ԳՈՂԳՈԹԱՅԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

Հասմիկ Սարգսյան
ԳՈՂԳՈԹԱՅԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ Հովհաննես Տեր-Հակոբյանը՝ հարազատներով և թոռներով շրջապատված. 1930 թ

ԳՈՂԳՈԹԱՅԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ Հովհաննես Տեր-Հակոբյանը՝ հարազատներով և թոռներով շրջապատված. 1930 թ

 20-րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակն ընդգրկող ժամանակահատվածին հաջորդում է նախորդից ոչ պակաս դրամատիկ մի շրջան, որում կային և՛ անձնվեր, ստեղծարար աշխատանք ու բարձր նվաճումներ, և՛ հոգևոր արժեքների կործանում, մատնություն, ահ ու անարդարություն: Այդ բարդ ժամանակների նվաճումների փառքը խամրում է մարդկային և հոգևոր` չարդարացված, անչափելի կորուստներով, տասնյակ հազարավոր զոհերով, որոնց թվում էին նաև Ս. Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Հովհաննես Տեր-Հակոբյանը, իր զավակները և հարազատները: Թուրքերի կողմից խաչակորույս եղած եկեղեցին խորհրդային տարիներին փակվում է և երկար տարիներ ծառայում՝ իբրև թունաքիմիկատների պահեստ: Ասում են՝ երբ 1990-ականներին վերանորոգման աշխատանքներ էին տարվում եկեղեցում, սրբատաշ քարերն այնքան էին ներծծված թույների գարշահոտով, որ երկար ժամանակ այն հնարավոր չէր վերացնել: Ժամանակների բռի և ամենակործան ուժի զոհերի թվում են հայտնվում, նախ, քահանայի Աբգար և Սիրական որդիները: Աստվածամերժ հասարակությունում, որը չէր հանդուրժում ոչ միայն այլակարծությունը, այլ նաև մարդկանց ազնվական ծագումը, բարձր հոգևոր կրթությունը, հայրենիքին իրական նվիրվածությունը, չէր ներվում անցյալում գրաված դիրքն ու կոչումը, որում գերակա էր ահն ու մատնությունը, տեղ չէր կարող լինել մի գերդաստանի համար, որի հայրը եկեղեցի էր կառուցել, որդիներին բարձր կրթություն տվել և նրանց մանկուց պատգամել՝ անվհատ մաքառել ընդդեմ չարության:

Աբգար Տեր-Հակոբյանին չի ներվում իր զինվորական անցյալը: Նրան, որ ծառայել էր Կարսի զինվորական շտաբում՝ որպես համհարզ, ապա՝ Էրզրումում ստանձնել ողջ գավառի պահեստների պետի պաշտոնը, խորհրդային տարիներին պիտի շարունակաբար հիշեցնեին ցարական բանակում իր ծառայությունը, քանիցս խուզարկություններ անցկացնեին իր տանը՝ հակահեղափոխական գործունեության փաստեր փնտրելու պատրվակով: Մինչ Աբգարն ապրում էր խաղաղ, ստեղծարար կյանքով՝ մասնակցելով Երևանի քաղաքաշինական աշխատանքներին և արդար քրտինքով հոգալով իր բազմանդամ ընտանիքի հոգսերը, անդադրում ամբաստանագրերի հիման վրա նրան մեղադրանքներ ներկայացնելու հիմքեր էին կազմվում: Թեև այդ հիմքերը հեղհեղուկ էին ու փաստերով չհիմնավորված, այդուհանդերձ դա էլ բավական էր, որ 1937-ին Աբգարին ձերբակալեն և, առանց լուրջ դատավարության դատավճիռ կայացնելով, բանտում գնդակահարեն: Նույն տարում նույնկերպ գնդակահարում են իր Սիրական եղբորը, որ պարզ հողագործ էր, ուներ հրաշալի ձայն և մեղավոր էր միայն այն բանում, որ մի չարաբաստիկ օր «Մաճկալ» էր երգել…

«Մաճ» բառը, որ պահլավերեն է, նշանակում է արոր, մաճկալ՝ գութանի, արորի կոթը՝ մաճը բռնող շինական: Մաճկալն էր ուղղություն տալիս խոփին և հերկում վարելադաշտը: Մաճկալի ցուցումներով էին գործում եզներին քշող հոտաղները: Մաճկալն այնքան ժողովրդականություն էր վայելում, որ նրա մասին երգեր են հորինվել:

Սիրում էր «Մաճկալ» երգել նաև Տեր Հովհաննեսի ավագ որդին՝ Սիրականը: Նա միակն էր եղբայրների մեջ, որ բարձր կրթություն չէր ստացել: Պերճախոս չէր կյանքում, բայց պերճախոս էր նրա ձայնը, բազմախոս էին նրա երգերը: Բազմանդամ գերդաստանում երգեցիկ ձայնով էին օժտված քահանայի համարյա բոլոր զավակները, բայց Սիրականի ձայնն առանձնահատուկ բարձր ու գեղեցիկ էր: Մոտ հարազատների հուշերում նա մնացել է իր ազնիվ, պարզ կերպարով և հնչեղ, անուշ ձայնով: Ասում են՝ երբ երգում էր, հանդերը զրնգում էին… Հողի մշակությունը նրա կյանքի գործն էր. հեռու էր քաղաքականությունից, ինքն էր՝ հողագործի իր ամենօրյա հոգսերը, ողջ օրը՝ դաշտերում, այգիներում: Ձեռքը սովոր էր գութանի մաճին, հաճախ էր գործի հետ խրոխտաձայն երկարել՝ «Ձիգ տու՜, քաշի՜» գութաներգը: Այն, ինչ բառերով չէր կարող նկարագրել՝ այն սերը, գորովանքը դեպի հողը, աշխատանքը, հաղորդում էր երգով…

Սիրականին բանտարկում և շուտով գնդակահարում են զուտ այն բանի համար, որ, իբր, հոկտեմբերյան հեղաշրջման առաջնորդ Լենինի մահվան հերթական տարեդարձին ինքը «Մաճկալ» է երգել: Հայտնի է եղել նաև մոլլաբայազետցի մատնիչի անունը, որի ձեռամբ անուշ երգեցողության փաստն անգամ ստոր մատնության նյութ էր դարձել:

Նույն ամբաստանագրերի հիման վրա է հետապնդվում նաև Տեր Հովհաննեսի մյուս որդին՝ Մամբրե Տեր-Հակոբյանը: Ճեմարանական հիմնավոր կրթություն ստանալով՝ նա ուսումը շարունակում է բժշկագիտության գծով: Բարձր առաջադիմությամբ սովորում է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետում: Համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրերին ուսումնական գործի կազմակերպման ասպարեզում իր լուման բերելու նպատակով համալսարանի ղեկավարությանն է դիմում Տեր Հովհաննեսը՝ առաջարկելով հարուստ գրականությամբ օգնել գիտության նորաստեղծ կաճառի գրադարանին: Ստանալով ղեկավարության հավանությունը՝ հաջորդ իսկ օրը քահանան բերնեբերան բեռնված երկու սայլ գիրք է նվիրաբերում համալսարանին: Դա ընդամենը մի մասն էր իր հարուստ գրադարանի, որը, որպես ուսյալ և կրթված անձնավորություն, լրացրել է մինչև իր կյանքի վերջին տարիները: Նրա ուսանող որդուն մեծ ապագա էին կանխատեսում համալսարանում: Ուսումնատենչ Մամբրեի կուրսընկերներից էր Պ. Մարգարյանը, որի մասին հայտնի է, որ ծնունդով եղել է Սարդարապատի շրջանի Էվջիլար (ներկայումս՝ Արազափ) գյուղից և, 1927թ.-ին ավարտելով բժշկ. ֆակուլտետը, գլխապտույտ հաջողությունների է հասել մանկաբարձության և գինեկոլոգիայի ասպարեզում, ղեկավարել բժշկական հիմնարկներ և ուսումնական հաստատություններ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչմանը հասնելու՝ Մամբրե Տեր-Հակոբյանի ուղին ավելի խրթին էր ու քարքարոտ: Զգալով, որ որդու գլխին ամպեր են կուտակվում, և մատնագրերի հերթական թիրախը Մամբրեն է դառնալու, քահանա հայրը որոշում է կանխել վերահաս վտանգը և պնդում է, որ զավակը հեռանա երկրից: Մամբրեի համար դժվար էր Հայաստանից հեռանալու որոշում կայացնելը, առավել ևս, որ այստեղ էր թողնում իր սիրած աղջկան: Բայց գյուղից եկող ամբաստանագրերի տարափը չէր դադարում, և երիտասարդը հալածանքներից խուսափելու համար սրտի ցավով 1924 թ.-ին թողնում է հայրենիքը՝ հաստատվելով Միջին Ասիայում: Դա ևս նրան չի փրկում ձերբակալությունից ու դաժան հարցաքննություններից: Հատուկ ծառայությունները, հետևելով իր սիրած աղջկա հետ սիրատոչոր երիտասարդի նամակագրությանը, պարզում են Մամբրեի գտնվելու վայրը և նրան ձերբակալում Տաշքենդում: Բայց կատարվում է անկարելին. ոչ մի «սև բիծ» չգտնելով Մամբրեի կենսագրությունում՝ նրան շուտով ազատ են արձակում: Նա սկզբնական շրջանում ուսուցչություն է անում՝ միաժամանակ ուսումը շարունակելով տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Հետագայում Մամբրեն դառնում է Ուզբեկստանի բժշկական համալսարանի հիմնադիրներից մեկը, անվանի բժիշկ և պրոֆեսոր, 1941-45թ.թ. Հայրենական պատերազմի տարիներին զորակոչվելով բանակ՝ որպես ռազմական բժիշկ ծառայում արևմտյան ռազմաճակատում՝ անցնելով մահվան և նախճիրի ևս մի դժոխքով: Պատերազմի ավարտը դիմավորում է Գերմանիայում, ինչի վկայությունն է ռազմաճակատային մի լուսանկար, որ 1945-ին իր սիրասուն քույրիկ Սիրանուշին է ուղարկել Մամբրե Տեր-Հակոբյանը: Հայրենիքից հեռանալուց 37 տարի անց միայն՝ 1961թ.-ին, Մամբրեն այցելեց Հայաստան, եղավ հայրենի վայրերում, խոնարհվեց հոր գերեզմանին, կանգ առավ իր հոր կառուցած Ս. Աստվածածին եկեղեցու փակ դռների առջև, հիշեց, խոկաց ու դառնացավ: Հետագայում քանիցս այցելելով հայրենի վայրեր՝ այդուհանդերձ չհասցրեց տեսնել եկեղեցին վերածնված ու խնկահոտ:

Տեր Հովհաննեսի Աբգար որդին՝ սպայական համազգեստով

Տեր Հովհաննեսի Աբգար որդին՝ սպայական համազգեստով

Տեր Հովհաննեսի կրտսեր որդուն՝ Աշոտին, ձերբակալությունից փրկում է իր խիստ երիտասարդ հասակը: Հետագայում Աշոտ Տեր-Հակոբյանը դառնում է հայտնի մարմնամարզիկ: Նա վաստակում է հանրապետության ծանր ատլետիկայի չեմպիոնի տիտղոսը, հետագայում արժանանում վաստակավոր մարզչի կոչման, դաստիարակում անվանի հայ մարզիկների մի ամբողջ սերունդ. նա է եղել աշխարհի չեմպիոն Սերգո Համբարձումյանի առաջին մարզիչը:

Տեր Հովհաննեսը խորհրդային տարիներին ստիպված դադարեցնում է իր քահանայական ծառայությունը և տեղափոխվում է Երևան: Բազմաթիվ կորուստներին ավելանում է սիրելի կնոջ՝ Մարգարիտի վաղաժամ մահը: Նոր կինը՝ գեչրլեցի Իսկուհին, ճիշտ է, համեստ գյուղացի կին էր և նվիրված էր իր ամուսնու ընտանիքին, բայց Տեր Հովհաննեսն այդպես էլ ներքուստ չհաշտվեց իր սիրասուն տիկնոջ կորստի հետ: 1937-ին կրած հարվածներն այլևս անտանելի էին. երկու որդու համարյա միաժամանակյա կորստի կսկիծն անդամալուծում է քահանային, և նույն տարում նա կնքում է իր մահկանացուն՝ հեռու իր հայրենի գյուղից, իր ջանքերով կառուցված եկեղեցուց, որդեկորույս և անմխիթար: Նրա մարմինը հայրենի մասունքների քով զետեղելու փոխարեն թաղում են քաղաքի գերեզմանատներից մեկի մի անշուք անկյունում, և նրա երբեմնի գոյության մասին հիշեցնում է լոկ ընդհանուր գերեզմանաքարին արված մի անշուք մակագրություն:

Ճակատագիրը պակաս ծանր հարվածներ չէր պատրաստել Տեր Հովհաննեսի դուստրերի համար: Գեղեցկուհի Փառանձեմին ծնողները մի առանձին գուրգուրանքով էին վերաբերվում. ավագ դուստրը միակն էր ընտանիքում, որին դաշտ ու այգի չէին ուղարկում՝ աշխատելու կամ մշակներին հաց տանելու. նա, անգամ, առանց քողի տնից չէր ելնում, որ հանկարծ բարկ արևը ճերմակ մաշկը չթխացնի: Բոլորի կողմից սիրված և փայփայված Փառանձեմը հետագայում կյանքի հետ պիտի դժվարին կռիվ տար՝ իր զավակներին մեծացնելու, վտանգներից զերծ պահելու համար: Այդ պայքարում նա քանիցս անխնա պարտություն է կրում: Բարեկիրթ շարժուձևով, նուրբ և բարի այդ կնոջ կյանքում կատարված կտրուկ շրջադարձերը, որ մեծապես պայմանավորված էին իր ընտանիքին պատուհասած դժբախտություններով, վաղաժամ կտրում են նրա կյանքի թելը: Մոր համար անտանելի էր Կերչի համար մղված մարտերում զոհված կրտսեր որդու կորստի ցավը: Զուր էին նաև նրա ջանքերը՝ մահաբեր հիվանդությունից փրկելու 24-ամյա դստերը՝ Մարգարիտին: Մեկ տարի անց անամոք մայրն անդարձ հեռանում է՝ միանալու իր վաղամեռիկ զավակներին:

Սիրանուշն ամուսնու կողքին էր նրա բոլոր ձեռնարկումներում, որ առնչվում էին Բամբակաշատում դեռևս նախահեղափոխական շրջանում, ապա և խորհրդային տարիներին դպրոցաշինությանը, հանրապետության տարբեր շրջաններում կրթական գործի կազմակերպմանը, դպրոցական տնտեսությունների վարմանը, մշակութային միջոցառումների անցկացմանը: Մութ ու խուլ, անգրագիտության, հետամնացության ու սնոտիապաշտության մեջ խարխափող գյուղերում չգիտեին՝ ինչ է թատրոնը և գեղարվեստը: Գյուղական համայնքների համար սիրողական ներկայացումների գեղարվեստական ղեկավարը դպրոցի տնօրենն էր՝ Գեղամ Սարգսյանը, դերակատարները՝ դարձյալ ինքը, իր դեռատի կինը և ուսուցչական աղքատիկ կազմը: Ամեն ինչ հենված էր խանդավառության, ժողովրդին լուսավորելու սեփական նախաձեռնության և այն հավատի վրա, որ իրենց ջանքերը զուր չեն, և որ մարդկանց հոգիներում ցանած գիտության ու մշակույթի սերմերն, անկասկած, առատ բերք են տալու: Գյուղական ուսուցչի աստիճանից Գ. Սարգսյանը կարճ ընթացքում հասնում է Արզականի դպրոցի տնօրենի պաշտոնին, 1925-ից աշխատում նաև Ախտայի շրջկենտրոնում՝ որպես շրջլուսհրահանգիչ, հիմնադրում դպրոցներ: Մտավորականի, ջանասեր ու նախաձեռնող անձի, իր ժողովրդին լուսավորելու կամավոր առաքելությամբ հանդես եկող քաղաքացու անժխտելի վարկն ու հեղինակությունը, թվում է, գրավականը պետք է դառնային փորձառու մանկավարժի հետագա անամպ և ստեղծագործ կյանքի: Սակայն առանց դատ ու դատաստանի դաժան հաշվեհարդարի հաջորդ զոհը հենց նա է դառնում: Ամուսնու ձերբակալությունից հետո Սիրանուշի կյանքը կտրուկ փոփոխվում է. երեք երեխային սնելու, մեծացնելու, դաստիարակելու հոգսի ողջ ծանրությունն ընկնում է ընտանիքի մոր փխրուն ուսերին: Նա այդ հոգսը երկար տարիներ, քանի դեռ իր ամուսինը հեռավոր աքսորում էր, տանում է արժանապատվորեն, անտրտունջ և առանց կողմնակի օգնության: Գ. Սարգսյանի՝ հեռավոր աքսորից վերադարձից դեռ մի տասնամյակ պիտի անցներ՝ մինչև իր արդարացման պաշտոնական վճռի կայացումը:

Ժամանակները փոխվել են, սակայն դեռևս կենդանի է վաղեմի օրերի ողբերգական, բայց և հերոսական շունչը, և դրա ձեռակերտ վկայությունն է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հիմա նրա կառույցի պատերը դարձյալ ներծծված են խնկահոտով, այստեղ նորից պատարագներ են մատուցվում, և հավատավոր ժողովուրդն իր աղոթքն է ուղղում առ Աստված: Այդ սուրբ աղոթքների արձագանքն, անշուշտ, հասնում է այն երախտավորներին, որ կառուցեցին այս եկեղեցին, այն նահատակներին, որ չուրացան իրենց հավատը… Սերունդներին առաջնորդող պատգամ է Տեր Հովհաննեսի գրավոր խոսքը, որ ուղղել է իր զավակ Աբգարին՝ դեռևս 1908-ին՝ սեփական լուսանկարին արված մակագրությամբ.

Ո՛չ, ի՛մ սիրելի, դու մի՛ վհատիր,
Եռանդուն կերպով քո գործին տրվիր,
Ընդմիշտ ունեցիր սուրբ նշանաբան՝
Կռվել, մաքառել ընդդեմ չարության…

 Հատված՝ Հասմիկ Սարգսյանի «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանից

Добавить комментарий