ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
… Ամառվա շոգ և արևոտ մի օր էր։ Մենք՝ երեխաներս, ոտաբոբիկ, առանց շապիկի լճափի ավազաններում թաղված, տուն-տուն էինք խաղում։
Հանկարծ դուրսը մթնեց. աքաղաղները կանչեցին. հավերը կչկչալով իրար անցան ու աքաղաղների շուրջը հավաքվեցին։ Շները հաչեցին և չարագուշակ ոռնացին։ Դուրսը ցրտեց։ Մենք մրսեցինք և մեր շապիկները հագանք։ Լճի կապույտ գույնը սևի փոխվեց, լիճը սկսեց կնճռոտվել և ալեկոծվել։
Այդ բոլորն ահ ու սարսափ տարածեց մեզ վրա. մենք, խաղը թողած, տները վազեցինք։ Մեր սենյակում պատից կախված լամպը վառվում էր։ Մայրս մի քանի կանանց հետ ծնկաչոք, ձեռքերը վեր պարզած, հայացքները առաստաղին հառած՝ աղոթք էին մրմնջում։
– Աստվա՛ծ ջան, մեզ ազատիր բոլոր տեսակի չարիքներից,– ասում էր մայրս։
– Արևի խավարումը դա երկու թագավորների անհաշտության նշան է, կարող է պատերազմ լինել,– ասաց կանանցից մեկը։ Մյուսը թե.
– Արևի խավարումը դա գլխավորի-ամուսնու կորուստ է նշանակում։ Հիշում ես մի անգամ էլ արևը խավարեց Բղբեննաց Հարությունը մահացավ, և խեղճ Մարիամը այրիացավ։
Չեմ հիշում, դա արևի խավարման, թե հետագա օրերումն էր, որ Սիփանի փեշերով և լճի երկարությամբ, դեպի մեր գյուղն էր շարժվում թուրքական բանակը՝ սև ասկյարը (այդպես էին կոչում թուրքական բանակին, նրա համար, որ նա ամբողջովին սև էր հագնում), որի միայն սկիզբը տեսանք։
Ժողովուրդը՝ կին, երեխա, տղամարդ, տներից դուրս թափված կտուրներում կանգնած, դիտում էին այդ հետաքրքրաշարժ և արտակարգ զորաշարժը։ Մայրս ձեռքիցս բռնած, բարձրացանք մեր կտուրը։ Նա զույգ ձեռքերը ճակատին դրած, աչքերը կիսաբաց, շարժվող զորքին նայելով, կողքի տղամարդուն դիմելով՝ հարցրեց.
– Տե՛ր աստված, այս ի՞նչ բան է, կյանքումս մեր սարերում այսքան սև ասկյար չէր հավաքվել։
– Ոչինչ ասկյարի զորախաղ է, վարժություններ են անում,– պատասխանեաց կողքի տղամարդը,– այդպիսի զորախաղեր ես շատ ու շատ եմ տեսել։
Զորքը երկու մեծ և կուռ օղակով, շրջափակեց մեր գյուղը, մի մասն էլ լցվեց փողոցները և շրջապատեց Հեթումենց դարմանի և խոտի մեծ մարագը, որի մի կեսը լցված էր դարմանով։ Ոչինչ, ոչինչ չէր հասկացվում։
Ապա Հեթումենց (Եթմենց) մարագի մոտ կանչեցին գյուղի միակ գրագետ, բաբեր մելիք Հակոբին և ինչ որ մի թուղթ մեկնեցին նրան։ Նա կարդալուց հետո կանչեց գյուղի գզիրին և ինչ որ կարգադրություններ արեց նրան։ Գզիրը շրջեց տնից տուն, փողոցից փողոց և ասաց.
– Եթմենց մարագում ժողով կա, ոչ մի տղամարդ չբացակայի, հուքմաթի հրամանն է։
Թե ո՞վ էր և ի՞նչացու էր այդ հուքմաթը չհասկացա։
Երբ գյուղի բոլոր տղամարդիկ հավաքվեցին մարագում, զորքի մեծը բաբեր մելիք Հակոբի հետ մարագը մտան, ապա մեծը մենակ դուրս եկավ մարագից և դռանը մի մեծ կողպեք դրեց և զորքին դառնալով, ձեռքի մի շարժումով հասկացրեց… Սև ասկյարը հրացանի սվինները դեպի մարագը ուղղեց և խտացրեց իր շարքերը։
Կանանց հանգիստ և միամիտ հետաքրքրությունը սուգ ու շիվանի, լաց ու կոծի փոխվեց։ Շատերը ծնկաչոք, արտասվալի աչքերը դեպի երկինքը դարձած աստծուց փրկություն էին հայցում։ Մյուսները բարձրաձայն լալիս ու գլխներին էին խփում։ Նրանց լացին միախառնվեց երեխանների լացն ու ճիչը և հրացանի կրակոցները։ Բոլորի, բոլորի հայացքներն ուղղված էին դեպի Հեթումենց դարմանանոցը, մի քանի ասկյարներ բահն ու քլունգը ձեռքներին մարագի կտուրը բարձրացան և քանդեցին, մեծացրեցին մարագի էրթիկը։ Երկու այլ ասկյարներ նավթի դաբոները-ամանները ձեռքներին, մոտեցան մեծացրած երդիկին և ամբողջ ուժով նավթը շփեցին մարագի ներսը և տարբեր կողմերից լուցկիներ վառեցին։ Բոցն ու ծուխը միախառնված երկինքը բարձրացավ։ Լսվում էր մարագում եղած տղամարդկանց աղիողորմ լացն ու ճիչը։ Հերարձակ, խելակորույս մայրերն ու քույրերը դեպի մարագը վազեցին, բայց տեղն ու տեղը սվինահարվեցին և բոցերի մեջ շպրտվեցին և իրենց հույզերով ու տանջանքներով հարազատներին փարվեցին և միասին մոխրացան։
Մարագից ելնող բոցն ու ծուխը, հրաբխային վիթխարի մի սյուն կազմած, դեպի կապույտ երկինք խոյացավ և իր լայնարձակ սև քողը փռեց Խոռանց գյուղի և մոտակա երկու լճերի վրա։ Նրանք գյուղի ծանր վիշտը, կոհակներին առած, մեղմ խշշում, վաշ ու վիշ էին ասում։ Իսկ սեգ Սիփանը հրեղեն սյունի տաքությունից իր ձյունակերտ թագը հալեց, արցունքի առվակներ կազմեց և զույգ լճերի կապույտ ջրերին խառնեց ու գյուղին վշտացրեց։
Սկսվեցին հրացանի համազարկերը, ալան-թալանը, հարս ու աղջիկներին քաշքշելը, դիմադրողներին սպանելը կամ ձիերին կապած անհայտ ուղղությամբ տանելը։ Խուճապահար ժողովուրդը, սկսեց դես ու դեն վազվզել. ջրհորներում, հացի ամբարներում, աթարի ամբրոզներում թաքնվել և հորձանուտ լճի ալիքներին հանձնվել, միայն թե թուրքական բանակի (սև ասկյարի) վայրագություններից ազատվել։ Իսկ մարագի բոցն ու ծուխը միախառնված այրվող տղամարդկանց լացն ու հառաչանքին երկինքը հասավ։ Գյուղում տարածվեց խորոված մսի և խանձված մազերի տհաճ հոտը։ Մարագի կտուրը փլվեց։ Մարագը լռեց։

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ

Իրիկնամուտ էր։ Նախիրն ու ոչխարների հոտը, Սիփանի հյութալի կանաչներից ու ծաղիկներից կշտացած, կրծքները ծաղկաբույր կաթով լցրած, ծանրաքայլ, օրոր ու շորոր, առանց հովիվների ուղեկցության, ըստ սովորության գյուղը մտավ։
Ձիավոր սև ասկյարը հարայ-հրոցով, հո, հըռ գոռգոռալով, շրջապատեցին նախրին ու ոչխարների հոտը։ Արտակարգ դրությունից սարսափահար՝ կովերն ու ոչխարները դես ու դեն վազվզեցին, ըմբոստացան, ըստ սովորության գոմերը մտան, իսկ մեծամասնությունը զորքի անգութ մտրակներին արժանացան և քշվեցին անհայտ ուղղությամբ։ Խեղճ անասունները զրկվեցին հարազատ գոմերից, գառն ու հորթերից և գթասիրտ իրենց տերերից։
Ալան ու թալան, հետո սև ասկյարը գյուղից հեռացավ։
Կանայք հարս ու աղջիկներ, դուրս եկան իրենց թաքստոցից, կուժերն ու դույլերը առած դեպի լիճը վազեցին. ջուր ու ավազ բերեցին և վառվող ու մխացող մարագի այս այն մասում լցրեցին և կրակը հանգցրեցին։ Մյուսները բահն ու քլունգը ձեռքներին, արցունքը աչքերին, մղկտացող սրտով ու հույզերով, քանդում էին մարագի փլատակները և տակից հանում ուռած սևացած, խանձված ու եփված անճանաչելի դիակները։ Ապա հավաքվում հարազատները կորցրած մայր ու աղջիկները նայում էին խանձված ու սևացած դիակներին, ով լինելը չորոշելով, մղկտալով քանդում ու նորից քանդում մարագի փլատակները։
Մարագի դուռը բարձրացնելիս՝ նրա տակին գտան եղբորս՝ Առաքելին, որի հագուստները դեռ այրվում ու ծխում էին, իսկ գլուխը երկու կես էր եղած և ուղեղը դուրս թափված։ Մայրս բարձրաձայն ճչաց, օրորվելով դեպի եղբայրս գնաց, զույգ ձեռքերը դեպի երկինքը բարձրացնելով և երկնքին նայելով՝ ասաց.
– Թախտդ շուռ գա, արարի՛չ Աստված, ի՞նչ մեղք էինք գործել քո առաջ, որ մեզ այսպես պատժեցիր, իմ անմեղ որդուն կտոր-կտոր արեցիր, հրին ու սրին արժանացրեցիր։
Ես մորս կողքին նստած լալիս ու կրկնում էի նրա խոսքերը և փարվում էի նրան։
Մի կին զույգ ձեռքերով վերցրեց եղբորս ուղեղը և դրեց նրա ջարդած գանգատուփի մեջ և իր գոգնոցը արձակելով կապեց եղբորս գլուխը։ Մյուս կանայք եղբորս մարմինը ազատեցին այրվող հագուստներից, հենց մարագի դռան մոտ մի փոս փորեցին և եղբորս դիակը մեջը դրեցին։ Մայրս գրկեց նրա թարմ շիրիմը և երկար լաց եղավ, ապա վեր կացավ տեղից օրորվելով դեպի ծխացող մարագը գնաց մի քանի սևացած ու խանձված դիակներ շուռ ու մուռ տվեց, հորս որոնեց, նրան ճանաչելու հույսը կտրած, նորից եղբորս գերեզմանին ծնկաչոք նստեց, երկար լացեց ու մորմոքեց և վշտախորով տուն գնաց։
Մինչև ուշ գիշեր քրտնակոխ կանայքը քանդեցին մարագի այրվող փլատակները և դուրս հանեցին հարյուրավոր այլանդակված անթև անգլուխ, ուռած ու եփված, անճանաչելի դիակներ։ Հարազատներին գտնելու և ճանաչելու հույսը կորցրած, մարագի մեջ դրին հանած անճանաչելի դիակները և կառուցեցին ընդհանուր եղբայրական մի գերեզման, վրան դրին մի քանի փայտյա խաչեր, մոմեր վառեցին, խունկ ծխեցին, և ծնկաչոք աղոթեցին ու գլխիկոր գնացին իրենց գալիք վիշտն ու տառապանքները կրելու։
Բզնունյանց ծովը մեղմ խշում, վա՜շ վո՜ւշ էր ասում, իսկ խռովահույզ Սիփանը, հայացքը խոժոռված ու կատարված, բարբարոսության դարերի աննման վկան մնաց։

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ
ԳՅՈՒՂԻ ԱՌԱՎՈՏԸ

Լույսը բացվեց։ Արևն իր ոսկեգույն ճառագայթները գցեց մարդախորով և վշտախորով գյուղի վրա։ Գյուղը թաղված էր խորը լռության և սգի մեջ։ Թոնիրներից էլ ծուխ չէր բարձրանում. ընդմիշտ կտրվեց թխվող լավաշ հացի հաճելի բույրը. էլ չէր մայում գառն ու ոչխարների հոտը. ոչ նախրչին, ոչ էլ նախիրը էլ դուրս չէին գալիս գյուղից. էլ չէր լսվում ձիերի և քուռակների հաճելի խրխինջը։ Հեռվից գյուղի լռությունը խզեց մի քաղցած շան աղիողորմ ոռնոցը և ծովի ալիքների մեղմ խշշոցը։
Մեր բակում հավաքվել էին մի քանի կանայք իրար հետ խոսում, իրար վշտակցում, լալիս էին։
– Ա՜խ, աստվա՛ծ իմ, շան ոռնոցը չարագուշակ է,– ասաց մի կին։ Մյուսը թե.
– Է՜հ, սրանից դեն ինչ ուզում է թող լինի, մեռնելն ավելի լավ է, քան թե վշտախորով առանց հարազատների, առանց գլխավորի ապրելը։
Մայրս կանանց խմբից անջատվեց և մտամոլոր, քայլերը դեպի մեր տունը ուղղեց։ Փռած անկողինը հավաքեց, ինչ որ ամաններ մի տեղից վերցրեց մի այլ տեղ դրեց, ապա նույն մտամոլորությամբ, արցունքներն աչքերին գոմը մտավ և դատարկ գոմի մեջտեղում կանգնած բարձրաձայն լաց եղավ՝ ոչ մի անասուն, ոչ մի շունչ։ Հանկարծ թառի վրա մի հավ կչկչաց, որով ուզում էր ասել, թե մենակ եմ, ընկեր եմ ուզում։ Մայրս նույն մտամոլորությամբ, արցունքները աչքերին, գոմից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի հարևանի տունը, որտեղ մի քանի կանայք հավաքված խոսում և վատ-վատ բաներ էին գուշակում։
– Երանի սև ասկյարը գար և մեզ բոլորիս վառեր, այսպես ապրելով ի՞նչ կլինի մեր երեխաների վերջը. առանց տղամարդու, առանց եզների, ո՞նց պիտի վարենք, ո՞նց պիտի ցանենք, ինչպե՞ս կերակրենք մեր եթիմներին,– ասաց կանանցից մեկը։
– Մեռնելն ավելի լավ է, քան այս ձևի ապրելը,– վրա բերեց մյուսը։ Ապա խորը լռություն տիրեց. յուրաքանչյուրն ընկավ իր մտքերի մեջ։

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ
ՔՐԴԵՐԸ
Հեռվից հրացանի կրակոցի ձայներ լսվեց։ Կանանցից մեկը կտուրը բարձրացավ՝ իմանալու բանի էությունը և սարսափահար ներս վազելով՝ ասաց.
– Վա՜յ, մեզ, հրացանավոր քրդեր են, աստված մեզ էլ բեթարից ազատի։
Այդ լսելով կանայք սենյակի դուռը պինդ փակեցին և երկնքի ծանր քարերը դռան դեմը դրին և լուռ ու սարսափահար արտասվեցին…

…Քիչ հետո բակում լսվեց քրդերի բարձրագոռգոռ խոսակցությունը և ցինիկ քրքիջը. նրանք մոտեցան մար դռանը, հրացանի կոթով հարվածեցին, ներսից ոչ մի պատասխան, ոչ մի ձայն: Սարսափահար մայրս դողալով, ատամնեը իրար սեղմած, ինձ թաքցրեց ոտքերի արանքում և ծածկեց իր լայն հագուստի քղանցքով: Երկու երիտասարդ, բարձրահասակ, թիկնող քուրդ տան դուռը բարձրացրին և մի կողմ շպրտեցին, ապա ձեռքներն խանչալներին դրած, սպառնալից հայացքներով սկսեցին հայհոյել:
– Քիրվո /ախպեր/ խնայեք, խնայեք, – բղավում էին կանայք:
Ի պատասխան նրանց խնդրանքի, քրդերից մեկը հարձակվեց ինը տարեկան մի աղջկա վրա, կապեց նրա ձեռքերն ու ոտքերը, թևի տակ դնելով, տարավ ու կապեց ձիու թամբին: Խելակուրույս մայրը այդ տեսնելով, փռվեց քրդի ոտքերի մոտ, սկսեց համբուրել նրա կեղտոտ ու փոշոտ տրեխները. ի պատասխան դրան քուրդը խանչալը դուրս քաշեց պատյանից և մի ակնթարթում գլխատեց աղջկա մորը, իսկ աղջիկը ձիուն կապված, ամբողջ ձայնով «մամա-մամա». էր կանչում: Քուրդը հաղթական քայլերով մոտեցավ աղջկան, քրդական առնական մի ապտակով փակեց աղջկա բերանը, աղջիկը լռեց…
Մի քանի աղջիկների և հարսների մերկացրին և կողքի սենյակ քարշ տվին: Մնացած կանայք, վիշապի առջև գցած, կենդանի ճագարների պես, կողք-կողքի կծկված, դողում, բարձրաձայն լալիս և իրենց օրհասական վախճանին էին սպասում…

…Այդ սարսափները տեսնելով, մայրերն իրենց աղջիկներին թագցնում էին թոնիրներում, ամբարներում և ջրհորներում:
Ես ու իմ հասակակիցները այլևս արևի երես չտեսանք, մոռացանք մեր ուրախ խաղերն ու մանկությունը, ապրում էինք ջրհորներում, սառը թոնիրներում, դարմանով լի պարկերում և մեր մայրերի քղանցքների ծալքերում:

…Մի օր գյուղ մտան, ոտից գլուխ զինված, տասնյակից ավել թուրք: Ալան-թալանից հետո, գյուղի կանանց մի տեղ հավաքեցին և սկսեցին տանջող «մարմնամարզությունը».
– Կանգնել, նստել, մեջքի պառկել, կողքի պառկել:
Ապա հարձակվում էին նրանց վրա, կապոտում ձեռքերն ու ոտքերը, իրար վրա գցում, հրացանի կոթով մի լավ ծեծում, կապում ձիերից և տանում անհայտ ուղղությամբ:…

…Ամառ էր; Ցորենի ոսկեգույն արտերը հասել էին: Հասկերը քամուց օրորում էին իրենց ծանրացած գլուխները: Առավոտյան մութ ու լուսին մայրս մի քանի կանանց հետ արտ գնացին, մի քանի խուրց ցորեն բերեցին, ալյուր դարձրին, խմոր հունձեցին, կլոր-կլոր բաղարջներ թխեցին: Նրանց խոսակցությունից ես հասկացա, որ հեռանում ենք գյուղից, և միայն նրա համար, որ ազատվեն թուրքերի ու քրդերի ամենօրյա նվաստացնող հալածանքներից ու տանջանքներից։

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ
ԳԱՂԹԸ

Երեկոյան քնեցի մեր տանը՝ մորս անուշ գրկում, արթնացա մի ընդարձակ ծաղկաշատ դաշտում, որի բազմերանգ ծաղիկները գրավեցին իմ ուշադրությունը և հասակակիցներիս հետ բազմագույն ծաղիկներ փնջեցի։ Հանկարծ հիշեցի մայրիկիս.
– Հիմա, հիմա մաման կգա, գնացել է քեզ համար հաց ու շաքար բերի, – ինձ գրկելով, արցունքներս սրբելով ասաց քույրս: Օրեր անցան, ոչ մայրս եկավ, ոչ էլ ինձ շաքար տվող եղավ:..

…Ճամփան անվերջ էր, մեկ քույրս էր ինձ շալակում, մեկ եղբայրս, երբեմն էլ ես էի քայլում: Փշերն ու քարերը ծակոտում էին բոբիկ ոտքերս, ըմբոստանում էի, գետնին փռվում ու չէի քայլում: Քույրս բարկացած մի ապտակ հասցրեց, իսկ եղբայրս խղճաց, նորից շալակեց և տնքտնքալով առաջ էինք գնում; Մեզ վրա անընդհատ բղավում ու մեզ ուղեկցում էր սև ձիու վրա նստած, սև բեղերը ոլորած, սև փափախը ականջին թեքած, պատրոնդաշները կրծքին խաչաձև կապած հաղթանդամ, թիկնեղ մի մարդ:
Մարդկանց հոծ խմբերը քայլում էին օձագալար, փրփրակալած և մռնչացող գետի պղտոր ափերով: Գնում էինք հոգնած, գնում էինք քաղցած, գնում էինք… Հեռվից լսվեցին հրացանի չարագուշակ կրակոցներ:
– Աստված իմ նորից քրդերը։
Այո նորից քրդերը՝ ոտից գլուխ զինված, արնակալած աչքերով մի խումբ հարձակվեց մեզ վրա, իրարանցում, խուճապ: Անխնա սվինահարում էին: Մայրը կորցրեց որդուն, քույրը՝ եղբորը: Ամբոխը խուճապահար գլուխը կորցրած Բանդիմահի / Առեստ / գետի օգնությանը դիմեց նրանից փրկություն խնդրեց: Գետը սիրահոժար կուլ տվեց հազարավոր մայրերի, քույրերի, եղբայրների: Գետի երեսին, նրա ընթացքով գնում էին բազմաթիվ ճչացող, դեռևս աշխարհը չտեսած, բայց արդեն աշխարհի արհավիրքները ճաշակած անմեղ բարուրներ: Քիչ այն կողմ՝ ձիերի թամբերին կապված, մղկտում, գալարվում ու տանջվում էին հայ դեռահաս աղջիկներ:
Բանդիմահին փրփրած ու զայրացած էր, Բանդիմահին խոր ու անհատակ էր, Բանդիմահին անխիղճ ու դաժան էր, Բանդիմահին քրդերի «սիրահոժար» օգնականն էր, հայ ժողովրդի ողբերգության դաժան վկան:
Լողալ իմացողները գետի մյուս ափն անցան և փրկեցին իրենց կյանքը: Չիմացա ինչպես,  որտեղ կորցրեցի քրոջս և եղբորս: Գետի թուրքական ափին մնացինք բացառապես երեխաներս, տկլոր ու բոբիկ անհայր ու անմայր, բախտի քմահաճույքին հանձնված՝ քաղցած երեխաներս…

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ, «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»
Կարդացեք՝ ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ (անտիպ հուշեր)
Նյութը տրամադրեց Վահրամ Ալազանի դուստրը՝ Հասմիկ Ալազանը

Հայագիտարան Հայաստան

Добавить комментарий