ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ՀԱԶԱՐԱՓԵՇԵՆ» ՍԱՏԻՐԱՊՈԵՄԸ

ԽԱ­ՉԱ­ՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ՀԱԶԱՐԱՓԵ­ՇԵՆ» ՍԱՏԻ­ՐԱ­ՊՈԵ­ՄԸ / KHACHATUR ABOVYAN

ԽԱ­ՉԱ­ՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ — KHACHATUR ABOVYAN

Հայտնի է, որ Աբովյանը իր հասարակական գործունեության ողջ ընթացքում լարված հարաբերությունների մեջ է եղել ցարական պաշտոնեության հետ: Դեռևս Դորպատում սովորելու տարիներին նա ընդհարվել էր երրորդ բաժանմունքի գործակալ Բուլգարինի հետ Ալամդարյանի մահվան կապակցությամբ տպագրվելիք հոդվածի պատճառով և զգուշացվել իր հովանավոր Պարրոտի կողմից, որ հեռու մնա նման ծախու մարդկանցից: Եվ հարաբերությունների այդ լարվածությունը շարունակվել է մինչև նրա խորհրդավոր անհետացումը:
Իրերի նման վիճակը ո՛չ պայմանավորված էր Աբովյանի անձնական հատկանիշներով, ո՛չ էլ պատահական երևույթ էր: Դա արդյունք էր այն բանի, որ Աբովյանը անվերապահորեն անցավ բարիկադի մյուս կողմը, կանգնեց դեկաբրիստների ու Պուշկինի, Բելինսկու ու Գերցենի Ռուսաստանի դիրքերում՝ ընդդեմ ցարական ինքնակալության սոցիալական, լուսավորական ու ազգային քաղաքականության:
Նիկոլայ Առաջինի ճորտատիրական ռեժիմի պայմաններում նա խիզախորեն հանդես եկավ հարյուր հազարների շահերի պաշտպանությամբ՝ սերունդներին թողնելով հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրվածության մի պայծառ օրինակ: Ժողովրդին լուսավորելու, ոչ միայն հայ, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդներին ևս «միջնադարի» կապանքներից ազատելու և ժամանակի առաջավոր քաղաքականությանը հաղորդակից դարձնելու նրա բոլոր ճիգերը դեմ առան վարչակարգի ճորտատիրական քաղաքականության պատնեշին: Խափանվեց Աբովյանի մշակած նոր մանկավարժութ-յան արմատավորումը դպրոցում միայն այն բանի համար, որ ուսուցումը պետք է տարվեր ժողովրդին հասկանալի լեզվով, որով ժողովրդական լայն մասսաները հնարավորություն էին ձեռք բերում կարճ ժամանակամիջոցում տիրապետելու գրագիտությանը: Փականքի տակ դրվեցին նրա մանկավարժական աշխատությունները՝ տարրական ուսուցման դասագրքերը, փակեցին մասնավոր դպրոցը, նույնիսկ ազգագրական աշխատությունները լույս աշխարհ գալու ճանապարհ չգտան: Չնայած դրան՝ ճորտատիրական վար-չակարգի դեմ անհավասար գոտեմարտում Աբովյանը չլքեց իր դիրքերը, մինչև վերջ մաքառեց բարիկադի վրա:
Ինքնակալության քաղաքականությունը իրականացնող պաշտոնեութ-յան վարքագծին ու հոգեբանությանը քաջատեղյակ Աբովյանը տեսնում էր նաև նրանց հասարակական գործունեության մյուս երեսը՝ զտարյուն ճորտատիրական, նվաճված ժողովուրդների մարդկային ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այն հետևողական քաղաքականությունը, որ Անդրկովկաս թափանցած բյուրոկրատիան իր հետ մտցրեց երկրամաս:
Մի կարճ ժամանակամիջոց էր հարկավոր, որ ցարական պաշտոնեությունը Անդրկովկասում ցույց տա նաև իր սոցիալական դիմագիծը՝ ամենուր սփռելով կամայականություն, կաշառակերություն, ժողովրդական մասսաների անդուլ կեղեքում: Հատկանշական է, որ երբ Նիկոլայ ցարը շրջագայության դուրս եկավ իր նորանվաճ երկրամասը, գյուղացիներն ամենուր նրան դիմավորեցին խարույկներով ու փետրահան արած հավերով՝ հասկացնելու համար, թե ինչ վիճակի են հասել իրենք պաշտոնյաների չարաշահումների երեսից: Չկարողանալով դիմանալ այդ ամենին՝ Նոր Բայազետի գաղթականները, որոնք կյանքի ու գույքի ապահովության հույսով թողել էին իրենց դարավոր բնակավայրերը և անցել ռուսական տիրապետության տակ, 1838 թվականին խռովություն բարձրացրին: Դա առաջին հակաճորտատիրական ընդվզումն էր Անդրկովկասում:
Աբովյանը չէր կարող չտեսնել ու չարժևորել այդ ամենը, չէր կարող անտարբերությամբ անցնել այն կամայականությունների կողքով, որ պաշտոնյաները կատարում էին երկրամասում՝ սկսած վերջին գրագրից ու ստորոժից մինչև երկրամասի կառավարիչ Ռոզենը, որը կողոպտեց Էջմիածնի վանքի ականակուռ թագը: Ցարական պաշտոնեության գործելակերպի, տեղացիների նկատմամբ նրանց վերաբերմունքի քննադատությունը տեսնում ենք Աբովյանի մի շարք գործերում, առավել ցայտուն՝ «Հազարափեշեն» սատիրական պոեմում, ուր կենցաղային միջադեպի ու զավեշտի քողի տակից շողարձակում է հեղինակի քաղաքացիական խիզախությունը, դրսևորվում վարչակարգի դեմ նրա հետևողական ընդդիմամարտությունը:
Կովկասյան ժողովուրդների նկատմամբ վատթարագույն կարծիք ունեցող մի աստիճանավոր՝ «մեկ իմաստուն մարդ», Վրաստան է ընկնում: Բայց ինչպե՞ս:

Որդիանց որտեղ սատանի քամին
Պտտեց ու մեր խեղճ շնորքի կարասին
Աչքը թոզ լցրեց, քարեքար տալով,
Գլուխը ջարդելով, ոտը կոտրելով,
Երկինքը հանեց և գետնին խփեց,
Կովկասի սարի էս կողմը շպրտեց:

«Սատանի քամու» շնորհիվ Անդրկովկաս շպրտված պաշտոնյան, տես-նելով բնության գրկում անաղարտ ու պարզ հոգիների կերուխումն ու ուրախությունը, այն մտովի հակադրում է իր հարազատ միջավայրին ու ըմբռնումներին: Նա անմիջապես հիշում է իրենց «բալը, կոնցերտը, թեատրն ու քլուպը, իրենց դամաներին ու կավալերներին» և մտապատկերում մի այնպիսի երանելի պահ, երբ շամպանսկի խմելուց և դամայի հետ պարելուց «շշմած ընկնես դամիդ առաջին, նա էլ աղլուխով խփի երեսիդ, կամ իր սուրբ ձեռքովն ջուր շաղ տա դոշիդ»:
Սալոնային կենցաղավարության արտաքին ձևերով դաստիարակված «մեր փիլիսոփեն, մարիփաթի պարկն» աջ ու ձախ վատաբանում է տեղացի ժողովուրդների նահապետական կենցաղն ու վարվելակերպը, հայտարարում, «թե վրաստանցիք մարդի հեսաբում չի պետք է ըլին»: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ նրանց սովորություններից «զահլեն գնում էր, սիրտը խառնվում», այլև այն հարկադրական հանդուրժողականության համար, որ տեղացիները ցուցաբերում են պաշտոնյաների սանձարձակ ոտնձգությունների նկատմամբ, ոտնձգություններ, որոնք հավասար պայմաններում կարող էին արյամբ լվացվել:

Էս տավարները, հաստագլուխները
Բերնիս չեն նայում, իմ ասածները
Անկաջվեր անում, թե հասկանում էլ,
Էլի թեվիցս քաշում, նստացնում.
Հենց գիտես՝ սրանք մարդի որդի չեն,
Որ էսքան խոսքին տանեն, համբերեն:
Սատանին ասես, քեզ դժոխք կտանի,
Մեր մեկին ասես, փորդ վեր կածի,
Դուել կկանչի, արինդ կթափի:

Բայց մեր պաշտոնյային ամենից առաջ շշմեցնում է տեղացիների հյուրասեր վերաբերմունքը. «Էս ի՞նչ ախմախ են, որ իրենց հացը ում որ տեսնում են, ածում առաջը»: Մինչդեռ, նրա ըմբռնումով, մարդ իր հարստությունը պետք է օգտագործի «լավ տեղ ու լավ չին» ձեռք բերելու և անձնական բարեկեցությամբ հազարների աչքը սուր կամ փուշ խրելու համար: «Իսկ եթե ջուր ուզեն էլ, Ընչանք փող չառնես նրան տուն չթողաս, Դռանդ ընկած ըլին, քացով խփես, գնաս»:
Աբովյանի ստեղծած հերոսը երկվորյակն է ազնվականական պաշտոնական վերնախավի այն ներկայացուցիչների, որոնց սոցիալական ու մարդկային նկարագիրը այնքան խորությամբ ու բազմակողմանիությամբ պատկերված է ժամանակի ռուսական առաջավոր գրականության, առանձնապես Գոգոլի ստեղծագործություններում: Հետևելով ռուս գաղափարակիցներին, օգտագործելով նրանց գրական փորձը՝ Աբովյանը ասպարեզ է հանում պաշտոնյայի մի կերպար, որի սոցիալքաղաքական դիմագծի գեղարվեստական մարմնավորումը ոչ միայն նորություն էր մեր գրականության մեջ, այլև իր տեսակի մեջ մնաց եզակի: Աբովյանի հետևորդները բավարարվեցին հասարակական կյանքի անխուսափելի ուղեկից այդ տիպին առանձին թռուցիկ ակնարկներով ու սրամիտ արտահայտություններով բնութագրելով միայն՝ զգուշանալով լայն պլանի վրա նրան ցուցադրելու գայթակղությունից:
Աբովյանը իր ստեղծած կերպարն օժտում է երկու հիմնական հատկանիշով՝ անսահման ամբարտավանություն «տեղացիների» նկատմամբ և պաշտոնական դիրքի ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ նրանց ունեցվածքը յուրացնելու կիրք: Պաշտոնյան, որին Աբովյանը հեգնանքով իմաստուն է կոչում, սոցիալական իր դիրքին բնորոշ մեկնաբանություն է տալիս տեղացիների սրտաբաց ու անհաշվենկատ հյուրընկալությանը՝ այն որակելով ստրկամտության կամ շահախնդրության արդյունք:

Սրանք հո մարդիք չեն, իրենց շապիկն էլ,
Որ ուզես, կտան, Էնքան խեղճացել:
Մեկին մեկ դարտակ դու բարով տալիս,
Ուզում ա ջանը հանի, քեզ բաշխի:
Չէ՛, սրանց մտքումն մեկ ֆիքր որ չըլի,
Էս տեսակ պատիվ քեզ ինչպե՞ս կտան:

Ուրիշ դեպքերում երկարաշունչ նկարագրությունների մեծ վարպետութ-յուն ցուցաբերող հեղինակի խոսքը սեղմվում է, դառնում կտրուկ ու շեշտակի, խոր ու ընդգրկուն, երբ հերթը գալիս է Անդրկովկաս թափանցած պաշ-տոնեության ավելի քան տասնամյա գործելակերպի և հետապնդած նպատակների գնահատականին: Այստեղ արդեն Աբովյանը հումորն ու զավեշտը մի կողմ է դնում՝ ցուցադրելու իրականության ճշմարիտ պատկերը:

Ասածն էլ չանես, խնդիրը չկատարես,
Էլի ոսկիքը, գլխով շաքարներ,
Սունդուկով չայը, չալ չալ մանեթներ
Էլի ջեբդ ածես, նրանց հոգին հանես
Թե խոսք էլ ասեն, քամակդ դեմ անես,
Ասիացի մարդն զակոն ի՞նչ գիտի,
Որ քեզ հետ խոսա կամ համարձակի:
Գլխին տուր, ղրաղին կանգնիր, քեֆ արա,
Ջեբդ լցրու, քո երկիր գնա.
Ո՞վ ա հարցնում, կամ գլուխդ կտրում.
Անլեզու հայվանն տուն թողնում, պահում:
Շատ էլ որ անեն, մեկ պոդսուդ կտան,
Պրծար, գլուխդ առ ու գնա քո բան:

Այս հատվածի վերջին երկու տողը արձագանք չէ՞ այն իրողության, որ Նիկոլայ Առաջինը, շրջագայելով Անդրկովկասում, իրազեկ է դառնում երկ-րամասի կառավարչապետ Ռոզենի վարքագծին, նրան պաշտոնազրկում, առանց, սակայն, կողոպտածը վերադարձնելու տիրոջը: Համենայնդեպս, Աբովյանը քաղաքացիական խիզախություն է հանդես բերում լայն մասշտաբով իրականության գնահատման հարցում: Նա մատնացույց է անում այն իրողությունը, որ իշխող քաղաքական վարչակարգի պայմաններում մարդ «էնքան խեղճացել» է, որ վերադասի մի դատարկ բարևի համար «ուզում ա ջանը հանի, քեզ բաշխի»: Այդ համընդհանուր խեղճացումն է ստեղծում պատրանք, թե նրանք «անլեզու հայվան» են, որոնց կարելի է անպատիժ ոտնահարել ու թալանել. «Գլխին տուր, ղրաղին կանգնիր, քեֆ արա, ջեբդ լցրու, քո երկիրը գնա»: Աբովյանը ընթերցողին է հասցնում իր բուն ասելիքը, ժողովրդի հայացքը գամում է հասարակական կյանքի ամենամեծ չարիքի վրա, որից հետո միայն անցնում կենցաղային միջադեպի զավեշտական նկարագրություններին:
Բայց ինքնանպատակ չեն նաև այդ զավեշտական պատկերները, ուր ամբողջանում է հեղինակի ժխտական վերաբերմունքը պաշտոնական վերնախավի նկատմամբ: Զավեշտական այդ պատկերներում պաշտոնյան բնութագրվում է որպես «ուսյալ գիժ», «մարիֆաթի պարկ», «խելոք գինեգիժ», որը, իրեն կորցրած, «տեղից վեր թռավ գիժ կովի նման□ և այլն: Երբ չինովնիկը անցնում է ամեն չափ ու սահման, աջ ու ձախ ոտնահարում ոչ միայն հյուրընկալության նորմերը, այլև նրանց մարդկային արժանապատվությունը և կռիվ պարտադրում տեղացիներին, «մեր հայի մուշտին, վրացու քացին» խելքի են բերում նրան: Եվ տեղացիների սովորություններն ու բար-քերը հայհոյող «փիլիսոփան», «կկակղես կուտեսի» բարոյաբանությամբ, վերափոխվում է, դառնում հազարափեշեի գովերգուն, հայտարարում, որ նրա արժանիքը չգնահատողը «հեչ մարդի հեսաբում չի ըլիլ բնավ բոլոր աշխարհումն»: Այժմ արդեն նա կատու դարձած աղաչում է կամ «մատաղ գառի պես մեր եվրոպացին» ոչինչ է համարում իրենց բալն ու կոնցերտը, իրենց «շկոլի աղոթքն» ու «կոմպլիմենտն» և ստորաքարշում տեղացիների առաջ:
Սրանք պատկերներ են, որոնք ոչ միայն սպառիչ կերպով բնութագրում են պոեմի հերոսին, այլև ցուցադրում են հեղինակի քաղաքական կողմնորոշումն ու քաղաքացիական խիզախումը:
Պոեմն ավարտվում է պաշտոնյայի նկատմամբ տեղացիների բարոյական հաղթանակով: Ինչքան էլ «հմիկ մեր ամեն բանը փոխվել ա», ինչքան էլ ներքնախավերը՝ գյուղացիները, պետք է ամեն մի զգուշություն բանեցնեն, որ իշխող վարչակարգի ներկայացուցիչը «իրանց մեկ չար խաթի մեջ չգցի» կամ «նրանց բոլոր տանի պոլիցեն ածի», այնուամենայնիվ, քաղաքական այդպիսի պայմաններում անգամ ժողովուրդը գտնում է մի միջոց, մի ճեղք: Այնտեղ, ուր օրենքն ու օրինականությունը փոխարինվում են պաշտոնյայի կամայականությամբ, ժողովրդին մնում է միայն ուղիներ հայտնագործել բյուրոկրատիայի բարեհաճությանը արժանանալու համար: Իշխողի ամբարտավանության ու անհոգի վերաբերմունքի չեզոքացման ուժը Աբովյանը խտացնում է մեր գինու զորության սիմվոլիկ պատկերի մեջ, զորություն, որը խեղճացնում, «կատու է դարձնում» նույնիսկ նրան, ով «մեզ միշտ հարբա է գալիս»:

Ով ասես մեզ միշտ հարբա է գալիս,
Մեր ռմբու ձենը հենց իմանալիս,
Բարեկամ դառնում, մեզ ախպեր ըլում,
Մեզ պատիվ տալիս, մեզ քոմակ անում:

Նույն այն գինին, որ պաշտոնյային զրկում է մարդկային կերպարանքից, տեղացիների համար նոր ուժի ու խիզախության աղբյուր է: Հետևապես.

Աստված Կախեթը շեն պահի, հաստատ,
Նա է մեզ տալիս ուրախ սիրտ, ղվաթ:

Իշխող կամայականություններին ակտիվ դիմադրություն ցույց տվող այդ պատկերը, լիցքավորված ազատագրական պայքարի ներուժով, պայմանավորում է պոեմի գաղափարական բովանդակության ուղղվածությունը:
Ժամանակին Աբովյանը չի բավարարվել իր խիզախ մերկացումներին զավեշտականության դիմակ հագցնելով: Հետագայում նա գրել է նաև բացատրություն՝ «Էս ոտանավորի գրելու պատճառը□: Այստեղ ևս նա ոչ միայն գաղափարական որևէ նահանջ չի կատարում, այլև ավելի է հիմնավորում իր ընդդիմադիր վարքագիծը: «Ո՞վ չգիտի,- գրում է նա,- որ տեղիցը վեր կացողը հենց մեր խալխի վրա է ոտը բարձրացնում… Թե աստված կտա, մեր ասիացիք էլ քիչ-քիչ աչքները բաց կանեն, էն ժամանակը չեն թողալ, որ ամեն հայվարա մարդ իրանց վրա բերան բաց անի»: Գալով պոեմի բուն խորհրդին՝ Աբովյանն ընդգծում է, որ ինքը ընդառաջել է խալխի տրամադրություններին, իսկ նրա հետ չի կարելի «շատ մութը լեզվով խոսած»: «Շատ մութը լեզվով գրիլ էնպես եմ կարծում, թե խալխին դիր չի գալ»: Ուրեմն Աբովյանը հասարակական պատվեր է կատարում. ընդառաջում է ժողովրդական տրամադրություններին: Նա անվերապահորեն կանգնում է բռնությանը բռնությամբ պատասխանելու գաղափարի դիրքերում, գյուղացիական զանգվածների «սրտի խոսքը» բերում գրականություն: «Կարելի ա՝ թե շատ բառ, շատ խոսք քիչ մի ծանր թվի, բայց այլ ձևով հնարք չի կար, չունքի բանն էնպես պետք է շինած, գրած, որ կարդացողի սրտովն ըլի»:
Եվ եթե բուն պոեմում ժողովրդի սոցիալական պայքարի գաղափարը զավեշտական դիմակով է ներկայացվում, բացատրականում ևս դիմում է հնարամիտ միջոցի՝ հնարավոր հաշվեհարդարի տակ չընկնելու համար:
Այստեղ էլ ներկայացնում է, որ ինքը իբր ծաղրում է այն լուսավոր մարդկանց, որոնք մեր ազգի պակասությունները ուղղելու փոխարեն ծաղրում են ազգին, «գրով, լեզվով» խայտառակում նրան: Որ Աբովյանի այս պնդումը սովորական ծխածածկույթ է, երևում է պոեմի ողջ ընթացքից, ուր տեղացիների պակասությունների փոխարեն ցուցադրում է նրանց բարձր մարդկայնությունն ու առաքինությունը, մեծասրտությունն ու հյուրասեր ոգին, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու վճռականությունը:
Գոգոլյան գրական ուղղության ու շնչի արտահայտության այս սատիրական պոեմը Աբովյանի գաղափարական հասունացման ու հասարակական դիրքորոշման փայլուն վկայություններից մեկն է, որով նա կանգնում է հայ ու նաև համառուսական իրականության ամենաառաջավոր ու արմատական մտածողների շարքում:

ԱՐ­ՏԱ­ՇԵՍ ՀԱ­ԿՈԲ­ՋԱՆ­ՅԱՆ

Добавить комментарий