ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԻԳՐԱՆ Բ-Ի ՕՐՈՔ Tigran the Great – ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

  Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի դասախոս, կապիտան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Սուրեն Մարտիկյանի հետ

Տիգրան Մեծի տերությունն այստեղ՝ ՔԱՐՏԵԶ

– Ինչպես գիտենք, հայ ժողովրդի Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի մեծ մասն ընդգրկող Մեծ Հայքի թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի գահակալման տարիներին (մ. թ. ա. 95-55 թթ.): Ինչպիսի՞ն էր այն հայոց ռազմարվեստի և ռազմական իրավունքի պատմության տեսանկյունից:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԻԳՐԱՆ Բ-Ի ՕՐՈՔ   Tigran the Great – ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԻԳՐԱՆ Բ-Ի ՕՐՈՔ Tigran the Great – ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

– Այս ժամանակաշրջանը հայոց ռազմարվեստի պատմության կարևորագույն փուլերից է, քանի որ էական փոփոխություններ են կատարվում նվաճողական ակտիվ քաղաքականություն վարող պետության բանակի ռազմավարական և մարտավարական համակարգերում: Հայոց բանակն անցնում է հարձակողական գործողությունների, թագավորությունն ընդարձակվում է՝ ընդգրկելով Եգիպտոսից մինչև Կովկաս ու Մարաստանից մինչև Պոնտոս ընկած հսկայական տարածքներ:
– Բայց մի՞թե մինչ այդ Մեծ Հայքը երբեք հարձակողական ռազմավարություն չէր ունեցել:
– Մեծ Հայքը նվաճումներին նախորդած շրջանում ևս բավական ակտիվ դերակատարում ուներ տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացներում: Այդուհանդերձ հայոց ռազմարվեստի համար բնութագրական էր պաշտպանական ուղղվածությունը: Հատուկ կցանկանայի շեշտել, որ բանակի առջև լեռնաշխարհի սահմաններից դուրս նվաճումներ կատարելու խնդիր չէր դրվում ոչ թե արտաքին քաղաքական պատճառներով, այլ ներքին՝ բարոյահոգեբանական: Արդեն այս շրջանում բանակի դերի ու նշանակության ընկալման միանգամայն հստակ վերաբերմունք էր ձևավորվել: Հայ մարտիկը պետք է պաշտպաներ հայրենիքը և երբեք այս խնդրի շրջանակներից դուրս չգար: Ավելի ուշ այս կարգը լավ բացահայտել է Փավստոս Բուզանդը «Պատմության Հայոց»-ում: Այս մասին մանրամասն վերլուծություն կա Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դդ.)» աշխատության մեջ: Խոսելով Հայաստանից դուրս եկած և Մծբինի մոտ հռոմեական բանակի առջև ճամբար դրած հայկական բանակի հոգեվիճակի մասին՝ Բուզանդը պատմում է, որ դաշնակից պարսիկներին սպասող հայ զինվորները խիստ անհամբերություն են ցուցաբերում և Արշակ թագավորից (350-368 թթ.) պատերազմը միայնակ սկսելու թույլատվություն հայցում. «Լավ էին համարում մեռնել, քան օտար աշխարհում ժամանակ քարշ տալ»:
– Ներկայացրեք Տիգրան Մեծի նվաճումներին նախորդած ժամանակաշրջանը:
– Տիգրանի գահակալմանը նախորդած տևական խաղաղության շրջանում պետությունը տնտեսապես հզորացել էր, և արքան այդ գործընթացը շարունակում է ռազմական բարեփոխումների միջոցով: Բարեփոխումները հետևյալ կերպ է նկարագրում Մովսես Խորենացին. «Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները` հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլմունքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»: Նվաճումների ելած հայոց բանակի ռազմարվեստի մասին տեղեկություններն աղքատիկ են: Այդ պատճառով հայոց բանակի կազմակերպական կառուցվածքի ու մարտավարության մասին ունեցած տեղեկություններն ամբողջացնելու համար հարկ եղավ համադրել Աքեմենյան Պարսկաստանի, հունական պոլիսների, Մակեդոնիայի, Սելևկյան պետության, Պարթևաստանի, Կարթագենի, Հռոմի, ինչպես նաև չինական, հնդկական, սկյութական բանակների մարտավարության պատմությունից հայտնի տըվյալների հետ: Հայոց բանակի մարտավարությունն ընդհանուր գծերով նման էր արևելյանին, մասնավորապես պարթևականին: Տարբերությունն այն էր, որ, մեծ տեղ հատկացնելով հեծելազորին, աչքաթող չէր արվում լեռնային կտըրտված տեղանքում անփոխարինելի հետևակը:
– Մարտի մոտավոր ինչպիսի՞ պատկեր է ուրվագծվում:
– Ճակատամարտն սկսում էր թեթևազեն հետևակը (նետաձիգները, տեգաձիգները, պարսատիկավորները): Ապա մարտի մեջ էր մտնում ծանրազեն հետևակը, որը պետք է անդրադարձներ հակառակորդի հիմնական ուժերի գրոհը: Հեծելազորը մարտի մեջ էր մտնում ծանրազեն հետևակի հետ միաժամանակ: Մարտի ընթացքում հեծելազորի արագաշարժությունն առավելագույնս օգտագործելու նպատակով հեծյալները կրում էին երկու տեսակի հարձակողական զենք՝ մերձամարտի համար՝ սուր կամ նիզակ, իսկ հեռամարտի համար՝ աղեղ և նետ: Մինչ հակառակորդին մոտենալը հեծյալները նետահարում էին նրան, ապա անցնում մերձամարտի: Անհրաժեշտության դեպքում հեծելազորը հետ էր քաշվում և վերախմբավորվելով՝ կրկին գրոհում հակառակորդի վրա, որով սովորաբար ճեղքվում էր հակառակորդի մարտակարգը:
– Ինչո՞վ է օգնում հայոց ռազմական իրավունքի պատմության այս փուլի գնահատմանը Պարթևաստանի դեմ մ. թ. ա. 87-86 թթ. պատերազմի նախապատրաստման ու վարման մանրամասների ուսումնասիրությունը:
– Նվաճումներին նախորդել են մի շարք միջոցառումներ, որոնք փաստում են հայոց արքայի շրջահայացությունն ու հեռատեսությունը:
Նախքան տարածաշրջանում գերիշխանության համար պայքարն սկսելը Տիգրանը չեզոքացնում է հյուսիսային, արևմտյան և արևելյան ուղղություններից հավանական սպառնալիքները: Մեծ Հայքին է միացվում Ծոփքի թագավորությունը, դաշինք է կնքվում Մեծ Հայքի հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի հետ, հայ-պոնտական զորքերը գրավում են Կապադովկիան, իսկ որոշ ժամանակ անց հայոց բանակը գրավում է Վիրքն ու Աղվանքը: Բացի այդ` ավարտվում են բանակի վերակազմավորումն ու հարձակողական ռազմավարությունից բխող պահանջներին համապատասխան մարտավարության բարեփոխումները: Հայոց բանակի կազմակերպական կառուցվածքի վերլուծությունը վկայում է, որ բոլոր նախապայմաններն ստեղծվել էին մեծածավալ հարձակողական գործողությունների համար, իսկ նվաճումները տևականորեն նախապատրաստված ու մանրակրկիտ կազմակերպված քաղաքականության հետևանք էին: Պատերազմն սկսելու պահը հարմար էր, քանի որ երկպառակտչական պատերազմներից հյուծված Պարթևաստանը, անհամեմատ ավելի մեծ մարդկային ու նյութական միջոցներ ունենալով հանդերձ, պատրաստ չէր իր տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Միջագետքի և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան շրջանների համար ծավալվելիք ռազմական գործողություններին: Ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ մեծ նշանակություն էր տրվել նաև հարձակման ուղղության ընտրությանը: Հայկական բանակը պարթևների տիրույթներ է մտնում ամենակարճ ու անսպասելի ուղղությամբ, Վանա և Ուրմիա լճերի միջակա «յոթանասուն հովիտներ» կոչվող այն տարածքով, որը Տիգրանը զիջել էր պարթևներին` պատանդությունից ազատվելու համար: Անմատչելի լեռներով ու բազմաթիվ ամրաշինական կառույցներով պաշտպանված սահմանային այս գոտին առավել անհաղթահարելի էր համարվում: Հետևաբար հանկարծակիության գործոնն օգտագործվում է ոչ միայն հարձակման պահի, այլև ուղղության ընտրության նպատակով: Պատերազմում նախաձեռնությունն անցնում է հայկական բանակին և առաջին իսկ մարտերում վճռում պատերազմի ելքը: Հայկական բանակը շարժվում է դեպի հարավ, Ասորեստանի երբեմնի մայրաքաղաք Նինվեի շրջակայքում ջախջախում պարթևական բանակի գլխավոր ուժերը, ապա հարձակումն ուղղում դեպի արևելք: Կտրվում են պարթևական տերության ու նրանից կախյալ Ատրպատականի թագավորության հաղորդակցության ուղիները, և վերջինս հարկադրված ճանաչում է Տիգրան Բ-ի գերիշխանությունը: Ատրպատականի կողմից ևս իր թիկունքն ապահովելով՝ Տիգրան Բ-ն բանակը շարժում է դեպի Էկբատան արքայանիստ քաղաքը, որտեղ պաշարված պարթևական արքունիքն ստիպված ընդունում է նրա առաջադրած պահանջները: Արշակունիները ոչ միայն հրաժարվում են հայոց բանակի գրաված տարածքներից, այլև Մեծ Հայքի թագավորին զիջում իրենց «Արևելքի արքայից-արքա» տիտղոսը:
Հայ-պարթևական պատերազմի նախապատրաստումը, կազմակերպումը և վարումը անթերի էր ոչ միայն Ք. ա. 1-ին դարի ռազմարվեստի, այլև արդի չափանիշներով: Մի կողմից այն վկայում է Տիգրան Բ-ի զորավարական անվիճելի տաղանդի, մյուս կողմից՝ հայոց ռազմարվեստի զարգացման բարձր մակարդակի մասին:
– Դրա՞նք էին միայն կարճատև պատերազմի ընթացքում հայոց բանակի հաջողության պատճառները: Հայոց բանակը կարո՞ղ էր միայն կազմակերպվածության և բանակի վարժվածության շնորհիվ այդքան մեծ հաջողությունների հասնել:
– Հին և միջին դարերում մեկ-երկու տարի տևողությամբ պատերազմներ գրեթե չէին լինում, և ուղղակի բացառվում է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական հսկայական փոփոխությունների հանգեցնող պատերազմներն այդքան արագ ավարտվեին:
– Այդ դեպքում որո՞նք էին նվաճողական քաղաքականության ընթացքում ձեռք բերված հաջողությունների իրական պատճառները:
– Այստեղ է, որ ի հայտ է գալիս մարդասիրական իրավունքի հիմնահարցը: Նվաճումները համաշխարհային պատմության մեջ եզակի էին հայ ժողովրդի ինքնագիտակցության ձևավորման գործում ունեցած յուրահատուկ ազդեցության տեսանկյունից: Ուղղակի անհավանական է, որ հենց նվաճումների հետևանքով արմատավորվեց հետևյալ համոզումը. Մեծ Հայքը տարածաշրջանում գերիշխանության է հասել գլխավորապես մարդասիրական մարտավարության պատճառով, իսկ Տիգրան Բ-ն «Մեծ» պատվանվանն է արժանացել ինչպես նվաճումների, այնպես էլ պատերազմներում ցուցաբերած մարդասիրական վարքագծի համար:
Ահա թե ինչպես է Տիգրանին և նրա ժամանակաշրջանը նկարագրում Մովսես Խորենացին. «Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ… նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց… Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով… Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը»:
Ըստ Պատմահոր` նվաճումներ իրականացրած արքան «ամենահզորն» ու «քաջը» լինելուց բացի նաև «ամենախոհեմն» է, «արդարադատ և հավասարասեր»: Սակայն հայոց բանակի հաղթարշավի գլխավոր արդյունքը ոչ թե նվաճումն էր, այլ տարածաշրջանում խաղաղության «հաստատումը», իսկ Տիգրանը հռչակվում է որպես «խաղաղություն և շենություն բերող»: Շեշտենք` Խորենացին ավելորդ չի համարում նշել, որ Տիգրանը «բոլորին» է լիացրել յուղով ու մեղրով:
Մեր ժողովուրդն այս հատկանիշը կրեց դարեր շարունակ, որի դրսևորումներից է Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում,
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն,
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի,
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Գրքերով գերելն ու ձիրքերով տիրելը մշակութաստեղծ հնագույն ազգերից մեկի համար միանգամայն օրինաչափ է, սակայն առաջին հայացքից անհասկանալի կարող է լինել առանց ճնշելու ուրիշ ազգերին տիրելը կամ նվաճելը, որի ժամանակ ոչ ոք մեր բազկի զարկից չի տուժում:
– Մի՞թե դա եզակի երևույթ է համաշխարհային պատմության մեջ:
– Պատմությունից հայտնի են թագավորներ, որոնց իրականացրած նվաճումների ընթացքում մարդասիրության դրսևորումները եզակի չեն եղել, սակայն գոնե մեզ հայտնի չէ գեթ մեկ այլ օրինակ, երբ նվաճումները սերունդների հիշողության մեջ առաջին հերթին մարդասիրությամբ մնացած լինեն:
– Այսի՞նքն:
– Գիտնականների ուշադրությունից վրիպել են Ասորիքի (Սիրիա) և Փյունիկիայի նվաճման՝ Սելևկյանների գահին Տիգրանի բազմելու ռազմաիրավական կողմի առանձին նրբություններ: Մինչդեռ հարցեր կան, որոնք, արդի միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից վերլուծելով, կարող ենք նորովի լուսաբանել հայոց ռազմարվեստի պատմությունը: Տիգրանի` Ասորիքի նվաճման նախօրյակին (Ք. ա. 84 թ.) Սելևկյան պետությունը հոգեվարք էր ապրում: Պետության ամբողջականությունն ապահովելու Սելևկյանների անկարողությունը վարկաբեկել էր նրանց: 3-րդ դարի լատին մատենագիր Հուստինոսը այս առթիվ գրում է. «Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր: Ոմանք կարծում էին, որ պետք է հրավիրել Միհրդատ Պոնտացուն, մյուսները՝ Եգիպտոսի Պտղոմեոսին… Բոլորը համաձայնության եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջ… Եվ այսպես, հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար»:
Սակայն մյուս աղբյուրները (Ապպիանոս, Պլուտարքոս, Ստրաբոն), ընդհակառակն, նշում են, որ Ասորիքը գրավվել է զենքի ուժով, մասնավորապես Ստրաբոնը գրում է. «Անցնելով Եփրատը, նա ուժով նվաճեց Ասորիքը և Փյունիկեն»:
– Ո՞ւմ են նախապատվություն տալիս պատմաբանները:
– Գիտնականները հակված են Պոմպեոս Տրոգոսի անկողմնակալ տեղեկություններին (ըստ Հուստինոսի): Սակայն եթե նույնիսկ ընդունենք, որ ամբողջ Սելևկյան պետությունն անարյուն գրավելու մասին տեղեկությունները չափազանցված են, ապա անվիճելի է, որ Տիգրանի գերիշխանությունն ընդունվել է առանց լուրջ դիմադրության, իսկ այնտեղ կար նրա թեկնածությունը պաշտպանող հզոր քաղաքական խմբավորում: Ի դեպ, այդ ուժի սպասումները փաստորեն արդարացան, քանի որ Ասորիքը թեպետ ենթարկվեց օտար իշխանության, սակայն խաղաղություն հաստատվեց, ստեղծվեցին ապահով ու բարեկեցիկ պայմաններ:
– Ի՞նչն էր Սելևկյան պետության քաղաքական վերնախավի համար Տիգրանին Ասիայի մյուս տիրակալներից (այդ թվում՝ նաև սելևկյաններից) ավելի նախընտրելի դարձնում:
– Թվում է, թե հայոց արքան մի քանի պատճառներով չէր կարողանալու հավակնել «Սելևկյանների գահի փրկչի» դերին, մանավանդ որ նա տեղի բնակչության հիմնական մասի և կառավարող վերնախավի հետ էթնիկ ընդհանրություններ չուներ: Հետևաբար ընտրության իրական պատճառներն ավելի խորքային էին, և դրանք պետք է որոնել նվաճումների առաջին փուլում:
– Փորձենք փաստարկել այդ տեսակետը:
– Նախ` Ասորիքում չէին կարող չիմանալ, որ Կապադովկիայի նվաճմանը հաջորդել էր մարդկային հսկայական զանգվածների տարհանումը և Հայաստանում բնակեցումը: Դա կարելի էր կազմակերպել միայն բանակի մասնակցությամբ: Եթե խաղաղ բնակչության նկատմամբ հայոց բանակի զինվորների վերաբերմունքն անհարգալից լիներ, այն ուղղակի ջախջախիչ հակափաստարկ կդառնար Տիգրանի թեկնածությունը մերժող խմբավորման համար, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս պետության անկախության պահպանման դիրքերից` օտար տիրապետության դեմ:
Հայոց բանակը, հարձակման համար նպաստավոր պայմաններն օգտագործելով, ներխուժեց Պարթևաստանին ենթակա երկրներ, սակայն, դատելով այն փաստից, որ պատերազմից հետո Տիգրանի հեղինակությունն է՛լ ավելի բարձրացավ Ասորիքում (նա համարվեց Սելևկյաններին փոխարինող ամենահարմար թեկնածու), կարող ենք արձանագրել, որ հայոց բանակը, ուխտադրժությունից ձեռնպահ էր մնացել:
Իսիդորոս Քարակացին վկայում է, որ հայկական բանակը գրավել է Էկբատանի հարավ-արևմտյան մատույցները պաշտպանող Ադրաբան բերդն ու հրի մատնել այն: Սակայն ակնհայտ է, որ ինչ-որ պատճառով դա ժամանակակիցների վրա բացասական տպավորություն չի թողել:
– Բացառվո՞ւմ է պատմիչի հաղորդագրությունների կողմնակալությունը կամ նրան հասած տեղեկությունների անճշտությունը:
– Ո՛չ: Սակայն եթե նույնիսկ ընդունենք ծայրահեղ տարբերակը, որ պատմիչին հասած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա հետագա իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ Ադրաբանում դիմադրություն ցույց տվողներին պատժելու համար կա՛մ բավարար հիմնավոր պատճառներ են եղել, կա՛մ այս դեպքը եզակի է եղել ու չի կարող բնութագրական լինել հայոց բանակի համար:
Հայոց բանակը հաղթականորեն անցել էր տարածաշրջանի մի քանի երկրներով: Ասորիքի տարանցիկ առևտրի խոշորագույն կենտրոնների վերածված քաղաքներում, թեկուզ միայն առևտրականների միջոցով, պետք է տեղեկացված լինեին գրավված երկրներում հայոց բանակի մարտավարության և զինվորների վարքի մասին: Մանավանդ որ Միջագետքի և Ասորիքի գրավման միջև ընկած ժամանակահատվածում (Ք. ա. 86-84 թթ.) առևտրաշրջանառության սահմանափակման մասին ակնարկ անգամ չկա: Միջագետքում և Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում հայկական տիրապետություն էր հաստատվել և նոր իշխանությունների կամ հայկական բանակի իրականացրած բռնաճնշումների փաստերը ևս բացասաբար կանդրադառնային Մեծ Հայքի միջազգային հեղինակությանը:
– Բացի այդ` արդեն ավարտվել էր Հայ-պարթևական պատերազմը, և Ասորիքում մոտավոր պատկերացում պետք է ունենային նաև հաղթանակից հետո Տիգրանի ցուցաբերած քաղաքական վարքագծի մասին…
– Անշուշտ: Բայց այս առթիվ չարժե ընկնել մյուս ծայրահեղության մեջ և իդեալականացնել Տիգրան Բ-ին: Պետք է կարծել, որ պարթևական արքունիքին ներկայացված պահանջները միակողմանի էին՝ ուժի դիրքերից: Հայոց բանակի հաղթանակները Տիգրան Բ-ին այդ իրավունքը տալիս էին: Սակայն ակնհայտ է, որ պարթևներին առաջադրված պահանջները Ք. ա. 1-ին դարում գործող միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց մեծ չէին, ու դրանք Ասորիքի գահին հավակնող Տիգրանի թեկնածությունը վիճարկելու համար հիմք չդարձան:
– Ռազմական բարեփոխումների հետևանքով փոփոխություն էր կրել հայոց բանակի մարտավարությունը: Զրահավոր հեծելազորի համար մարտավարական հնարքների մշակումը, ինչպես նաև հարձակողական ռազմավարությանն անցնելը հանգեցրել էր նախկինից որակապես տարբերվող ռազմարվեստի ձևավորմանը: Փոփոխվե՞լ էին զինվորներին առաջադրվող պահանջները, մանավանդ որ հայոց բանակը նվաճված տարածքներում երկարաժամկետ մնալու փորձ չուներ:
– Զինվորականությանն առաջադրվող պահանջները փոփոխվել էին, իսկ փորձի պակասը հավանաբար լրացվում էր մեծածավալ նվաճումների նախկին դարաշրջանների իրավունքի ավանդական «պաշարից», իսկ վերջինս թվագրվել էր Ք. ա. 8-րդ դարում: Հետևաբար գործ ունենք իրավական նորմերի ուղղակի ժառանգման բավական հստակ ուրվագծվող համակարգի հետ: Այլ կերպ հնարավոր չէր լինի խուսափել իր անելիքը չիմացող հրամանատարի կամ զինվորի թույլ տված իրավախախտումներից: Մյուս կողմից՝ հնարավոր չէ, որ Ասորիքում իրազեկ չլինեին հայոց ռազմարվեստում մարտիկի գործողությունները կանոնակարգող սահմանափակումների մասին:
– Միայն Ասորիքի նվաճման փաստի՞ց եք եզրակացնում նվաճումների ընթացքում հայոց բանակի ցուցաբերած մարդասիրության մասին, թե՞ կան նաև այլ տեղեկություններ:
– Նվաճված երկրներում հայոց բանակի գործողությունների գնահատման վերջին կռվաններից մեկը Հովսեպոս Փլավիոսի Ք. ա. 70 թ. իրադարձությունների նկարագրությունն է: Հրեաստանը ծանր իրադրության մեջ էր. հյուսիսից հայոց հսկայական բանակը մոտեցել և նրա սահմանների մոտ պաշարել էր Պտղոմայիսը, իսկ հարավից սպառնում էին եգիպտացիները: Հայոց թագավորի, ինչպես նաև նվաճումների ընթացքում հայոց բանակի վարքագիծը գնահատելու համար հիշատակենք մի ուշագրավ փաստ: Հրեաստանի Ալեքսանդրա թագուհին իր պետության սահմաններին մոտեցած եգիպտական զորքերի դեմ բանակ է ուղարկում, իսկ հայոց արքայի հետ բանակցություններ վարելու համար՝ դեսպաններ: Դեսպանները Տիգրանին խնդրում են «բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին»: Հրեական արքունիքը, իրադրությունը սթափ գնահատելով, իր հպատակությունն է հայտնում հյուսիսային հզոր հարևանին: Հատկանշական է, որ Ալեքսանդրայի հաշվարկները ևս արդարանում են, ու հայոց արքան ցույց է տալիս ինքնանպատակ ավերիչ արշավանքներից զերծ մնալու իր հաստատակամությունը: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ նվաճումներից ավելի քան մեկ տասնամյակ անց «Արևելքի արքայից-արքան» մարդասեր տիրակալի հռչակ էր վայելում:
– Ի՞նչ հետևություններ կարելի է անել Տիգրան Մեծի օրոք գործող ռազմական իրավունքի վերլուծության արդյունքում:
– Թեև որոշ վերապահումներով, սակայն կարող ենք նշել, որ Տիգրան Բ-ի նվաճումների ընթացքում գործող մարդասիրական իրավունքի մասին տեղեկություններ չունենք ոչ թե հայոց բանակում դրա բացակայության, այլ մեզ հասած տեղեկությունների սակավության պատճառով: Պակաս կարևոր չէ նաև հունահռոմեական պատմիչների հաղորդած տեղեկությունների կողմնակալությունը` պայմանավորված Արևելքը Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ միավորելու փորձեր անող Մեծ Հայքի հզոր տիրակալին ամեն կերպ վարկաբեկելու ձգտումով:
Տիգրան Մեծի նվաճումների վերլուծությունը վկայում է իր դարաշրջանի համար անսովոր մարդասիրական իրավունքի գործող համակարգի գոյության մասին: Նվաճումների ընթացքում հայոց բանակի վարքագիծը, եթե ոչ 21-րդ, ապա առնվազն Ք. ա. 1-ին դարում մեր տարածաշրջանում (նաև՝ հունա-հռոմեական աշխարհում) գործող միջազգային ռազմական իրավունքի ընդունված չափանիշներով օրինակելի է եղել: Եթե էական շեղումներ լինեին, ապա Սելևկյան պետության նվաճումն այդքան դյուրին չէր լինի, բացառված կլիներ Ասորիքի հայամետ քաղաքական խմբավորման` Տիգրանին ցուցաբերած գործուն աջակցությունը, իսկ հրեական արքունիքը ստիպված կլիներ զորքերի մի մասը տեղակայել հայ-հրեական սահմանի մոտ և հնարավորություն չէր ունենա դիվանագիտական ճանապարհով կանխելու վերահաս վտանգը:

«Վեմ» ռադիոկայան, 10. 05. 2006
«Դարը` մեր մեջ, մենք` դարի» (Հրապարակախոսություն), գիրք Դ, 2007

Տես նաև՝

ՀԱՅ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ TIGRAN THE GREAT

ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

2 идей о “ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՏԻԳՐԱՆ Բ-Ի ՕՐՈՔ Tigran the Great – ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

  1. Tamara Danielyan

    <նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց… ...Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը>
    ..այսպես Խորենացին կարծեմ թե արտահայտվում է Տիգրան Երվանդյանի մասին, արդյո՞ք սխալ եմ հիշում: (<10 հայ ականավոր արքաներ>, էջ 36)

Добавить комментарий