Հասմիկ Գուլակյան «ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ» LEGEND ABOUT THE LEGEND ЛЕГЕНДА О ЛЕГЕНДЕ

ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ

Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան

2012 թվականին ավարտին, երբ սկսել էի «Արցախյան շարժման 25-ամյակը» շարքը, որոշել էի հերթական` «Լեգենդ լեգենդի մասին» հաղորդումը նվիրել «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության Արցախյան ճակատի հրամանատար, ԼՂՀ Մարտախան խաչի առաջին աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Բալայանին: Սակայն այդպես էլ չհաջողվեց գտնել ազատամարտի բովով անցած նրա գեթ մեկ զինակցի կամ մարտական ընկերոջ, որը ցանկանար մեր եթերից խոսք ասեր Վլադիմիրի անցած ուղու և սխրանքի մասին: Նրանցից ոմանք, որ այսօր նույնիսկ բարձրաստիճան սպաներ են կամ այլ պաշտոնյաներ, ներողություն խնդրելով քաղաքավարությամբ մերժեցին` տարբեր պատճառաբանություններով` համոզված, որ իրենց փաստարկները ոչ միայն մերկ են ու անհամոզիչ, այլև զուրկ են տրամաբանությունից…

Վլադիմիր Բալայան Vladimir Balayan / Հասմիկ Գուլակյան «ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ» LEGEND ABOUT THE LEGEND ЛЕГЕНДА О ЛЕГЕНДЕ

Վլադիմիր Բալայան Vladimir Balayan / Հասմիկ Գուլակյան «ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ» LEGEND ABOUT THE LEGEND ЛЕГЕНДА О ЛЕГЕНДЕ

Այս իրավիճակում միշտ եմ հայտնվում, երբ Լեոնիդ Ազգալդյանի մասին հերթական հաղորդում պատրաստելու խնդիր եմ ունենում: Մարդիկ զգուշանում-խուսափում են այս հերոսների մասին հրապարակավ խոսելուց, սակայն առտնին զրույցների ժամանակ չեն մոռանում նրանց անունները զարդարել մակդիրների գերադրական աստիճաններով: Այս երևույթը վաղուց արդեն ինձ համար պարադոքս չէ: Բարոյականության համատարած անկումի և իրական արժեքների չգոյության պայմաններում, երբ իսկական հերոսներին ու արժանավորներին հաճախ փորձում են գիտակցաբար մոռացության մատնել, կամքն ու քաղաքացիական նկարագիրը լքում են երեկվա իրական հերոսի անգա՛մ մարտական մտերիմ ընկերներին, որովհետև նրանք այսօր կորցնելու բաներ ունեն… Չեմ ուզում ոչ մեկի վիրավորել կամ նսեմացնել նրանց նպաստը մեր հաղթանակի ճանապարհին… Նույնիսկ հիանում եմ, որ ազատամարտիկներն իրենց լեգենդար զինակիցներին հիշելիս ազնվորեն նշում են իրենց համեստ տեղն ու դերը նրանց կողքին… Բայց որ քաջությունը լքում է ողջերին այդ ամենի մասին եթերից ասելու առաջարկություն ստանալուց հետո, համոզվել եմ բազմիցս… Դա՛ է նրանց աթոռների կամ հարմարավետ կենսապայմանների իրական գինը արժեքների այսօրվա՛ համակարգում…
Ինչևէ, Վլադիմիր Բալայանին ներկայացնելու հարցում ինձ անասելիորեն օգնել է ԼՂՀ ԶՈւ մայոր, «Ազատագրված Արցախ» թերթի աշխատակից Սիրվարդ Մարգարյանի կազմած և 2012-ին հրատարակած «Ոգու լեգենդը» ժողովածուն` նվիրված Մարտակերտի ու մարտակերտցի բացառիկ` ֆենոմենալ հրամանատարին: Ոգևորված այնտեղ ամփոփված հուշապատումներով, մարտական ընկերների անկեղծ գնահատականներով ու խոստովանություններով` սկսեցի նրանց մեջ փնտրել մեր ապագա հաղորդման մասնակիցներին… Ավաղ… Ազատամարտի մի քանի արցախցի նվիրյալներ զուտ իրենց առողջական վիճակի պատճառով չկարողացան գալ Երևան… Խորհրդակցելով տիկին Սիրվարդի հետ` որոշեցի այս հաղորդումը պատրաստել նրա հրապարակած նյութերի հիման վրա:
Եվ այսպես`

ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ

Քառորդ դար առաջ էր: Սկսվել էր հայոց հայրենիքի մի փոքր հատվածի` Արցախի ազատագրական պայքարի նորագույն փուլը: Հայության հավաքական սիրտը տրոփում էր Հայոց Արցախ աշխարհում. հայրենիքի անատո՛միան էր պահանջում: Հայոց Արցախը բյուրեղացրել էր համայն հայության բոլո՛ր զգացումները. Հայրենի՛քն էր թելադրում: Պահն աստեղային էր` Հայոց Արցախը նոր ժամանակաշրջան էր սկզբնավորել` ընտրյալների ժամանակաշրջանը: Հերոսական պայքարի ոգեղեն լիցքերը փոխանցվում էին` է՛լ ավելի հզորացնելով հզորացնողին: Եկել էր պատմական արդարությունը և խոցված արժանապատվությունը վերականգնելու ժամանակը: Հրապարակ էր եկել ընդվզող ու առնական մի սերունդ, որը Հայ դատը յուրովսանն պետք է պաշտպաներ Արցախում` հայացքը հառած գերվարված հայոց մյուս հողերին:
«Մենք հայոց ըմբոստ երակի ժառանգորդներն ենք,– տարիներ անց` 2012-ին Սիրվարդ Մարգարյանը գրում է այդ սերնդի ներկայացուցիչներից Վլադիմիր Բալայան ինքնատիպ երևույթին նվիրված` «Ոգու լեգենդը» ժողովածուի մեջ,– մեր ինքնությունը հավաստագրված է նաև Արցախամարտով… Արցախամարտ, որը զինեց իր ուխտյալ զավակներին, զինեց ոչ միայն զենքով, այլև ասպազինեց կամքով, Ավետյաց երկրին տեր կանգնելու վճռականությամբ:
Երկիրը երկրապահ դարձավ, երկրապահը` կենդանի սուր ու վահան… Օր օրի ահագնացող վտանգն ի զեն կանչեց ընտրյալներին: Պահն օրհասական էր, բռունցքվեցի՛ն տղաները…»:
Եվ ոչ միայն տղաները: Երկիրն իրո՛ք երկապահ դարձավ անկախ սեռից ու տարիքից` պահելու համար ազատամարտի նվիրյալների թիկունքը` պատրաստ ամեն տեսակի զոհողության: Անտրտո՛ւնջ: «Ազատագրական բանակի» Արցախյան ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանն այն ընտրյալներից էր, որոնք ամեն օր, ամեն վայրկյան մոտեցնում էին մեր հաղթանակը: Նա այս փոքր երկրամասի այն հսկաներից է, որոնք սերում են հայոց դյուցազունների զարմից… Նրանք լույս աշխարհ են գալիս 3–4 դարը մեկ. Վլադիմիրի մասին պատկերավոր ասել է նրա մարտական ու գաղափարական ընկեր, ռազմագիտության ուսուցիչ և հոգևոր եղբայր լեգենդար Լեոնիդ Ազգալդյանը:
Եվ քանի որ հիշեցի մեր վերջին ազատամարտի հաղթակամարի այս շենշող ու շքեղագույն աստղի անունը, ակամա ես էլ հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ սովորական է դարձել Վլադիմիր Բալայանին ճանաչողների համար: Այսինքն` Վլադիմիրի մասին խոսելիս սկսում են Լեոնիդ Ազգալդյանից: Լեոնիդն ու Վլադիմիրը հանդիպել են Շահումյանում ու այլևս անբաժանելի դարձել իրարից: Պատահական չէր ո՛չ նրանց երկրային հանդիպումը, ո՛չ էլ երկրային կյանքից նրանց հեռանալը` մի քանի օրվա տարբերությամբ: Որպես օրինակելի կերպարներ նրանք անբաժանելի են իրարից` անգամ իրենց ֆիզիկական բացակայությա՛ն պայմաններում և շարունակում են սերունդներ կրթել իրենց մարդկային, բարոյական ու ոգեղեն անմահությամբ:
Ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը նույնպես առաջիններից մեկը հասկացավ, որ պետք է ապավինել միայն ու միայն սեփական ուժերին, և որ ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը զինված պայքարն է: Ադրբեջանցի թուրքերն այդ ժամանակ գերևարում էին հայ երիտասարդների, կողոպտում գյուղերն ու տանում անասունները: Վլադիմիրը ձեռք է բերում կարաբին, հետո վաճառում է իրենց «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ու զենք գնում: Ապա 7-հոգանոց ջոկատ է ստեղծում: Ու սկսվում են նրա հաղթական մարտերը…
Սա նրա այրու` Մարիետա Բալայանի հուշերից: Ի դեպ, մինչ 1988-ի ազգային վերազարթոնքը Վլադիմիրը եղել է սովորական արցախցի երիտասարդ: Հայրը` Ալյոշա Բալայանը, լրագրող էր, երկար տարիներ խմբագրել է Մարտակերտի շրջանային թերթը, մայրը` տիկին Դարիկոն, Արցախյան շարժման առաջին իսկ օրերից եղել է պայքարի առաջին գծում, նստացույցի կազմակերպիչներից, հետագայում թև ու թիկունք դարձել ազատամարտիկներին, նրանց հաղթանակներով թևեր առել, յուրաքանչյուր զոհի հետ` սպանվել… Շուտով տեղի է ունենում Վլադիմիրի ճակատագրական հանդիպումը Լեոնիդի հետ: Լեոնիդը նրա մեջ տեսնում է այն ամենը, ինչն ինքը շատ էր կարևորում: Նրանք զենքի ու գաղափարի ներդաշնակ ընկերներ էին: Լեոնիդն առաջարկում է, որ «Ազատագրական բանակի» Արցախի մասնճյուղը ղեկավարի Վլադիմիրը: Հենց նա էլ ստանձնում է հրամանատարությունը: Պարապմունքներն սկսում են անտառում: Նրանք ստեղծում են զինվորի մի տիպ, որն օրինակելի էր բոլորի համար և բոլոր առումներով: Նրանց ջոկատներն ամեն ինչով էին տարբերվում մյուսներից:
***

Լեոնիդը Շահումյան-Գետաշենից էր սկսել և Բուզլուխ-Մանաշիդով եկել-հասել էր Մարտակերտ: Նա հեռագնա ծրագրեր ուներ. մտածում էր Հայաստանի արևմտյան հատվածի բռնազավթված տարածքներն ազատագրելու մասին: Լեոնիդի պարագայում սա միֆ չեմ անվանում, մանավանդ որ Վլադիմիր Բալայանի պես համախոհ ուներ: Նրանց միավորել էր հայոց ազատագրված հայրենիքի տեսլականը… Լեոնիդն ասում էր. «Այս տղան կռվի, մեծ պայքարի համար է ծնվել, և եթե ես վաղը Էրզրումի պատերի տակ ընկնեմ, ես վստահ եմ, որ իմ կողքին կրկին Վլադիմիրն է լինելու»: Ավաղ… Նրանք ընկան Արցախում` չհասցնելով վայելել երանելի հաղթանակի բերկրանքը:
…Պատերազմը դեռ չի ավարտվել, զինադադարը շատ փխրուն է, իսկ երկու հերոսների դեպքում էլ, սակայն, արժևորումը, մեղմ ասած, թերի է… Եթե այսօր նրանց կարգին չենք գնահատում մենք` ժամանակակիցներս, հույսներս ո՞ւմ վրա ենք դնում, չգիտեմ…
Մարտակերտի ազատամարտիկների տարածքային միության խորհրդի նախագահ Գրիգորի Միրզոյանը փնտրում է մինչ այժմ իրեն և այլոց շատ հուզող մի հարցի պատասխան. «…այդպես էլ չկարողացանք բացահայտել նրա ոգեղենության երակը, նրա ֆենոմենը, նրա առեղծվածային կերպարը: Նա մեզ համար մնաց որպես չբացահայտված կերպար, չկարդացված ու չբացահայտված լեգենդ, մեզ թողնելով նվիրական մի անուն, որ վայել է միայն իսկական հերոսներին: Մահվան զգացողությունը, ահը, սարսափը հեռու էին նրանից: Նա միշտ զինվորից առաջ էր գնում, մի քանի քայլ առաջ: Նրա օրոք առգրավված ռազմավար զինամթերքով մենք կռվեցինք մինչև 1993 թ. դեկտեմբեր ամիսը…»: «Ոգի՞ն էր խոսողը նրա մեջ, թե՞ հայրենասիրությունը, որ նրա ուղնուծուծի մեջ նստած էր գենետիկորեն, թե մի ուրիշ բան կար, որ հասու չէր մեզ` մահկանացուներիս…»:
…Ինձ միշտ են մտահոգում հրամանատարի պահվածքն ու վարքագիծը մարտի դաշտում: Որքանո՞վ է արդարացված ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարի` զինվորների առջևից գնալու անհրաժեշտությունը: Ոլորտի մարդիկ դա հաճախ բացատրում են մեր մտածելակերպով, այսինքն` ուզում ենք, որ մեր առաջնորդներն առաջին գծում լինեն, որ զինվորի համար միշտ օրինակ լինեն… Այդ իմաստով հաճախ անդառնալի են մեր կորուստները… «Մենք դեռ կանոնավոր բանակ չունենք, ազատամարտիկը դեռ կանոնավոր զինվոր չէ, չնայած նա երդվել է պաշտպանել իր հողը: Սովոր էր իր հրամանատարին տեսնել կրակի առաջին գծում: Այդպիսին են պատկերացնում հրամանատարին: Երբ կստեղծենք ազգային բանակ, այն ժամանակ կկռվենք կարգուկանոնով: Հիմա պիտի կռվենք այդ երջանիկ ժամանակներին հասնելու համար»:
Այսպես էր մտածում նաև «Հաղթանակ կամ մահ» կարգախոսով մարտի ելած Վլադիմիր Բալայանը մինչև 1992-ի հունիսի 9-ի չարաբաստիկ օրը, երբ ադրբեջանցի թուրքերը մեծ ուժերով մոտեցել էին Այգեստանին (նախկինում` Չայլու), որը դեպի Սարսանգի ջրամբար տանող ամենակարճ ճանապարհն էր: Տեղի փոքրաթիվ ուժերը չէն կարողանա դիմակայել մեն-մենակ, օրհասական այդ պահին օգնության է գալիս ամենահաս Վլադիմիր Բալայանը ու… մղվում առաջին գիծ… Այդ օրը նա վարում է իր վերջին հաղթական ճակատամարտը…
…Շատերն են Մարտակերտի հանձնումը պայմանավորում Վլադիմիրի մահով: Կամավորական շարժման ակտիվ մասնակիցներից ԼՂՀ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռուդիկ Հյուսնունցը, այժմ` ԼՂՀ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար, Վլադիմիրի զոհվելուց հետո զինակիցներին դառնությամբ ասել է. ««Տղերք, մենք Մարտակերտը կորցնելու ենք»: Նրա ոգին այնքան զորեղ էր, որ կորցնելով նրան, մեր ոգին փշրվեց: Նրանից առաջ էլի հրամանատարներ էինք կորցրել, բայց Վլադիմիրի ֆենոմենը անհասկանալի ու անվերծանելի էր»: Պահեստազորի գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի խոստովանությամբ` Վլադիմիրի կորստով զինվորների (և ոչ միան նրանց) ոգին փշրվեց: Վլադիմիրի զոհվելուց 20 տարի անց էլ Ռուդիկ Հյուսնունցն այն կարծիքին է, որ «Նրանից առաջ էլի հրամանատարներ էինք կորցրել, բայց Վլադիմիրի ֆենոմենը անհասկանալի ու անվերծանելի էր»:
«Թուրքը չէր կարող հասնել Մարտակերտ, եթե Հայոց բանակում պահպանվեր Լեոնիդի ու Վլադիմիրի, նրանց ազատամարտիկների մարտական ոգին»,– համոզված է Վլադիմիրի մայրը… Եվ սա չափազանցություն չէ… ՊԲ հրետանու նախկին պետ, Արցախի հերոս Ժորա Գասպարյանը նույնպես այդ կարծիքին է. «Մարտակերտի ճակատի ողջ դժբախտությունը (շրջանի հանձնումը) ես կապում եմ նաև Վլադիմիրի զոհվելու հետ: Նրա հետ մեծ հույսեր էի կապում ոչ միայն ես, այլև հրամանատարությունն ու ու շրջանի ողջ բնակչությունը»: ժամանակին ժողովրդի մեջ տարածված այս կարծիքը հիշում է նաև ՀՀ հանրապետական փոխզինկոմ Սուրեն Գալստյանը. «Երբ զոհվեց, ողջ շրջանը սգի մեջ էր, ասես բոլորը որբացել էին: Նա լեգենդար հերոս էր, մեծարման արժանի անձնավորություն…»:
***
Վլադիմիրի ամենամեծ գնահատականը տվել է ժողովուրդը` իր հոգում, մտքում ու սրտում հերոսացնելով նրան: Տեղին է հիշեցնել Արցախյան ազատամարտի վետերան Գագիկ Գինոսյանի թևավոր դարձած խոսքը`պալատական որոշումներով չեն տալիս հերոսի իրական գնահատականը… «Այսօր առավել շատ գնահատվում են նրանք, ովքեր տեսադաշտում են կամ հավատարիմների ցուցակում»: Այսօր Շուշիի ռազմագործողության մասնակցների ուռճացված թվերի մասին անեկդոտներ են պատմում իրենք` իսկակա՛ն ազատամարտիկները… Հստակ է մի բան` ժողովրդի համար հատկապես արժեքավոր ու սիրելի են այն հերոսները, որոնց ինքն է հերոսացրել` դեռ նրանց օրոք: Լեոնիդն ու Վլադիմիրն ընտրյալների այդ փաղանգից են ու միշտ մայր ժողովրդի սրտում: Նրանք ժամանակից առաջ էին անցել… Այդպիսիներին ժամանակն ինքն անգամ չի ներում…
***
Ամեն անգամ մեր Հայրենիքի այս կամ այն նվիրյալին նվիրված հաղորդումն ավարտելիս ծանր ու ինքնակեղեքող զգացումներ եմ ունենում` միշտ ինքս ինձանից դժգոհ: Թվում է` չասացի այն, ինչին արժանի էր հերոսը, և միշտ մեղքի զգացողություն ունեմ: Նրանք ամենաթանկն են զոհաբերել Հայրենիքին` իրենց երիտասարդ կյանքը: Մենք բոլորս ենք պարտք նրանց ու այդ պարտքը երբեք չենք կարողանալու մարել… Բարի լինենք, ուրեմն, ավարտին հասցնել նրանց կիսատ գործերը, իրականացնել նրանց նվիրական երազանքները: Մենք դա պարտավոր ենք անել… Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի պարագայում հատկապես շատ ենք թերացել. գերեվարված հայոց հողերն այրվում են հայ զինվորի համբույրի կարոտից, իսկ այստեղ մենք մեր ձեռքով հայաթափում ենք մեր երկիրը` փոշիացնելով մեր եզակի գենոֆոնդը, հայի ինքնատիպ տեսակը. երբեք մեր հանրապետությունը, Արցախն ու Ջավախքը չեմ տարանջատում: Մենք ազգովի՛ պարտք ունենք, իսկ մինչ այդ պարտքը տալ կարողանալը պետք է ազգովի արժանի լինենք մեր սրբազան հերոսների հիշատակին` երախտագիտություն հայտնելով բոլոր ողջերին, որոնք, բարեբախտաբար, շարունակում են ապրել ու գործել մեր կողքին` բարձր պահելով Արցախյան ազատամարտի վետերանի պատիվն ու անունը: Մեծարանքի խոսքեր նրանց ամենևին էլ հարկավոր չեն, դրանք մեզ համա՛ր են ավելի քան կարևոր, որպեսզի նրանց օրինակով կարողանանք ապրել ու սերունդ դաստիարակել: Ես խոնարհվում եմ բոլորի առաջ: Փա՛ռք հայոց հուժկու բազկին:
Եվ որպես ցանկություն վերջում ուզում եմ ավելացնել հետևյալը:
Լեոնիդ Ազգալդյանի «ռազմական ակադեմիան» անցած ՀՀ հանրապետական փոխզինկոմ Սուրեն Գալստյանը հպարտությամբ գրում է. «Այսօր մեկ տասնյակից ավելի գնդապետներ ու դրանցից ավելի ավագ սպաներ սփռված են ողջ հայկական բանակում: Նրանց իրավամբ կարելի է անվանել Լեոնիդի ու Վլադիմիրի սերունդ, կայացած ու թրծված սերունդ` իրենց հրամանատարներին արժանի սերունդ… Վլադիմիրի մեծություններից մեկն էլ այն էր, որ նա ոչ մեկի աճը չէր կանգնեցնում, օժանդակում էր, որ նրանք կայանան .… Վլադիմիրին ու Լեոնիդին չի կարելի իրարից անջատ դիտել …. Երկուսով էլ նրանք հզոր էին, և այն ժամանակ մեր շարքերն ավելի կուռ էին…»:
Ես կուզենայի, որ այսօր մենք ունենայինք այնպիսի՛ բանակ, որպիսին երազում էին Լեոնիդն ու Վլադիմիրը, ավելի ճիշտ կլիներ ասել` ունենալ նրանց արժանի՛ բանակ:

«Վէմ» ռադիոկայան 23. 10. 2013

«ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ»
LEGEND ABOUT THE LEGEND
ЛЕГЕНДА О ЛЕГЕНДЕ

6 идей о “Հասմիկ Գուլակյան «ԼԵԳԵՆԴ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ» LEGEND ABOUT THE LEGEND ЛЕГЕНДА О ЛЕГЕНДЕ

  1. Susanna Azoyan

    Շատ հաճելի է ընթերցել մեր իրական հերոսների մասին, որոնք իրոք մեծ հայրենանվեր պայքարով պիտի օրինակ ծառայեին այսօրվա սերնդի համար, ավաղ մոռացության են մատնվում, որովհետև ծնվել են նորաթուխ հրամանատարիկներ ու հերոսիկներ, որոնք ոչինչ չեն խնայում անտեսելու իրական հերոսների անմահ հիշատակն ու , նրանց կողքին հավասարապես մարտնչած քաջարի ազատամարտիկներին, հանձինս Վոլոդյա Ավետիսյանի…Շնորհակալություն հարգելի Հասմիկ Գուլակյան…Փառք մեր հերոսներին…

  2. Anna Manookian

    Բարոյականության համատարած անկումի և իրական արժեքների չգոյության պայմաններում,երբ իրական հերոսերին և արժանավորներին փորձում են մոռացության տալ, կամքն ու քաղաքացիական նկարագիրը լքում են նույնիսկ երեկվա իրական հերոսի անգա՜մ մարտական մտերիմ ընկերներին, որովհետև այսօր նրանք կորցնելու շատ բան ունեն:(((((((((

  3. Янетта Аршакян

    .Շնորհակալությունս հարգելի Հասմիկ Գուլակյանին ազգիս նվիրյալ զավակների անձնադիր կերպարները որպես հերոսացման խորհրդանիշի ծովածավալ ու հուզիչ լուսաբանման համար….երախտագետ խոնարհումս<<Հանուն Հայրենյաց>> ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ լուսատու շիրիմներին:

  4. Agop Aintablian

    Povantagutyne koveli yev usaneli e.Sagayn korzazvaz odar parere tadabardeli (legend,tip ,paradox,phenomen ,automekena,active,veteran …).Ays pareru hamabadaskhan yev hamarjek hayeren parer unink MAKUR HYEREN pararanneru mech ,miyayn Hayastan ODRAMOLUTYAN AkHDE bedk e zerkazadvin yev sgsin MAKURHAYEREN parabashar korzazel ,Manavant LRAKROGH-HGzhORTAVARNERe.

Добавить комментарий