ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏՐՎԵՑ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանում լայն թափ է առնում դպրոցաշինությունը: Թեև ժամանակների բարդությանը, այդուհանդերձ բնակչության անգրագիտության վերացման ուղղությամբ 20-րդ դարի 20-30-ական թվականներին գործադրված ջանքերն աննախադեպ էին, այդ գործի նվիրյալների ներդրումը՝ անուրանալի: Այդ գործին էին լծվել հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր բառացիորեն իրենց անձը մոռացած ամեն ինչ անում էին համատարած անգրագիտությունը վերացնելու համար, քանի որ ազգային գաղափարն առանց լուսավորյալ բնակչության իրականացնելն անհարին է: Բնակչությանը կրթելու մեղվաջան աշխատանքը մեծ եռանդ ու նվիրում էր պահանջում, նաև համառություն, համոզելու ունակություն, համբերատարություն և հնարամտություն: Այդ հատկանիշներով օժտված անհատներից մեկը Երևանի թեմական դպրոցի շրջանավարտ, մանկավարժական գործի փորձառություն ունեցող Գեղամ Սարգսյանն էր: Շարունակում ենք ներկայացնել նրա գրավոր անտիպ հուշերը:

Հասմիկ Սարգսյան

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է․ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏՐՎԵՑ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է․ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋ ՏՐՎԵՑ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Ես Երևանի գավլուսբաժնի կողմից նշանակվեցի դասատու Պուշկինյան դպրոցում: Այդ ժամանակներում փող գոյություն չուներ: Բանվոր-ծառայողները ստանում էին ամսական 800 գրամ ալյուր, երկու հատ սազան ձուկ, 800 գրամ չամիչ, 40 հատ գլանակ (ծխախոտ):Քանի որ ես երկու տեղում էի աշխատում՝ դասատու և գավլուսբաժնում՝ տեխնիկական քարտուղար, կրկնակի բաժին էի ստանում: Օգոստոսին գավլուսբաժին եկավ Ախտայի շրջլուսհրահանգիչ Արամ Տոնյանը և գավլուսբաժնի վարիչի՝ Սերգեյ Վարդանյանի (նախկին թեմական դպրոցի ռուսաց լեզվի դասատու) օգնությամբ սկսեց ուսուցիչներ հավաքագրել Ախտայի շրջանի դպրոցների համար: Եվ որովհետև փող գոյություն չուներ, հավաքագրված ուսուցիչները պետք է վարձատրվեին տվյալ դպրոցի կողմից ցորենով՝ ըստ դպրոցի տիպի և մեծության: Ես ևս համաձայնվեցի և դիմումիս համաձայն նշանակվեցի Արզականի դպրոցում՝ դպրոցի վարիչի պաշտոնով: Այնտեղ արդեն աշխատում էին Հովսեփ Հովհաննիսյանը և իր կին Տիգրանուհին, ինձ հետ էլ նշանակվեց ուսուցչուհի Բալասան Շահնաբաթյանը: 1921թ. սեպտեմբերի 1-ին կնոջս, երեխաներիս հետ արդեն Արզականում էի: Ես, որպես քառամյա դպրոցի վարիչ, գյուղից պետք է ստանայի 60 փութ ցորեն, մյուս ուսուցիչները՝ 30-ական փութ՝ շրջկենտրոնի կողմից հաստատված պայմանագրի համաձայն: Դպրոցը տեղավորված էր նախկին կալվածատեր Ծատուրովների կալվածքում: Հենց սկզբից գյուղգործկոմի հետ սերտ մտերմություն ստեղծեցի և բոլորին համախմբեցի դպրոցի վերաշինման-վերանորոգման աշխատանքների շուրջ: Մինչ այդ կալվածքից օգտվել էին նրանք, ովքեր հսկել և պահպանելէին այգին ու շենքերը: 1922 թ. գարնանը, իմ առաջարկությամբ, դպրոցի այգին և հողամասը վարձակալության տրվեցին՝ 70 փութ ցորենով: Այդ ժամանակ ցորենը մեծ արժեք ուներ: Այդ ցորենից ստացած հասույթով դպրոցական շենքերում մի շարք վերանորոգման աշխատանքներ կատարեցինք: Պահեստներից մեկը դարձրինք ակումբ՝ իր բեմով: Խոհանոցն ու ծառայողների սենյակը վերանորոգվեցին և վերածվեցին դասասենյակների: Ձմռան համար դպրոցի վառելիքի հարցը ևս լուծվեց: 1922-23 ուս. տարում դպրոցը դարձավ երկդասյան, հինգերորդ դասարանում սովորում էին ոչ միայն չորրորդ դասարանն ավարտած արզականցի երեխաները, այլ նաև շրջանի հեռավոր գյուղերից՝ Ախտաներից, Ռանդամալից, Սոլակից, Ալափարսից և այլ վայրերից եկածները: Դպրոցն արդեն ուներ հինգ հոգուց բաղկացած մանկավարժական կազմ: Հովսեփին նշանակել էին Ալափարսի դպրոցի վարիչ, և նա իր կնոջ՝ Տիգրանուհու հետ աշխատում էր Ալափարսում: Արզականում ես դպրոցի վարիչն էի և ունեի ուսուցչական հետևյալ կազմը. Գեղամ Հովսեփյան, Լեռ Կամսար (սատիրական գրող, որն ապրում էր Արզականում և զբաղվում էր մեղվաբուծությամբ), Բալասան Շահնաբաթյան, Աշխեն Մեսրոպյան: Իմ ղեկավարությամբ կազմվեց Ալափարսի ենթաշրջանի մանկավարժական խորհուրդը՝ Սոլակի, Բջնիի, Ալափարսի, Սուխոյ Ֆանտանի, Արզականի դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիների մասնակցությամբ: Ստեղծվեց ինքնագործունեության թատերական խմբակ, որը ներկայացումներ էր բեմադրում շրջկենտրոնում և խոշոր գյուղերում: Բեմադրում էինք Շիրվանզադեի <<Նամուս>>, <<Պատվի համար>>, <<Չար ոգի>> պիեսները, ինչպես նաև՝ <<Մարվող ճրագները>>, <<Արշին մալալան>>, <<Ուշ լինի, նուշ լինին>> և այլն: Բացի այդ երկու տարին մեկ իմ նշանակած գյուղում տեղի էր ունենում փորձնական դասատվություն: Դասից հետո մանկխորհրդի նիստ էի անցկացնում, որի ընթացքում քննադատվում էր փորձնական դասը և քննվում էին մանկավարժական մի քանի կարևոր հարցեր: Կինս նույնպես մասնակցում էր թատերական գործին՝ ստանձնելով որոշ համապատասխան դերեր: 1922 թ. աշնանը Գարագաշի շրջիկ թատերախումբն առաջին անգամ այցելեց Արզական, որովհետև նույնիսկ շրջկենտրոնում բեմով այլ ակումբ չկար: Ապագայի հայտնի դերասան Ավետ Ավետիսյանը Գարագաշի դերասանական խմբում սկսնակ դերասան էր: 1922 թ. շրջանի ուսուցչական համագումարում ես ընտրվեցի ՏՄԴ-ի (Տարրական- միջնակարգ դպրոցների տեղական կոմիտե) քարտուղար: 1923 թ. դպրոցական ամառային արձակուրդների նախօրյակին շրջանի դպրոցների III, IV, V դասարանների աշակերտ-աշակերտուհիներին մի խումբ ուսուցիչ-ուսուցչուհիների հետ տարա զբոսանքի Սևան: Հետագա՝ 1923-24 ուս. տարում Արզականի դպրոցն ունեցավ վեցերորդ դասարան՝ յոթ հոգի մանկավարժական կազմով: Ուսուցիչներն էին Գեղամ Հովակիմյանը, Բալասան Շահնաբաթյանը, Թևոս Սուքիասյանը, Սեդրակ Սարգսյանը, Գարեգին Միրզոյանը, Աշխեն Մեսրոպյանը:

Ենթաշրջանի մանկավարժական խորհուրդն ավելի ուժեղ թափով ու եռանդով էր կատարում իր աշխատանքները՝ մանկխորհրդի ժողովներում ծրագրածի համաձայն՝ ներկայացումներ, դպրոցական հանդեսներ, փորձնական դասեր: Ես, մասնավորապես, որպես ՏՄԴ-ի քարտուղար, կապ էի պահպանում շրջանի բոլոր դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև Լուսաշխի (լուսավորության աշխատողների) միության կենտրոնական վարչության հետ, որի նախագահն էր Քեչիգյուլյան Վառվառա Կարպովնան՝ Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի կինը: Կառավարության որոշման համաձայն, ուսուցիչներին գյուղերի հետ կապելու համար հողեր էին հատկացնում, շնչին՝ մեկ հեկտար:

1924 թ. դպրոցական արձակուրդների նախօրյակին կազմակերպեցի շրջանի մասշտաբով դպրոցական զբոսանք Երևանում: Նախօրոք համաձայնություններ էի ձեռք բերել Երևանի գավլուսբաժնի և Լուսաշխի միության կենտրոնական վարչության հետ: Հինգ օր տևեց այդ զբոսանքը. երկու օր ծախսեցինք ճանապարհի վրա (ընտրեցինք Գյումուշի և Արզնիի կարճ ճանապարհը, որը հաղթահարեցինք ոտքով), երեք օր էլ անցկացրիք քաղաքում: Մեզ տրամադրեցին Գնունի փողոցի վրա գտնվող Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցի շենքից երկու ընդարձակ սենյակ: Երեք օրվա ընթացքում զբոսախումբը եղավ պատմական թանգարանում, Արարատ տրեստի գինու-կոնյակի գործարանում, ծխախոտի գործարանում, դիտեց Սունդուկյանի անվան թատրոնում <<Քաջ Նազար>> կոմեդիան և մի անգամ եղավ կինոթատրոնում: Ապա խմբով նկարվեցինք Թարվիրդունի լուսանկարչատանը: Այդ նույն տարում տեղի ունեցավ Համահայաստանյան ուսուցչական համագումարը. Ախտայի շրջանի հինգ պատգամավորներին ղեկավարում էի ես: Արդեն աշխատում էի շրջկենտրոնում՝ Ախտայում, թե՛ որպես շրջլուսհրահանգիչ և թե՛ գյուղերիտ յոթնամյա դպրոցի վարիչ, որի հիմքը ես էի դրել: Այդ ժամանակ շրջկուսկոմի առաջին քարտուղարը Հմայակ Սիրասն էր, իսկ շրջգործկոմի նախագահը՝ Աթարբեկյան գյուղացի Տիգրան Ներսիսյանը, որոնց հետ համերաշխ, ձեռք-ձեռքի տված աշխատում էինք: Իմ առաջարկությամբ ցարական կառավարության օրոք կառուցված բանտի շենքը դարձրինք դպրոց՝ կատարելով հիմնական վերանորոգչական աշխատանքներ: Եվ ահա կենտրոնը 1924 թ.-ից ունեցավ յոթնամյա դպրոց: Ես, բացի մանկավարժական և ուսուցման աշխատանքներով զբաղվելուց, շրջկոմի և գործադիր կոմիտեի օգնությամբ ձեռնամուխ եղա նաև շրջանի մի քանի գյուղերում դպրոցական նոր շենքերի կառուցմանը, ինչպես նաև հին շենքերի վերակառուցմանը:

ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Ախտայի շրջանը հետամնաց, խավարի քողով պատված, սնոտիապաշտություններով լի շրջան էր: Մենք՝ ուսուցիչներս, ոչ միայն երեխաների ուսուցման գործով էինք զբաղված, նաև ամեն կերպ աշխատում էինք կամաց-կամաց այդ խավարի քողը պատռել: Գյուղերում, բացի մի քանի ունևոր տնտեսություններից, մնացածներն ապրում էին գետնափոր տներում: Նույնիսկ գյուղերի շատ փողոցներ հետիոտների համար անցնում էին կտուրների վրայով: Սնոտիապաշտությունն այն աստիճանի էր հասել, որ նույնիսկ լվերին ու ոջիլներին Աստծո ստեղծած արարածներ էին համարում և չէին ոչնչացնում: Շրջկենտրոնում կար հիվանդանոց՝ հինգ- վեց հաստիքով բժշկական անձնակազմով և մի քանի մահճակալով: Ինչ խոսք, 30-40 հազար բնակչություն ունեցող մի շրջանի համար եղածը շատ չնչին բժշկական օգնություն էր, և գյուղերում, առանց տարիքի խտրության, շատ հիվանդներ մահանում էին՝ տեղի ունեցած մահը կապելով Աստծո կամքի հետ: Ինչ վերաբերվում է դպրոցական նոր շենքերի շինարարությանը, դա մի շատ դժվարին խնդիր էր: Հարկ էր համոզել, բացատրել խավար մասսային դպրոցական լուսավոր և կանոնավոր շենքերի նշանակությունը: Շրջանում, բացի մի քանի գյուղերից ((Ախտա, Աթարբեկյան, Ռանդամալ, Սոլակ, Արզական), մնացած գյուղերում դպրոցական պարապմունքները տարվումէին վարձու խարխուլ շենքերի կամ մարագների մեջ: Տգետ ժողովուրդը հարսանիքներին, մեռելահացերին մի քանի անասուն էր մորթում, տասնյակ փթերով հաց էին թխում և տասնյակ դույլերով խմիչք էին սպառում, և իրենց երեխաների ուսման մասին բոլորովին չէին մտահոգվում: Հենց երեխաները դառնում էին 7-8 տարեկան, գառներ էին պահում, մի քանի տարուց հետո արդեն օգնում էին դաշտային աշխատանքներում, և այդպես նրանց 90 %-ն անգրագետ էր մեծանում: Մեծ ջանքերով ինձ հաջողվեց 1924-25-26 ուս. տարիներին դպրոցական մի քանի շենքեր կառուցել տալ Վերին Ախտա, Յայջի, Ալափարս գյուղերում, իսկ մի շարք գյուղերում էլ վերակառուցման ենթարկել եղած շենքերը (Ռանդամալ, Թայչարախ, Բջնի գյուղերում): Դպրոցական նոր շենք կառուցելու կապակցությամբ մի տիպիկ օրինակ կբերեմ Վերին Ախտայից: 1924թ. մայիսի սկզբներին շրջկոմի առաջին քարտուղար Հմայակ Սիրասը, շրջգործկոմի նախագահ Տիգրան Ներսիսյանը և ես միասին գործով մեկնեցինք Վերին Ախտա: Մինչև կեսօր մեր գործերն ավարտելուց հետո պատրաստվեցինք վերադառնալ շրջկենտրոն: Գյուղգործկոմի նախագահը մեզ խնդրեց հետևել իրեն՝ ասելով, որ մեզ տանում է մի տուն, որտեղ ճանապարհ ընկնելուց առաջ կարող ենք նախաճաշել: Պարզվեց՝ գյուղում 100 տարեկան մի հալևոր մարդ է մահացել, և նրա որդիները երկու եզ են մորթել հոգեհացի համար, որին մասնակցում էր համարյա ողջ գյուղը: Ներս մտնելով մի ընդարձակ տուն, որի լույսն ընկնում էր երդիկից (կտուրի, օճորքի վրա բացված անցքից), նկատեցինք, որ չորս կողմը, պատերի տակ փռված են քեչաներ, կարպետներ, սուփրաներ, և երկու հարյուրից ավելի մարդ բազմել է սուփրաների շուրջ: Մենք անհարմար զգացինք հրաժարվելու՝ հացկերույթին մասնակցելու հրավերից: Տան մեջտեղում՝ թոնրի վրա, եկեղեցուց բերած մեծ կաթսաներով ճաշեր էին պատրաստել: Կավե խոշոր ամաններով ճաշը լցնում և բաշխում էին նստածներին: Տերտերը հացկերույթն օրհնելուց հետո մի բաժակով հիշեց հանգուցյալին՝ մաղթելով, որ նա արքայության բաժին դառնա: Բոլորը սկսեցին ուտել. դանակ, գդալ, պատառաքաղ գոյություն չունեին: Ձեռքով հացը բրդում էին ճաշի մեջ, ձեռքով խառնում, ձեռքով էլ ուտում: Սուփրաների շուրջ նստած էին միայն տղամարդիկ. կանայք հացի պիտի նստեին միայն տղամարդկանց գնալուց հետո: Բոլոր նստածները, հերթականորեն բաժակ բարձրացնելով և տեր հոր օրհնությունն առնելով, միևնույն բառերով հիշում էին հանգուցյալին և կպչում իրենց ճաշի ամաններին: Մարդիկ կային, որ 3-4 աման ճաշ կերան իրար հետևից: Ես նույնպես ցանկացա մի քանի խոսք ասել: Շրջգործկոմի նախագահը խորհուրդ չտվեց՝ առարկելով, թե ինձ թույլ կտամ այնպիսի խոսքեր ասելու, որ ժողովուրդը դժգոհ կմնա մեզնից: Սիրասն, ընդհակառակը, խորհուրդ տվեց ելույթ ունենալ, իսկ ես խոստացա ավելորդ խոսքեր չասել: Ոտքի ելա և դիմեցի հավաքվածներին. <<Վերին Ախտայի հարգելի՛ հասարակություն. հանգուցյալի որդիները, հարազատները, ձեր գյուղի սովորության համաձայն, իրենց պարտքն են կատարել՝ կազմելով այս ճոխ հոգեհացը, որպեսզի բոլորդ էլ ողորմի տաք հանգուցյալին: Թույլ տվեք մեզ էլ հիշել հանգուցյալին՝ ողորմի տալով նրան: Թույլ տվեք նաև ձեզ ասելու, որ այս մեծ հացկերույթը, որի համար երկու եզ են մորթել, գնել են տասնյակ դույլերով խմիչք՝ գինի, օղի, տասնյակ փթերով հաց են թխել, միայն մի 10-15 օր թարմ կպահի հանգուցյալի հետ կապված այս միջոցառման հիշողությունը, այնուհետև կմոռացվի, կմարի նաև հանգուցյալի մասին հիշողությունը, ինչպես մոռացվել են նման շատ մահեր: Իսկ եթե այս ճաշկերույթների փոխարեն մի թեթև հացկերույթ տրվեր, մնացած ծախսելիքը կարելի էր տրամադրել ձեր գյուղում մի գեղեցիկ դպրոցական լուսավոր շենք կառուցելու, որտեղ կսովորեին ձեր երեխաները, մարագների մեջ ուսում առնելու փոխարեն: Շենքի ճակատին էլ կգրվեր հանգուցյալի անունը, նրան կհիշեին ամեն ժամանակ՝ միշտ տեսնելով այդ շենքը: Ինձ թվում է՝ դուք էլ ինձ հետ համաձայն եք, որ պետք է բոլորիս ուժերն ու միջոցները միավորենք՝ դպրոցի նոր, լուսավոր շենք ունենալու համար>>: Այս հանդիպումը և իմ խոսքն էական դեր ունեցան Վերին Ախտայում դպրոցական շենքի կառուցման և դրանում տեղի բնակչության մասնակցության գործում:

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

1924 թ. ամռանը՝ հուլիս ամսին, Լուսժողկոմ Մռավյանի ջանքերով տեղի ունեցավ համամիութենական ուսուցչական համագումարը, որը տևեց չորս օր: Առաջին նիստում, որը կայացավ պետական թատրոնի շենքում՝ զբոսայգու դիմաց, ելույթ ունեցավ Հայաստանի կենտրոնական գործկոմի նախագահ Լուկաշինը: Ախտայի շրջանի ուսուցչության կողմից ընտրված հինգ պատգամավորներից կազմված պատվիրակությունը ղեկավարում էի ես: Իմ ամբասիր և բեղմնավոր աշխատանքների համար անունս բարձրացվել էր Լուսաշխի (լուսավորության աշխատողների) միության կենտրոնական վարչության կողմից ստեղծված պատվո <<կարմիր տախտակին>>: 1925 թ.-ի ամռանը ՀԱՄԽ-ի գծով կազմակերպվեց համամիութենական ուսուցչական զբոսանք դեպի Մոսկվա: Այդ զբոսանքին մասնակցելու համար Հայաստանին հատկացրել էին տաս տեղ: Մոսկվա մեկնող ուսուցիչների թվում էի նաև ես: Որոշված օրը հավաքվեցինք Լուսաշխի միության տանը, և այնտեղից մեզ ճանապարհեցին կայարան՝ Լուսաշխի միության կ. վարչության նախագահ Վառվառա Քեչիգյուլյանը, Հայաստանի Գերագույն սովետի նախագահ Հայկ Ազատյանը, Լուսժողկոմի տեղակալ Տիգրան Մուշեղյանը և ժողովրդական դերասան Ալեքսանդր Աբելյանը: Երրորդ օրն արդեն Մոսկվայում էինք:

ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵՑԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

1926 թվականին լրանում էր գյուղում իմ ուսուցչական աշխատանքի 10 տարին: Ինձ նշանակեցին Նորքի դպրոցում՝ վարիչի պաշտոնով: Գյուղից բերած բարիքները մի լրիվ տարի բավարարեցին ընտանիքիս պահանջները: Ուսուցիչների աշխատավարձն այդ տարիներին շատ ցածր էր, և իմ ստացածը չէր բավարարում հինգ շնչից բաղկացած ընտանիքիս կարիքները: 1927-28 ուս. տարում, դիմումիս համաձայն, նշանակվեցի մեծահասակների դպրոցում մաթեմատիկայի դասատու: Նաև այդ տարիներին հաշվապահություն սովորեցի Երևանում իմ միջնորդությամբ բացված Մարտին Կիրակոսյանի հաշվապահական կուրսերում: Մարտին Կիրակոսյանն Ախտայի շրջանում իմ աշխատելու ժամանակ Ծաղկաձորի դպրոցի վարիչն էր: 1924թ. գարնանն այցելելով Ծաղկաձորի դպրոց՝ գիշերեցի Կիրակոսյանի տանը: Նա ինձ պատմեց, որ ինքն ունի բարձրագույն ֆինանսական կրթություն: Ղարսում վթարի ենթարկվելու (գնացքի տակ ընկնելու) պատճառով հաշմանդամ դառնալով՝ համաձայնել է աշխատել Ծաղկաձորում՝ որպես ուսուցիչ, միաժամանակ Երևանում հաշվապահական կուրսեր բացելու ծրագիր է կազմել: Շատ քչերին էր հաջողվում գնալու Թբիլիսի՝ հաշվապահական կուրսերում սովորելու: Անհրաժեշտ էր Երևանում ևս նման կուրսեր բացել: Ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման և աճի հետ միաժամանակ աճում էր հաշվապահական կադրեր ունենալու անհրաժեշտությունը: Ծանոթանալով Կիրակոսյանի կազմած ծրագրին՝ խնդրեցի այն վստահել ինձ: Ծրագրի նյութերը վերցնելով՝ մի քանի օրից մեկնեցի Երևան, ներկայացա Լուսժողկոմատ և այնտեղ Տիգրան Մուշեղյանին ներկայացրի Կիրակոսյանի կազմած ծրագիրը: Մուշեղյանը ծանոթանալով ծրագրին՝ հաջորդ իսկ օրն այն ներկայացրեց ընկ. Մռավյանին, որը հավանելով մտահղացումը՝ կարգադրում է Կիրակոսյանին հետ կանչել քաղաք և օգնել նրան հաշվապահական վեցամսյա կուրսեր հիմնելու՝ Լուսժողկոմատի հսկողությամբ: Մյուս օրը Մուշեղյանն ինձ հանձնեց ծրագիրը և Մռավյանի գրավոր կարգադրությունը՝ Մարտին Կիրակոսյանին Ծաղկաձորից Երևան ուղարկելու և Լուսժողկոմատի տրամադրության տակ աշխատելու կապակցությամբ: Այսպես Հայաստանում հիմնվեցին առաջին հաշվապահական կուրսերը, որոնք ղեկավարում էր Կիրակոսյանը: Հենց նրա խորհրդով ես սովորեցի այդ կուրսերում՝ միաժամանակ աշխատելով մեծահասակների դպրոցում:

Մինչև կեղծ մեղադրանքով կալանվելս՝ 1936թ. սեպտեմբերի 1-ից նշանակվեցի Ապարանի տասնամյա դպրոցում՝ քարտուղար-հաշվապահի պաշտոնով և միաժամանակ որպես աշխարհագրության դասատու:

Հուշերն ի մի բերեց և ներկայացրեց  Հասմիկ Սարգսյան

2 идей о “ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Добавить комментарий