ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ

 ՄՈՌԱՑՎՈՂ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ

2010թ. հուլիսի 20-29-ին ինձ բախտ վիճակվեց փոքր խմբով այցելել Արդվինի և Ռիզեի նահանգների համշենցիների բնակավայրերը: Այս երկար փափագած ծրագիրը վերջապես իրականություն դարձավ: Կարճ ժամանակամիջոցում մեր խումբը հնարավորություն ունեցավ շփվելու Արդվինի նահանգի Խոփայի գավառի Մաքրիալի (այժմ՝ Քեմալփաշա) շրջանի նախկինում բռնի կրոնափոխված հայախոս համշենցիների ներկայիս սերունդների հետ, այցելել նրանց ամառային արոտավայրը, որը գտնվում է Արդահանի նահանգի Բիլբիլեն հան կոչվող վայրում (Bilbilen Han yaylasi):

Արդահանից դեպի Բիլբիլեն հան յայլայի ճանապարհին՝ Բաղդաշեն գյուղի մոտ, տեսանք մի ազդեցիկ, կիսականգուն բերդ, որը տեղացիներն անվանում էին Բագրատունի քալեսի (Բագրատունու բերդ):
Այնուհետև, մեր խումբը հանդիպեց Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառի (Ներքին Վիժե) կրոնափոխ թուրքախոս համշենցիների հետ: Չափազանց եզակի նյութեր գրառեցի նաև. Արտաշենի գավառի Օջե (Օձե-ԼՍ.) գյուղում, որն ուներ 140 տուն կրոնափոխ թուրքախոս համշենցի բնակիչ: Այն գտնվում է Սև ծովին դիմահայաց բլրի վրա և թաղված է պտղատու այգիների մեջ:

Արդվին Artvin

ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ / Արդվին Artvin

Մեր խմբի կազմում էին «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, բռնի կրոնափոխված համշենահայերի պատմությունը, բարբառը և բանահյուսությունը շուրջ երեք տասնամյակ ուսումնասիրող Սերգեյ Վարդանյանը, բանասեր, երգահան Ռուզան Սահակյանը, բանասեր Քեյթի Գունդակչյանը: Մեզ ուղեկցում էին «Վովա» խմբի ղեկավար, համշենցիների մի շարք երգերի կատարող, ծնունդով մաքրիալցիներ, Ստամբուլաբնակ Հիքմեթ Աքչիչեքը, գրող Մահիր Օզքանը, ծագումով Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառից համշենցի լրագրող, գրող Ադնան Գենչը և գիտնական Ուղուր Բիրոլը, որոնց շնորհակալություն ենք հայտնում ճանապարհորդության ժամանակ մեզ աջակցելու համար:
Ուղևորության ընթացքում մեզ հաջողվեց հավաքել չափազանց արժեքավոր ժողովրդագրական, ազգագրական փաստեր, լուսանկարել պատմական բնակավայրերը, գրանցել բարբառային բառեր, անձնանուններ, տեղանուններ, խաղիկներ ու պարեր: Այդ բացառիկ նյութերի կողքին առանձնակի արժեք են ներկայացնում նաև մեր գրանցած միկրոտեղանունները:
Նշենք, որ Խոփայի և Բորչկայի գավառների հայախոս համշենցիների մի հատվածն իր բարբառի շնորհիվ ունի որոշակի հայկական ինքնության զգացողություն, նրանց մի մասը սահմանափակվում Է՝ ընդամենը ընդունելով իր հայկական ծագումը: Միաժամանակ նրանք իրենց համարում են աթեիստ: Առհասարակ, նրանց մոտ տարածում ունեն մարքսիստական գաղափարները: Մեզ հանդիպածների մեջ ոմանք ասում էին, որ ընդամենը մի քանի տարի է, ինչ իմացել են իրենց հայկական ծագման մասին: Տեղացիների վկայությամբ՝ Խոփայի և Բորչկայի գավառներում այսօր հայախոս համշենցիների թիվը հասնում է 25-30 հազարի: Սակայն այդ հայախոսների մեջ կան նաև այնպիսիները, ովքեր առհասարակ խուսափում են իրենց ծագման մասին խոսել, իրենց հայտարարում են թուրք կամ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի, հոմշենցի): Այլ է պատկերը թուրքախոս համշենցիների միջավայրում: Այստեղ թուրքացումն առավել խորը արմատներ է գցել: Մեզ հանդիպածներից շատ քչերն էին խոսում իրենց հայկական ծագման մասին: Մի մասն իրեն համարում էր թյուրքական ցեղերից սերված: Սակայն այստեղ էլ առկա էին,լոկալ՝տեղական ինքնության դրսևորումներ, որի արդյունքում Ռիզեի համշենցիների մեջ կան այնպիսիները, որ իրենց զգում են ո՛չ թուրք, ո՛չ հայ, այլ ուղղակի՝ համշենցի (Hemsinli):Նշենք, որ տեղացիների վկայությամբ, Ռիզեի որոշ շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ:
Այնուհանդերձ, թեև Ռիզեի նահանգում ապրող նախկինում բռնի մահմեդականացված-թուրքացված համշենցիների ներկայիս սերունդները այսօր մոռացել են իրենց մայրենին` հայերենի Համշենի բարբառն ու հայկական ինքնությունը, բայց բազմաթիվ կենցաղային բառերի հետ շարունակում են գործածել իրենց բնակավայրերի` մեծերից ավանդված տեղանուններն ու միկրոտեղանունները: Կան այնպիսի տեղանուններ, որոնք երբեմն ենթարկվելով բառապատկերի լրիվ աղճատման` առաջին հայացքից թվում են օտար, անհասկանալի: Իրականում, սակայն, տեղական բարբառային կամ օտար հնչյունական շղարշով պատված տեղանվան մեջ անթեղված է մաքուր հայկական բառն` իր ձևույթներով հանդերձ: Ուստի, Համշենի տեղանունների վերականգնումը բարդ խնդիր է, քանի որ դրանց մի մասը կազմվել է նաև տեղական բարբառային բառապաշարից` խոսվածքային հնչարտասանական նստվածքով: Նշենք, որ Համշենի բարբառը` իր խոսվածքներով հանդերձ, համարվում է հայերենի ամենից խրթին բարբառներից մեկը: Նրանում պահպանված գրաբարյան լեզվական շերտերը վկայում են բարբառի հնագույն լինելու մասին: Այդ են փաստում նաև տարածաշրջանի տեղանուններում առկա վաղնջահայկական արմատներն ու ածանցները:
Մեր գրառած միկրոտեղանունները հասնում են հարյուրի, և կարող են լրացնել արդեն իսկ մի քանի հեղինակների գրանցած տեղանվանական շարքերը: Նշենք, սակայն, որ կան նաև այնպիսի թուրք հեղինակներ, որոնք բացահայտ Համշենի բարբառով հայկական միկրոտեղանվան մեջ արհեստականորեն փնտրում են թյուրքական, ղրղզական, ղփչաղական արմատներ ու ածանցներ՝ նպատակ ունենալով ժխտել Համշենում հայկականության որևէ փաստ կամ հետք:
ժողովրդական այդ տեղանունները հիմնականում գրանցել ենք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառում գտնվող Այդերի (իմա՝ Արտեր, բարբառին բնորոշ ր>յ հնչունափոխությամբ) յայլայում, Մաքրևվիս, Տափ (այժմ՝ Չաթ) և Չինչիվա (այժմ՝ Շենյուվա) գյուղերում, Արտաշենի գավառի Օջե գյուղում։
Միկրոտեղանունները հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից, ունեն իրենց խոսվածքային տարատեսակները, հաճախ հանդես են գալիս որպես բառակապակցություն: Միկրոտեղանունները, լինելով լեզվական և աշխարհագրական արժեքավոր փաստեր, ավելի մանրամասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին: Դրանք կոնկրետ մեկ ժողովրդի մշակույթի արդյունք են և մեկ ժողովրդի լեզվական փաստ:
Նշենք մեր գրանցած տեղանուններից մի քանիսը՝ Աղփիափ (աղբ+ի+ափ), Դօձխաբակ (տոսախ> դոցխի-ծառատեսակ+բակ), Գալէր (կալ+եր), Ընգէզութ (ընկույզ+ուտ), Խացթուր (Խաչ> Խաց+թուր> դուռ), Լօրուտ (լորենի-ծառատեսակ+ուտ), Ձէղօվիթ (ձաղ>ձեդ-եգիպտացորենի տերև+հովիտ), Ցաքութ (ցախուտ Համշենի բարբառի Խոփայի խոսվածքում նշանակում է անտառ), Փագէնդէղ (փագեն> փակեն+ տեղ)՝ Համշենի բարբառում փագեն ասում են գերաններից պատրաստված փայտաշեն պահեստին, Փիլինձուտ (փիլոնչ-խոտաբույսի տեսակ+ուտ), Փօղ-փադութ` ծառատեսակ է (փող+փայտ> փադ+ուտ), Քամիքէլօղ (քամի+գլուխ>քելող), Քարէդօղ (քար+ե+տեղ), Քէթմէց (գետ+(ա)+մեջ) և այլն:
Մաքրևիս գյուղում գրանցեցինք՝ Ակուփի դաղ Հակոբի լեռ, Արանի չայըր (մարգագետին), Խացինա>Խաչինա, Հացինհէդև> Խաչին հետև (գյուղանուն), Հէդէն փոս> հետևի հարթավայր, Մարկօսի լեռ, Մարանի (Մառան) լէռ, Մէղօյի յայլա (Մեղվի յայլա), Մէլիքի փօս, Քօբօշ (գյուղանուն, հավանաբար՝ կոկոշ/գոգոշ-խխունջի պատյան բառի աղավաղված ձևն է), Շաղդէդ (կազմվել է շաղ-ցող, եղյամ և տեղ բառերից), Մէէվոր/Մեղեվոր, Չուլինա միկրոտեղանունները: Գրանցեցինք նաև որոշ հին տոհմանուններ՝ Անտօնի տուն, Ալէքսի տուն, Ավէթիքի տուն, Բէգիի տուն, Բօղօս-Պողոսի տուն, Գավազի (գավազան բառից) տուն, Գինօսի տուն, Խաչիկի տուն, Կիրակօսի տուն, Դարբինի տուն, Քօզիքի/Քօզիսի տուն, Փէտրէսի (Պետրոսի) տուն, Փիրիկի տուն, Մազիկի տուն, Մուսիկի տուն, Փիսիկի տուն, Փօլադի տուն, Խաչիկլէր (Խաչիկի տուն), նախկինում գործածված անձնանուններ՝ Գասպար, Թաքուշ (Թագուհի), Խաթուն, Խաչատուր, Մարի, Մուչան, Վարդան:

Այսպիսով, թեև մեր գրառած տեղանուններն ու անձնանունները կրում են տեղական խոսվածքներին հատուկ հնչարտասանական մակաշերտեր, ժամանակի ընթացքում ենթարկվել են թուրքերենի հնչյունական որոշակի ազդեցությանը, այդուհանդերձ, նրանցում պահպանվել են հայկական արմատներ, տեղանվանակազմ և քերականական հատկանիշներ, որոնք կարևոր նյութ կարող են մատուցել հայ տեղանվանագիտությանն ու բարբառագիտությանը, լույս սփռել Համշենի պատմության մի շարք խնդիրների պարզաբանման վրա:
ժողովրդական այս տեղանունները հայոց պատմամշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում, դրանք նաև ժողովրդի պատմական և ինքնության հիշողությունն են, որոնք, չգրանցելու դեպքում, սերնդափոխության հետևանքով և հատկապես թուրքական միջավայրում, դատապարտված են մոռացության:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի օսմանագիտական
կենտրոնի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ՝ Լուսինե Սահակյան

Աղբյուր՝ «ԼՈՒՍԱԿՆ» ամսագիր, 2-րդ համար, դեկտեմբեր, 2010

 
«Քուզիմ» երգի բառերը հայերեն կարդալու համար մտեք այս հղումով՝

« GUZEM — KUZIM » «Քուզիմ» Hamshen

Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգ

Տես նաև՝   ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

Ձանուկ պար — Dzanuk par (Hamshenian folk dance melody)

10 идей о “ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ

Добавить комментарий