ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱՂԵՐ

ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱՂԵՐ

Չարմահալ գավառի հայ ընտանիքներում կամ խմբակներում չարմահալցիները խաղում էին նարդի, խաղաքարտերի զանազան տեսակի խաղեր, տող տամա (վերջին երկուսը խաղում էին փոքրիկ քարերով կամ փայտիկներով, գետնի վրա գծված գծիկներով)։ Բացի այդ, կային նաև մի շարք խմբակային խաղեր, որոնք խաղում էին երիտասարդները և երեխաները։ Նրանցից նշենք մի քանիսը։

ՔՈԼՔՈԼԱԲԱԴ (ԳԼԽԱՐԿ ՓԱԽՑՆԵԼ)

Այս խաղի ժամանակ սկզբում խաղացողները բաժանվում էին երկու խմբի ու ֆառ (վիճակ) գցում։ Ֆառը որ կողմին ընկավ, նրանք պիտի պառկեին ձեռքերի ու ծնկների վրա և աշխատեին ոտքի մի ծայրով խփել հակառակորդին, որը փորձում էր իր գլխարկը փախցնել։ Եթե հակառակորդներից մեկին խփեցին, նրանց խումբը համարվում էր հաղթված, և այդ խմբի անդամներն էին պառկում, սպասելով մյուս կողմի գլխարկ փախցնողներին և այսպես շարունակ։

ԼԱԽՏԻ

Այս խաղը դեռ հնուց լայն տարածում էր գտել Հայաստանի համարյա բոլոր գավառներում և շրջաններում և Բասենի հայերը բռնագաղթից հետո իրենց հետ տարել էին Չարմահալ և այն մինչև մեզ է հասել անփոփոխ կարգով, նշենք, որ Հայաստանի տարբեր վայրերում այս խաղը տարբեր ձևով է անվանում, օրինակ` Զանգեզուրում այս խաղին անվանում են «ջլախտի»։ Այս խաղի նկարագրության կարիք չկա, քանի ոը մեզանից յուրաքանչյուրն իր ժամանակին դպրոցի կամ շենքի բակում իր հասակակիցների հետ հաճախ է խաղացել այս խաղը։

ԱԹՈՒՐՄԱ

Այս խաղը հայկական բոլոր գավառներում դարերի ընթացքում ո’չ իր անունն է փոխել, ո’չ էլ կանոնները և այսօր էլ հիշվում է նույն ձևով` «աթուրմա»։ Այս խաղի մասնակիցների թիվը անորոշ է, կարող են խաղալ անսահմանափակ քանակի մարդիկ, նույնիսկ երկու հոգի և ավելի, մինչև տասը-քսան մարդ։ Խաղացողները ֆառ են գցում, վիճակը ում վրա ընկնի, նա պարտավոր է ձեռքերը իր ծնկների վրա հենած կռացած վիճակում մնա, իսկ մյուսները թռչում են նրա վրայով, ընդ որում` թռչելիս նրա մեջքին կամ հետույքին թեթև խփելով։ Ամեն մի շրջան վերջանալուց հետո կռացածը մի քիչ հեռանում է իր նախկին տեղից, մինչև բավականին դժվարանում է հեռվից թռչելը։ Խաղացողներից նա, ով չի կարողանում մի ոստյունով թռչել, պիտի արդեն ինքը կռանա նախկին կռացածի փոխարեն, որ մյուսները թռչեն իր վրայով։ Եվ այսպես խաղը շարունակվում է կրկին, շարունակվում այնքան ժամանակ մինչև խաղացողները կա’մ հոգնում են, կա’մ ձանձրանում։

 

ՆՈՒՐԻ-ՆՈՒՐԻՆ

ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱՂԵՐ / ՆՈՒՐԻ-ՆՈՒՐԻՆ / NURI-NURIN / НУРИ-НУРИН / ՆՈՒՐԻ NURI НУРИ

ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱՂԵՐ / ՆՈՒՐԻ-ՆՈՒՐԻՆ / NURI-NURIN / НУРИ-НУРИН / ՆՈՒՐԻ NURI НУРИ

Երաշտ տարիներին, երբ Չարմահալ գավառի տարածքում երկար ժամանակ անձրևներ չեն տեղում և գյուղացին կարիք ուներ անձրևի, գյուղի երեխաները հավաքվում էին, խումբ կազմում և մի ցախավել վերցնում, ցախավելից քիչ ցած — կոթին երկար ձողիկ ամրացնում որպես բազուկներ։ Այնուհետև շոր հագցնում տիկնիկի նման , գլխին լաչակ կապում, անունը դնում Նուրի։ Որից հետո մանուկներից երկուսը բռնում էին Նուրի — Նուրինի թևերից և շրջագայելով դռնեդուռ ասում.

Նուրի — Նուրին եկել է,
Աչբա Նուրին եկել է,
Շալե շապիկ հագել է,
Քոլքե գոտի կապել է,
Եղ բերեք պոռտին քսեք,
Ալյուր բերեք գլխին ցանենք,
Մեր Նուրինի փայը տվեք,
Ուտենք, խմենք, քեֆ անենք։

Տնեցիները ջուր էին լցնում Նուրինի գլխին, մի փոքր ալյուր, մի ձու կամ յուղ տալիս երեխաներին։ Վերջիններս շրջագայությունը ավարտելուց հետո իրենց հավաքածը կերակուր էին պատրաստում և ուտում։ Երևի Աստված տեսնելով երեխաների այս արարքը, խղճում էր ու անձրև ուղարկում իրենց արտերին։ Բացի վերոհիշյալ խաղերից, Չարմահալ գավառի հայության մեջ կային և այլ բազմապիսի խաղեր, որոնցից կարելի է հիշատակել հետևյալները. «Սանլար-Սանլար», «Լոշտակ», «Տեր Օվանես»։

Չարմահալի հայերը․ պատմա-ժողովրդագրական երկ
ՎԱՐԴԱՆ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ / ԲՌՆԱԳԱՂԹ

ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՎԱՌԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱՂԵՐ

FAMOUS GAMES IN CHARMAHAL PROVINCE

Добавить комментарий