ՋԱՎԱԽՔԻ ՈՐԴԻՆ

Ջավախք

ՋԱՎԱԽՔԻ ՈՐԴԻՆ / Ջավախք

Հասմիկ Գուլակյանի  հարցազրույցը «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտ. թեկնածու Վահագն Սարգսյանի և «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտ. թեկնածու Վահե Սարգսյանի հետ

1987 թվականին, երբ արդեն ստորագրահավաք էր սկսվել ԼՂԻՄ-ը Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու պահանջ-խնդրանքով, բոլորս մի տեսակ արցախցի էինք դարձել: Իսկ 1988-ից հայության հավաքական սիրտն Արցախում էր տրոփում.. Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ գրեցի հայրենիքի «անատոմիայի» մասին` նշելով, որ սրտիդ զարկերն զգում ես հատկապես հայրենիքի առավել ցավոտ կետերում… Պատմությունը սա վաղուց է հավաստել… Հայաստան աշխարհում որտե՛ղ ասես` չենք զգացել մեր սրտի զարկերը… Ավելին, հետո արդեն ապրում ես այդ հատվածի ճակատագրով…
1987-ից մի քանի տարի առաջ, երբ վերապատրաստման էի մեկնել Մոսկվա, Լոռու պատկանելության հարցում անակնկալի եկած`ակամա ներգրավվեցի մի բանավեճի մեջ: Վրացիներն էին սկսել իմ հայ գործընկերների հետ և այն էլ` չափազանց ագրեսիվ: Ոչ մեկը լավ չգիտեր պատմությունը, ես` նույնպես: Խորհուրդ տվեցի մանրակրկիտ ծանոթանալ պատմության այդ շրջանի իրադարձութույններին հետո շարունակել վեճը: Այդ օրերին համապատասխան գրականություն ինքս էլ չգտա: Նախ երկար-բարակ փնտրտուքի ժամանակ չկար, երկրորդ` թեման արգելվածներից էր. սովետական գաղափարախոսական տաբուի տակ էր, և դժվար թե Մոսկվայում այնքան բարեհաճ լինեին իմ նկատմամբ` առանց հատուկ թույլտվության նման գրականություն ինձ տրամադրելու համար…
Վերադարձից հետո Երևանում պատմաբաններն ինձ ավելին ասացին հայ-վրացական հարաբերությունների, ավելի ճիշտ` 1910-ական թթ. վերջերին Վրաստանի պետական քաղաքականության, որը, ի դեպ, այսօր էլ նույնն է, և Կովբյուրոյի 1921 թ. տխրահռչակ որոշման մասին, որով, Ստալինի թեթև ձեռքով, Արցախից բացի նաև Ջավախքն է հանձնվել օտարի խնամակալությանը… Սովետական կայսրության փլուզումից հետո միայն հնարավոր եղավ իրերն անվանել իրենց անուններով: Ջավախքի ու Ախալցխայի հիմնախնդիրները նույնպես բացվեցին…
Պատմագիտական առումով ժամանակին անդրադարձել եմ այս թեմային, որն ինձ համար բաց վերք էր և է…
Այս ամենի մասին Մկրտիչ Սարգսյանի գրական և հրապարակախոսական գործերը դուրս են եկել գեղարվեստական գրականության սահմաններից ու խաչվել հայոց պատմությանը: Մեծ գրողի 90-ամյակի շեմին Վահագն Սարգսյանի` հոր` Մկրտիչ Սարգսյանի գործերից կազմած «Դեպի լեառն Աբուլ» ժողովածուն, որպես ծրագրային գործ, ասվածի վկայությունն է` դեռ մի բան էլ ավելի…
Ժողովածուի նյութերը գեղարվեստական, գրականագիտական, հրապարակախոսական, պատմական, նույնիսկ երգիծական լինելուց զատ նաև քաղաքական են, որոնք միասին Մկրտիչ Սարգսյանի գրականությունը դարձրել են սխրանք: Իր տարբեր ժանրերի երկերում հեղինակը հայ-վրացական հարաբերությունները ներկայացրել է սրտացավությամբ, բաց տեքստերով` առանց այլաբանության, հրապարակավ արծարծել է լուծման կարոտ մի շարք սկզբունքային հարցեր, հանրությանը ոչ այնքան հայտնի կնճռոտ խնդիրներ, ներկայացրել է Վրաստանի պետական անփոփոխ, հայադավ երդվյալ քաղաքականությունը Ջավախքում և Ախալցխայում: Իսկ հայ-թուրքական հակամարտությանն անդրադարձել է գրողի, պատմաբանի և քաղաքագետի իմաստնությամբ. «Մեր կռիվը մենք ենք կռվելու, մենք ենք մեզ փրկելու: Ոչ թե մեր աստվածն է մեզ փրկելու մեզ, այլ մենք` մեր Աստծուն… Մենք պետք է հասկանանք, որ Աստվածը զինվոր չէ, այլ բարձրագույն ոգի, որի փրկությունը նաև մեր ոգու պանծացումն է…»:
Մեծ հայրենականի բովով անցած և երիտասարդ հասակում հաշմված գրողն ու ազգային գործիչը տեսել է նաև Արցախյան գոյապայքարին մասնակցած Ջավախք աշխարհի այսօրվա հերոսներին (Ախալցխացիներին չեմ տարանջատում)… Եվ համոզված եմ, որ եթե Մկրտիչ Սարգսյանն առողջական խնդիր չունենար, նա նույնպես զենքը ձեռքին կկանգներ մեր բնօրրանի երիտասարդ պաշտպանների կողքին` օրինակ ծառայելով կամավորներին ու մյուսներին…
«Վէմ» ռադիոկայան
18. 12. 2013

Լսեք ձայնագրությունը ներքևում՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

Одна идея о “ՋԱՎԱԽՔԻ ՈՐԴԻՆ

  1. Nara Vard

    շատ շնորհակալություն: շատ հետաքրքիր տեղեկություններ տվեցիք: որ կողմ նայում ենք կորուստ է: երբ պիտի տեր կանգնենք մեր ունեցվածքին, մյուս կողմից էլ եթե դավաճան հայերը այսօր էսպես են վարվում, էլ վրացուց ինչ ենք ուզում:

Добавить комментарий