Բաքվի, Երևանի, էջմիածնի, Շուշվա արխիվները, մատենադարանները։ Անհամար թվով գրքեր, լրագրեր, ամսագրեր… Եվ սկսեցին մեկը մյուսի ետևից լույս տեսնել նրւս պատմական երկերի հատորները, որոնք զերծ չլինելով թերություններից, մինչև այսօր էլ մեր գրականության մեջ երկրորդը չունին։ Գրեց Մեսրոպ Մաշտոցի կյանքը, Հովսեփ Կաթողիկոս Արղության, Ստեփ. Նազարյան՝ երկու հատոր, Գր. Արծրունի՝ երեք հատոր, Հայոց տպագրության պատմությունը, շատ ընտիր գործ, երկու հատոր, հայոց պատմության երկու հատոր և անտիպ մասերը, նրա Հայոց հարցի վավերագրերը, Գլադստոնի կյանքը, Երևանի թեմական դպրոցի պատմությունը։ Եվ բազմաթիվ պատմական մոնոգրաֆներ ամսագրերի մեջ՝ Ստ. Ոսկան, Հովհ. Այվազովսկի նկարիչ, Մեսրովբ Թաղիադյան, Ղ․ Աղայան, ֆրանս-գերմանական պատերազմը, եզվիտների մասին և այլն, և այլն։
Եվ այս վիթխարի աշխատանքի տակ կքեց նրա բարձր ու հաղթ հասակը և հիվանդացավ ծանրապես, կտրելով գրական 30 տարվա դժվարին ուղին։ Կովկասահայը օգնության հասավ, գնահատելով այս վաստակավորին, 1908 թվին շքեղ հոբելյանով մեծարեց նրան, նյութական միջոց տվեց Եվրոպա մեկնելու՝ բուժվելու համար և նվիրեց մի տուն Թիֆլիսում, որ մինչև այսօր իրեն է պատկանում։
Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոին տեսա Երևանում։ Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր։ Երևանի համալսարանում հայոց պատմություն էր դասախոսում։ Եվ դասերից հետո հավերժական
ընթերցում և գրել։ Դարձյալ նույն մարդն էր. սենյակը գրքերով լեցուն, դարակների վրա փառակազմ գրքեր (ինչքա՜ն էր սիրում շքեղ կազմով գրքեր, ինչպե՜ս էր գուրգուրում
գրքերը և դողում նրանց վրա), սեղանի վրա գրքեր, աթոռների վրա՝ գրքեր, լրագրեր, ամեն տեղ՝ գիրք, թերթ, և իր ճերմակ գլուխը կռացած՝ ճակատը մինչև գրքին հասած…
Տարիները ոչինչ չէին փոխել. նույն գրամոլ Լեոն, հիվանդագին գրամոլ։
Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում։ Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ։ Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար
դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ…
Հավերժ անմոռանալի, սիրելի գիշերնե՜ր…
Խոսում էր իր նոր գրածների մասին և գրական ծրագրերի մասին։ Գրել էր Ներսես Աշտարակեցու կյանքը, գրել էր մի երկու վիպակներ, գրում էր իր հուշերը, «Անցյալից» հատորի շարունակությունը։ Ուսումնասիրում էր քրդերի պատմությունը, բառարանի օգնությամբ կարդում էր ֆրանսերեն գրքեր քրդերի մասին, գրելու համար քրդերու պատմությունը՝ հայկական նյութերով ճոխացած։
1927 թվի ամռանը Հայաստանի մտավորականությունը տոնեց նրա գրական 50-ամյակը։ Վերջերս ընդմիշտ թողեց համալսարանում դասախոսությունները։ Ստանում էր պետական կենսաթոշակ՝ իբրև վաստակավոր հեղինակ։
Հայաստանի կառավարությունը բարձր էր գնահատում նրա արժանիքը, և հոգածու էր նրա առողջական վիճակի մասին և միշտ ուղարկում էր նրան առողջարանները՝ պետական հաշվով բժշկվելու։
Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափներն ու աղետները դառնությամբ լցրել էին նրա հոգին։ Այդ անհնարին վշտի ծանրության տակ փշրվել էր նա։
ԼԵՈ Առաքել Բաբախանյան
— Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ։ Բայց ո՞վ է մեղավորը,— ասում էր նա ինձ,— մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու,
ես և բոլոր նրանք։ Մեր ժողովուրդը մեղավոր չէ։ Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունեն, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը։ Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Եվ կատաղում էր և բառ չէր գտնում որակելու…
Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք Դաշնակցությունը և Հնչակյանությունը, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը։
է՛ս կոտրած ձեռքերովս ի՜նչ կռիվ եմ մղել մեր պահպանողականների դեմ, բայց պատմությունը ապացուցեց, որ Պետրոս Սիմոնյանները, Աշըգյանները, Օրմանյանները
իրավունք ունեին։ Նրանք իրատես եղան, նրանք ճանաչում էին լիրբ աշխարհը, նրանք գիտեին, որ մեծ պետությունները մեզ պիտի շահագործեն, վաճառեն և վերջը թքեն մեզ վրա…
Դու գիտես, որ մեր արհամարհած Պետրոս Սիմոնյանը 1880 թվին գրել է, թե՝ վազ անցեք հայկական հարցից, թողեք 61֊րդ հոդվածը, որ դժբախտությունների դուռ պիտի բանա։ Հայ
ժողովուրդը բարեկամ չունի. Հայաստանը Բուլղարիա չէ, ետևը ցար կանգնած չկա։ Կկոտորեն ժողովրդին, մեր արյունով իրենց հաշիվները կմաքրեն և այլն, և այլն… Մարգարեներ էին նրանք, իսկ մե՞նք… Այս բոլորը դու կկարդաս իմ հիշողությունների գրքի մեջ։ Շա՛տ կուզենայի, որ նոր սերունդը կարդա գիրքս՝ չկրկնելու համար մեր գործած ոճիրները։
Հիմա ես միայն մի մխիթարություն ունեմ— ավերակված Հայաստանից այս կտոր հողը, թանկ գնով գնած այս կտոր հողը, ուր հանգիստ կարող եմ գլուխս դնել և որը վաղը ինձ պիտի ծածկե…
Եվ այսօր, ավաղ, սիրելի Լեո, այս թանկագին հողը ծածկում է քո վաստակաբեկ ոսկորները և թո՜ղ հայրենի այդ քաղցր հողը ծանր չլինի քո տառապած սրտին…
1933
Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից», ԼԵՈ Առաքել Բաբախանյան
Երկերի ժողովածու վեց հատորով, հատոր 5-րդ
✔️Աջակցեք կայքին | Support me on | Patreon
✔️Օգնություն կայքին | Donate
✔️Հետևեք | Subscribe | YouTube
✔️My Blog | Hayagitaran
✔️Facebook | Hayagitaran Hayastan
✔️Instagram | Hayagitaranhayastan

Добавить комментарий