ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. ՄԱՐՍԵԼԸ՝ ՀԱՅ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մարօ Խաչատրեան

 

Voskan Yerevantsi ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. ՄԱՐՍԵԼԸ՝ ՀԱՅ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. ՄԱՐՍԵԼԸ՝ ՀԱՅ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՈՒԱՆ

* * *
«Ֆրանսայի քաղաքներէն մեզ կը ներկայանան Բարիզ եւ Մարսիլիա միայն, ուր հայ եւ օտար տպարաններ զբաղած են մեր լեզուով գիրքերու եւ թերթերու տպագրութեամբ: Մեր ուղղութեան համեմատ Ֆրանսա պէտք էր որ կանխէր Թուրքիան, քանի որ ի Պոլիս հայ տպագրութեան սկզբնաւորութենէն (1567)* 30 տարի առաջ (1537) ի Բարիզ դրոշմուած կը տեսնենք Փոսթէլի կողմէ 12 լեզուներու ալփաբետը պարունակող 75 էջնոց գիրք մը, որուն մէջ հայերէն այբուբենն ալ կար, ինչ որ բաւական չէր, սակայն, զուտ հայեցի տպագրութիւն մը նկատուելու եւ իր հնութեանը տեսակէտով արժանի՝ դասուելու յառաջ, քան 1567 թուականը…»:

Թէոդիկ, «Տիպ ու տառ», Կ. Պոլիս, 1912

Ֆրանսիայի Մարսել (Մարսիլիա, Մարչիլիա) քաղաքում առաջին անգամ տպարան է հիմնում հայ գրատպութեան ականաւոր դէմքերից մէկը՝ Էջմիածնի միաբան Ոսկան Երեւանցի վարդապետը**: Տառապեալ այրը երկար դեգերումներից յետոյ անձնուէր աշխատակիցների իր խմբով 1673ին ապաստան է գտնում ֆրանսիական հրաշագեղ քաղաքում: Ծովափնեայ արեւոտ այս քաղաքում մինչ օրս հատւում եւ միանում են աշխարհի այլազան մշակոյթները, ներդաշնակօրէն ապրում են տարբեր քաղաքակրթութիւնների կրողներ: Յիրաւի, մշակոյթի մայրաքաղաք:

* * *
1656ին Յակոբ Դ Ջուղայեցի ազգասէր եւ ուսումնասէր կաթողիկոսի յանձնարարութեամբ Էջմիածնի դպիր Մատթէոս Ծարեցին հայերէն Աստուածաշնչի հրատարակութեան հարցով մեկնում է Եւրոպա՝ Իտալիա: Դիմում է Վենետիկ, Հռոմ եւ հայ գրատպութեան գործը կարգաւորելու համար «դիւրութիւններ» չգտնելով՝ դիմում է «բողոքական» Հոլանդիա՝ մի երկիր, որ թերեւս ազատ էր թւում կրօնական տեսանկիւնից, նաեւ հայ առեւտրականների հսկայական գաղութ ունէր: Ամստերդամում Էջմիածնի պատուիրակն անասելի դժուարութիւններ է յաղթահարում: Մօտ 5 տարի անց՝ 1660ի Դեկտեմբերին, Ծարեցին հիմնում է տպարանը եւ սկսում տպագրել սուրբ Ներսէս Շնորհալու «Յիսուս որդին»: Սակայն 1661ի սկզբին դժբախտ դպիրը վախճանւում է հայրենիքից հեռու, միայնութեան մէջ. նա նոյնիսկ չի տեսնում իր տպարանի առաջին պտուղը: Նրան դրամ տրամադրած անձինք պատրաստւում են գրաւել տպարանը պարտքի դիմաց… Վճռական պահին առեւտրական գործերով Ամստերդամում գտնուող նորջուղայեցի վաճառական Աւետիս Ղլիճենցը (Գլըճեան) վճարում է պարտքերը: Ըստ պայմանաւորուածութեան՝ Աւետիսը պէտք է դառնար տպարանի սեփականատէրը, սակայն ազնիւ հայը մերժում է. տպարանն ազգինն էր…
Ղլիճենցը՝ ոչ այնքան գրագէտ, որքան հայրենասէր մի մարդ, ստիպուած է լինում իր տկար հայերէնով «գէշ-աղէկ» սրբագրել «Յիսուս որդին» եւ աւարտին հասցնել տպագրութիւնը…

* * *
Աւետիս Ղլիճենցի շնորհիւ պահպանուած տպարանը (Ղլիճենցն այն անուանում է «Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգիս Զօրավարի տպարան», եւ այս անունը պահպանւում է տպարանի՝ տարբեր քաղաքներ տեղափոխութիւնների ժամանակ) վիթխարի դեր է կատարում հայոց մշակութային կեանքում: Այս տպարանի շնորհիւ Հոլանդիան դառնում է հայ գրատպութեան երկրորդ հայրենիքը…
Ուշիի Սուրբ Սարգիս Զօրավարի վանքի վանահայրն էր Աւետիսի եղբայր Ոսկան Երեւանցին՝ կրթեալ հոգեւորական, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի համալսարանում ուսում ստացած գործիչ: Աւետիսը շտապում է եղբօրը կանչել Ամստերդամ՝ հրատարակչական գործը գլխաւորելու: Կաթողիկոս Յակոբ Ջուղայեցին ուրախ էր ընտրութեան համար. Ոսկան վարդապետը մինչ այդ հրատարակութեան էր պատրաստել Աստուածաշնչի բնագիրը (յետոյ առաջին Աստուածաշունչը Ոսկանը պիտի տպագրի հայ տպագրիչների մի ամբողջ խմբի հետ***): Ոսկանը ճանապարհ է ընկնում հայ գիրք տպագրելու բաղձանքով: Նրանից առաջ Ամստերդամ հասած աշակերտը՝ Կարապետ Անդրիանացին, որ միայնակ տէր է կանգնում տպարանին (Աւետիսն արդէն վերադարձել էր հայրենիք), մինչեւ ուսուցչի ժամանումը հրատարակում է 4 անուն գիրք: Ոսկանը հասնում է «Շարակնոց»-ի տպագրութեան ժամանակ: Առաջին տպագիր ձայնագրեալ «Շարակնոց»-ն է այն՝ հայկական ձայնանշաններով խազագրուած, պատկերազարդ (Կարապետը նախապէս պատրաստել էր տուել խազերը. մինչ այդ ոչ մի հայ տպագրիչ նման փորձ չէր արել):
Ոսկան Երեւանցին՝ հայ տպագրութեան նշանաւոր դէմքերից մէկը, առաջինն էր, որ տպագրում է որակեալ, մաքուր հայերէն գրքեր:
Այս տպարանում լոյս են տեսնում գրաբարով եւ աշխարհաբարով**** գրքեր, որոնք «ճանապարհորդում են»՝ նաւերով հասնելով Զմիւռնիա, այնտեղից էլ՝ Հայաստան եւ հայաբնակ վայրեր:
Ոսկանի տպարանը տպագրութեան դպրոց էր, ուղղութիւն: Ոսկանի պատրաստած տպագրիչները տարբեր քաղաքներում շարունակում են հայ գրատպութեան գործը: Ոսկանեան գրքերը համարուել են վստահելի աղբիւրներ՝ «ի յօրինակս տպեցեալ լուսաւոր հոգի Ոսկան վարդապետին. ոչ աւելի եւ ոչ նուազ», «ամենեւին Ոսկան վարդապետին շինած «Շարակնոց»ին վերայ շարեցի». ահա վկայութիւններ՝ դրոշմուած հայերէն գրքերի յիշատակարաններում:
Սակայն …դարձեալ դրամական անխուսափելի խնդիրները, որ այնքան հալածել են մեր բոլոր տպագրիչներին: Պարտքերի գոյացման խոր պատճառներ կային. բողոքական երկրում հոգեւոր գրքերի հրատարակութեան արգելքներ էին ստեղծւում, արգելւում էր գրքերի վաճառքը: Ինչեւէ, տպարանը յայտնւում է ծանր կացութեան՝ փակման վտանգի առջեւ: Ձգւում է Ոսկանի՝ Ամստերդամում սկիզբ առած գրահրատարակչական գործունէութեան ճանապարհը: Ամստերդամում լոյս ընծայելով 10 անուն գիրք՝ Ոսկան Երեւանցին տպագրիչների խմբի հետ 1669ին տեղափոխւում է Իտալիա՝ Լիվոռնօ, այնուհետեւ հանգրուանում Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
Տառապեալ տպագրիչը յոյս էր փայփայում, որ լուսաւորական Ֆրանսիան վաղուց է հեռացել խաւարեալ ժամանակներից, եւ կրօնական հալածանքներ չեն լինի:

* * *
«1669ին Լուի ԺԴ-ի կʼուղղէ աղերսագիր մը՝ անոր ընկերացունելով իր դրոշմած Աստուածաշունչէն օրինակ մը»,-գրում է Թէոդիկը: Կաշեպատ շքեղ Աստուածաշունչը սիրով է ընդունում Լիւդովիկոս ԺԴ-ն եւ Ֆրանսիայում գործելու իրաւունք է տալիս հայ վարդապետին: Ֆրանսիական իշխանութիւնները բարեհաճ վերաբերմունք են ցոյց տալիս, եւ ոսկանեան տպարանը սկսում է աշխատանքը՝ պայմանով, որ տպագրուելիք գրքերը չպէտք է պարունակեն կաթոլիկական դաւանանքը նսեմացնող գրուածքներ:
Այսպէս, Ոսկան վարդապետը արքունական թոյլտուութեամբ Ամստերդամից Մարսել է փոխադրում «Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգիս Զօրավարի տպարանը»:

* * *
Գրաքննութիւնը չի ուշանում: Հռոմից ուղարկւում է գրաքննիչ մի քահանայ, որի առաջ, սակայն, չի ընկրկում տարիքով ոչ այնքան ծեր, սակայն տառապանքներից ալեւոր դարձած տպագրիչ Ոսկանը: Օրմանեան պատրիարքը ճիշդ է նկատում՝ «դաւանաբանական տեսակէտէն հռովմէականք իրենց համախոհ մը եղած կը կարծեն Ոսկանը, սակայն բոլոր պատմական պարագաներ կը ցուցնեն, թէ պատահաբար ու բռնադատեալ առերեսս համակերպող մը եղած է նա եւ ոչ աւելի, այն ալ՝ տպագրութեան ձեռնարկը չխափանելու համար»:
Ոսկանը ստիպուած էր բաժնեկից ընկեր ընտրել կասկածելի վարքի տէր մի մարդու՝ իր հայրենակից եւ հեռաւոր ազգական Թադէոս երէց Համազասպեանին: Վկայութիւններ կան, որ Ոսկան վարդապետը նրան նոյնիսկ չէր վստահում գրքերի սրբագրութիւնը եւ ինքն էր սրբագրում:
Ոսկանը չէր հաւատում Թադէոս երէց Համազասպեանի անկեղծութեանը: Աւելի վաղ, երբ վերջինս իր շողոքորթ բնաւորութեամբ կարողացել էր մտերմանալ Ոսկան վարդապետի հետ, վերջինս նրան Ամստերդամից ուղարկել էր Լիվոռնօ, որպէսզի հայ վաճառականներից դրամ ստանայ Աստուածաշնչի տպագրութեան համար: Սակայն ստախօս քահանան լուր էր տարածել, թէ հայ վաճառականները ոչ միայն չեն տուել խոստացած դրամը, այլեւ յափշտակել են իր մօտ եղած գրքերը: Դէպքի առթիւ յարուցուած գործի քննութեան ժամանակ մեղաւոր է ճանաչւում ինքը՝ «արիոսածին» քսու երէցը: Այս «չքահանան» ազատ է արձակւում Հռոմի Պապի նուիրակի միջնորդութեամբ: Թէոդիկը գրում է, որ այս միջնորդութիւնը վառ ապացոյցն էր քահանայի կաշառուած լինելու: Թադէոս երէցը «աւելի տպարանը փճացնելու եւ գիտութեան լոյսը մարելու նպատակ ունէր, ինչպէս ըսած են զինքը ճանչցող ժամանակակից զմիւռնացիք, որոնք զայն ոչ միայն քահանայ, այլ եւ քրիստոնեայ կոչուելու անարժան կը համարին»,-գրում է Մ. Օրմանեան արքեպիսկոպոսը:
«Գրքուկ կարեւոր»ից յետոյ (1673ից յետոյ) Ոսկանն սկսում է Նարեկի տպագրութիւնը: «Նարեկի բոլոր տպագրութիւններէն անդրանկագոյնն է ատիկա, որուն օրինակները խիստ հազուագիւտ են հիմա»,-գրում է «ամէնուն» Թէոդիկը:
Ոսկանը երազում էր լոյս ընծայել նաեւ նկարազարդ «Ժամագիրք», սակայն դա նոյնպէս պիտի ենթարկուէր պապական խստաշունչ քննութեանը: Կաշառուած Թադէոս երէցը «Ժամագրքի» մի քանի էջերի լոյսընծայումից յետոյ բանսարկում է, կեղծ լուրեր տարածում, թէ հերձուածող է Ոսկանը, հերետիկոս: Պետական-կրօնական ատեաններն այնքան են հալածում բազմերախտ հայ տպագրիչին, որ դաւաճանում է սիրտը: Ոսկանը մահկանացուն կնքում է պանդխտութեան մէջ 1674ին՝ Նարեկի 48 էջերի եւ «Ժամագրքի» մի քանի էջերի հրատարակութիւնից յետոյ, երբ ընդամէնը 60 տարեկան էր, երբ «շատ աւելի արդիւնքներ հնար էր սպասել նման տոկուն եւ անխոնջ բնաւորութեան վիճակեալ անձէ մը» (Մ. արք. Օրմանեան): Ոսկան վարդապետի դին հողին են յանձնում Մարսելում:

* * *
Տպագրութեան ձեռնարկին կատարելապէս նահատակ մը եղաւ տպարանի փոշիներու մէջ թաւալող այս սրբազան արքեպիսկոպոսը, մինչ շատ դիւրին էր իրեն իր ծագմամբ եւ աստիճանով փառքերու եւ հեշտութիւններու մէջ անցընել իր կեանքը, կարգակից եկեղեցականներու նման: Ոսկանի անձնաւորութիւնը արժանի է մեր ազգին մտաւոր զարգացման տեսակէտէն մեծ երախտաւորներու կարգը դասուելու եւ հայ տպագրութեան իսկապէս մղում տուողը ճանչցուելու: Նախընծայ տպագրութեան ճանչցուած 1512-13 տարիներու հրատարակութիւնները ժամանակագրական փառք մը ունեցան միայն, առանց իրական օգուտի: Աբգար Եւդոկիացիին ձեռնարկն ալ ամփոփուած ու սեղմուած մնաց ու անհետացաւ: Ոսկանի գործն է, որ իր տարաբախտ մահուընէ ետքն ալ շարունակուեցաւ, եւ չորցած բոյսէ մը թափուած սերմերու նման բողբոջները բազմացան: Գերեզմանին անյայտ մնացած ըլլալն ալ իբր նշան կրնայ նկատուիլ, թէ իր յիշատակը պատւոյ արժանացած չէ տեղւոյն կրօնական իշխանութենէն…

Մ. արք. Օրմանեան

Ոսկանի մահից յետոյ տպարանն անցնում է Ոսկանի քրոջորդուն՝ գրաշար Սողոմոն Լեւոնեանին: Նա ձգտում է տպարանի գործունէութիւնից հեռացնել զրպարտիչ երէցին, որովհետեւ Ոսկանի մահից յետոյ էլ նա շարունակում էր անիրաւութիւնները:
Հայ տպագրութեան նուիրեալ գործիչները՝ «Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգիս Զօրավարի տպարան»ի գործաւորներ Սողոմոն Լեւոնեանը, գրաշար Մատթէոս Վանանդեցին*****, հաւատարիմ աշխատակից Նասիպ Գրիգորեանցը եւ իբրեւ գրաքննիչ նրանց միացած Յովհաննէս Հոլով քահանան եռանդուն կերպով առաջ են տանում Մարսելի հայոց տպարանի գործը: Տխեղծ երէցը տպագրուող «Ժամագրքի» վրայ յամառօրէն իր անունն էր ուզում տեսնել: Նասիպ Գրիգորեանցն ընդդիմանում էր, եւ շուտով երէցի «ջանքերով» Նասիպը բանտ է նետւում եւ այնտեղ մնում մինչեւ 1676ը: Շուտով Մարսելի եպիսկոպոսը Յովհաննէս Հոլովի փոխարէն Մարսելի հայ տպագրիչների գործունէութեան վերահսկումը յանձնարարում է Թովմաս Հայրապետեան քահանային:
Ոսկանի՝ 1673ին սկսած «Ժամագիրք»ը վերջապէս տպագրւում է 3 տարի անց՝ 1676ին: Գրքում յիշատակուած են «աղաւնամիտ վարդապետ» Ոսկանի եւ «կայէնածին եւ օձաբարոյ» Համազասպեան երէցի անունները:
Դարձեալ ծանօթ հետապնդումներն ու հալածանքը, եւ լեւոնեան խմբակի անդամներն անգործ են մնում: Նրանց անվերջանալի դիմումներին ի պատասխան՝ 1683ին ֆրանսիական կառավարութիւնն արգելում է գրաքննիչներին խառնուել տպարանի գործերին, իսկ տպարանին յիշեցնում է 1669ի պայմանը՝ կաթոլիկ եկեղեցուն հակառակ գրքեր չտպագրել:
«Տիպ ու տառ»ի նշանաւոր հեղինակն է գրում. «Տասնամեայ հալածանաց դէմ մղած մաքառումներնին այլ եւս տանելի դարձուցած չէին լեւոնեանց խումբին հոն մնալը, կʼորոշեն Ամստերդամ անցնիլ եւ հոն գործել: Այս բոլորէն, սակայն, գրաշար Մատթէոս Վանանդեցիին է, որ պիտի հանդիպինք ի Հոլանտա: Միւսներուն հետքը կը կորսնցունենք. կʼերեւի, թէ անոնք կը սկսին ուրիշ գործերով զբաղիլ»:
Երբ աշխատակիցներից շատերը վերստին անցնում են Ամստերդամ, չարամիտ քահանան յայտնւում է Իտալիայում՝ Վենետիկում:

* * *
Մէկուկէս դար անց՝ 1862ին, Մարսելում հաստատւում է հայ տպագրութեան գործի խոշոր դէմքերից մէկը՝ Փարիզում կրթութիւն ստացած պոլսահայ նշանաւոր Ջանիկ Արամեանը, եւ մինչեւ 1864 թուականը շարունակում է հայ գրքի հրատարակութիւնը Մարսելում:
Նա նախապէս Պոլսից տեղափոխուել էր Փարիզ. նրա փարիզեան տպարանում են տպագրուել Մ. Նալբանդեանի «Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ» երկը, Ա. Չօպանեանի «Անահիտ» հանդէսը: Արամեանը գեղեցիկ, քիչ տեղ գրաւող տառեր է ստեղծել. այդ տառատեսակը նրա անունով կոչւում է «Արամեան»:
Արամեանի տպագրած «Խաւեար խանի պորսային վիճակը» գրքոյկը հասնում է Պոլիս՝ պատանի Մկրտիչ Փորթուգալեանի ձեռքը: Հայրենի մշակոյթի անդաստանում արգասաբեր ակօսներ բանալուց յետոյ Մկրտիչը պիտի յայտնուի Մարսելում, 1885ին հիմնադրի սեփական տպարանը: Ջանիկ Արամեանի՝ Մարսելից հեռանալուց 21 տարի անց ոսկանեան տպարանի աւանդները պիտի շարունակի հանրայայտ ազգային այս գործիչը իր երկու քնքուշ դուստրերի՝ Շուշանի եւ Հայկանոյշի հետ: Հայրենասէր օրիորդների աշխատանքը գրատպութեան բնագաւառում «հայ տպագրական աշխարհի 400ամեայ գործունէութեան մէջ աննախընթաց նորութիւն» էր (Թէոդիկ): Չանդրադառնալով Փորթուգալեանի տպագրած գրքերին՝ միայն նշենք, որ այս տպարանում է 15 տարի շարունակ հրատարակուել «Արմէնիա» եռօրեայ լրագիրը, որն իր ծննդեան առաջին իսկ օրերից հանդէս է եկել Հայ դատի պաշտպանութեամբ:
Թէոդիկը հայ գրքի 400ամեայ յոբելեանին (1912) նուիրուած իր աշխատութեան՝ «Տիպ ու տառ»ի մէջ գրում է՝ Փորթուգալեանի տպարանը «անխափան կը գործէ ցարդ»:

* * *
Հոլանդիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի երեք քաղաքներում (Ամստերդամ, Լիվոռնօ, Մարսել) գործելով 26 տարի՝ Ոսկան Երեւանցու տպարանը նոր էջ է բացում հայ տպագրութեան պատմութեան մէջ: Հայոց երկարակեաց տպարանն է. այս տպարանի գործունէութեամբ հայ գրքի տպագրութիւնը դառնում է անընդմէջ:
Հայոց տպարանը Մարսելում գոյատեւում է մինչեւ 1710ը (ընդհատումներով): Մարսելեան տպարանը ծնունդ է տուել հայ գրքի պատմութեան մէջ նշանակալից դեր ունեցող մի շարք գրքերի («Ճարտասանութիւն»-1674, «Գիրք այբուբենից»-1675, «Գրքուկ կարեւոր»-1676, «Գիրք աշխարհաց», «Ակն հոգեկան», «Պարտէզ հոգեւոր»): Միայն 1702ին այստեղ հրատարակուել են «Շարակնոց», «Հայելի վարուց», «Յիսուս որդի» գրքերը, 1708ին՝ «Բանալի ջերմեռանդակերտ», «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից եկեղեցւոյն Մեծին Հռովմայ», իսկ 1710ին՝ «Սաղմոսարան» (հայ տպագրիչները ջերմ հակում ունէին «Սաղմոսարան» տպագրելու հանդէպ):
Ահաւասիկ, մարսելեան հայոց տպարանի գործունէութեան հասցէները, որ քաղել ենք Թէոդիկի գրքից.
Armeny փողոց, թիւ 2, Vacon փողոց, թիւ 50, Allées de Meilhan, թիւ 44, Glandevés, Beaumont, Place Alexandre Labadié, թիւ 17:

Ծանօթագրութիւններ

*
Մինչեւ Յակոբ Մեղապարտի հրատարակութիւնների յայտնաբերումը հայ տպագրութեան սկզբնաւորողը համարւում էր Աբգար դպիր Թոխաթեցին, իսկ առաջին տպագիր գիրք էր ճանաչւում նրա «Սաղմոսարանը»(1565): Այս թուականը զարմանք է պատճառում գերմանացի արեւելագէտ Ֆրեդերիկ Միւլլէրին, եւ նա Վիեննայի Մխիթարեանների մօտ կասկած է յայտնում՝ հայերը պէ՛տք է որ 1565ից առաջ տպագիր գիրք ունեցած լինեն: Միւլլէրի այս խօսքից ոչ շատ անց Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» պարբերականն ազդարարում է՝ գտնուել է աւելի վաղ տպագրուած գիրք՝ «Ուրբաթագիրքը»: «Երբ երեւան եկան Յակոբի հրատարակութիւնները, Աբգար Թոխաթեցուց խլուեց երկար տարիներ առաջին հայ տպագրիչ համարուելու պատիւը…»,-գրում է Գարեգին Լեւոնեանը: Թէոդիկը պէտք է գրի.«Առ քեզ, Մեղապա՛րտ Յակոբ, կը վերընծայեմ իմ հիացումս ու պաշտումս անփոխարինելի ծառայութեանդ համար, զոր չորս դար առաջ լռիկ-մնջիկ մատուցիր Հայկեան սերունդին՝ ի տարաշխարհ կամովին պանդխտելով, հոն անանուն եւ աննշան ապրելով եւ հայ տպագրութեան նախայրիքը տալով մեզ իբր մասունք նուիրական մեր մտաւորական տաճարին: Հայ ազգը մեղապարտութեանդ հանդէպ երախտապարտ պիտի մնայ յաւէտ, եւ տխուր մականունի մը պէս անուանդ լծուած այդ ածականն ալ պարտի այլեւս Բազմերախտի վերածել անպայման…»:
Ռ. Իշխանեանը «Հայ գրքի պատմութիւն» գրքում գրում է.«….Չի կարելի բացառել, որ նախքան այդ թուականն էլ (1512) եղել է հայերէն տպագրութիւն»:
**
Ոսկանը ծնուել է Նոր Ջուղայում: Երեւանից բռնի կերպով Պարսկաստան գաղթած ծնողների ծննդավայրի անունով կոչուել է Երեւանցի:
***
Հայերէն Աստուածաշունչ առաջին անգամ հրատարակւում է Ամստերդամում՝ Ոսկան Երեւանցու տպարանում: Տպագրութիւնը տեւել է 2,5 տարի (1666-1668): Ոսկանեան Աստուածաշունչը (1464 էջից բաղկացած) համարւում է հայ հին տպագրութեան պսակը կամ թագուհին, ինչպէս որ Աստուածաշնչի Սահակ-Մեսրոպեան թարգմանութիւնը համարւում է թարգմանութիւնների թագուհի: Իրօք, այս հրատարակութիւնը հայոց տպագրական գործի հասունութիւնն էր: «Սա մի հոյակապ գործ է տպագրական-տեխնիկական տեսակէտից եւ աննախընթաց աշխատանք մինչեւ իր ժամանակի հայերէն հրատարակութիւնները»,-գրում է Գ. Լեւոնեանը:
Երկրորդ հրատարակութիւնն իրականացւում է (ըստ էութեան՝ վերահրատարակութիւն է) 1705ին Կ. Պոլսում:
Յաջորդը Մխիթար Սեբաստացու տպագրած Աստուածաշունչն է (1733): Յիշատակարանում գրուած է, որ տպագրւում է՝ հիմք ընդունելով ոսկանեան Աստուածաշունչը, սակայն լաւագոյն թղթով, «ազնուագոյն պատկերօք, գեղեցկագոյն ծաղկագրօք, զգուշագոյն սրբագրութեամբ» եւ ծախսերով Մխիթար վարդապետ Սեբաստացի աբբահօր:
****
Այս տպարանում 1675ին լոյս է տեսել առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան»:
*****
Ոսկան Երեւանցու տպարանի գործաւորներից էր նշանաւոր Մատթէոս Վանանդեցի Յովհաննիսեանը, որը 14 տարի անվճար, յանուն Ոսկանի աշխատել էր իբրեւ «հոգու պարտք»: «Ոչ ինչ ընկալայ»,-գրում է նա:

Օգտագործած գրականութիւն
1. Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912:
2. Իշխանեան Ռ., Հայ գիրքը, Երեւան, 1981:
3. Լեւոնեան Գ., Հայ գիրքը եւ տպագրութեան արուեստը, Երեւան, 1946:
4. Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան (սկզբնաւորութենէն մինչ առ մեզ), Վենետիկ, 1895:
5. Օրմանեան Մ., Ազգապատում, Բ, Գ գրքեր, Ս. Էջմիածին, 2001:

Մարօ Խաչատրեան

(Հայ գրքի պատմութիւնից)
Տպագրուել է «Նոր կեանք» շաբաթաթերթում (Լոս Անջելէս, 28.03.2013)
եւ «Հորիզոն»ի գրական յաւելուածում (Մոնրէալ, 29.04.2013):

Տես ՝ Voskan Yerevantsi Ոսկան Երևանցի

3 идей о “ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ. ՄԱՐՍԵԼԸ՝ ՀԱՅ ԳՐՔԻ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Добавить комментарий