ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ «ՏԽՈՒՐ ՐՈՊԵ»

 ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ «ՏԽՈՒՐ ՐՈՊԵ»

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ «ՏԽՈՒՐ ՐՈՊԵ» Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ «ՏԽՈՒՐ ՐՈՊԵ» Ruben Sevak Рубен Севак

Շաբաթ գիշեր է, ու կգրեմ։
Չեմ գիտեր ինչո՛ւ, տխուր եմ այս գիշեր։
Մարդ որչա՛փ ալ ճգնի մոռնալ իր ցավերը, որչա՛փ ալ երջանկությունը սիրե, որչա՛փ ալ չ՚անդրադառնա կյանքին դառնություններուն վրա, դարձյա՛լ սրտին մեջ կա՛ անկյուն մը, որ երբեմն կցավի, կմթագնի ու կ՚արտասվե։ Ինչո՞ւ, ո՜վ գիտե։
Զարմանալի չէ՞ մարդուս սիրտը։
Շղթայազերծ փոթորիկները անզոր են երբեմն տապալելու ծառ մը։ Փոքրի՛կ, աննշա՛ն, աննշմա՜ր որդ մը կսպրդի ծառին երակներուն մեջ ու երեկվան կաղնին այսօրվա կմախքը կ՚ըլլա։
Այսպե՛ս ալ սիրտը։ Տեգի հարվածներ կան, որոնք հազի՜վ թե կզգաս․ անկարևոր բաներ կան, որոնք հոգիդ կճմլեն։
Շարժո՜ւմ մը, խո՜սք մը, նայվա՜ծք մը, բա՜ռ մը թերևս․ ու սիրտը կխոցվի արդեն։
Ո՜վ տանջող գործիք, ո՜վ կյանքին հուսահատությունը, ո՜վ թունալի ծաղիկ․ սիրտ։
Ու կխորհիմ այն խեղճերուն վրա, որոնք կտառապին՝ զգալ գիտնալնուն համար։
Քանինե՜ր, որոնք նայվածքե մը կ՚իյնան շանթահար․ քանինե՜ր, որոնք բառե մը կխոցվին նետահար․ քանինե՜ր, որոնք համբույրե մը կթունավորվին թշվա՜ռ։
Ու կխորհիմ անոնց վրա, որոնք մեռան՝ սիրտ ունենալնուն համար։
Անհասկնալի՜, անիմանալի՜ խորհուրդ, անքակտելի թշվառությա՜ն հանգույց, արցունքներու պաշտելի՜ աղբյուր․ սիրտ։
Որքա՜ն անուշ է, երբ կծաղկի սիրտը. երջանկությունը որքան վա՜ռ է իր պատերուն մեջ․ որքա՜ն քաղցրիկ իր մրմունջը։
Ահավասիկ փոքր անկյունե մը, ստվերոտ անծանոթ անկյունե մը վշտին սև ծաղիկը իր կմախքը կցցե։ Հրճվանքին ցոլքերը կխամրին․ խնդության երգը կմեռնի․ ու ցա՛վն է, խորո՛ւնկ, հուսահատական, անհասկնալի՛, որ կլայննա՜, կլայննա՜ սրտիդ մեջ, աշնանային տխրամած մշուշներուն պես։
Ու չես գիտեր, թե ի՛նչ բան կտառապեցնե քեզ․ չես գիտեր, թե ի՛նչ բան կգալարվի ջիղերուդ մեջ, չես կրնար ըմբռնել այն անհունապես փոքրերը, որոնք սիրտդ կկրծեն, գիտես միայն, թե ծովերուն չափ լա՜յն պարապ մը կա կուրծքիդ տակ, թե հոգիդ լքել կ՚ուզե մարմինդ, թե աչքերդ ալ լա՜լ կ՚ուզեն։ Ու գիտես, թե շատ ծա՜նր է այս կյանքը՝ ապրելու համար…
Ո՜վ դառնությանց մայրը․ ո՜վ անիմաստ գործիք, ո՜վ խորհրդալի մսի կույտ․ սիրտ։
Ու դուն, ո՜վ իմ խեղճ սիրտս․․․

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ «ՏԽՈՒՐ ՐՈՊԵ», 1906, Հոկտեմբեր 6

Տես՝ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — RUBEN SEVAK

Տես՝ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ (Ռուբեն Սևակ)

Տես՝ ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է…

Տես՝ Ռուբեն Սևակ

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ․ Երկեր, Կազմեց և ծանոթագրեց Ալեքսանդր Թոփչյանը։
Առաջաբանը՝ Ստեփան Թոփչյանի․ 1985թ․ — RUBEN SEVAK — РУБЕН СЕВАК

Добавить комментарий