ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ

DADIVANQ ԴԱԴԻՎԱՆՔ | ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ

DADIVANQ ԴԱԴԻՎԱՆՔ | ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ

Մենք չգիտենք, թե աշխարհի հզորները իրենց «խաղաղարարությամբ» երկրագնդի որ կետեր ինչ են հասցրել, բայց վերջին երեքհարյուրամյա մեր արյունոտ ու ողբերգական պատմությունը վկայում է, որ արտաքին ուժերի նման ամեն մի «հոգատարություն» մեզ դարձրել է հայրենազուրկ ու գաղթական: Եվ անշեղորեն շարունակվող այդ մարդակեր քաղաքականության մղձավանջային պայմաններում մեր ժողովուրդը աննախադեպ հերոսականությամբ ինչի էլ հասել է, հասել է միայն սեփական ուժերին ապավինելու շնորհիվ, հասել է միայն այն պահերին, երբ մեզ համար «քուն ու հանգիստ կորցրած քեռիները» պոչները քաշել են մեր երկրից: Վերջին 300 տարում մեր ժողովուրդը երեք վճռական ու ազգափրկիչ հաղթանակ է ունեցել՝ երեք դեպքերում էլ «բարի քեռիներից» խաբված, երեք դեպքերում էլ ապավինելով միայն ու միայն սեփական հնարավորություններին: Առաջինը Արցախ-Զանգեզուրյան Հերոսամարտն էր 18-րդ դարի 20-ական թթ., 2-րդը՝ Սարդարապատյան Մեծագործությունը, 3-րդը՝ Արցախյան Հերոսամարտը: Բավական է միայն մի հետադարձ հայացք՝ միայն սեփական ուժերին վստահելու ճշմարտացիությանը վերահասու լինելու համար:
Հերթականորեն վերջին հայակեր Գորբաչովի ուղարկած «խաղաղարար» ուժերը ի՞նչ դերակատարում իրականացրին Ադրբեջանում ու Ղարաբաղում: Նրանց աչքի առաջ, թերևս նաև խրախուսմամբ, թուրք ջարդարարները մտնում էին հայերի բնակարանները, ոչնչացնում բնակիչներին և անպատիժ հեռանում: Իսկ երբ մի Մելքումով փորձեց պատշպանվել մարդասպաններից, աշխարհով մեկ դատապարտեցին նրան: Ինչպե՞ս մոռանալ Սաֆոնովյան «խաղաղարարությունը», երբ պարետային ժամը խախտելու մեղադրանքով սեփական բակ դուրս եկած հային քարշ էին տալիս պարետատուն, իսկ քաղաքից մի քանի կիլոմետր հեռու գիշեր-ցերեկ կառուցումներ էին կատարում, որ մեսխեթ թուրքերին էլ խոթեն Ղարաբաղ: Այդքանն էլ բավարար չհամարելով՝ գորբաչովյան զորքերը, ծանր հրետանին գործի դնելով, ոչ միայն մեզ վերջնականապես զրկեցին մինչ այդ արդեն նվաճված ու աշխարհի առաջ Ադրբեջան դարձրած մեր հայրենիքից՝ Բաքվից ու Շամախուց, Շաքիից ու Գանձակից, այլև դեռևս կանգուն ու չնվաճված Արցախյան շրջաններից՝ Շամխորի ու Քարհատի, Գետաշենի ու Շահումյանի շրջաններից, հայաթափեցին Հադրութի շրջանի մեծ մասը, Լաչին վերանվանված Բերդաձորի հայկական գյուղերը: Այդ է հերթականորեն վերջին «խաղաղարար» ուժերի ծառայությունը հայ ժողովրդին:
Իսկ դա օրգանական շարունակությունն է մի քաղաքականության, որի սկիզբը դրել է Պետրոս Առաջինը: Անդրկովկասը ազատագրելու խոստումով ցարը ապստամբության մղեց հայերին ու վրացիներին: Հայ-վրացական միացյան զորքերը Գանձակում սպասում էին ազատարար ցարին, սակայն վերջինս առանց մի կրակոցի, առանց մի զինվոր զոհելու տեր է դառնում Դերբենդին ու վերադառնում՝ իրեն սպասողներին մատնելով հուսախաբության: Այդ դեռ բավական չէր, 1724թ. Պոլսի գաղտնի դաշնագրով ցարը Պարսկաստանին ենթակա Անդրկովկասը ճանաչում է թուրքական սեփականություն՝ Թուրքիայի առաջ Անդրկովկասը նվաճելու ճանապարհ բացելով: Ինչո՞ւ: Որովհետև ցարին հարկավոր չէր մի Անդրկովկաս, որի ժողովուրդներից մեկը՝ վրացիները, դեռևս ունեին պետականություն, իսկ մյուսը՝ հայերը, պայքարում էին՝ վերականգնելու իրենց կորցրած պետականությունը: Ցարիզմը և բոլոր նվաճողներն ընդհանրապես ունեն մի կետ նպատակ՝ տեր դառնալ գորշ ու անդեմ ստրուկների նորանոր զանգվածների՝ նվաճված երկրներում ուրանալով ազգի ու ազգային իրավունքի ամեն մի դրսևորում: Ցարիզմին մի ամբողջ հարյուրամյակ էր հարկավոր, որպեսզի Թուրքիայի ու Պարսկաստանի ձեռքով հայերին ու վրացիներին հասցնի անդունդի եզրին, որից հետո իջնի Անդրկովկաս ու «փրկի» նրանց:
1724թ. Պոլսի դաշնագրի զորությամբ Թուրքիան ռազմակալեց Անդրկովկասը: Մի հարվածով շարքից դուրս եկավ Վրաստանը, վրաց թագավորը փրկություն գտավ Աստրախանում: Պայմանագրի համաձայն` Թուրքիան նվաճեց մինչև Շամախի: Ամբողջ Անդրկովկասում միայն Արցախն ու Զանգեզուրն էին, որ ոչ միայն մնացին աննվաճ, այլև թուրք զավթիչներին արժանի ու հերոսական հակահարված էին տալիս: Նույնը կրկնվեց 200 տարի հետո` 1918թ., երբ թուրքերը իրենց նվաճումները հասցրել էին մինչև Բաքու: Բայց թուրք զավթիչները փորձության չենթարկվեցին՝ իրենց հայացքներն ուղղելու դեպի Չարդախլու, Քարհատ, Գետաշեն ու Գյուլիստան: Ահա թե ազերթուրքերի համար ինչ նվաճեցին գորբաչովյան «խաղաղարար» հրանոթները:
1918թ. վերջերին թուրքերին փոխարինեցին անգլիական օկուպացիոն ուժերը՝ գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, որը տոկոսով հանդերձ որդեգրեց թուրք զավթիչների քաղաքականությունը հայերի նկատմամբ: 1918թ. նոյեմբերի 20-ին անգլիական օկուպացիոն ուժերի հրամանատարությունը Ղարաբաղին օգնության գնացող Անդրանիկին հետ դարձրեց Շուշուց մի քանի կմ հեռավորությունից՝ ծանրագույն սպառնալիքների ու խաղաղության կոնֆերանսում Ղարաբաղի հարցը լուծելու խաբկանքով: Նույն Թոմսոնը երկու ամիս հետո` փետրվարի 3-ին, անգլիական սվիններով, անգլիական զենք ու զինամթերքով Սուլթանովին իջեցրեց Շուշի, և Շուշուց մինչև Գորիսի փեշերը վերածեցին մոխրակույտերի: Այս էլ անգլիական ավանդական «խաղաղարարությունը»: Այսօր էլ Թոմսոնի թոռներն են եկել, հոտոտում են իրենց պապերի ստեղծած մոխրակույտերը՝ տեսնելու համար, թե հայի ծի՞լ է դուրս եկել այդ մոխրակույտերի տակից, որ հերթականորեն ոչնչացնեն:
Թոմսոններին փոխարինեցին բոլշևիկները: Լենինը Արցախ-Ղարաբաղը նվիրեց ազերթուրքերին: Գաղութատիրության 600-ամյա պատմության մեջ չարձանագրված բարբարոսական մեթոդներով Ադրբեջանի մուսավաթաբոլշևիկյան վարչակարգը 70 տարի դիմել է բոլոր միջոցներին՝ «հայերի քոքը» իրենց նվիրված տարածքներից կտրելու համար: 70 տարի Արցախ-Ղարաբաղը ծանրածանր զոհողությունների գնով, հերոսական վճռականությամբ ու ազգային արժանապատվությամբ դիմագրավեց ազերթուրքական ոտնձգություններին ու մնաց աննվաճ: Միայն գորբաչովյան հրանոթների զորությամբ թուրքի ոտքը մտավ Չարդախլու, Գետաշեն ու Շահումյան:
Ահա թե ինչ ենք կորցրել մենք, ահա թե ինչպես են մեզ համար «քուն ու հանգիստ կորցրած խաղաղարար ուժերը» մեզ զրկել մեր Մեծ Հայրենիքից՝ Զեյթունից ու Սասունից մինչև Բաքու: Չգիտենք` ինչ խելքի տեր պիտի լինել՝ անտեսելու համար պատմության այս արյունոտ դասերը: «Խաղաղարար» ուժերի մուտքը Ղարաբաղ հավասար է Ղարաբաղի վերջնական կորստի, որից հետո սկսելու են այս մի ափ մնացած ու քարքարոտ Հայրենիքից մեզ զրկելու գործընթացը:
Մենք հույս ունենք, որ մեր իշխանությունները չեն գնա նման կործանարար «խաղաղարարության», մերժելով կմերժեն օտար ուժերի մուտքը Ղարաբաղ, չեն գնա մեր զավակների կյանքի գնով ձեռք բերածի ոչնչացմանը: Ավելին: Մեր իշխանությունները պարտավոր են պատմաքաղաքական այլ հարթություն տեղափոխել փոխադարձ զիջման հարցերը: Նրանք պարտավոր են երևույթներն իրենց անուններով կոչելու քաջությունն ունենալ: Արտաքին «խաղաղարար» ուժերը ազերթուրքերի համար հետևողականորեն զավթել են հայոց հազարամյակների հայրենիք Բաքուն ու Շամախին, Շաքին ու Գանձակը. աննվաճ, բայց գաղութային վիճակում էր մնացել մի Արցախ-Ղարաբաղ, նրա կեսն էլ գորբաչովյան հրանոթերով բռնազավթեցին: Մեր իշխանությունները պարտավոր են գոնե Արցախից բռնազավթված շրջանների վերադարձի հարցը հետապնդել և ոչ թե սակարկել Թոմսոնի ու Սուլթանովի ստեղծած մոխրակույտերի հարցի շուրջ:

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ , 2006 թ.
Նյութը տրամադրեց Անահիտ Հակոբջանյանը

Одна идея о “ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԲԵՐԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ

Добавить комментарий