ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԱՌԱՐԿԱ.
ՄԱՍ I

Հայկական խնդիրը ժամանակ առ ժամանակ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների համատեքստում դարձել է քաղաքակիրթ աշխարհի քննարկման առարկան: 19-րդ դարավերջին Սասունի ջարդերը ցնցեցին համայն մարդկությանը, հայկական խնդրի քննարկման նոր ալիք բարձրացրեցին քաղաքակիրթ աշխարհում, և այդ ցնցումը, ինչպես վկայում են 19-րդ դարավերջի գրավոր աղբյուրներն ու տպագիր մամուլը, հատկապես սաստկորեն զգացվեց Անգլիայում:

Ալջուաղից փախած տաճկահայուհին։ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻՆ

Ալջուաղից փախած տաճկահայուհին։ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻՆ

Բեռլինի դաշնագրի և 1878թ.-ի Կիպրոսի պայմանագրի կատարման հսկողությունը մասնավորապես դրված էր Անգլիայի կառավարության վրա: Այդ թվականից ի վեր անգլիական դիվանագիտությունը և, մասնավորապես, մամուլը զբաղվել են հայոց վերաբերյալ հարցերով, թեև , ինչպես փորձը ցույց է տվել, անգլիական հսկողությունը Հայաստանի բարենորոգման հարցում չուներ այն զորավոր երաշխավորությունը, ինչ ժամանակին ապահովվել էր Ռուսաստանի կողմից կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրով: Հետևաբար, 1878-ից ի վեր տաճկահայոց վիճակը ոչ միայն չէր բարելավվել, այլ առավել էր վատթարացել:

Թուրքիայում հայերին պատուհասած ցավալի իրադարձությունների մասին լուրերը հաճախ էին հասնում Անգլիա, և հայկական խնդիրը գրեթե միշտ վառ էր մնում: Մուսա-բեյի չարագործությունները, Կարինի արյունահեղությունը, Գումգափույի ցույցը և Անկարայում դատապարտյալների գլխատումը մամուլի միջոցով հուզել էին հանրային կարծիքը և խորհրդարանական թեժ վիճաբանությունների առիթ էին տվել: Բայց ամենի հետևանքը եղել էր ոչ այլ ինչ, եթե ոչ, ինչպես ժամանակի հայկական մամուլն էր բնորոշում, ընդամենը «պլատոնական ցավակցությունը»: Մինչև իսկ հայկական խնդրի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրած հայտնի քաղաքական գործիչ Գլադստոնը, որի ընտրությունը կենդանի հույս էր ներշնչում, առանց վերքին դարման անելու հրաժարվեց նախարարապետությունից, և ազատական նախարարությունը գլխավորեց լորդ Սոլզպրին, որ հայոց դատին նպաստավոր և ոչ մի բառ չէր արտասանել:

Ահա այս չհուսադրող իրավիճակում, երբ Անգլիայի ազատական կառավարության վրա դրված հույսերն էլ նվազել էին, հայտնի դարձավ Սասունի սրածությունը: Ահավոր դեպքերը կատարվել էին 1894-ի օգոստոսին, բայց երեք ամիս հետո միայն արձագանք գտան անգլիական թերթերի էջերում: Նոյեմբերի 12-ին «Թայմսը» հրապարակեց պրն. Կ. Հակոբյանի կողմից Արտաքին գործոց նախարարին հաղորդված մի տեղեկագիր, և մի քանի օր անց  «Ստանդարտում» երևաց Վառնայի թղթակցից մի հեռագիր: Նույնաբովանդակ լուրերը հետզհետե սկսեցին հասնել տարբեր կողմերից և հաստատել, որ Հայաստանի քրիստոնյաները սոսկալի ջարդի են ենթարկվել:

Այսպիսով, հայոց վիճակն օրախնդիր դարձավ, և այս անգամ հաղորդվող տեղեկատվության տպավորությունը վաղանցիկ չէր: Այս հրապարակումներում հալածանքների ու հարստահարությունների սովորական պատմություններ չէին, այլ այնպիսի պատմություններ, որոնց ահավոր բնույթն իսկ շատերի մոտ թերահավատություն էր ծնում՝ արդյոք հնարավո՞ր են նման չարագործություններ:

Հայկական խնդրի «վերաբացումը» անգլիական մամուլում և հասարակությունում կուսակցական նոր նկրտումների առիթ տվեց: Պահպանողականները՝ պետական (եպիսկոպոսական) եկեղեցու բարձր պաշտոնյաները, ազնվականները, խոշոր դրամատերերը և ագարակատեր լորդերն իրենց հին ցավերն էին հիշում, երբ պրն. Գլադստոնի հակաթուրքական հայացքներին ու ջանքերին ուժ և իրավունք տվող հրատապ խնդիրներ էին նորից արծարծվում:

Տեղեկանք.- Ուիլյամ Յուարտ Գլադստոնը (1898-1898) անգլիացի պետական գործիչ էր, 1845-47-ին՝ առևտրի և գաղութների մինիստր, 1868-ից՝ Լիբերալ կուսակցության պարագլուխ և կառավարության ղեկավար, երեք անգամ (1880-85, 1886, 1892-94)՝ պրեմիեր-մինիստր: Նրա կառավարությունը 1880-ին ավարտել էր անգլո-աֆղանական պատերազմը և անգլիական պրոտեկտորատ հաստատել Աֆղանստանում: 1894-ին հրաժարական է տվել՝ Իռլանդիայի ինքնավարության վերաբերյալ՝ իր կողմից պառլամենտին ներկայացված օրինագծի ձախողումից հետո: Հանրահայտ է Գլադստոնի հետևյալ թևավոր արտահայտությունը՝ «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Նրա նախաձեռնություններից էին «Հայկական բարենորոգումների վերաբերյալ 1880-ի հավաքական հուշագիրը» , Անգլո-հայկական ընկերության ստեղծումը և այլն:

Լորդ Բալմըրսդընի օրինակին հետևելով՝ Գորիները (պահպանողականները) միշտ թուրքամետ քաղաքականություն էին վարել և հետամուտ էին թուրքական քաղաքականության պաշտպանությանը: Այս քաղաքականության ջատագով լորդ Փիքընսֆիլան (Դը Իզրայելի) Բուլղարիայում թուրքերի իրականացրած կոտորածները ուրանալով՝ այդ մասին լրագրերում հայտնված լուրերը որակել էր՝ իբրև «սրճարանի հանաքներ»՝ դեմ գնալով հասարակական կարծիքին, որ ձևավորվել էր նաև՝ շնորհիվ Գլադստոնի հզոր ջանքերի: Գլադստոնի կուսակցության քաղաքական, կրոնական և տնտեսական գաղափարներին գորիներն ընդդիմանում էին ամեն անգամ, երբ հիշատակվում էր Հայաստանի անունը և դատապարտվում էր Թուրքիայի հոռի կառավարությունը: Ուստի զարմանալի չէ, որ «Թայմզի», «Ստանդարտի» և «Դեյլի թելեգրաֆի» պես թերթերը խուլ կերպով էին արձագանքում Սասունի դեպքերին վերաբերող լուրերին, իսկ անգլիական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները նվազ ցավակցություն էին հայտնում հազարավոր քրիստոնյա զոհերի առիթով: Մինչդեռ «Դեյլի նյուզի», «Դեյլի քրոնիքլի» և «Ուեդմինիստր գազեթի» պես ազատական թերթերն իրենց էջերն ազատորեն բացած՝ հաստատում էին կոտորածի լուրերի վավերականությունը, իսկ բաժանված, այլաղանդ բողոքական հովիվները եկեղեցիների բեմերից մարդասիրական պարտավորություններին հետևելու կոչ էին անում:

Կուսակցական բախումները, սակայն, երկար չտևեցին, որովհետև սոսկալի իրականությունը հետզհետե պարզվում էր, և վստահության արժանի վկայությունները՝ բազմապատկվում: Եվ վերջապես, վարանողների մտքի վրա խորը տպավորություն գործեց «Թայմզի» հետևյալ հրապարակումը.«Երբ առաջին անգամ ուշադրություն հրավիրեցինք այս խնդրի վրա, կասկածելու որոշակի առիթ ունեինք, քանի որ, մի կողմից, լուրերը հիմնված էին Բաղեշից ուղարկված անստորագիր տեղեկատվության վրա, որ տրամադրվել էին քաղաքական բացահայտ ուղղվածություն ունեցող Հայ Հայրենասիրական Ընկերակցության կողմից: Այդ տեղեկություններում թերի էին նշված տեղերը, անձինք, բացակայում էին էական մանրամասները, դրանք բավական խճողված էին: Մյուս կողմից մենք ունեինք Պոլսի պաշտոնական հայտարարությունը, որով ամեն հանցանք վերագրվում էր հայերին, և որը մեր հավատի վրա ճնշող մտքեր էր պարունակում… Այժմ հարկադրված ենք ընդունելու, որ ոչ մի չափազանցություն չի եղել մեզ հասած լուրերում: Իրենց հավաստիությամբ անվիճելի և կողմնակալության վերաբերյալ անբաստանությունից զերծ անձանց կողմից ստուգված ճշմարտությունը բավական է ապացուցելու, որ Սասուն գավառի թուրք պաշտոնյաներն անգութ ոճիրներով մեղապարտ են, և մեծ պատասխանատվություն է ծանրացած Բարձր Դռան վրա, որ հանցավորներին պատժելու փոխարեն վարձատրել է վերջիններիս»:

Այս արժեքավոր հրապարակումից մեկ օր անց «Ռոյթեր» գործակալությունն Աթենքից հայտնեց Սասունից փախստականների հայտնվելու մասին, ինչին հաջորդեց արտաքին գործոց նախարարի հրապարակային հայտարարությունը, թե «Հայաստանի խժդժությունների մասին տեղեկությունները չափազանցված չեն» (լորդ Քիմփըրլիի ճառը դեկտեմբերի 7-ին): Մի քանի օր անց առևտրի նախարար Ջեյմս Փրայսը հետևյալն ասաց Հայաստանի վերաբերյալ. «Բուլղարիայի կոտորածներից հետո Արևելքից չէր հասել այսչափ ահռելի մի լուր: Եթե լսածները հաստատվեն, այդ բաները թույլատրող կառավարությունը պիտի դատվի Եվրոպայի առջև… Անգլիան մասնակի պարտավորություն ունի սրա վերաբերյալ, որովհետև ինքն էր, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն ընդունել տվեց՝ Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ հոդվածի փոխարեն, որով թուրքը Ռուսաստանի պահանջով պարտավոր էր բարենորոգել Հայաստանը: Վստահ եմ, որ մյուս պետությունները, մանավանդ Ռուսիան, սիրահոժար պիտի միանան այս իրավիճակի քննությանը և քրիստոնյաների կյանքն ապահովելուն: Ուրախ եմ, որ Ռուսիան, Ֆրանսիան և Իտալիան կհամաձայնվեն մի կատարյալ քննություն կատարելու»:

Պաշտոնական անձանց այս հայտարարությունները հուսադրող էին, մանավանդ որ ռուսական կառավարության խոստացած համագործակցությունն այս հարցում առավել քաջալերում էր: Բայց ակնկալվող քայլերը դանդաղում էին: Քննիչ Հանձնաժողովը սոսկ թուրքական մարմին պիտի լիներ և ամենևին վստահություն չէր ներշնչում: Միևնույն ժամանակ հայոց հանդեպ հալածանքը խստանում էր, ձերբակալությունները, աքսորն ու տանջանքները հաճախանում էին, և թուրքական կառավարությունն իր գործողությունները չափավորելու նշան ցույց չէր տալիս: Այս մտատանջությունը հայերից ու նրանց բարեկամներից հաղորդվեց անգլիական ողջ հասարակությանը: Անհրաժեշտություն էր ծագել հասարակության կողմից ճնշում գործադրելու անգլիական կառավարության վրա:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հասմիկ Սարգսյան

Հոդվածի նյութերը քաղված են 19-րդ դարավերջի գրավոր աղբյուրներից և մամուլի հրապարակումներից

Տես՝  ՄԱՍ II

ՄԱՍ III

ՄԱՍ IV

5 идей о “ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻՆ

  1. Գայանե Ամիրխանյան

    Ոչ թե Գորիներ այլ տորաներ….սրանք վեց տարին մեկ ընտրությունների ադյունքում զավթում էին Անգլիայի կառավարությունը և ագրեսիվ քաղաքականություն սկսում ամենուր: Հարկավոր է տարանջատել բնիկ անգլիացինեին սրանցից, որ ջհուդական թև էր….

Добавить комментарий