ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN

           ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN
Բանասիրական գիտությունների դոկտոր
ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԻ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐ ՌՈՒՍԱ ՀԱՅԸ

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN

 Հայկյան տոհմի 6-րդ նահապետ Արամը, որին Մովսես Խորենացին ներկայացնում է որպես Ասորեստանի առասպելական թագավոր Նինոսի ավագ ժամանակակից[1], ճշտիվ համապատասխանում է մ.թ.ա. IX դարի առաջին կեսի աշշուրական արձանագրություններում հիշատակված Ուրարտուի թագավոր Արամու կամ Արամե ցեղապետին, որը իշխել է Հայկական լեռնաշխարհում ըստ Հայ ժողովրդի պատմության՝ 888-845 թվերին, իսկ ըստ Ն.Ադոնցի՝ 880-ից համարյա մինչև 843-840 թթ.[2]:

Նրան հաջորդեց Ուրարտուի Վանյան հարստության հիմնադիր Սարդուրի Ա-ը (կամ Սեդուրի) (845-825)[3], որի տոհմի 11 գահակալները, որպես Վանյան թագավորներ, իշխեցին հորից որդի մինչև մ.թ.ա. 590 (կամ 585) թվականը՝ Իշպուինի (825-810), Մենուա (810-786), Արգիշտի Ա (786-764), Սարդուրի Բ (685-645), Ռուսա Ա (735-713), Արգիշտի Բ (713-685), Ռուսա Բ (685-645), Սարդուրի Գ  (645-635): Սարդուրի Գ-ին հատկացվում է ընդամենը 10 տարի՝ 645-635, որից հետո Ուրարտուի գահը մնում է թափուր՝ մինչև Ռուսա Գ-ը (տպ. սխալ՝ Ռուսա Դ)[4]՝ 609-590 թթ.:

Ռուսա Գ-ի և նրա հայր կոչված Էրիմենայի գահակալման տարիների վերաբերյալ ուշագրավ է Ն. Ադոնցի հետևյալ եզրակացությունը. «Նույնպես ստույգ չգիտենք, թե Ռուսա III-ի հայր Էրիմենան թագավոր եղե՞լ է, թե ոչ: Ասորեստանցիները Մենուային և վերջին Ռուսային չեն ճանաչում այն պարզ պատճառով, որ Մենուան շատ հաջողակ հակառակորդ էր, և Ասորեստանի այնքան գոռոզ վեհապետներին ձեռնտու չէր հիշատակել նրա անունը (ես կավելացնեի նաև նրա արիության գործերը — Ա.Մ.), իսկ Ռուսա III-ը իշխում էր այն դարաշրջանում, երբ Աշշուրի պետությունն արդեն ավերակների էր վերածված: Մնացածի վերաբերյալ՝ երկու ցուցակները փոխադարձաբար միմյանց հաստատում են»[5]:

Նույնիսկ Բրիտանական թանգարանի ֆոնդապահ Գեդդի (Gadd) հրատարակած «Բաբելոնյան ժամանակագրության» մեջ, որտեղ Բաբելոնի տիրակալ Նաբոպալասարը հայտնում է Իզալայի լեռներից մինչև Ուրաշտու գավառի քաղաքը հասնելու մասին (նկատի ունի մայրաքաղաք Տուշպայի գրավումը), բայց Ուրարտուի որևէ գահակալի անուն կամ գոյություն նա չի հիշատակում, չնայած, որ Ուրարտուն համարվում է Ասորեստանի դաշնակիցը, բայց Ուրարտուի թագավորը չի հիշատակվում նաև մեդա-բաբելական միացյալ ուժերի աջակիցների թվում: Պատահական չէ, որ Ռուսա Գ-ի անունով որևէ փոքրիշատե նշանակալից դրվագ չի նշմարվել Ուրարտուի անկման շրջանի աշշուրական արձանագրություններում: Եվ չնայած սրան, հաշվի առնելով Ռուսա Էրիմենահինի (Էրիմենայի որդի) արքայի վերաբերյալ գոյություն ունեցող շուրջ 10 ուրարտերեն քանդակազարդ արձանագրությունները, այդ թվում Խալդի աստծուն Ռուսայի ընծայած 6 բրոնզե վահանների բեկորները[6], ուրարտագետները ստիպված եղան այդ մեծարված Ռուսային զետեղել Ուրարտական արքայացանկի վերջնամասում՝ որպես Ուրարտուի անկման շրջանի 11-րդ գահակալ, բայց պարզվում է, որ դա թյուրիմացություն է:

Մի անգամ ևս անդրադառնանք ուրարտական թագավորների ժամանակագրությանը: Ինչպես տեսանք, Արգիշտի Բ-ը թագավորել է 713-685 թվերին, Ռուսա Բ-ը՝ 684-645, իսկ Սարդուրի Գ-ը՝ 645-635 թվերին: Ավելի ուշ հայտնաբերված բրոնզե վահանի արձանագրության և գլանաձև կնիքի դրոշմվածքի հիման վրա ցուցակում ավելացվել է նաև Սարդուրի Դ՝ որդի Սարդուրի Գ-ի (620-ական թվեր)[7]:

Ռուսա Բ-ի որդին է Սարդուրի Գ (645-635), որին Աշշուրի թագավոր Ասուրբանիպալը իր տարեգրության մեջ անվանում է Իշտարդուրի: Ասուրբանիպալը թագավորել է 668-633 թվերին, այսինքն ժամանակակից էր Ռուսա Բ-ին և նրա որդուն: Իսկ Ուրարտուի անկման շրջանում ունենք Ռուսա Գ, որի անունը և հայրանունը՝ Էրիմենա, դրոշմված են Թոփրակ-Կալեում հայտնաբերված 6 բրոնզե քանդակազարդ վահանների վրա՝ ընծայված Խալդի աստծուն:

Գերմանացի նշանավոր հետազոտող, ուրարտական արձանագրությունների հայտնաբերող և վերծանող Լեհման-Հաուպտը Ռուսայի հորը՝ Erimenas կոչված թագավորին տալիս է 625-605 թթ.՝ Սարդուրի Գ-ի և Ռուսա Գ-ի միջև: Սակայն Ն.Ադոնցը, հակառակ Լեհման-Հաուպտի, Ռուսայի հայր Էրիմենային գահակալության ոչ մի տարի չի հատկացնում հետևյալ պատճառաբանությամբ. «Եթե մենք Էրիմենային առայժմ մի կողմ թողնենք, մինչև որ ապացույց ստացվի այն մասին, թե նա իշխել է կամ, գուցե, նույնանում է Սարդուրիի հետ, ապա պետք է Ռուսա Էրիմենահինիին ընդունենք որպես Սարդուրիի հաջորդը: Այստեղից հետևում է, որ Սարդուրին իշխել է 646-610 թթ., իսկ Ռուսան՝ 609 թվականից մինչև Ուրարտուի կայսրության վերջը՝ 585 թվականի դեպքերի հորձանքում նրա անհետանալը»[8]:

Սակայն այն, որ պատմաբանի սուր աչքը չի հայտնաբերել Ուրարտուի վերջին թագավոր Ռուսա Գ-ի վերաբերյալ որևէ հետք աշշուրական արձանագրություններում, ըստ իս, միայն մեկ բացատրություն ունի և դա այն է, որ այս Ռուսան իրականում չի պատկանում Ուրարտուի անկման շրջանին: Վեց բրոնզե վահանների բեկորներ, բրոնզե քանդակ, որ պատկերում է «ծունկի բերած ցուլ և վարդակներ», որոնց վրա մակագրված է Rusa Erimenahini անունը[9], խոսուն վկաներն են Ռուսա արքայի մարտնչող ու անվեհեր կերպարի և ամենևին արդարացի չէ նրան մասնակից դարձնել Ուրարտուի անկմանը: Նրա պատվո պատվանդանը Ուրարտուի հզորության բարձունքին է, որը ինքն է կերտել համաձայն արձանագրության խոսքի՝ առնացի և շինարար (arniú šinili) գործերով[10]: Ուստի ես այս Ռուսային իր Էրիմենահինի հայրանունով փոխադրում եմ մ.թ.ա. VII դարի սկիզբը և նույնացնում Ռուսա Բ-ի հետ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է հաշտեցնել Ռուսա Բ-ի և Ռուսա Գ-ի երկու տարբեր հայրանունները՝ Արգիշտի Բ և Էրիմենա, — հարց, որ այս կռահման ամենադժվարին գլուխկոտրուկն է:

Ասորեստանի ամենավրեժխնդիր և գոռոզ վեհապետներից Ասարհադդոնը, որը ամենաանհաշտ վերաբերմունքն ուներ Ուրարտուի և նրա արքաների հանդեպ, իր աղոթքներում՝ ուղղված արևի Շամաշ աստծուն, որ հրատարակել է Կնուդտզոնը, Ուրարտուի թագավոր Ռուսայի մասին հայտնում է, թե նրա Պա երկրի մարդիկ այս Ռուսային «Իա-իա» (այսինքն՝ հայ) են անվանում: Այս հայ անվանումը ես ցույց եմ տվել մ.թ.ա.III հազարամյակի կեսերի Էբլայի արձանագրություններում[11], որտեղ այն գործածված է Ha-ia և Ha-ya (սեպագրում՝ Ha-a) ձևով: Նշանակում է հայ անունը նախորդ երկու հազարամյակում գրեթե փոփոխություն չի կրել:

Բանասերները հարկ եղած ուշադրության չեն արժանացրել Աշշուրի թագավորի այս կարևոր վկայությունը: Խոսքը վերաբերում է Արգիշտի Բ-ի որդուն՝ Ռուսա Բ-ին: Մինչդեռ Ասարհադդոնի սույն վկայությունը հույժ կարևոր կռվան է ծառայում վերջապես բացահայտելու, թե ով է ուրարտական 6 վահանների բեկորներին հիշատակված Էրիմենան, որին գրեթե բոլոր ուրարտագետները Ռուսա Գ-ի հայր և առանձին թագավոր են ճանաչել:

Այստեղ, ինչպես տեսնում ենք, իրար են հանդիպում մի Ռուսա թագավոր, որին իր երկրի մարդիկ հայ են կոչում և մի ուրիշ Ռուսա թագավոր, որը քանդակազարդ վահանների բեկորների վրա կոչված է Էրիմենայի որդի: Քանի որ Էրիմենա անունով որևէ թագավոր ուրարտական և աշշուրական արձանագրություններում չի վկայված, այս պատճառով տասնամյակներ առաջ ռուս ուրարտագետ Ի. Ի. Մեշչանինովը՝ Նիկողայոս Մառի նշանավոր աշակերտներից, Rusa Erimenahini մեկնաբանեց ոչ թե իբրև հայրանուն, այլ իբրև ցեղանուն՝ հայ կամ հայորդի — «Руса армянин»[12]: Չնայած Մեշչանինովի տեսակետը պաշտպանեցին եվրոպական լեզվաբանության և վաղնջահայերենի խոշոր հետազոտող Գ.Ջահուկյանը, ականավոր պատմաբաններ Ս. Տ. Երեմյանը և Գ. Տիրացյանը, սակայն այս կարծիքի դեմ դուրս եկավ Ի. Մ. Դյակոնովը և 1950-60-ական թվերի իր մի շարք հրապարակումներում բազմիցս կտրականապես մերժեց նման մեկնաբանումը և համարեց այն հակագիտական՝ որևէ պատկերացում չունենալով (կամ դիտմամբ լռության տալով) դեռևս 1893 թվականին Յորգեն Կնուդտզոնի բացահայտած «Ռուսա Հայ» ուրարտական թագավորի մասին: Ցավոք, Դյակոնովի ժխտական կարծիքի եռանդուն պաշտպանն էր մինչև վերջերս երախտավոր ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանը: Այսպիսով Դյակոնովի և նրա հետևորդների ջանքերով միանգամայն անտեղի ի չիք դարձավ Մեշչանինովի ճշգրիտ մեկնաբանումը:

Երկու տարի առաջ, 2015 թվականին, կողք կողքի դնելով այս երկու հաղորդումները, ես բացահայտեցի մինչև այժմ չնկատված այն զարմանալի իրողությունը, որ հանձին Էրիմենայի որդի Ռուսայի, մեր առջև կանգնում է Ասարհադդոնի ժամանակակից Ռուսա Հայը և ուրարտական նախշազարդ վահանների վրա վկայված նույն Ռուսա հայորդի (այն է՝ Էրիմենահինի) թագավորը: Այսպիսով, Ռուսա Բ արքայի միջոցով Հին արևելքի արձանագրությունները վավերագիր կնիքով ժառանգություն են թողել հայ ժողովրդին, ինչպես նրա հայ ինքնանունը, այնպես էլ Արամե ցեղապետից ավանդված արմեն ցեղանունը:

Այստեղից բացահայտվում է, որ Էրիմենա (= հայ) տարադարձումը պետք է նույնիմաստ համարել Մենուայի և Արգիշտի Ա-ի արձանագրություններում հիշատակված armeni ցեղանվան հետ, որը դիտավորյալ ընթերցվում է Urmeni, և դրանով աշխատում են կոծկել հայ ցեղի առկայությունը Հայկական լեռնաշխարհում մինչև մ.թ.ա. VI դարը: Մինչդեռ բաբելոնյան և աքքադերեն ավելի հին արձանագրություններում ամենուրեք առկա է միայն Armi, Armani, Armanum ընթերցվածը:

Ունենք նաև աշխարհագրական այլ տվյալներ, որոնք նույնքան անհերքելի հաստատում են երկու տարբեր Ռուսա թագավորների նույնությունը. այդ փաստարկներին կանդրադառնանք այլ առիթով:

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN
[1] Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913, Գիրք Ա, գլուխ ԺԳ, էջ 43. «Այս Արամ, սակաւուք ամօք յառաջ քան զտիրելն Նինոսի Ասորեստանեայց և Նինուէի, նեղեալ յազգացն որ շուրջ զիւրեաւ՝ ժողովէ զբազմութիւն ընտանի արանց քաջաց և աղեղնաւորաց, և որք ի տէգ նիզակի կամակարողք, նորատիք և հարուստք յոյժ և յաջողաձեռնութիւն իսկ, և երեսաւորք ի սիրտ և ի պատրաստութիւն պատերազմի, իբր թէ բիւրս հինգ»:

[2] Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան, 1972, էջ 186, 195:

[3] Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ 288:

[4] Հայ ժողովրդի պատմություն, հ. 1 (Ժամանակագրություն), էջ 921:

[5] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 183-184:

[6] Ինչպես և՝ «Ծնկաչոք ցուլ և վարդաձև զարդեր բրոնզից, որոնք Rusa Erimenahini անունն են կրում իրենց վրա» — Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 182:

[7] Н. В. Арутюнян. Корпус урартских клинообразных надписей, Ереван, 2001, с. 489; его же: Биайнили, Ереван, 1970, с. 331.

[8] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 195:

[9] Հայերեն թարգմանությունն  ուղղում եմ ըստ Ն. Ադոնցի ֆրանսերեն տեքստի  —  N. Adontz. Histoire d’Arménie : les origines, du xe siècle au vie siècle av. J.-C., préface de René Grousset, Paris,  1946, p. 180.

[10] Н. В. Арутюнян, Корпус урартских клинообразных надписей, № 414, տող 9:

[11] Ա. Մուշեղյան, Մովսես Խորենացու դարը, Երևան, 2007, էջ 152:

[12] И. И. Мещанинов. К анализу имени Эримена. «Язык и мышление», I, Ленинград, 1933, сс. 37-42.

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN

Одна идея о “ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ ALBERT MUSHEGHYAN

  1. Սուրիկ

    Հայկյան Արամը /Մ. Խորենացի/՝ արմավիրցի զորավար Արամեն լինել Չէր կարող /Մ.ԿԱՏՎԱՅԼԱՆ/ , և, իսկապես, Արամեն՝ Հայկյան Արամը չէ:Որքան էլ մեր հարգարժան պատմաբանները ՃԳՆԵՆ նույնացնել տարբեր դարաշրջաններում ապրող առաջնորդներին, բայց Չպետք է անտեսել Խորենացու ժամանակագրությունը.
    Աբրահամ, Նինոս և Արամ…
    Եթե ընդունեք, թե ճիշտ է հարգարժան պատմաբանը, ապա ստացվում է, որ Աբրահամն ու Նինոս — Շամշի-Աադ Ա , որոնք հանդիսանում էին մ,թ.ա. 19 րդ 18-րդ րդ դարի գործիչներ, նրանց դարաշրջանն էլ պետքէ կրճատել 970 տարով, և նրանց ևս պետք է դարձնել մթա 9-րդ դարի առաջնորդներ…
    Այդպես ո՞նց կլինի, երբ Գրիգորյան օրացույցով Աբրահամը մ.թ.ա. 1812 թվ ծննունդ էր, ասել կուզի, Խորենացու Հայկյան Արամը՝ մ.թ.ա. 19 և 18-րդ դարերի գործիչ էր: Խորենացիական ընթերցումների ժամանակ, անգամ Գ.Սարգսյանը իր զեկուցման մեջ նշել է, որ Արա Գեղեցիկի և Շամիրամի /Ա/ և Արգիշտի Ա ևՇամիրամ Գ միջև տարբերությունը կազմում է 970 տարի, բայց միևնույնն է՝ ուր նայես, տեղի — անտեղիՙ Հայքի միասնական պետականության հիմնադիր — թագավոր Հայկյան Արամին, որը մ.թ.ա. 19-18-րդ դարի պետական-քաղաքական գործիչ էր, նույնացնում ենՙ Հայկյան Արամից ՄՈՏ ԻՆՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ իր երկրորդ հզորացումը ապրող Ասորեստանի արքաներից պարտություն կրած Արամե զորավարի հետ, որի. իրականում, չի եղել նոր պետականության՝ Բիհայնիլինի հիմնադիրը, ԲիՀայնիլի-Տուշպայի ՀԻՄՆԱԴԻՐԸ Սեդրակ — Սարդուրի Ա էր, իսկ ԲիՀայնիլին որպես միասնական պետականությունը, դարձել է միայն Սարդուրի Բ -ի օրոք …կներեք…

Добавить комментарий