ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ. Քրիստափոր Իվանյան Христофор Иванян

  Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի հիշատակին 

Հասմիկ Գուլակյան

Երբ 1988 թ. սկսված ազգային վերազարթոնքն իր աստեղային ժամից թևակոխեց հաջորդ` ռազմական գործողությունների փուլը, մենք թերևս ավելի շատ պրոֆեսիոնալ զինվորականների կարիք ունեինք: Չունեինք բանակ: Արագորեն ձևավորվեցին կամավորական ջոկատներ:

Այդ պայքարում, ինչ խոսք, անչափ կարևոր էին և՛ կամքը, և՛ ոգին: Եվ քանի որ այդ հատկանիշները զուգակցվում էին գաղափարականի հետ, նշանակում է` հայ մարտիկները ռազմի դաշտ մեկնեցին թշնամուն ներքուստ հաղթանակած: Այդ եռամիասնությունը, սակայն, հայ ազատամարտիկները դրսևորելու էին ոչ թե կանոնավոր բանակի շարքերում` պրոֆեսիոնալ ռազմական հրամանատարության ներքո, այլ կամավորական ջոկատներում, որովհետև կրկնում եմ, Հայոց ազգային բանակը հետո պիտի ձևավորվեր, իսկ բարձրաստիճան զինվորական հրամկազմի մասին մտորելն այն ժամանակ մեզ համար երևակայությունից դուրս էր:

Ի պատիվ իրենց` վտանգված Հայրենիքին օգնության շտապեցին նաև պրոֆեսիոնալ` սովետական բանակում ծառայող բարձրաստիճան զինվորականներ: Անուններ, իհարկե, կարելի է տալ: Այսօր, սակայն, «Ակունք» ռադիոհանդեսը ներկայացնելու է մի եզակի հայորդու, որը գրեթե իր ողջ կյանքն ապրելով օտարության մեջ, միշտ զբաղեցրել է բարձր հրամանատարական պաշտոններ և, ամենակարևորը, մնացել հայ և սկզբունքային մարդ, անհատ, որի կյանքն առասպել էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մարդ, որ ողջ կյանքում երազել էր պաշտպանել իր նախնիների երկիրը, հայ, որ իր կյանքի գլխավոր գործը համարում էր Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանությունը:

Մեր խոսքն այսօր գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի մասին է: Քրիստափոր Իվանյանը այն միակ, եզակի սովետական գեներալն էր, որ զինվորագրվեց Արցախի ազատամարտին, այն էլ` 72 տարեկան հասակում:

ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ.  Քրիստափոր Իվանյան Иванян, Христофор Иванович Kristapor Ivanyan

ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ. Քրիստափոր Իվանյան Иванян, Христофор Иванович Kristapor Ivanyan

Եթե 1997 թ. բժիշկները կարողանային փրկել նրա կյանքը, Քրիստափոր Իվանյանն այսօր մեր կողքին կլիներ և ինքը կպատմեր իր անցած ռազմական փառավոր ուղու մասին: Եթե փորձեմ թվարկել նրա զբաղեցրած պաշտոններն ու ստացած պարգևները, բավական ժամանակ կպահանջվի: Ասենք միայն, որ 22 տարեկանում Հյուսիսային Կովկասում նրան վստահվեց լեռնաականանետային գնդի հրամանատարությունը, իսկ ավելի քան կես դար անց քայլող այդ առասպելն Արցախում էր: Հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն` «Արցախի հերոս» կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի: Ի դեպ, 1941 թվականին` 21 տարեկանում նա պարգևատրվել է «Լենինի» շքանշանով: Այնուհետև ստացել է ևս մեկ «Լենինի» և երեք «Կարմիր աստղի» շքանշան:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի մասին իրենց հուշերն են պատմում գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գնդապետներ Մարատ Ղարիբյանը և Երվանդ Հասրաթյանը:

– Շնորհակալություն, հարգարժան պարոնայք, մեր հրավերն ընդունելու համար: Որքան էլ ստիպված ենք Քրիստափոր Իվանյանի գործողությունների մասին խոսել անցյալ ժամանակով, միևնույնն է, նա անմահացել է իր գործունեության շնորհիվ և նրա կյանքը, կենսագրությունը միշտ բաց դասագիրք է լինելու մեր ազգային բանակի բոլոր զինվորականների համար` անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, կոչումներից, որովհետև մեկ բառով` նրանք բոլորն էլ զինվորներ են:
Հավանաբար մեր զրույցն սկսենք ձեր առաջին հանդիպումներից նրա հետ, առաջին տպավորություններից: 

Վ. Հայրապետյան – Այո, ծանր ժամանակներ էին մեր Հայրենիքի համար: 1992 թ. որպես կամավոր ես նույնպես վերադարձել էի Հայաստան և զինվորագրվել հայոց պայքարին: Պաշտպանության նախարարությունում էի: Տեսա մի ծեր մարդու: Ասացին` առասպելական գեներալն է: 1980 թ. անցել էր թոշակի. բնակվում էր Սանկտ Պետերբուրգում: Իմանալով` ինչ է կատարվում Հայաստանում, եկել ու զինվորագրվել էր հայոց բանակին: Ինձ չզարմացրեց նրա գալը, զարմացրեց նրա տարիքը` 72 տարեկան: Հետագայում հասկացա, որ այդ հասակում մտածում էր հայության մասին, Հայրենիքի մասին: Նա գործուղվեց Ստեփանակերտ` Պաշտպանության բանակ և  շարունակեց զինվորական գործունեությունը` ներդնելով իր մեծ փորձը: Չէ՞ որ նա անցել է Մեծ հայրենականի բովով. պատերազմն սկսել է որպես լեյտենանտ, 1945 թ. այն ավարտել որպես գնդապետ, սովորել է հրետանային ակադեմիայում, զորամիավորման հրամանատար է եղել: Հետագայում գեներալ-լեյտենանտ Իվանյանը դիվիզիայի հրամանատար է նշանակվել, քանի որ լավ գիտեր հրետանին և դրա մարտական կիրառման եղանակները: Այն ժամանակ ես զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի վարչության պետն էի: Մենք բազմիցս իրար հետ խորհրդակցել ենք` հանդիպելով և՛ դիրքերում, և՛ վարչությունում:

Մ. Ղարիբյան – Գեներալ Իվանյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ  Ստեփանակերտում, 1992 թ. հունիսի կեսերին: Այդ գիշեր ժամը երեքին ադրբեջանցիները ռմբակոծեցին Ստեփանակերտը: Երբ բոլորս դուրս թափվեցինք, տեսա մի ալեհեր ծերունու` ակնոցով, ջինսով, «բոթասներով»: Հրամաններ էր տալիս ռուսերեն (այն ժամանակ նա հայերեն խոսել գրեթե չգիտեր):  Անցավ երկու օր, ինձ իր մոտ կանչեց այն ժամանակվա Պաշտպանության կոմիտեի նախագահ, ներկայիս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ծանոթացրեց գեներալ Իվանյանի հետ: Առաջին իսկ օրվանից գեներալն իմ առջև խնդիր դրեց Ստեփանակերտում ստեղծել հակատանկային դիվիզիա:  Իմ անմիջական գործունեությունն Իվանյանի հետ սկսվեց այդ պահից: Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալն էր. ողջ պաշտպանական հարցերը ինքն էր լուծում: Հետագայում մինչև հաղթանակը և դրանից հետո անընդհատ իրար հետ շփվել ենք, աշխատել ենք: Իվանյանն իմ հուշերում մնացել է որպես մեծ զորավարի, առաջին հերթին շատ մեծ հայրենասերի, իր ազգին նվիրված մեծ մարդու, բարձր պրոֆեսիոնալի կերպար: Մենք բոլորս, հատկապես մեր երիտասարդությունը, Իվանյանից շատ բան ունենք սովորելու:

Ե. Հասրաթյան – Գեներալ Իվանյանի հետ ծառայել եմ Օդեսայի օկրուգի հրետանային բրիգադում, 1962-65 թթ.: Նա իր ամբողջ էությամբ նվիրված էր իր ծառայությանը, զարմանում էինք` ե՞րբ է այս մարդը հանգստանում. երեկոյան ժամը 11-ին գնում էր տուն, առավոտյան ժամը 6-ին արդեն զորամասում էր: Երկու տարվա ընթացքում զորամասի տարածքը ծաղկող այգու վերածեց: Մարտական պատրաստության տեսակետից զորամասը օկրուգում, կարելի է ասել, առաջին տեղում էր: Երկու տարվա ընթացքում ամբողջ տեխնիկան դրեց  ծածկոցի տակ, ասֆալտապատեց, զինավանը ծաղկում էր վարդերի մեջ: Մի անգամ շտաբի պետ գնդապետ Բոնդարենկոն պարսավագիր է ուղարկում զինված ուժերի գլխավոր հանձնաժողովի նախագահին, որ իբր գնդապետ Իվանյանը պետական փողերը ծախսում է աջ ու ձախ, մարտական պատրաստությամբ չի զբաղվում: Փետրվարն էր: Ու ստացանք հրաման` մարտկոցի հրամանատարներից մինչև դիվիզիոնի հրամանատարները պետք է կրակեն հրետանային փոքր հրաձգարանում: Բրիգադն ստացավ լավ գնահատական:  Մի օր ամբողջ բրիգադի շարքի առաջ ասաց, որ վերցրել է երեսուն հեկտար հողամաս, սպաներից ովքեր ցանկանում են, կարող են հողամաս վերցնել և իրենց համար վարուցանք անել: 1963-ին սով էր, Իվանյանը հոգատարություն էր ցուցաբերում սպայական կազմի ընտանիքներին…  ՀՀ-ում Իվանյանին առաջին անգամ հանդիպեցի Լենինականում, երբ ընդունում էինք նախկին Խորհրդային Միության գնդերի տեխնիկան և բոլոր ունեցվածքը: 1965-92 թվականներին չէի հանդիպել Իվանյանին, և ահա նրան հանդիպեցի սենյակում, փաթաթվեց ինձ, այդ օրվանից մինչև 1997-ին միասին էինք: Ստեփանակերտում իրենց տանը գիշերելուց հետո, երբ առավոտյան գնացինք զինվորական ճամբար, չէի պատկերացնի, որ գեներալ-լեյտենանտը 82 միլիմետր տրամաչափի ականը ձեռքին կրակադիրքում` պարապում է զինվորների հետ:

– Այդ փորձը և գիտելիքները փոխանցելու ցանկությամբ էր, հավանաբար, պայմանավորված այն փաստը, որ պատերազմի թոհուբոհի մեջ Խոջալուում (այժմ` Իվանովկա), հիմնադրեց ուսումնամարզական բազա:  

Վ. Հայրապետյան  Մինչ այդ ուսումնական հաստատությունը հատուկ դպրոց էին բացել` 8-10-րդ դասարանցիների համար: Գեներալ Իվանյանը, որ 97-րդ բրիգադի հրամանատարն էր, իսկ բրիգադն զբաղեցնում էր շատ կարևոր ճակատ Արաքսի ափին` Հորադիզի ուղղությամբ, երբ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում, Իվանյանն առաջարկում է ստեղծել մի կրակադաշտ` ուսումնական կենտրոն, որտեղ պետք է սովորեին: Շատերը հետո հասկացան, որ դա շատ կարևոր միջոցառում էր: Նա հայկական բանակի առաջին կրակադաշտ-ուսումնական կենտրոնի ստեղծողն էր: Նա գիտակցում էր, որ առանց նման ուսումնական կենտրոնի հնարավոր չէ ստեղծել մարտունակ, պրոֆեսիոնալ բանակ: Այնուհետև գեներալ Իվանյանը նշանակվեց 10-րդ լեռնահրաձգային նորաստեղծ դիվիզիայի հրամանատար, որտեղ ստեղծեց ուսումնական կենտրոնը` հրաձգային կրակադաշտը, որտեղ և՛ հրետանավորներն են սովորում, և՛ մյուս մասնագետները: Գեներալի օրինակին հետևեցին մյուս զորամիավորումների հրամանատարները: Ինչ վերաբերում է Ստեփանակերտում ստեղծված նոր զինվորական դպրոցին, որը նման է խորհրդային բանակի սուվորովյան դպրոցին, այն անվանվեց Քրիստափոր Իվանյանի անունով: Այդ դպրոցն այսօր գործում է, այնտեղ մեծ մասամբ սովորում են Արցախյան պատերազմում տուժածների զավակները:

 – Այսինքն` նրանք որոշել են շարունակել հայրերի գործը:

Վ. Հայրապետյան  Այո՛, ինչպես Մոնթեի անվան դպրոցն է Երևանում, նմանատիպը ստեղծվեց Ստեփանակերտում, մեր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունն սկսվում է դպրոցից: Նրանք կրում են ուսադիրներ` «Ի. Ս» տառերով` «Իվանյանի սաներ»:  Եվս մեկ դրվագ: Իվանյանը մի անգամ եկավ իմ աշխատասենյակ, տեսավ, որ բազմաթիվ ռազմական գրքեր ունեմ: Արագ աչքի անցկացրեց, ընտրեց 20-25 գիրք` ասելով` դրանք իրեն պետք են: Ասացի` ինձ էլ պետք են, չեմ կարող տալ: Խնդրեց, որ երկու օրով տամ իրեն` պատճենելու: Նա մեծ սեր ուներ գրքի հանդեպ:

– Ճի՞շտ է, որ Ստեփանակերտում ստեղծել է ռազմական գրադարան:

Վ. Հայրապետյան  Մինչ Ստեփանակերտ վերադառնալն իր աշխատասենյակին կից ուներ գրադարան, որտեղ մեկ զինվոր կատարում էր գրադարանավարի գործը: Նույնիսկ ռազմաճակատային պայմաններում գրադարան էր պահում և սովորեցնում սպաներին գիրք կարդալ: Նա զուգակցում էր տեսականն ու գործնականը. գիտուն մարդիկ նաև կարդալով են փորձ ձեռք բերում: Այսօր գրքեր ենք հրատարակում զորքերի համար, և կարելի է ասել, որ դրա հիմքը դրեց գեներալ Իվանյանը:

  –Ասում են, որ հազվադեպ էր լինում ռազմաճակատի այն հատվածներում, որտեղ պաշտպանությունը հուսալի էր: Իսկ ի՞նչ մարտերի է մասնակցել:

Մ. Ղարիբյան  Աղդամի ազատագրումից մինչև Ֆիզուլու ազատագրումը կազմակերպել է գրոհները: Իր «ՈՒԱԶ» մեքենան ականի վրա պայթել է Ֆիզուլու մոտակայքում: Այդ պահին ես այնտեղ չեմ եղել: Պատմում են, որ նրա մեքենան առջևից էր գնում և տանկերը հետևից տանում հարձակման:

– Այսինքն` առաջնորդո՞ւմ էր:

Մ. Ղարիբյան  Առաջնորդում էր: Նա ուներ իր դիտակետը, որտեղից տեսնում էր ռազմաճակատը և ըստ իրավիճակի հրամաններ տալիս զորքին: Ասում են, որ հարձակման ժամանակ կորուստները մեծ են լինում, բայց քանի որ նա լավ մշակում էր հարձակման պլանները, միշտ կորուստները նվազագույն էին: Շատ խիստ ու պահանջկոտ մարդ էր, ոչ ոք չէր փորձում նրա հրամանները չկատարել` սկսած զինվորից մինչև բարձրաստիճան ղեկավարները: Բոլորը հասկանում էին, որ Իվանյանի պահանջներն ի շահ բանակի էին, ի շահ Հայրենիքի, ի շահ հաղթանակի: Լինում էին դեպքեր, երբ բարկությունը չափն անցնում էր…

– Ասում են` հիշաչար չէր:

Մ. Ղարիբյան  Ոչ ոք չէր նեղանում նրանից: 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայում ուսումնական կենտրոն հիմնադրելու ժամանակ մի անգամ մըտնում է Մաղավուզ գյուղը, և հիսունից ավելի տարիք ունեցող մարդկանց հավաքում, որ գան աշխատեն. հրաձգարան էին պատրաստում: Մարդ չկար, փող չկար, ոչինչ չկար: Երբ գյուղացիներից դժգոհում են` նկատի ունենալով իրենց տարիքը, գեներալն հարցնում է` ո՞վ է ավելի տարիքով, ի՞նքը, թե՞ այդպես խոսողները: Այն ժամանակ 75 տարեկան էր, բայց նման էր քսան տարեկան առույգ երիտասարդի:
Նա երկու ձի էր բերել դիվիզիա: Այդ ժամանակ Երևանում էի: Զանգահարեց ինձ, պատվիրեց, որ երկու թամբ տանեմ: Տարա: Հարցրի` իր ինչի՞ն են պետք թամբերը: Ասաց, որ պետք է ձիով բարձրանա վերևի դիրքերը, ծանոթանա զինվորների կենսապայմաններին: Նա պետք է իր աչքով տեսներ, թե զինվորն ինչպես է ապրում, սնվում, հագնվում: Նա ուտում էր այն, ինչ ուտում էր զինվորը, առանձին կերակուր նրա համար չէին պատրաստում… 1993 թ. սկզբներին Իվանյանը մտնում է Ստեփանակերտի դպրոցները, ընտրում 10-րդ դասարանի այն տղաներին, ովքեր մաթեմատիկայից և ֆիզիկայից բարձր գնահատականներ ունեն, թույլտվություն է խնդրում իշ-խանություններից և երեխաներին սովորեցնում հրետանային գործը: Երբ երեխաները դառնում էին տասնութ տարեկան, հրետանու գրագետ հրամանատար էին: Այդ տղաներից մի քանիսն այսօր  բրիգադի հրամանատարներ են, այդքան երիտասարդ տարիքում նրանք արդեն գնդապետներ ու փոխգնդապետներ են: Անցել են Իվանյանի դպրոցը:

– Ասում են, որ Քրիստափոր Իվանյանի համար անիրական ոչինչ չկար, երբևէ առիթ ունեցե՞լ եք համոզվելու դրանում:

Վ. Հասրաթյան  Համոզված եմ: Նորաստեղծ բանակ էր, ուներ իր թերությունները, իր հիմնախնդիրները, Իվանյանը նման հարցեր լուծելիս շատ համարձակ էր, դիմում էր համապատասխան ատյաններին, պաշտպանության նախարարին: Բազմիցս հանդիպել է և՛ Վազգեն Սարգսյանին, և՛ նախագահին: Նման հատկանիշները նա ձեռք է բերել դեռևս երիտասարդ տարիքում` Մեծ հայրենականում:

Մ. Ղարիբյան  Երբ Իվանյանը կրակադաշտում կառուցում էր 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի ուսումնական կենտրոնը, Երևանից այնտեղ են գնում վարչապետը` իր շքախմբով, պաշտպանության նախարարը, տեսնելու, թե նա ինչ է կառուցում: Իվանյանը վարչապետից պահանջում է յոթ կիլոմետր կաբել, վարչապետը խոստանում է: Իվանյանը հարցնում է` ե՞րբ մեքենաներն ուղարկի` այն բերելու: Վարչապետն ստիպված ասում է` մեկ շաբաթից: Նշված օրը 12 մեքենա կանգնում են կաբելի գործարանի բակում: Իվանյանին մի բան խոստանալ ու չկատարել` անհնար էր:

– Պարո՛ն Հասրաթյան, Դուք նրան ավելի վաղ եք ճանաչել: Նման կենսագրություն ունեցող մարդը, այդ իրոք առասպել-մարդը մի տեսակ մոռացության է մատնվել մեզանում: Ի՞նչն է պատճառը: Նրա անունը քիչ է հոլովվում…

 Ե. Հասրաթյան  Կան շատ մարդիկ, ովքեր Իվանյանի հետ միասին էին, նվիրված էին իրենց գործին, բայց նրանք էլ են մոռացության տրված: Մի բան պատմեմ նրա նվիրվածության մասին: Նա իր ընտանիքի նկատմամբ հոգատար էր, բայց նաև զավեշտալի իրավիճակում էր հայտնվում: Մի անգամ, երբ դիվիզիան ուսումնական կենտրոնում զինավարժություն էր անում, հերթապահը հեռագիր է բերում. հաջորդ օրը գալու էր գեներալի կինը, նշված էր ինքնաթիռի վայրէջքի ժամը: Իվանյանը հեռագիրը պատռում է և ասում, որ իր աշխատաժամանակի երեսուն տոկոսը կկորցնի…
Մեկ այլ դեպք: Իմացանք, որ եղբայրը նրա համար Կրեմլի հիվանդանոցում մահճակալ էր պատվիրել. Իվանյանը տրոմբ ուներ: Այն ժամանակ ես ականանետային մարտկոցի հրամանատար էի, պետք է կրակեի, դաշտը լուսավորեի, որ մյուսները կրակեին: Ու հանկարծ զինավարժության ժամանակ մի զինվոր մոտեցավ ինձ, հայտնեց, որ Իվանյանը եկել է (հիվանդանոցից փախել էր…): Մոտեցա, զեկուցեցի: Ինձ հարցրեց` ինչո՞ւ եմ այստեղ (մարտկոցի հրամանատարը պետք է լինի դիտակետում): Ասացի` դասակի հրամանատարը նորեկ է, եկել եմ օգնելու: Կարելի է շատ բան հիշել:  Հրետանու մասնագիտությանը վերաբերող իմ գիտելիքների համար նրան եմ պարտական:

– Հիշեցնեմ իմ հարցը` Իվանյանի մասին քիչ են խոսում, ինչո՞ւ:

Ե. Հասրաթյան — Մարդիկ կան, որ նրան չէին սիրում: Վերջին անգամ նախարարի տեղակալ նշանակեցին` առաջին տեղակալ, բայց ոմանք ասացին` ինչո՞ւ պետք է հատկապես նա լինի առաջին տեղակալ: Դրա համար էլ մոռացության է տրվում…

Վ. Հայրապետյան  Հարցնում եք, թե ինչո՞ւ են Իվանյանին մոռանում: Կգա ժամանակը և Իվանյանի մասին կխոսեմ երկար: Հերոսներին հաճախ շատ ուշ են հիշում… Անդրանիկի, Նժդեհի մասին մի քանի տարի է, որ խոսում են, արձաններ կանգնեցնում, գրքեր գրում… Իվանյանն էլ չի մոռացվել, ՀՀ ազգային բանակի հրթիռահրետանային վարչությունը նրա մասին էլ պարբերաբար հոդվածներ է գրել թերթերում, բազմացրել ենք նրա նկարները, առաջադրանք տվել, հրահանգել, որ համապատասխան հրետանային զորամասերի, բրիգադների հանգստյան սենյակներում պետք է լինեն Իվանյանի և՛ մարտական սխրագործությունների մասին պատմող նյութեր, և՛ նրա նկարները: Մի լավ նկար էլ հանձնել ենք ռազմական ուսումնարանի թանգարան. այնտեղ Իվանյանի անկյուն են ստեղծել: Հրատենավորները շատ բան ունեն նրանից սովորելու:

– Հրետանին պատերազմի աստվածն է եղել:

Վ. Հայրապետյան — Այո, այդ գործում Իվանյանի սխրանքը մեր բանակում չի մոռացվի: Ինչպես ասացինք, նրա անունով Ստեփանակերտում կա ռազմական ուսումնարան: Կարծում եմ` Իվանյանը հավերժացել է, նրա անունը միշտ կհիշեն որպես Արցախի ազատամարտի հերոս:

Մ. Ղարիբյան  Իվանյանն իր հետ կռվող, իր հետ աշխատող մարդկանց սրտերում է: Նրան չե՛ն մոռանա: Ժամանակն այնպիսին է, որ այլ կարգի մարդիկ ավելի շատ են…
Արդեն գիրք են գրել նրա մասին: Այն, ինչ արեց Իվանյանը մեր ազատագրական պայքարում, անմոռանալի է…
Իվանյանը շատ էր ցանկանում թաղվել Արցախում, դա նրա երազանքն էր: Հաճախ էր ասում, որ ինքն այլևս Հայրենիքից չի հեռանա, իսկ մահից հետո թող որ իրեն թաղեն այստեղ: Բայց ճակատագրի բերումով թաղվեց Սանկտ Պետերբուրգում: Հույս ունենք, որ Իվանյանի աճյունը երբևէ կտեղափոխվի Հայրենիք, նրա երազանքը, կկատարվի: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, չի բացառվում, որ Իվանյանի աճյունը տեղափոխենք Եռաբլուր կամ Ստեփանակերտ:

Վ. Հասրաթյան  Մենք այսօր երախտագիտությամբ ուզում ենք նշել Իվանյանի տիկնոջ` Լիլիայի անունը: Նա ապրում է Սանկտ Պետերբուրգում, սրբությամբ պահում, պահպանում է ամուսնու հուշերը, նրա արխիվը, գրադարանը: Դրանք պետք է ուսումնասիրվեն, փոխանցվեն ապագա սերունդներին, ապագա զինվորականներին:

 Բարեկամներ, սա մեր առաջին փորձն էր` ներկայացնելու դրվագներ սովետական հրետանու փառքը հռչակած, երկու պատերազմի բովով անցած, բազմաթիվ բարձր պաշտոններ վարած գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի` ուսումնասիրության և գնահատականի կարոտ կյանքն ու գործը: Նա ապրեց պարզ ու համեստ կենցաղով, ասկետի պես, առանց կեցվածքի, երջանիկ համարելով իրեն, որ թեկուզ առաջացած տարիքում կարողացավ ծառայել հայոց Հայրենիքին: Մեր հաղորդումն ավարտենք Քրիստափոր Իվանյանի խոսքով. «Ես շատ բան եմ ներդրել այն պատերազմում և շատ բան եմ կորցրել այնտեղ: Բայց շատ ուրախ եմ, որ դրա արդյունքում իմ ճակատագրի շարունակությունը դարձավ Ղարաբաղյան պատերազմը, ուր ես այսքան տարի անց իսկապես կարողանում եմ օգտակար լինել իմ ժողովրդին»:  Երանի այսպես ասել կարողանար, այսպես ասելու իրավունք ունենար ամեն մի հայ, մեզանից յուրաքանչյուրը..

«Վեմ» ռադիոկայան, 7. 04. 2004
Դարը` մեր մեջ, մենք` դարի (Հրապարակախոսություն), հատոր Դ, 2007

2 идей о “ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ. Քրիստափոր Իվանյան Христофор Иванян

Добавить комментарий