Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի հետ
Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան
«Ակունք» ռադիոհանդեսի եթերում այս տարվա վերջին թողարկումն է: Երանի վերջինը լիներ մեր բոլո~ր-բոլոր դժվարություններին, անհաջողություններին, անհեթեթ կացություններին, մեր իսկ ձեռքով ստեղծած բարդություններին, մի խոսքով` բոլոր ձախողումներին վերջակետ դնելու առումով: Ցավոք, այդպես լինում է միայն հեքիաթներում: Բայց քանի որ մենք ապրում ենք օբյեկտիվ իրականության մեջ, ուրեմն վերանանք պայմանականություններից ու խոսենք ընթացիկ տարվա մասին` ամփոփելով նաև 22-ամյա մեր տարօրինակ ու արտառոց անկախության երթը: Այսպես եմ ասում, որովհետև իրականում դե ֆակտո վաղուց անկախ չենք, դե յուրե հավանաբար շուտով դա էլ կամրագրվի… համենայն դեպս, 2014-ն այդպիսի խոստումով է բախում մեր դուռը… Դրական ի՞նչ դրական տեղաշարժեր կամ ձեռքբերումներ ունեցանք 2013-ին…
Խոստովանեմ` չկարողացա գտնել և ոչ մի բնագավառ… Ստեղծված կացությանը, իհարկե, 2013-ին չենք հասել: Իսկ ի՞նչ ենք արել անկախության 22 տարվա ընթացքում մեր պետականության կայացման ու կայունացման համար: Սկսենք գաղափարական դաշտից: Ո՛վ չգիտե, որ ամեն ինչ սկսվում է գաղափարից: Գաղափարական ի՞նչ հենք, ի՞նչ ծրագիր ստեղծեցին մեր պետական այրերը` Հայաստանի անկախ հանրապետությունը կայացնելու համար: …Փորձենք մեկ առ մեկ հիշել ու թվարկել մեր հաղթանակները ներքաղաքական կյանքում` ըստ բնագավառների: Սկսենք հասարակականից: Կայացա՞ն արդյոք մեր քաղաքացիական հաստատությունները: Կարողացա՞նք ստեղծել քաղաքացիական հասարակություն` մեր պետության որդեգրած կադրային քաղաքականության, սոցիալական ծայրահեղ անարդարության, կոռուպցիայի պայմաններում:
…Կոմկուսի լճացած կառույցից հոգնած մեր ժողովուրդը երազում էր բազմակուսակցական համակարգ և ընկավ մեկ այլ ծայրահեղության մեջ: Մի պահ ՀՀ կուսակցությունների քանակը հատել էր հարյուրի սահմանագիծը: Այսօր դրանք մի քանի տասնյակ են կարծես: Իրականում երկրում գործում է բրեժնևյան տարիների կոմկուսի մերօրյա նմանակը` որպես իշխող կուսակցություն, իսկ մյուսների անունը կա` ամանում չկա… …Տարիներ շարունակ իշխող վարչախումբը մեր տնտեսության աճը ներկայացնում էր երկնիշ թվերով… Այսօր սակայն պարզվում է, որ ՀՀ-ն աշխարհի ամենավատ տնտեսություն ունեցող երկրների տասնյակում է: Հեղինակավոր «Forbes» ամսագիրը կազմել է այն երկրների ցանկը, որոնց տնտեսությունները վատթարագույն վիճակում են: ՀՀ-ն այդ ցուցակում երկրորդն է` Մադագասկարից հետո… Գործազրկություն, սեփականաշորթում, աղքատություն, թալան. հատուկ եմ օտար բառ գործածում, որովհետև մեր թալանչիները քոչվոր ավարառուներին բնորոշ վարք են դրսևորում: Ոչ մի բարբարոս այնպես չի թալանել մեր երկրի ընդերքը, որքան այս հայանունները… Իսկ օֆշորային գոտու սկանդալը աբսուրդի գլուխգործոց է…
…Գիտության, կրթության և մշակույթի մակարդակի մասին: Այս ոլորտների գործիչներին աջ ու ահյակ բուռ-բուռ մեդալներ ու շքանշաններ բաժանելով իշխանությունները չեն նպաստում ո՛չ գիտության ու կրթության զարգացմանը, ո՛չ ազգային մշակութային քաղաքականություն վարելուն: Վերջերս ներկա էի ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը, ներեցեք արտահայտությանս, հոգեհանգիստ էր հիշեցնում…
Իմ ֆիզիկոս ընկերներից մեկը, որ օրերս արտերկրում մասնակցել է միջազգային գիտաժողովի, ցավով ասաց, որ ճապոնացի գործընկերները խնդրել են նրան հայ պատանիներին ու երիտասարդներին առավել հաճախ ուղարկել Ճապոնիա` սովորելու…
Ճապոնացիների ոգևորությունը` մի կողմ: Մենք հո ծանոթ ենք մեր ազգային գենի զորությանը, հետևում ենք դրսում մեր երեխաների ցնցող հաջողություններին… Բայց բոլորս գիտենք, որ նրանք հետագայում գործելու են ի շահ օտար մշակույթների ու գիտության… Մեր ուղեղների արտահոսքը նույնպես կանգ չի առնում…
Իհարկե, մենք ունենք նվիրյալ գիտնականներ գիտության բոլո՛ր ոլորտներում, որոնք, հանուն ազգային գաղափարի, գործել և շարունակում են գործել մեր երկրում` մեղմ ասած նյութական զրկանքների գնով… Բնական ու ֆիզմաթ գիտությունների բազմաթիվ առաջատար գիտնականներ վաղուց արդեն հարստացնում են օտարների գիտությունն ու գիտաարտադրական ճյուղերը…
…Առիթներ են լինում մշակույթի և գիտության օտարերկրյա գործիչների հետ հանդիպելու: Մանավանդ ոմանց համար այնքա՜ն երանելի ու նախանձելի եվրոպացիների և ընդհանրապես Արևմուտքից եկածներն ընդգծում են, որ իրենք կորցրել են իրենց մշակույթների ազգային հենքը, այսինքն` կապը սեփական բանահյուսության հետ, և հիանում են, որ մենք այսքան հավատարիմ ենք մեր ակունքներին… Դրա համար, իհարկե, փառաբանում են մեր պետության ղեկավար այրերի վարած «ազգային» մշակութային «փառավոր» քաղաքականությունը: Ինչ իմանան խեղճերը, որ այդ ամենը փորձում ենք պահպանել առանձին անհատների մակարդակով` մի-մի Գագիկ Գինոսյան, Արթուր Շահնազարյան, Արսեն Գրիգորյան (Մրո) և էլի մի քանի նվիրյալներ հաճախ պետության գործառույթներ են ստանձնել մեզ մոտ այդ ոլորտում… Այսօր մեր ազգային մշակութային քաղաքականության չգոյությունը և դրա հետևանքները մեզ ուղղորդում են այլ հուն: Դեպի ո՞ւր այսպես, հայոց հայրենիք… …Ժողովրդագրության ոլորտումի մասին… «Արտագաղթ» բառն ինձ համար վաղուց համարժեք է «ցեղասպանությանը»… Մենք, որ իրավացիորեն այնքան հպարտանում ենք մեր գենի եզակի կենսունակությամբ և նրա մյուս հատկանիշներով, այսօր մեր գենոֆոնդն են վտանգել` հայրենիքի այս փոքրիկ կտորով հանդերձ…
…Մեր իրականության մեջ համեմատաբար կայացած կառույցը և ՀՀ անկախության կարևորագույն նվաճումը բանակն է, որի ստեղծմանը, ի դեպ, դեմ էր ՀՀ տխրահռչակ առաջին նախագահը, որ իբր գիտնական է… Մեր միակ պաշտպանությունը նա համարում էր մեր անպաշտպանվածությունը… Նա դեմ էր նաև երկրի գերագույն օրենքի` Սահմանադրության ընդունմանը: Սա` ի դեպ: Իսկ թե ի՛նչ բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծվել մեր բանակում, գաղտնիք չէ: Խաղաղ պայմաններում ամիսը 1–2 զինվոր է զոհվում. սա վաղուց արդեն պարտադիր նորմա է…
Ըստ իս` 22-ամյա մեր անկախության երթի մասին ամեն ինչ է ասված: 2013-ի ընթացքում «Ակունքի» հաղորդումներում օրավուր խտացել են ՀՀ անկախության ապագայի մասին մտահոգությունները, թանձրացել է ասելիքի տրամադրությունը, բեկվել-փոխվել են իմ ձայնի ելևէջները: 1920-ի ուրվականը, որի մասին անընդհատ ահազանգում էի ու հիշեցնում, այլևս իրողություն է` մեր շեմից ներս մտած: Այդ իսկ պատճառով ուզում եմ ներկայացնել տվյալ իրավիճակին համահունչ մի նյութ: Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո` 1921-ին Հ. Թումանյանը Վիեննա` Ա. Իսահակյանին գրում է.
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
Դատելով մեր որոշ չինովնիկների վարքագծից` նրանք նույնիսկ կհռհռան, եթե իրենց նեղություն տան կարդալու Թումանյանի այս զուսպ, սակայն անասելի ողբերգական տողերը… Այսինքն` մենք և նրանք ապրում ենք բարոյական այլ հարթություններում, որտեղ ոչ մի ընդհանուր չափորոշիչ չկա, գործում ենք բարիկադի տարբեր կողմերում, դավանում այլ գաղափարներ… Ուստի մեր երկիրն այս վիճակին հասցնող չինովնիկների անցավորներին ու նրանց ապագա սերունդներին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին մեր ժողովրդի լեզվով ուզում եմ ասել` ոչ ողորմի: Նրանք, ովքեր անկախ պետականության պայմաններում սեփական ժողովրդի գլխին փլեցին ազգային պետություն ստեղծելու նրա դարավոր նվիրական երազանքը, իրենց բոլոր շառավիղներով` արական թե իգական, արժանանալու են համայն հայության հավիտենական անեծքին: Դրանցից ոչ մեկը թող արժանի չլինի հայրենի հողին… Հայ դատին հետամուտ բոլոր կազմակերպություններին և անհատներին խնդրում եմ` Թուրքիայից հատուցում պահանջելիս չմոռանալ հայ ժողովրդի դահիճների շարքին դասել նաև 1990-ական թվականներից Հայաստանի արևելյան այս հատվածի հայության բռնի տեղահանության «երիտհայ» և «եվրոհայ» կազմակերպիչների պիղծ անունները…
Ավարտելով «Ակունքի» 2013-ի վերջին հաղորդումը` ուզում եմ շնորհավորել բոլոր արժանապատիվ հայերին և ՀՀ անկախության տարիներին ողջ դառնությունները մեզ հետ կրած մեր հանրապետության ազգային փոքրամասնությունների պատվախնդիր ներկայացուցիչներին` գալիք տոների առթիվ և մաղթել առողջություն ու համբերություն:
Սիրելի հայրենակիցներ, ապավինենք Մեծն Ջիվանու «ձախորդ օրերի» փիլիսոփայական լավատեսությանը` հուսալով, որ բազում փորձությունների դիմակայած հայոց անմեռ ոգին կհաղթահարի նաև սա` որպես ձախողումների շղթայի վերջին օղակ, և կփորձի ուժերի գերլարումով գոնե մասամբ վերականգնել վերջին տարիների իր բացթողումները, շտկել իր կորացած ողնաշարը: Հենց միայն այն հանգամանքը, որ մեր թշնամիներն ամենանենգն են ու դաժանը, մենք պարտավոր ենք արժանապատվորեն շարունակել մեր երթը որպես իրոք պատմական առաքելություն ունեցող ազգ:
Շնորհավոր Նոր տարի:
«Վէմ» ռադիոկայան 25. 12. 2013
Լսեք ձայնագրությունը ներքևում՝
//vem.am/download.php?id=043_Hasmik_Ashot%20Melqonian%20-%2025%2012%2013_1388140090884.mp3
Քո սրտացավ հոգուն էլ խաղաղություն Հասմիկ ջան:
ցավում եմ ավելացնել որմեր մեջ չգսնվեցին արժանապատիվ հայեր որ չգնդակահարեցին էրիտ թուրքեր լտպ ին ռոբերդ հայատյաց քոչարյանին եւ սեռժոյին դրա համար էլ խորտակվում ենք
Հրաշալի ամփոփում էր:Հաջողված հարցազրույց:Հոգով և սրտով համաձայն եմ այստեղ ներառնված յուրաքանչյուր բառի հետ: