ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

 Հովհաննես Քաջազնունին  (Իգիթխանյան) ծնվել է 1868թ․-ի փետրվարի 1-ին Ախալցխայում (Ջավախք ), մահացել է 1937թ․-ին : Ճարտարապետ, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ (1918-1920), «Դաշնակցությունն այլ անելիք չունի» հանրահայտ գրքի հեղինակ։

***

Լեզվի մասին
Հովհաննես Քաջազնունի, «Ազգ և հայրենիք»

***
Բայց իր ժամանակին ոչ ոք գլխի չի ընկել հարցնելու իմ ցանկութիւնը, եւ, երբ
բաց արի աչքերս՝ տեսայ, որ հայ եմ, անբուժելի հայ:
Հ. Քաջազնունի

***

Երբ մի զորեղ ազգ ուզում է կլանել իրենից թույլերին` ամենից առաջ հարձակվում է նրա լեզվի վրա: Եվ երբ վտանգի ենթարկված ազգը ուզում է պաշտպանել իրեն` ամենից առաջ պատսպարում է լեզուն:
***

Ոչ ցեղը, ոչ պետությունը, ոչ տերիտորիան, ոչ կրոնը, ոչ կենցաղը և ոչ մի այլ հատկանիշ չի կարող բացատրել ու սահմանել «ազգ» երևույթը այնքան լրիվ, որքան լեզուն: Մինչ այն աստիճանի, որ կարելի է առանց մեծ տատանումների նշել, որ ազգը իր երեք քառորդով լեզու է և որ լեզուն երեք քառորդի չափով սպառում է արդեն «ազգ» գաղափարի բովանդակությունը:
***

Լեզուն ազգային հավաքականությունների ստեղծագործություն է, բայց և իրենք` ազգային հավաքականությունները` լեզվի ծնունդ են ամենամեծ չափերով:
***

Լեզվի կազմակերպումը ազգի ծագման վճռական վայրկյանն է, լեզվի ինքնահաստատումը` ազգի ինքանհաստատումն է:
***

Ազգը կենդանի է իր լեզվով, ինչպես լեզուն և կենդանի է այնչափ միայն, որչափ կենդանի է ազգը: Լեզվի մահը` ազգի մահն է, ինչպես և ազգի մահը` լեզվի մահն է:
***

…նույնիսկ ամենից ավելի կատարյալ, ամենից ավելի զինված ու տիրորեն հաստատված լեզուն անգամ չի կարող պահել իր գոյությունը, եթե զրկված է իր սնունդից` ազգային ստեղծագործությունից:
***

…լեզվի զարգացման համար պետական կյանքը խիստ կարևոր գործոն է` ամենակարևորներից մեկը: Առանց սրան լեզուն չի կարող զարգանալ հարկավոր թափով:
***

…լեզուն ազգային կյանքի ամենից էական, ամենից անհրաժեշտ տարրն է: Առանց լեզվի չկա ազգային կյանք:

***

Գիտե՞ք, որ մարդը ոչ միայն արտահայտվում, այլև մտածում է լեզվով, և որ լեզուն խոշոր չափով կաղապարում է միտքը:
***

Ես չեմ կարող խոսել ու գրել ռուսի պես` իմ հայ լինելը անդրադառնում է լեզվիս վրա ու խանգարում ռուսերենին: Մյուս կողմից, երկար տարիների վարժությունը և ռուսերեն խոսելու իմ սովորությունը փչացրել են անդառնալիորեն իմ հայերենը: Ռուսերեն խոսում եմ հայավարի, հայերեն խոսում եմ ռուսավարի: Իմ տիպի ու իմ դպրոցի մարդիկ կես-լեզվի մարդիկ են: Մի մեծ դժբախտություն է սա, էլ ավելի մեծ այն իսկ պատճառով, որ մնում է սովորաբար աննկատելի: Եվ մենք այնքան ենք վարժվել այդ շինծու անզոր ու անարտահայտիչ կես-լեզվին, որ կորցրել ենք (կամ կորցնելու վրա ենք) առողջ լեզվի բնազդը: Դժբախտություն է, որովհետև զրկված ենք արտահայտելու ամենից զորեղ միջոցից` կենդանի, հարազատ ու լիահնչուն խոսքից:
***

Ազգը մշակույթ է: Ազգի կորուստը մի ուրույն մշակույթի ու ամենից առաջ մի ուրույն լեզվի կորուստ է: Իսկ լեզվի կորուստը գրականության կորուստ է, այսինքն` մտածելու, զգալու և արտահայտելու մի հատուկ ձևի կորուստ:

 

2 идей о “ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Добавить комментарий