«ԳՐՈՂԸ ԽՂՃԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ` ԼՈՒՅՍԻ ԶԻՆՎՈՐ Է…»

«ԳՐՈՂԸ ԽՂՃԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ` ԼՈՒՅՍԻ ԶԻՆՎՈՐ Է…»

Լևոն Խեչոյան / Levon Xechoyan

Լևոն Խեչոյանի հիշատակին

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արայի հետ
«…Ես իմ գործողությունների, արարքների հանրագումարն եմ, այլ ոչ թե մտադրությունների հանրագումարը»:
Իոսիֆ Բրոդսկի

Մեր ժամանակի հանրահայտ մտավորականներից մեծ մասի հետ ծանոթացել եմ աշխատանքի բերումով: Սակավաթիվ են այն նշանավորները, որոնց հետ երբեք չեմ առնչվել: Պատճառները հաճախ նույնիսկ անբացատրելի են: Իսկ նրանց անսպասելիորեն կորցնելուց հետո չեմ կարողացել ինքս ինձ ներել. պարզապես արդարացում չեմ գտել: Նույնն արձակագիր Լևոն Խեչոյանի պարագայում էր, թեև նրա կյանքից հեռանալն անսպասելի չէր… Չգիտեմ ինչու, միշտ հետաձգում էի նրա հետ հանդիպումը: Շատ էի հավանում հատկապես նրա մարդկային ու քաղաքացիական նկարագիրը, հայի ազնվական տեսակն ու կերպարը և ուզում էի հրավիրել մասնակցելու «Բարոյականությունը և մենք» («Վէմ» ռ/կ, FM 101,6) հաղորդաշարին, երբ տարածվեց բոթը` Լևոնն անբուժելի հիվանդ է… Այն ժամանակ ուզում էի, որ Լևոն Խեչոյանը գար մեր ձայնասրահ և խոսեր պետությա՛ն բարոյականության մասին, որին անդրադարձել էր նաև 2005-ին` գրողների համագումարում` իր ելույթում. «Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված, փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը: Ապշած ենք, թե ինչո՞ւ է սկսվել հոգեւոր անկում: Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը. անգամ Թուրքիա է գնում: Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետեւ բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ…»: Ես շատ եմ հավանում Լևոն Խեչոյանի հրապարակախոսությունը. այս ժանրը յուրօրինակ տեղ ունի գրականության ու ժուռնալիստիկայի սահմանագծում և հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով վերաբերմունք արտահայտել մեր կյանքում տեղի ունեցող բոլոր երևույթների նկատմամբ: Իրեն բնորոշ խեչոյանական ցավով նա քննադատեց մեր կյանքում տեղ գտած բոլոր բացթողումներն ու ինչ-որ տեղ իրեն նաև մեղավոր զգաց դրանց համար: Իր բոլոր ելույթներում և հարցազրույցներում Լևոն Խեչոյանը խոսեց առաջին դեմքով, երբեք չխուսանավեց, երբեք ինքն իրեն չպղծեց ու չխեղեց, երբեք չքծնեց ու չշողոքորթեց: Նա տեսավ «համընդհանուր վտանգվածության» սահմանը և միշտ լսեց իր` ստեղծագործողի ներքին ձայնն ու տառապեց, որովհետև, ինչպես ասել է տարբեր առիթներով, փողոցներում սպանվածների «հոգիները անարդար վերաբերմունքից ուրվականներ դարձած դեռ շրջում են քաղաքում, … աղբարկղերից կերակուր հանողներ կան, … անապահովության պատճառով մարդիկ լքում են իրենց նստակյաց տեղերը, … ապրուստ որոնող մեր որբ աղջիկը Թուրքիայի նկուղներում է խարխափում: Գրողը հանուն հայրենիքի շինարարության, բռնության դեմ խոսելով` հանուն ապագայի պիտի խոսի»:

«Վէմ» ռադիոկայան
12. 02. 2014
Ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=02_Hasmik_Levon%20Khechoyan%20-%2012%2002%2014_1392199598099.mp3

Добавить комментарий