ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԴԱՍԵՐԸ

Հասմիկ Գուլակյանի հարցարույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ

Հայոց պատմագրությունն սկսվել է հայերեն գրերի գյուտից հետո և դարձել հայ մատենագիտության ամենակարևոր բաղադրիչը. առանց հայոց պատմագրության հնարավոր չէ պատկերացնել հայ մատենագիտությունը: Ոսկեդարում հայկական մշակույթի չգերազանցված ձեռքբերումը պատմագրությունն էր, որի գագաթնակետը, պատկերավոր ասած` «մեծ պայթյունը», Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» անմահ երկն է: Ինչպես ժամանակին դիպուկ նկատել է ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին. «…Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը: Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ, ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել: Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար… Նա որոնում է այն փաստերը, որոնք պետք է հաստատեն պատմական ճշմարտությունը»: Ֆեյդիի միտքը լրացրել է մեկ այլ ֆրանսիացի արևելագետ և հայագետ Վիկտոր Լանգլուան` գրելով. «Մովսես Խորենացին բազմագիտակ է…. Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից է…. Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար, կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայր»: Հայագիտության այս հսկաները (և ոչ միայն նրանք) լավագույնս ծանոթ էին խորենացիագիտությանը և անաչառորեն են գնահատել վաղ միջնադարի հայ հանճարին, որը հալածվել է ողջ կյանքի ընթացքում, իսկ հետագայում դարձել բազմակողմ հարձակումների թիրախ: Հալածանքի շրջանի` մոտ 30 տարվա ընթացքում Խորենացու գրածները չեն պահպանվել: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչից են զրկել մեզ ժամանակի հոգևոր հայրերը… «Պատմությունը» գրելիս ծանր կացության մեջ է եղել Պատմահայրը. մշակութային ավանդները խախտվել էին. հեթանոսական շրջանի նյութական մշակույթն անդառնալիորեն կորած էր, ոչնչացվել էր, իսկ Հայաստանի ներքին կյանքի մասին աղբյուրներ չկային: Այս իրավիճակում հերոս մի այր` Մովսես Խորենացին, խիզախում է աննախադեպ մի գործ` գրել Հայոց պատմությունը` սկսած նախապատմական ժամանակներից: Եվ ոչ միայն հաջողում է, այլև մինչ օրս այդ երկը չգերազանցված գլուխգործոց է և ուղեցույց-դասագիրք է եղել հետագա պատմիչների համար: Մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը «Պատմություն Հայոցը» դասագիրք է եղել հայկական դպրոցում և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր էլ այն դասագիրք է ուշիմ սաների համար` անկախ նրանց տարիքից: Հայ պատմագիտության մեծագույն ուսուցչապետի սխրանքը գնահատել են աշխարհի բազմաթիվ գիտնականներ: Նրանցից երկուսին արդեն հիշատակեցի: Ուզում եմ հավելել նաև հայ հայագետի` ականավոր բանասեր, լեզվաբան Ստեփան Մալխասյանցի կարծիքը. «Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները…. Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»: Նա, Ստեփան Մալխասյանի արտահայտությամբ, գրեց «Անմահ հիշատակարան հայ մատենագրության»: Թվում է, թե, ձեռնարկելով այս չափազանց պատասխանատու գործը, Մովսես Խորենացին մարգարեաբար զգացել է հայոց գլխին գալիքը և շտապել է վայրկյան առաջ ստեղծել կամ պատրաստել հայոց համար ազգային «անձնագիրը»:
Ի՞նչ է սովորեցնում մեզ Պատմահայրը:

«Վէմ» ռադիոկայան
09. 04. 2014

Նաև տես՝ Մովսես Խորենացու երկերի մատենագիտությունը

Ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=10_Hasmik_Petros%20Hovhannisyan%20-%209%2004%2014_1397030502443.mp3

4 идей о “ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԴԱՍԵՐԸ

Добавить комментарий