Մխիթարյան միաբանություն Mechitarists

Մխիթար Սեբաստացի Mkhitar Sebastatsi Մխիթարյան միաբանություն Mechitarists

Մխիթար Սեբաստացի Mkhitar Sebastatsi Մխիթարյան միաբանություն Mechitarists

Ի հավերժ հիշատակ Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն: XVII դարի վերջն էր: Ծանր ժամանակշրջան էր ապրում ողջ Հայաստանը։ Օսմանական լծի տակ և ազգի լուսավոր ուղեղները ելք էին փնտրում ստեղծված փակուղուց: Այդ լուսավոր ուղեղներից մեկը դարձավ Մխիթար Սեբաստացին (1676-1749): Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթողիկե միսիոներների հետ: 1696թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնապոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը Կ.Պոլսից տեղափոխվել է Վենետիկ:

1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է Մխիթար Սեբաստացու միաբանությանը:

Մխիթարը դեմ է եղել Հայ Կաթողիկե Համայնքի անջատ գոյությանը Հայ Առաքելական Եկեղեցուց: Նա ծավալել է գիտակրթական գործունեություն, շարունակել է պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները, կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, զբաղվել է մատենագրությամբ, պատրաստել է միաբան-գործիչներ: Մխիթարյան Միաբանությունն աշխարհում միակ կաթողիկե համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել: Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միմիայն հայերենով` համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի:

1512 թվականին Վենետկում լույս է տեսնում հայատառ առաջին տպագիր գիրքը՝ Հակոբ Մեղապարտի Ուրբաթագիրքը, որն այժմ պահվում է Մխիթարյան Միաբանության գրադարանում: Սակայն հրատարակչական բուռն գործունեությունը վենետիկյան ծովակում սկսվեց միայն 18-րդ դարից՝ Մխիթարյան վանականների մոտ: Այսպիսով Սբ. Ղազար կզում ստեղծվեց հայ մշակույթի անգին կենտրոնը, որը հետագայում եղավ այն հզոր սյուներից մեկը, որի վրա հենված էր ազգային զարթոնքի գաղափարը: Մխիթարյանների տպագրական գործունեությունը ամենափառավոր տեղն է գրավում վերջին դարերի հայ մշակույթի պատմության մեջ:
Հետագայում կղզու տարածքը վանահայրերի ջանքերով ընդլայնվեց (30 000 ք.մ.) և վանքի կառույցներին ավելացան թանգարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը:

Հայագիտությունը, հիրավի, Մխիթարյաններին է պարտական հայերեն մեծ թվով ձեռագրերի հավաքման և կորստից փրկելու ազգանվեր գործունեության համար: Մխիթարյաննրի մատենադարանում առկա են հայ պարբերական մամուլի հազվագյուտ օրինակներ: Հիշյալ մատենադարանի դերը և գործառույթի ոլորտները մեծացել են, ինչպես նաև հավաքածուները հարստացել են հիմնականում XIX դարի երկրորդ կեսին, երբ միաբանությունն արդեն կայացել էր և դարձել ուսումնական ու հայագիտական խոշոր կենտրոն: Դրա լավագույն առհավատչյան մատենադարանում պահպանվող շուրջ 4500 ձեռագրերն են: Դրանց թվում կան այնպիսի հազվագյուտները, ինչպիսիք են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց ձեռքով նկարազարդված խիստ արժեքավոր ու հայ մանրանկարչության պատմության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռագիր մատյանները: Առանձնակի ուշադրության են առժանի նաև Ղևոնդ Ալիշանի թողած անգնահատելի բազմահատոր գրական և թարգմանչական ժառանգությունը:

1700-ականների Վենետիկը յուրօրինակ մի մեծ հանգույց էր՝ թե հայ վաճառականների համար և թե միջազգային իրադաձությունների: Հրաշք կղզու համբավը նույնպես շուտ էր տարածվում և կղզում իրենց գիտական հետազոտություններն են անում գիտության բազմաթիվ հսկաներ, ինչպիսիք էին՝ Կապլետտին, Ֆրիդրիխ Նոյմանը, Վիկտոր Լանգլուան, Էտերմանը, Գերցերը, Նիկողայոս Մառը և այլոք: Կղզին ոտք դրեցին գրեթե բոլոր Եվրոպական երկրների միապետներն ու թագուհիները, արվեստի ու մշակույթի բնագավառի հայտնի գործիչները, կղզիով հիացած էին Վագները, Դոնիցետտին, Ռոսինին, Վերդին, Ստրավինսկին: Սբ. Ղազարի նշանավոր ձիթենիների տակ լորդ Բայրոնը գրեց իր «Մանֆրեդը» ու ավարտեց «Չայլդ Հարոլդը»: Նա երկու տարի շարունակ հաճախում էր Մխիթարյան Միաբանությունը՝ հայերեն լեզուն սովորելու նպատակով: Այսօր էլ սրբությամբ էն պահպանվում Բայրոնի պատմական այցելության հետքերը Սբ.Ղազարում: 1810թ. Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը և հատուկ հրամանագրով Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը ճանաչել որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն: Կայսերական հատուկ հրովարտակով Միաբանությունն անձեռնմխելի է հռչակվել: Սեբաստացուց հետո Մխիթարյան Միաբանության հաջորդ աբբահայրն է եղել Ստեփանոս վրդ. Մելքոնյանը (1750-1799թթ.), որը նախաձեռնել է Միաբանության Կանոնադրության մասնակի վերանայումը, և 1762 թ. դեկտեմբերի 4-ին Հավատքի տարածման Սուրբ Միաբանությունն ընդունել է Կանոնադրությունը:

Հայ գիտակրթական և մշակութային կյանքում նոր էջ է բացվել 1834թ., երբ Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականներ Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն` Իտալիայի Պադովա քաղաքի մխիթարյանները հիմնել են Մուրադի անունով «Մուրադյան» վարժարանը, իսկ 1836թ.` Վենետիկի «Քա Բեզարո» պալատում` «Ռաֆայելյան» վարժարանը, որոնք գավոք, այժմ չեն գործում:

Եվրոպայի չորրորդ ամենահին և առաջինը` ցայսօր լույս տեսնող պարբերականներից Սբ. Ղազարի միաբանության «Բազմավեպ» հայագիտական հանդեսն է, որը 1843թ. հիմնադրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայր Գաբրիել Այվազովսկին և Ղևոնդ Ալիշանը: Վիեննայի Միաբանության պարբերականն է «Հանդես ամսօրյան»:

2000թ. հուլիսի 10-21-ը Վենետիկի Սբ. Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի միաբանությունների ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետերը որոշել են վերամիավորվել, ստեղծելով Մխիթարյան միացյալ Միաբանություն` մեկ կենտրոնական վարչությամբ: Միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մայրավանքն է, Վիեննայի վանքը` առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին ունի աբբահայր տիտղոսը կրող տեղական մեկ վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր կենտրոններն այսուհետև կառավարվում են ընդհանուր աբբահոր և միացյալ վարչական խորհրդի կողմից:

1736թ.-ից մինչ օրս, աշխարհի տարբեր երկրներում, գործել են շուրջ 30 Մխիթարյան վարժարաններ:
Եվ, վերջապես, 1989 թվից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը գործում է նաև Երևանում:
Այսօր 300-ամյա հեռավորությունից կարողանում ենք հիանալ Մխիթար Սեբաստացու զարմանահրաշ մեծությամբ, նրա գերբնական լույսով, որը գնալով ավելի ու ավելի է պայծառանում՝ տարածվելով Վենետիկի Սբ. Ղազար կղզուց մինչև աշխարհասփյուռ բոլոր հայերը, մինչև Մայր Հայաստան և համայն մարդկությանը:

Աղբյուր՝ Akhtamar On Line

3 идей о “Մխիթարյան միաբանություն Mechitarists

Добавить комментарий