Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ NERSES SHNORHALI

Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ - Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող)) Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ NERSES SHNORHALI

Հայ մշակույթի խոշոր դեմքերից է Ներսես Շնորհալին: Նա ստեղծագործել է գրական ամենատարբեր ձևերով ու տեսակներով, մի շարք ուղղություններով առաջ մղել հայ մատենագրությունը, հատկապես բանաստեղծական արվեստը: Իր խրատական-ուսուցողական բանաստեղծություններով, հանելուկներով, քնարական ու վիպական պոեմներով մի ամբողջ շարք նորություններ բերեց նա՝ նոր բեկում առաջացնելով հայ գրականության ու արվեստի զարգացման բնագավառում:
Ներսես Շնորհալին ծնվել է 1100-1173թթ., Կիլիկիայի Տլուք գավառի Ծովք ամրոցում՝ բերդատեր Ապիրատ  Պահլավունի իշխանի  ընտանիքում: Ներսեսը հիմնավոր կրթություն է ստանում Կիլիկիայում, Քեսունի մերձակա համբավավոր Սև լեռան Կարմիր վանքում: 1130 թվականից նա եպիսկոպոս էր, իսկ 1166թ. ընտրվում է կաթողիկոս: 1147 թվականից մինչև իր կյանքի վերջը, 1173թ., նա ապրում և ստեղծագործում է Հռոմկլա ամրոցում, այդ պատճառով հաճախ կոչվում է նաև Կլայեցի: Նա թաղվել է Հռոմկլա ամրոցում: Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին:
Շնորհալին այն գրողներից է, որոնց երկերը հրատարկվել են դեռևս հայ տպագրության արշալույսին՝ XVI դարում: Մատենագրության մեջ պահպանվել են նրան նվիրված մի շարք երկեր: Բացի Ներսես Լամբրոնացու ծավալուն պոեմից, գրվել է նաև այլ չափածո ու արձակ գործեր, մասնավորապես 1240 թվականին՝ կենսագրությունը: Դա պատահական չէ: Իր ավելի քան հիսնամյա ստեղծագործական կյանքը մեծ գործիչը նվիրաբերեց հայրենիքին: Շնորհալին գրականության կոչումը տեսնում էր ժողովրդի բարօրությանը ծառայելու, «նիրհած հոգիները» արթնացնելու, մարդկանց կրթելու մեջ: Լինելով մեծ բանաստեղծ, նա չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ուստի անտարբեր չէր նաև անցյալի հանդեպ: Ընթերցողի մեջ նա վերակենդանացնում էր նվիրական հիշատակներ, որոնք ժամանակին հուզող խնդիրների կապակցությամբ դաստեարակիչ նշանակություն կունենային: Նրա երգերի ու շարականների, ինչպես և մյուս գրվածքների մեջ նկատելի է ոսկեդարյան մատենագրության, հատկապես Եղիշեի հայրենաշունչ Պատմության ազդեցությունը: շնորհալին հպարտությամբ էր ոգեկոչում Տիգրան Մեծին, Ավարայրի հերոսներին, գիտության ու մշակույթի խոշոր գործիչներին: Նկատելի էր հատկապես բանաստեղծի՝ պատմական դեմքեր ու իրադարձություններ, ժամանակակից քաղաքական անցուդարձեր պատկերելու հակումը: Քաղաքացիական բարձր գիտակցությունը տեսանելի էր արդեն պատանի Ներսեսի գրչափորձերի մեջ: Նրա համոզմամբ, ժողովրդի կյանքում կարևոր դեր կարող էր խաղալ նաև եկեղեցին: Մասնավորապես հայ ժողովրդին այն ժամանակվա պայմաններում եկեղեցին կարող էր օգտակար լինել ազգապահպանման և ազգահավաքման գործում: Թերևս սրսանով պետք է բացատրել նրա՝ հոգևոր գործունեության նվիրվելը: Բնական է, որ Շնորհալին մեծ մտածողն ու գրողը, պիտի փայլեր աստվածաբանական գրականության ասպարեզում: XII դարում քրիստոնյա աշխարհը հուզող հարցն այս բնագավառում եկեղեցիների միության խնդիրն էր: Սրա շուրջն էլ հիմնականում ծավալվեցին Շնորհալի-տեսաբանի աշխատանքները: Շարունակելով նարեկացու ավանդները, Շնորհալին լայնորեն օգտվում էր ժողովրդական բանահյուսությունից, վերցնելով ինչպես տաղաչափական-երաժշտական ձևեր ու մոտիվներ, այնպես էլ նյութ: Մեծ ներշնչանքով գրված նրա շարականներն ու հոգևոր երգերը նորույթ էին և՛ արվեստով, և՛ մանավանդ բովանդակությամբ: Թարմացնելով շարականների նյութն ու տեխնիկան, նա նոր մակարդակի հասցրեց հայոց հոգևոր արվեստը:

ՀՌՈՄԿԼԱ ԱՄՐՈՑ

ՀՌՈՄԿԼԱ ԱՄՐՈՑ

Նրա դարը ինչպես հայտնի է, հոգևոր եռանդի սառչելու շրջան էր, և սաղմոսներն սկսել էին ձանձրալի թվալ իրենց միօրինակ, բոլորին լավ հայտնի սահմանափակ աշխարհով: Շարականները, որ գոյատևում էին արդեն յոթ հարյուրամյակ, թևակոխեցին աննախընթաց զարգացման մի շրջան, սկսեցին նախ համատեղվել սաղմոսների հետ, ապա աստիճանաբար դուրս մղել նրանց: Այստեղ կարևորագուն դերը Շնորհալուն էր պատկանում:
Մինչև XII դ. շարականները մեծ մասամբ գրվում էին արձակ բանաստեղծության ձևով, առանց կանոնավոր կշռույթի: Այդ առումով ևս Շնորհալին հեղաշրջող դեր կատարեց, բազմազան ու կանոնավոր տաղաչափական ձևերով հարստացրեց, ճոխացրեց շարականը:  Շնորհալին հայ բանաստեղծության մեջ արմատավորեց հանգը, նախ նույնահանգ ոտանավորով, հետո, նկատի ունենալով մարդկայինմ բնության՝ ձանձրանալու հատկությունը անհրաժեշտ էր համարում չափերի հաճախակի փոփոխությունը. մշտապես ձգտելով և հասնելով ձևի ու բովանդակության ներդաշնակության: Ներսես Շնորհալին, որ կոչվում է նաև Ներսես Երգեցող, միաժամանակ միջնադարի հայ մեծագույն երգահանն է և երաժիշտ-տեսաբանը:  Հարյուրների են հասնում Շնորհալու ստեղծած շարականները, տաղերը, մեղեդիները և պատարագի երգերը, որոնք աչքի են ընկնում թեմատիկ բազնազանությանբ, գեղարվեստական բարձր մակարդակով հոգեպապարար հուզականությամբ, շողշողուն գույներով և ժամանակի աշխարհիկ-ժողովրդական ու գուսանական արվեստներից գիտակցաբար վերցված մի շարք կենսական տարրերի վարպետ օգտագործմամբ: Հոգևոր պաշտամունքային երաժշտության բնագավառում Շնորհալին հանդես է եկել որպես բարենորոգիչ: Չկա հայակական միջնադարյան երաժշտա-ծիսական մի մատյան, որով նա զբաղված չլինի:

Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն. «Ողբ Եդեսիոյ», «Վանքային ուղերձ», «Յիսուս որդի», «Յաղագս երկնից և զարդուց նորա», « Թուղթը», « Թուղթ Ընդհանրականը», «Նորահրաշ Պսակավորը», « Առաւօտ լուսոյ» ……….

Հեղինակ` Ա. Մադոյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.

 

Առաւօտ լուսոյ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր

 Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է:

3 идей о “Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ NERSES SHNORHALI

  1. Мариам Гукасян

    Առաւօտ լուսոյ,
    Արեգակն արդար,
    Առ իս լոյս ծագեա:
    Բըղխումն ի Հօրէ,
    Բըղխեա ի հոգւոյս,
    Բան քեզ ի հաճոյս:
    Գանձդ ողորմութեան,
    Գանձիդ ծածկելոյ
    Գըտող զիս արա:
    Դուռն ողորմութեան,
    Դաւանողիս բաց,
    Դասեցո վերնոցն:
    Երրեակ միութիւն,
    Եղելոց խնամող,
    Եւ ինձ ողորմեա:
    Զարթիր, Տէր, յօգնել,
    Զարթո ըզթմրեալս,
    Զուարթնոց նըմանիլ:
    Էդ Հայր անսկիզբն,
    Էակից Որդի,
    Է միշտ սուրբ Հոգի:
    Ընկալ զիս, գըթած,
    Ընկալ, ողորմած,
    Ընկալ, մարդասէր:
    Թագաւոր փառաց,
    Թողութեանց տուող,
    Թող ինձ զյանցանս:
    Ժողովող բարեաց,
    Ժողովեա եւ զիս
    Ժողովս անդրանկաց:
    Ի քէն, Տէր, հայցեմ,
    Ի մարդասիրէդ,
    Ինձ բժշկութիւն:
    Լեր կեանք մեռելոյս,
    Լոյս խաւարելոյս,
    Լուծանող ցաւոյս:
    Խորհրդոց գիտող,
    Խաւարիս շնորհեա
    Խորհուրդ լուսաւոր:
    Ծնունդ Հօր ծոցոյ,
    Ծածկելոյս ստուերաւ
    Ծագեա զլոյս փառաց:
    Կենարար փրկիչ,
    Կեցո զմեռեալս,
    Կանգնեա զգլորեալս:
    Հաստեա հաւատով,
    Հաստատեա յուսով,
    Հիմնեցո սիրով:
    Ձայնիւս աղաչեմ,
    Ձեռօքս պաղատիմ,
    Ձիր բարեաց շնորհեա:
    Ղամպարամբ լուսոյ,
    Ղեկավար ճարտար,
    Ղօղեալս ամրացո:
    Ճառագայթ փառաց,
    Ճանապարհ ինձ ցոյց,
    Ճեպել ի յերկինս:
    Միածինդ Հօր,
    Մոյծ զիս յառագաստ
    Մաքուր հարսանեացդ:
    Յորժամ գաս փառօք
    Յահագին աւուրն,
    Յիշեա զիս, Քրիստոս:
    Նորոգող հնութեանց,
    Նորոգեա եւ զիս,
    Նորոգ զարդարեա:
    Շնորհատու բարեաց,
    Շնորհեա զքաւութիւն,
    Շնորհեա զթողութիւն:
    Ուրախացո, Տէր,
    Ոգւոյս փրկութեամբ,
    Ոյր վասն եմ ի սուգ:
    Չար մշակողին,
    Չար սերմանց նորին
    Չորացո զպըտուղն:
    Պարգեւիչ բարեաց,
    Պարգեւեա իմոց
    Պարտեացս թողութիւն:
    Ջուր շնորհեա աչացս,
    Ջերմ հեղուլ զարտօսր,
    Ջնջել զյանցանս:
    Ռետինդ քաղցու,
    Ռամ հոգւոյս արբո,
    Ռահ ցոյց ինձ լուսոյ:
    Սէր անուն Յիսուս,
    Սիրով քով ճըմլեա,
    Սիրտ իմ քարեղէն:
    Վասըն գըթութեանդ
    Վասն ողորմութեանդ,
    Վերստին կեցո:
    Տենչալւոյդ տեսլեամբ
    Տուր ինձ յագենալ,
    Տէր Յիսուս Քրիստոս:
    Րաբունդ երկնաւոր,
    Րոտեա զաշակերտս
    Րամից երկնայնոց:
    Ցօղ արեան քո, Տէր,
    Ցօղեա ի հոգիս,
    Ցընծասցէ անձն իմ:
    Իիւծեալըս մեղօք,
    Իիւծեալ աղաչեմ,
    Իիւսել ինձ բարիս:
    Փրկիչ բոլորից,
    Փութա զիս փրկել
    Փորձութեանց մեղաց:
    Քաւիչ յանցանաց,
    Քաւեա զօրհնաբանս,
    Քեզ երգել զփառս:
    Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.
    Յիշեա, Տէր եւ ողորմեա:

Добавить комментарий