ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ ARMENIAN GENOCIDE

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ ARMENIAN GENOCIDE / ցեղասպանություն

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ ARMENIAN GENOCIDE / ցեղասպանություն

Հային խաչ հանեցին և նրա կայք ու գույքի համար, ինչպես Քրիստոսի պատմուճանի, իրար մեջ վիճակի գցեցին…
Զիլե… մանկության քաղաք, երջանկության քաղաք, անապակ հրաշք բնության քաղաք… քաղաք ներկված հայի արյունով, մանկան դառը արցունքներով, տառապանքով… կարոտի քաղաք…
4000 տուն հայ կար այստեղ: Այդ շեն տներից մեկն էր Նիկողոսի տունը: Երջանիկ ընտանիք էր Նիկողոս և Աննա զույգի տունը, երջանիկ էին իրենց աշխատանքով, երեխանեով` Հակոբջան, Մանուել, Եղսան, Արշալույս…
Մի պայծառ առավոտ էր, երբ եկավ բոթը… բոլոր «հասուն տղամարդկանց» պիտի տանեին պատերազմ…
Ի՞նչ էր պատերազմը: Ինչո՞ւ և ո՞ւր գնացին հայրն ու մեծ եղբայրը` Հակոբջանը, անհասկանալի էր 6-ամյա Եղսանին…
Անհասկանալի էր և այն, թե ինչու օրերից մի օր իրենց բոլորին հավաքեցին Ս. Հակոբ եկեղեցու մոտ, առանձնացրին երեխաներին ու ծնողներին… և ո՞ւր տարան մորը` Աննային, ինչո՞ւ մայրը, փոքր քրոջը` Արշալույսին, որ չտեսնված գեղեցկուհի էր, մինչ այդ պահեց անկողնում…
Տարիներ հետո միայն հասկացավ և ամեն անգամ մեծ կսկիծով ու հուզմունքով պատմում էր իր անցյալը թոռներին, որոնք նույնպես երևի թե մինչև վերջ չէին հասկանում իրենց տատի ողջ տառապանքը, բայց պատմությունը չէին մոռանում… այս պատմությունը սերնդեսերունդ պահվել է և հասել է ինձ…
Եվ այսպես Եղսանը` մայրիկիս տատը, որին հիշելիս ասում էին «նա սուրբ կին էր, նրա բարությունը սահման չուներ», եղեռնից մազապուրծ եղած հայերից էր…
… Երբ Աննային և երեխաներին առանձնացնում են, 6-ամյա Եղսանին և 10-ամյա Մանուելին ծառայության է վերցնում մի թուրք ընտանիք:
6-ամյա փոքրիկը պիտի հետևեր այդ ընտանիքի նորածնին, օրորեր նրան, իսկ Մանուելը` ջուր կրեր և այլ զանազան գործերով զբաղվեր:
Անցնում են օրեր, շաբաթներ… բայց կարոտը խեղդում էր քիչ թե շատ արդեն հասուն Մանուելին… և մի օր նա կարգադրում է քրոջը մնալ, կատարել նաև իր «պարտականությունը», իսկ ինքը կգնա ընկերոջ` Ասատուրի մոտ, և նրանք երկուսով կփնտրեն իրենց մայրերին, այնուհետև կվերադառնա և քրոջ հետ կհեռանան այս արյունոտ քաղաքից… Եղսանը համաձայնում է, կարոտով և հույսով սպասում… կարոտով և հույսով… սակայն եղբորից ևս ոչ մի լուր…
Այնուհետև ամերիկյան որբանոց է բացվում, և Եղսանին տանում են որբանոց: Այստեղից հայ մեծահարուստները որդեգրում էին հայ որբուկներին… Բախտը ժպտում է Եղսանին: Նրան որդեգրում են Վռամ և Սիրարփի ամուսնական զույգը:
Եղսանը, սակայն, կարոտով սպասում էր իր մորը և եղբորը…
Այսպես անցնում են երկար ու ձիգ տասը տարիներ… Գեղեցկուհի էր Եղսանը նրան ամերիկյան որբանոցում վերանվանել էին Եղիսաբեթ… Վռամը և Սիրարփին իրենց գեղեցկուհի հոգեզավակին որոշում են ամուսնացնել իրենց հեռավոր բարեկամի` Ահարոն Մուրադյանի` բարետես և գեղեցիկ երիտասարդի հետ:
Նորապսակները հաստատվում են Հունատանում: Սակայն հայրենիքի կարոտը դրդում է նրանց, որ 1924թ. հայրենադարձվեն, և շատ դժվարությունների միջով անցնելուց հետո վերջապես հաստատվում են Երևանում…
Տարիներ էին անցել, բայց մանկական հիշողությունը, հույսը և կարոտը չէին լքել Եղիսաբեթին: Փնտրում էր եղբորը և մորը, սպասում նրանց… քանի՜-քանի՜ հայտարարություններ` «Հայրենիքի ձայն» թերթում տրված, այդպես էլ մնացին անպատասխան…
Շարունակվում էր կյանքը, առօրյան…
… Փչացել էր նավթավառը: Այն պետք է վերանորոգվեր: Ոչ հեռու մի արհեստանոց կար: Եղիսաբեթը գնում է արհեստանոց, հանձնում նավթավառը երիտասարդին… որքա՜ն ծանոթ էր նրա դեմքը, ինչո՞ւ հանկարծ հիշեց Զիլե քաղաքը…
«Ես նայեցի անոր, նա նայեց ինձ, և մեր հայացքները գրկեցին իրար»:
Շփոթված երիտասարդը հանկարծ լացակումած ասում է. «Եղսան, դո՞ւն ես` Մանուելի քույրը» և փարվում նրան կարոտով:
Մանուել… մի՞թե նա կգտնի եղբորը…
Պարզվեց, որ երիտասարդը Ասատուրն էր` Մանուելի ընկերը, որը հրաժարվել էր Մանուելի խելահեղ մտքից` այդ խառնիճաղանջ օրերում փնտրել իրենց մայրերին, ինչին ի պատասխան ստացել էր. «Դուն վատ որդի ես, դուն չես սիրեր քո մորը: Իսկ ես կերթամ, ես կգտնեմ անոր: Բարյա׳վ մնաս»:
Հետո ոչ ոք էլ չէր տեսել Մանուելին, ոչ էլ լուր ուներ նրանից…
Ասատուրը այդ օրվանից Եղիսաբեթի համար իր կորցրած եղբայրն էր, որին այդքա՜ ն ժամանակ սպասում էր ու կարոտում…
Տատիկս միշտ կարոտով էր հիշում իր մանկությունը, Զիլեի իր ծանոթներին, որբանոցի ընկերուհիներին, և միշտ երջանկության ժպիտով և անասելի թախիծով էր պատվում նրա դեմքը…
… Մի օր էլ, երբ պիտի հաց առներ, հերթի վերջին մարդը Փարինազն էր` որբանոցի իր ամենամոտ ընկերուհին:
Եղեռնից մազապուրծ եղած որբուկները գրկախառնվեցին, և երջանկության արցունքները հորդեցին տառապանքներից այնքա՜ ն թախծոտ դարձած նրանց աչքերից…
Զուգադիպություններ են` կասեք: Ոչ, ես կասեի, որ սա մի փոքր պարգև էր հույսով և կարոտով լցված այս «հայ որբուկին», որին կյանքը շատ տառապանքներ էր տվել…
Նա մահացավ 85 տարեկանում` սրտում անթեղած հույսն ու անափ կարոտը` մորը և եղբորը գտնելու…
Այսօր շատ երկրներ չեն ընդունում հայոց եղեռնի փաստը, Թուրքիան նույնպես… Դա նրանց գործն է…

Նյութը տրամադրեց Տաթևիկ Գրիգորյանը

9 идей о “ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ

Добавить комментарий