ԽՈՀԵՐ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՑ
***
Հայ ժողովրդի զավակնե՛ր. դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք:
***
Այժմ հանգամանքները լավանում են, ժողովուրդը սթափվել է և լուրջ կերպով ուսման ետևից է գնում, որ միակ փրկությունն է մեր և ապագա կյանքի պատվանդանը:
***
Այսպիսի հանգամանքներում, երբ ավելի զորեղ զենք չունենք` քան մեր հին ու նոր եկեղեցուն ու աշխարհիկ և գիտական ու գեղարվեստական կարողությունները ցուցադրել, որ տեսնեն, թե իբր ողորմություն չէ որ խնդրում ենք, այլ իբր մարդկային զարգացման զորավիգն ազգ ենք հրապարակ ելնում: Երանի թե սկզբեն այս զենքն առնեինք. առանք մի զենք որ ավելի զորեղները փշրեցին, բայց մեր ունեցածը՝ անընկճելի և անխորտակելի է՝ հայու սիրտն ու հոգին է իբր զենք շաչում: Լավ է ուշ, քան երբեք: Մանավանդ, երբ հրապարակ է ելնում հայ հանճարը՝ հայ անձերի, կազմակերպիչների, երգողների, նվագողների և խոսողների ձեռքով արդեն զինաթափ են լինում ամեն նախապաշարմունքներ միանգամայն:
***
Մենք մեծ մասամբ գավառը կճանչնանք իր տգիտությունով և հետամնացությամբ: Բայց գավառը իմ աչքիս առջև կպատկերանա իբր սրբավայրը հայ գեղարվեստի նշխարներու, հոն կտեսնեմ հայ երգը՝ հայ գեղջուկին շրթներու վրա, հայ գութանը, հայ գեղջուկը՝ իր արորին ու մաճկալին հետ, ու քարերն անգամ նվիրականություն մը կհիշեցնեն: Այդ քարի բեկորներն են լքեր հայրենիքը, հոն են շերտերը մեր գեղարվեստին և ոչ թե մայրաքաղաքներուն մեջ, ուրկե մենք գավառը կդիտենք իբր խավարի վայր:
***
Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը՝ որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողությունը չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը՝ որ չի զգար:
***
Ինձ համար չկա ուրիշ երկինք՝ քան իմ ժողովրդի հարազատ հոգին:
***
Մեկ հասկացված անկեղծ ձայնը հազար ճառ կարժե, որովհետև ճառը պետք է մարսե հասարակությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ որ ժամանակներու գործ է. իսկ ձայնը վայրկյանի մեջ կթափանցե մարդուն կուրծքեն ներս և այնտեղ կհիմնե զգացման ու մտքի վառարան։
***
Հայոց լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտություն:
***
Խե՜ղճ հայ ժողովուրդ, ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները․ այդ ոչ ոք կարող է հերքել: Ունիս հատուկ ուղեղ, կդատես: Ունիս հատուկ մարդաբանական կազմ, որով կզատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն: Սակայն սիրտդ, որ զգացմանցդ աղբյուրն է, քուկդ չէ եղել, այլ, մի ինչ որ ասորա-բյուզանդական և հնդկա-պարսկական է եղել:
***
Վաղ պատանեկական օրերես մինչև այսօր, իմ հոգու հսկիչն է ան և իմ ուսուցիչը…
Հոգվույս մեջ ամենօրյա արձագանքողը…
Աշխատիլ, տքնիլ, պայքարել՝ միայն և միայն ժողովուրդիս և մարդկության համար…
Ես երբեք չեմ կարող ապրիլ աոանց Աբովյանի… Ուսանողության ատեն, երբ աոաջին անգամ «Վերք Հայաստանին» կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռնար:
***
Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանություն ու իր մեջ կսնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ-կենդանի,-որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ,-որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը:
***
Գեղջուկը բնության հարազատ զավակն է․ ուստի ճաշակել է բնությունը բովանդակ հոգով ու սրտով: Իր երգերուն մեջ բնությունը կխոսի, որովհետև բնությունն է նախ իր մեջ խոսած: Իր սրտին մեջ բնության ծովը կհուզվի, վասն զի ինքն իսկ բնության ալիքներում վրա կդեգերի: Իր երգերն իր
կյանքն են, զի իր ամբողջ կյանքը-իր երգերուն մեջ է ներշնչված: Վերջապես, գեղջուկ երգերը տեսակ֊տեսակ ասուն հայելիներին, որոնք զատ-զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնությունն ու կյանքը կանդրադարձնեն:
***
Մեր փրկությունը կռելու կոփելու ենք Փերպուրկի (Պետերբուրգի) պարիսպներու դոներուն աոաջ… չպետք է խաբվենք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներեն. իմանալու ենք և գործնական ճամփա բռնելու՝ ըստ իս. առաջին քայլն է բոլոր-բոլոր հայությանն ամփոփել ռուսի իշխանության տակ. երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարին ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու՝ զարգանալ… Երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն:
***
Զմայլեցնող երգերը հայ ժողովրդին սեփականություններն են, ոչ թե իմ:
***
Հայ ժողովրդական երաժշտությունն ունի երկու գլխավոր ճյուղ՝ արևմտյան և արևելյան: Առաջինի եղանակները լայն են և բարդ, ճոխ են և լուրջ, պայծառ են և եռանդուն. երկրորդինը՝ սեղմ են և պարզ, աղքատ են և թեթև, դալուկ են և խաղաղ:
***
Մեր ժողովրդական և եկեղեցական եղանակները հավասար չափով չեն զարգացած: Առաջինները արտաքին քաղաքական պայմանների ազդեցության տակ ճնշվել, սեղմվել, ամփոփվել են, առանց կորցնելու իրենց խորությունը և արտահայտիչ ուժը: Իսկ երկրորդները, եկեղեցու անձեռնմխելի հովանու տակ աճել, ընդլայնվել և զարգացել են:
ԽՈՀԵՐ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՑ
***
***
Շինականն այն կախարդ վարպետն է, որ կարդում է հարազատորեն բնությունը, ստեղծում բազմաբեղում մտքեր, նոցա փչում իր հզոր ու պարզ շունչը, դրոշմում է իր բնավորության էականով՝ ներքին և արտաքին լրիվ կյանքով և կնքում է բառերով ու եղանակով իր հարազատ զավակը՝ «Գութաներգը»:
***
Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից:
***
Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երևույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտկվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտնալ, թե ամեն գեղարվեստ,-ինչպես երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն և այլն,-շարժում է: Ամեն կյանքի մեջ պար կա: Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞:
***
Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջնակետին չեմ հասել, զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագրեր պրպտելով, երբեմն ամիսներ են սահում… Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի մինչև որ հնարավոր չափով, կատարելապես վերջացնեմ իմ տասնվեցամյակից ավելի տևող տաժանագին ուսումնասիրություններս: Հույս ունիմ թե մոտիկ ապագայում, աոանձին հատորներով, հասարակության սեփականություն պետք է դաոնա:
***
Պատմությունը գրեթե լռում է, ոչինչ չէ հաղորդում հայոց եկեղեցական հին եղանակների, ինչպես և խազերի մասին:
Ավանդությունը հայոց եկեղեցական հին եղանակների գյուտը կամ կարգավորությունը, որ ամենայն հավանականությամբ գրերի գյուտի շրջանի արդյունքն է, վերագրում է ս. Սահակին:
Ե դարում գրերի գյուտը, ս. Գրքի թարգմանությունը հոգևոր երգեր հառաջ բերին, հետզհետե զարգացավ եկեղեցական պաշտամունքն ու ժամերգությունը, հանդես եկան մի շարք երգիչներ՝ հորինեցին շարականներ, ճառեր, ներբողներ, եկեղեցական, տերունական և սրբոց տոների նշանակությունը ժողովրդին բացատրելու նպատակով: Այդ իսկ շարականները գլխավոր շարժառիթ եղան ութն ձայն և երկու ստեղի եղանակների հառաջ գալուն, ըստ Յայսմավուրքի ս. Սահակի ձեռքով, այսպես սաղմոսերգությունը տեղի տվեց շարականի եղանակներին:
***
Շարականների բովանդակությունը շատ հարուստ է. արտահայտում են կրոնական զգացմունք: Բովանդակության գլխավոր մասերն ա. հավատի էական մասը, բ. Քրիստոսի տնօրինությունները, գ. եկեղեցուս խորհուրդները, դ. ս. Գրքից կտորներ, որոնք լուսաբանում են Քրիստոսի տնօրենությանց որևէ գաղափարը, և ե. սրբերը, որոնք նպաստեցին քրիստոնեական ճշմարիտ լուսո տարածման: Այսպիսի բազմակողմանի բովանդակություն ունեցող բանաստեղծական մի ս. Գիրք, անշուշտ պետք է, որ ունենար և բազմապիսի եղանակ, համապատասխան կրոնական զգացմունքին:
***
Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին-մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…:
***
Ես տարիներու աշխատանքով շիներ եմ իմ ուղեգիծը, ուրկե ընթացեր եմ մինչև ցարդ և պիտի ընթանամ ասկե ետքն ալ, որքան ատեն որ ուժ զգամ երակներուս մեջ. ոչ մեկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելությանս մեջ. որուն նվիրականությանը համոզված եմ ես բոլոր սրտովս։
Աղբյուր՝ ԽՈՀԵՐ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՑ
Ավելին՝ Thoughts from vardapet Komitas
Ավելին՝ Thoughts from vardapet Komitas