ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԵԶՎԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

 Զրույց ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյանի հետ

Չգիտեմ, թե իմ լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ ասած կլինեմ, որ ժամանակին, երբ արտերկրում մեկն արտասանում էր «գենոցիդ» բառը կամ իր աշխատության մեջ գործածում էր այն, գրեթե ազգովի խնկարկում էինք տվյալ անձին. դրսի մեր սփյուռքահայերը սատարում էին ֆինանսապես՝ հայագիտական ամբիոններում նրա աշխատատեղն ամուր պահելու, նրա գործերը հրատարակելու համար և այլն:

Չեմ կարծում, թե վերջին շրջանում այս առումով շատ բան է փոխվել: Խոստովանենք նաև, որ սակավաթիվ էին այս ամենին իրազեկ մարդիկ, մասնագետները, որոնք պահանջում էին անպայմանորեն կարդալ-ծանոթանալ այդ հեղինակների գրվածքներին, հետո միայն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Ցավոք, այդ ընթացքում մենք բավական թանկ ժամանակ կորցրինք և անհարկի մեծ գումարներ ծախսեցինք հատկապես Սփյուռքում՝ հաճախ հակագիտական ու հակահայկական այդ աշխատությունները լույս աշխարհ բերելու համար: Բարեբախտաբար, այսօր կացությունը փոխված է այն առումով, որ մեր հայրենակիցներն այստեղ կարողանում են, առանց արհեստականորեն ստեղծված գաղափարական և այլ արգելքների, կարդալ դրսերում տպագրված այդ ամենին ու հավուր պատշաճի պատասխանել դրանց: Ով չգիտե, որ թուրք-ադրբեջանական հակահայկական պետական-քաղաքական քարոզչամեքենան մեր դեմ աշխատում է ողջ հզորությամբ՝ հասարակական կարծիք ձևավորելով ու ընթերցողի մտածողությունն ուղղորդելով ողջ աշխարհում: Իսկ մե՞նք…

Բարեբախտաբար, մեր իրականության մեջ կան գիտնականներ, որոնք, անկախ ամեն ինչից, խղճի մտոք են գրիչ վերցնում այդ անհավասար պայքարում՝ ստեղծելով հիմնականում հիմնարար աշխատություններ: Վերջերս իմ գործընկերներից մեկն ինձ ցույց տվեց Երևանում տպագրած անգլերեն մի անչափ ուշագրավ մենագրություն՝ դոկտոր Սեդա Գասպարյանի «Հայոց ցեղասպանությունը լեզվաճանաչողական մեկնակետ» վերնագրով: Գիտնականը Հայոց ցեղասպանության խնդիրը քննել է ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից, որպիսին, ըստ իս, երբեք չի արել մեր հետազոտողներից ոչ մեկը: Համենայն դեպս. նման բանասիրական կամ պատմաբանաիրական հետազոտության ես ծանոթ չեմ: Մեծ եղեռնին վերաբերող անգլերեն հրատարակությունների ուսումնասիրության ընթացքում Սեդա Գասպարյանը բացահայտել է Հայոց ցեղասպանությանն առնչվող անգլերեն բառապաշարի ողջ մթերքը և եկել այն եզրահանգման, որ այս թեմայով անգլալեզու գրականության մեջ հաճախ կիրառում են բառային ոչ համարժեք արտահայտություններ, որոնք իրենց խորքում ունեն քաղաքական ենթատեքստեր: Իսկ սրանց հետևանքները սրբագրելը կամ խմբագրելը սիզիֆյան աշխատանք է: Այսինքն՝ Հայոց ցեղասպանության հարցն արծարծող օտարալեզու, տվյալ դեպքում՝ անգլերեն գրականությունը միշտ չէ առանձնանում գիտական անաչառությամբ և մեծ մասամբ հայանպաստ չէ: Ըստ իս, Սեդա Գասպարյանի այս աշխատությունն առաջին հերթին հասցեագրված է արտերկրի հակահայ հեղինակներին՝ մերկացնելու համար նրանց անշնորհակալ ծառայությունները գիտությանը:

Իմ ամենամեծ ցանկությունն այս պահին, անկասկած, «Հայոց ցեղասպանությունը լեզվաճանաչողական մեկնակետ» աշխատությունը հայերեն կարդալն է, որը չգիտեմ ե՛րբ և ինչպե՛ս իրականություն կդառնա: Այս գրքի հայերեն թարգմանությունն ու տպագրությունը նույնպես անչափ կարևորում եմ, որովհետև մեր պատմությունը նենգափոխողների թվում հայանուն արարածների պակաս, դժբախտաբար, երբեք չի լինում:

***

Պատմության կեղծարարների դեմ պայքարը տևական ու դժվար աշխատանք է, մեծ ջանքեր ու թանկ ժամանակ է պահանջում: Ցավոք, մեր գիտնականները հաճախ ստիպված են լինում հայոց պատմությունը խեղաթյուրող չգիտնականներին պատասխանելու համար մի կողմ թողնել իրենց հետաքրքրող գիտական նյութի ուսումնասիրությունը և մտնել այլ պայքարի մեջ, որն արդեն դառնում է նաև քաղաքական: Ի դեմս Սեդա Գասպարյանի՝ շնորհակալություն մեր այն գիտնականներին, որոնք ամեն ինչ են անում բացառելու համար այլոց լեզվական աճպարարությունները կամ ձեռնածությունները՝ Հայոց ցեղասպանության (և ոչ միայն) թեմային անդրադառնալիս: Դոկտոր Սեդա Գասպարյանի «Հայոց ցեղասպանությունը լեզվաճանաչողական մեկնակետ» աշխատությունն ապտակ է պատմագիտության և ընդհանրապես գիտության մեջ բառախաղով զբաղվող տիտղոսակիրներին, որովհետև բացահայտել է լեզվի խոսքային ռազմավարությունն ու պատմական իրողությունները կեղծելու մեխանիզմները մեկ անգամ ևս ի ցույց դնելով դրանց իրական պատվիրատուներին:

«Վէմ» ռադիոկայան
9. 09. 2015

5 идей о “ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԵԶՎԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

  1. Aida Pilojan

    Ես խոնհարվում եմ բոլոր Հայ լեզվաբանների, պատմաբանների գրականագետների ու բոլոր նրանց առջև ,ովքեր այսպիսի անգնահատելի փայլուն աշխատանքներ են կատարում, անում են ամենաանհնարինը, աշխհարին ճշմարտությունը ներկայացնելու համար:

  2. Գայանե Ամիրխանյան

    Էխ միամիտ Հայեր…ախր ինչպես չեք հասկանում, որ ձեր թվարկած ջհուդ անհատները՝ մորգենթաու, յաիր աուրոն, սիոնիստ էին, և շատ հմտորեն թուրքին են մատնացույց անում, իրենց ազգի վրայից մեղքը մաքրելու համար: Վերջապես պիտի համարձակություն ունենա՞ք ջհուդի երեսին ուղղակի ասելու, որ Հայերի ցեղասպանությունը իրենց մեծագույն ծրագիրն էր և ձեռքի գործը: Եթե մենք էլ ենք ամեն ինչ թուրքի վրա բարդելու ապա շատ օգնած կլինենք իրենց: Իհարկե թուրքն էլ պիտի պատասխանատվություն կրի և այն էլ ինչպիսի, բայց Հայերի գլխովին ոչնչացման ծրագիրը նրանցը չէ, նրանք միայն կատարողն են….

Добавить комментарий