Դավիթ Սարապյանի (Դեւ) ծննդյան 50-ամյակի առթիվ

ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՎՈՐԱԿԱ՛Ն ՀԵՐՈՍՆԵՐԻ…
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ
Դավիթ Սարապյանի (Դեւ) ծննդյան 50-ամյակի առթիվ
ԱԿՆԱՐԿ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Davit Sarapyan Դավիթ Սարապյան

Դավիթ Սարապյանի (Դեւ) ծննդյան 50-ամյակի առթիվ

Հերոսի ու հերոսականության թեման ինձ համար ամենասիրելիներից է: Եվ թող զարմանալի չթվա, որ այդ թեմային, այնուամենայնիվ, ոչ այնքան հաճախ եմ անդրադառնում: Պատճառները մի քանիսն են: Առաջին` ամեն անգամ ինձ համար առկախվում է բարոյակա՛ն հարցադրումըՙ «Ունե՞մ, արդյոք, իրավունք նրա մասին գրելու»: Ես, առհասարակ, չեմ կարեւորում, թե ինչ են ասում, այլ ո՛վ է ասում… Երկրորդ` դժվար է հատկապես հոգեբանական ծանր արգելապատնեշը հաղթահարելու պահը, եթե, մանավանդ, հերոսը քո ժամանակակիցն է, եւ դու հար պարտք ես նրան: Պարտք ես, որովհետեւ նա իր կյա՛նքը զոհաբերեց հայրենիքի փրկության ու բարօրության եւ քո անվտանգության ու բարեկեցության համար: Պարտք ես, որովհետեւ նրա հարազատները ողջ են, քո կողքին են, եւ մի տեսակ մեղքի զգացումով ես ապրում, որ նա չկա, իսկ դու կաս, ապրում ես (այս մասին բազմիցս ու տարբեր առիթներով եմ ասել), եւ պարտավոր ես արտահայտվել անչափ զգույշ, հավասարակշռված, որովհետեւ քեզ կարդում են նրա հարազատները, մտերիմները, ընկերներն ու բարեկամները, եւ վրիպելու կամ սայթաքելու իրավունք չունես. դա քեզ չեն ների: Երբե՛ք:

Երրորդ պատճառը խորքային է. հերոսի մասին մեկ անգամ գրելուց հետո սկսում ես սիրել նրան: Գուցե մինչեւ գրե՞լն ես արդեն ենթագիտակցորեն սիրում նրան, չգիտեմ. պարզապես դա նվազագույնն է, որ կարողանում ես անել… Իսկ սիրելու դեպքում, հայտնի է, դառնում ես է՛լ ավելի զգոն ու պարտավորված…

Գոյություն ունի նաեւ բարոյահոգեբանական այլ գործոն. երբ արդեն մեկ անգամ գրել ես հերոսի մասին, նա մեկընդմիշտ դառնում է քո հարազատը, մտերիմը, եւ ուզում ես, որ բոլորը սիրեն նրան ու նրանով հիանան: Գրելիս փորձում ես զգալ հերոսիդ հոգեկան աշխարհի` քեզ հասանելի հուզումներն ու ելեւէջումները, սիրտդ տրոփում է, ասես, նրա սրտի զարկերին համահունչ ու ներդաշնակ, եւ ջանում ես զգալ նրա զգացածը, «թռչել» նրա «թեւերով», որպեսզի ճակատագրական պահին կարողանաս ապրել այն, ինչ նրան է բաժին հասել, որպեսզի կարողանաս արժեւորել անելանելի թվացող կացության մեջ հայտնվելու ժամանակ ճիշտ գործելու թե՛ վճռականությունն ու կարողությունը, թե՛ հերոսականությունն ու նաեւ վերջինիս վեհությունը… Հերոսի մասին մեկ անգամ գրելուց հետո ուզում ես կրկին անդրադառնալ նրան նոր ասելիքով. թվում է` նախկինում ասածդ միշտ խմբագրել-հարստացնելու կարիք ունի: Իսկ եթե, քեզանից բացի, նաեւ ուրիշն է նրա մասին գրել, անպայմանորեն հետաքրքրվում ես նորույթով: Սա էլ արդեն հերոսի կյանքի մի նորՙ ավելի ուշագրավ էջ է բացում:

Տարիներ առաջ ռադիոհաղորդում եմ պատրաստել Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Սարապյանի մասին: Այն ժամանակ նրա մայրը` տիկին Էմման, դեռ ողջ էր: Այսօր, երբ կրկին անդրադառնում եմ մտավորականի երանելի տեսակի` Դավիթի կերպարին, երբ ավելին գիտեմ նրա մասին ու ավելի շատ ասելիք ունեմ, ցավոք, տիկին Էմման այլեւս մեզ հետ չէ: Եվ ես այսօր ոչ թե հոգու պարտք եմ կատարում, այլ իմ սիրելի հերոսին կրկին ներկայացնում եմ հանրությանը` որպես հայի ազնվական տեսակի, ու հատկապես ուզում եմ, որ նրա մասին իմանան մեր երիտասարդները. Դավիթը տղաների համար օրինակելի կերպար է, իսկ աղջիկների համար` տղամարդու իդեալ:

Այո՛, հայի ազնվակա՛ն տեսակ…

Սա այն տեսակն է, որը քեզ միշտ ապրեցնում է` անկախ այն բանից` նա ո՞ղջ է, քո կողքի՞ն է, թե՞ արդեն անմահության ճանապարհին է կամ էլ միացել է անմահներին: Սա այն տեսակն է, որը եթե անգամ զոհվում է, երբեք չի՛ մեռնում, ապրում եւ ապրեցնում է ի՛ր գործով, ի՛ր կենսագրությամբ: Սա այն տեսակն է, որը մշտապես ապրում է Փառքի տաճարում, որի դռները կրնկի վրա հար բաց են. նա թաքցնելու ոչինչ չունի… Ավելին, հայի այս տեսակը մեր վերջին ազատամարտի, առայժմ մեր վերջի՛ն ազատամարտի ժամանակ է՛լ ավելի մաքրագործեց Արցախի ամեն մի թիզ հողը` դարձնելով այն ավելի սրբազան. այնտեղ ազգի բազում նվիրյալ զավակների արյուն է թափվել… Դավիթի պարագայում մեր կորուստն առավել ծանր էր, որովհետեւ նա իր ծնողների միակ զավակն էր, իսկ ինքն այդպես էլ չհասցրեց ընտանիք կազմել, ծնող դառնալ: Այսինքն` Սարապյան այդ ընտանիքի գեներն այլեւս չեն փոխանցվելու: Դավիթը չունեցավ իր շարունակությունը… Ահա թե ի՛նչն է ողբերգականը…

Մայրական կողմից նա սերում է Արցախի մելիքների տոհմից. փառահեղ նախնիներ ուներՙ Պողոս բեկ եւ Դանիել բեկ Փիրումյաններ, Մելիք Բայանդուր, որոնց նմանվել երազում էր… Հայրական կողմից` Պետրոս Ադամյան, Հակոբ Գյուրջյան, Կարո Հալաբյան… Ծնվել է 1966 թ. փետրվարի 4-ին, Երեւանումՙ Էդուարդ եւ Էմմա Սարապյանների ընտանիքում: Հայրը 1960-ական թթ. Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մայրըՙ հանրապետության առաջին կին կիբեռնետիկներից, որը 25 տարեկանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, բավական երիտասարդՙ ղեկավարել ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հիմնադրած Էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը:

Հզոր գեներ ժառանգած Դավիթին բոլորն էին խոստումնալից ապագա գուշակում… Դեռ պատանիՙ բոլոր մարզաձեւերը փորձելուց հետո ընտրեց արեւելյան մարտարվեստը: Շուտով նա դարձավ նախՙ դասարանի, ապաՙ Ձերժինսկու անվան դպրոցի, որտեղ սովորում էր, խիղճը, հիացնելով թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ մարզիչներին: 1982-ին ընդունվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը, բայց շուտով հասկացավ, որ իր տեղը գրականության եւ արվեստի բնագավառում է… Երկրորդ կուրսում զորակոչվեց բանակ, թեեւ բոլոր հիմքերն ուներ ծառայությունից ազատվելու… Դավիթն իր ազգային-ազատագրական պայքարն սկսեց սովետական բանակումՙ ազգամիջյան հակասությունների հողի վրա… Մեն մենակ մարտնչելով 10-հոգանոց այլազգի ոհմակի դեմՙ ազնիվ, սկզբունքային, ազգային հարցում փոխզիջումներ չընդունող երիտասարդն ասպետաբար պաշտպանեց իր մարդկային ու ազգային արժանապատվությունը, որի համար չորս տարի անցկացրեց անազատության մեջՙ չկոտրվելով, բարոյական իր կերպն ու մտավորականի իր ազնվագույն տեսակը պահպանելով անաղարտ…

1989-ին Դավիթը չվերադարձավ ինստիտուտՙ ուսումը շարունակելու. նրա առաջ բացվել էին գրական աշխարհի ու կինոյի դռները: Բանտում նրա գրած «300 վայրկյան» վիպակի հիման վրա Օդեսայում նկարահանվեց նույնանուն ֆիլմը: Ի՜նչ ծրագրեր ուներ իրականացնելու… Բայց սկսվեց պատերազմը… 1990-ին մեկնեց ռազմաճակատՙ առաջապահ գիծՙ անդամագրվելով «Անկախության բանակին»ՙ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, ապաՙ «Տիգրան Մեծ» ջոկատինՙ բազմիցս փայլելով իր արիությամբ ու ռազմական տաղանդով, լրջությամբ ու հասունությամբ…

Նրա կյանքը ռազմաճակատում Վարդան Դեւրիկյանը (պատերազմի տարիներինՙ ռազմական թղթակից) անվանել է «շքեղ հրավառություն, որն արտահայտվեց ոչ միայն զենքով, այլեւ իր խոսքով եւ պահվածքով, որոնք նրա կյանքի վերջին ամիսներին անհոգնելի մի հորդմամբ հաջորդեցին մեկը մյուսին…»: «Նա չհամակերպվողներից էր» հոդվածում, Վ. Դեւրիկյանը գրում է. «Նրա պակասը այնքան զգացվեց Արցախյան պատերազմի մնացյալ տարիներին, բայց եւ առավել զգացվեց պատերազմից հետո, որովհետեւ պատերազմից հետո չհամակերպվողներից քչերը վերադարձան եւ, դժբախտաբար, նրանցից շատերն էլ համակերպվողներ դարձան»:

Ժամանակին, երբ չգիտեի Դավիթ Սարապյանի մասին, ծանոթ էի նրա մարտական ընկերներից մի քանիսին` բոլորն էլ «Տիգրան Մեծ» ջոկատից. հարցազրույց եմ վարել շտաբի պետ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի հետ, առիթներ են եղել զրուցելու զոհված մյուս զինակցիՙ Գուսանի` Արտակ Օհանյանի հետ… Ի՜նչ հրաշալի երիտասարդներ էին…

Մի անգամ, Դավիթ Սարապյանի հիշատակին նվիրված «Դեւը» ժողովածուն (2006, կազմողՙ Էվելինա Մելքումյան) տեսնելով սեղանիս, իմ ընկերներից Վարդան Նիկողոսյանը, ցավի ու հիացմունքի ինչպիսի՜ խոսքեր ասաց թե՛ Դավիթի, թե՛ Գուսանի մասին… Գուսանի հետ համեմատաբար ավելի էր շփվել Շահումյանում` Թոդանի բարձունքի կրակակետերը լռեցնելիս: Այնտեղ է տեսել Դավիթին, որին դրական առումով դիվային, այսինքն` վերմարդկային եզակի հատկանիշներ վերագրեց` ասելով` հայի այդպիսի տեսակի հազվադեպ ես հանդիպում, ընդգծելով թե՛ նրա առնականությունը, թե՛ նրբազգացությունը, թե՛ մյուս առաքինությունները: Հատկապես Դեւի կերպարը նրա համար դարձել է անմոռաց: Հավանաբար նման մարդկանց ենք անվանում «սրբազան խենթեր», առանց որոնց մեր կյանքն անգույն կլիներ, անհամ ու անհրապույր, գուցե եւ անբովանդակ…

Բարոյական պարտք էին կատարում նրանք… Ցնցող է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման պատմությունը… Եզակի ռիսկի դիմելովՙ Դավիթը մեն մենակ մոտեցել է իր պապենական տանը, որն ադրբեջանցի թուրքերը դարձրել էին շտաբ, ու պայթեցրելՙ փլատակներում թողնելով տասնյակ օմօն-ականների… Դավիթը մասնակցել է Շահումյանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական կռիվներին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Թոդան գյուղի համար մղվող մարտը նրա համար վերջինն էր…

Ինչպես վկայում են Դավիթին ճանաչողները, երբ ամեն անգամ փորձել են նրան համոզել, որ այլեւս մարտադաշտ չմեկնի, ասել է` եթե ապագայում իր երեխաներն իրեն հարցնեն, թե ինչո՞վ է զբաղված եղել ինքը Արցախյան ազատամարտի տարիներին, ի՞նչ կպատասխանի նրանց…

Դավիթն այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ նա անցել էր նաեւ Արցախյան ազատամարտի թերեւս ամենապայծառ աստղի` Լեոնիդ Ազգալդյանի դպրոցը… Լեոնիդն սկզբում նրանց ընտանիքի բարեկամն էր, ապա Դավիթի ընկերն ու ուսուցիչը, խորհրդատուն ու հրամանատարը…

Չգիտեմ` որքանով է ճիշտ, նոր-նոր առաջին դասարան ընդունված Դավիթին ուսուցչուհին հարցրել է, թե ի՞նչ հեքիաթ գիտե: Պատասխանել է. «Ուզո՞ւմ եք պատմեմ Բեռլինի գրավման պատմությունը»: Ժամանակին նման արտահայտություններին ուշադրություն չես դարձնում, չես արժեւորում: Բայց տարիներ անց, երբ մարդն արդեն հյուսել է իր կենսագրությունը` սերտաճելով պատմությանը, յուրաքանչյուր չնչին ու աննշան թվացող դետալ իմաստավորվում է ա՛յլ կերպ, ձեռք բերում խորհրդավոր կամ փիլիսոփայական իմաստ ու նշանակություն, մտորելու տեղիք տալիս: Դավիթը բացառություն չէ այդ շարքում:

Ես հատուկ վերաբերմունք ունեմ գաղափարական, բնապաշտ ու ստեղծագործող անձանց նկատմամբ: Դավիթն օժտված էր այդ հատկանիշներով: Գրել է կինոսցենար, պատմվածքներ եւ բանաստեղծություններ, համակարգչային խաղ է հորինել, նկարել է… Արվեստագետ էր` բառիս դասական իմաստով… Նրան է՛լ ավելի սիրեցի, որովհետեւ այդ առնական երիտասարդը ծաղիկ շատ է սիրել:

Ռուսական «Նովի միր» ամսագրի թղթակից Նիկոլայ Կալինկինը 1991-ի հունիսին գործուղվել է Արցախ` լուսաբանելու «թեժ կետում» տեղի ունեցող իրադարձությունները: Այդ մասին իր հոդվածում նա գրել է. «Ես այն ժամանակ աղոտ պատկերացումներ ունեի, թե ինչ է կատարվում Արցախում: Բայց Դավիթը կարողացավ շատ հստակ եւ համոզիչ կերպով ներկայացնել խնդրի էությունը: Իմ պատկերացմամբ` նա մարմնավորում էր հերոս մարտիկի հավաքական կերպարը, կերպար, որն անսահման հարգանք եւ հիացմունք է առաջացնում: Շփվելով Դավիթի հետ` հասկացա, որ, ի դեմս նրա, ձեռք եմ բերել խելացի, հետաքրքիր, արժեքավոր, իսկական ընկեր, որն ինձ համար դարձավ մտերիմ ու թանկ: Այդ պատճառով էլ նրա զոհվելու մասին լուրն ինձ ցնցեց»:

Դավիթ Սարապյանի գիտակցական կյանքը բավական կարճ էր, բայց իր ապրածով այն իմաստավորել է այնպես, որ իր զոհվելուց հետո էլ նա չի մահացել: Ավելին, մարդու այս տեսակը ֆիզիկական մահից հետո ապրում է մի երկրորդ` շատ ավելի ուսուցողական կյանքով, որը ոչ թե նրան է հարկավոր, այլ մեզ` ապրողներիս: Այդ առումով շատ ես ափսոսում նրա ապրած կարճ տարիների համար, որովհետեւ երկար ապրելու դեպքում ավելի շատ դասեր կտար մեզ…

***

«Պատերազմում կարելի է հաղթել առանց հանճարի, բայց առանց հերոսների` անհնար է». 20-րդ դարի մեր վերջին օծյալ Սպարապետիՙ Գարեգին Նժդեհի անմահ խոսքերից է: Դավիթի նման հերոսներն են միշտ կերտել մեր բոլոր հաղթանակները` իրենց կյանքի գնով. ողջերս պարտավոր ենք միշտ հիշել նրանց ու խոնարհվել այդ նվիրյալների սրբազան հիշատակի առաջ…

Հիմա` խաղաղության (Աստված սա խաղաղություն համարի) պայմաններում, առավել շատ ենք զգում նրանց կարիքը. մեզ օդի պես հարկավոր է մտավորականի այդ տեսակը, որովհետեւ այսօր հերոսի հատկապես այդ տեսակի բացակայությունից ենք տառապում ու տոչորվում: Մենք ազգային բազմաթիվ չլուծված հարցեր ունենք, առաքելություն ունենք, ճանապարհ ունենք անցնելու, իսկ առանց նրանց տեղ չենք հասնի: Ուստի Գարեգին Նժդեհի հանգույն ուզում եմ ասել` երբեք եւ ոչ մի տեղ առանց ազգային մտավորակա՛ն հերոսների…

ՏԵՍ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ
(1966–1991)

Добавить комментарий