ԳԼԱԴՍՏՈՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԱՌԱՐԿԱ.
ՄԱՍ II

Ուիլյամ Գլադստոն William Ewart Gladstone ԳԼԱԴՍՏՈՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Ուիլյամ Գլադստոն William Ewart Gladstone ԳԼԱԴՍՏՈՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

1894 թվականին թուրքերի և քրդերի միացյալ ուժերով Սասունում հայերի կոտորածը դատապարտող առաջին մեծ հավաքը Անգլիայի մայրաքաղաքում գումարվեց նույն թվի դեկտեմբերի 17-ին Սենտ Մարտինի սրահում: Այն ցույց տվեց, որ անգլիացիների մեջ կան շատերը, որոնք իրապես հետաքրքրված են հայկակական խնդրով և վշտակից են հայությանը: Այս հավաքին հաջորդեցին բազմաթիվ հավաքներ Լոնդոնի տարբեր թաղերում, ինչպես նաև Անգլիայի քաղաքներում: Հասարակական հուզումներն այս առնչությամբ ավելի սաստկացան, երբ պրն. Ուիլյամ Գլադստոնը՝ Լիբերալ կուսակցության պարագլուխը և նախկինում եռակի անգամ անգլիական կառավարության ղեկավարը, հայ գաղթականության անունից իրեն նվիրված սկիհն ընդունելու առիթով արտահայտեց իր կարծիքը:

19-րդ դարավերջի մամուլի հրապարակումներում Գլադստոնի արտաբերած ճառերը բերվում էին ամբողջությամբ: Գլադստոնի խոսքից ( նրան հարգանքով ու մեծարանքով անվանում էին մեծ Ծերունի) բերենք մի ծավալուն հատված: Նրա խոսքում արտացոլված է ժամանակի քաղաքակիրթ մարդկության խռովքն ու վերաբերմունքը՝ հայկական խնդրի առնչությամբ:

«…Դու՛ք՝ պարոններ, աշխարհագրորեն հազարավոր մղոն հեռու եք մեզնից, բայց քրիստոնեական զգացումներով և սիրով մի անջրպետ չկա, որ ձեզ մեզնից զատի. և դուք այս ընծան ընտրել եք՝ իբրև նշան քրիստոնեական սիրո: Ես ձեզ համար ոչինչ չարեցի ծանր հանգամանքներում, թեև, վստահեցնում եմ ձեզ, անտարբեր չէի: Պատճառը բացատրեմ համառոտակի; Հայաստանում ահռելի ու աննկարագրելի խժդժություններ կատարվելու մասին լուրեր տարածվեցին, և հետզհետե հաստատվեց դրանց ճշմարտացիությունը: Այս պարագայում յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուժգին սրտի հուզմունք պիտի ապրեր: Բայց ես այս համոզմունքն եմ ունեցել, որ գերազանցապես ամեն ազգի լավագույն և ամենահարմար ներկայացուցիչն իր կառավարությունն է, որ ժողովրդի բերանը լինելով՝ նրա անունից և նրա ուժով խոսելու իրավունքն ունի… 18 տարի առաջ էր, որ ինձ վիճակվեց զբաղվել մի այլ՝ Բուլղարիայում տեղի ունեցած ահավոր խժդժական դեպքերով, որոնք իբրև զրույց տարածվեցին, բայց հետո հաստատվեցին: Այն դեպքերի առիթով ամենևին ոչինչ չձեռնարկեցի, մինչև որ, նախ, անվիճելի հեղինակությամբ ճշգրտվեց դրանց հավաստիությունը, և երկրորդ, մինչև չհուսահատվեցի մեր այն ժամանակվա կառավարության ընթացքից: Այո՛, լուռ մնացի, որովհետև լիովին վստահ էի, թե Թագուհու կառավարությունը գիտե իր պարտականությունը, և դեռ տածում եմ այդ վստահությունը:

…Ի՞նչ պատահեց Բուլղարիայում: Սուլթանն ու իր կառավարությունը բացարձակ կերպով ուրացան անկարգությունների գոյությունը: Բայց իրենց ուրացումը հերքվեց իրողությունների ուժով: Ճշմարտությունը պարզվեց: Այն ժամանակ անհեթեթ թվաց իմ խոսքը, թե ժամանակը հասել է, որ թուրքն իր ունեցած-չունեցածով հեռանա Բուլղարիայից:

…Արդարև այս քննության ելքը տակավին չգիտենք… Չեմ կարող ասել, որ պատճառ չկա նախազգուշանալու աննպաստ արդյունքից: Ինձ հասած տեղեկությունները հզոր կերպով հանգեցնում են այն եզրակացության, որ 1876 թվականի Բուլղարիայի խժդժությունները, ոճիրները և պղծությունները 1894-ին կրկնվել են Հայաստանում: Եթե ճշտվի, որ այդպես է, այլ ժամանակն է, որ անեծքի ընդհանուր աղաղակ բարձրանա ընդդեմ այդ չարագործության… Հարկ է խիստ լեզու գործածել: Դեպքերը խիստ են, պետք չէ, որ դրանք մնան առանց խիստ քննության: Որչափ ապացույցները բազմանում են, և խնդիրը սև գույն է ստանում, ձայնս պատեհ առիթով պիտի բարձրանա՝ հանուն մարդկության և ճշմարտության: …Ձեզ ի սրտե մաղթում եմ ամեն բարիք: Ձեր ազգին ջերմորեն ցանկանում եմ, որ վայելի զորություն և բարօրություն, որչափ էլ խավարամած լինի իր ներկա կացությունը»:

Գլադստոնի ձայնը հզոր էր հայկական խնդրի եվրոպական քննարկումներում: Գլադստոնի խոսքից մեկ օր անց՝ դեկտեմբերի 30-ի առավոտյան, նրա բոլոր բառերն արձագանք գտան բովանդակ Բրիտանիայում: «Թայմսից» սկսած մինչև ամենհետին գավառական թերթերը ամբողջապես հաղորդեցին նրա խոսքը: Անգլիայի հասարակական կարծիքը, որ արդեն հոգս էր պատճառում պետական այրերին, Գլադստոնի հրաշունչ խոսքի ազդեցությամբ վտանգավոր ընթացք կարող էր ունենալ: Ուստի արտակարգ ճիգ էր հարկավոր այդ ընթացքը խոտորելու համար: Հնարավոր չէր այլևս ուրանալ Սասունի կոտորածը, ապացույցները դիզվում, կուտակվում էին: Անգլիական կարևոր թերթերի հայեցակետը փոխելը եթե ոչ անհնար, ապա շատ դժվար էր: Գործի դրվեցին հակազդեցության անուղղակի միջոցներ:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հասմիկ Սարգսյան

Հոդվածի նյութերը քաղված են 19-րդ դարավերջի գրավոր աղբյուրներից և մամուլի հրապարակումներից

Տես՝  ՄԱՍ I

ՄԱՍ III

ՄԱՍ IV

3 идей о “ԳԼԱԴՍՏՈՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

  1. Эдуард Погосян

    Ու երկրագնդի այն ծանոթ մասում,
    Որին Հայաստան, Հայք էին ասում
    Փարավոններից մինչ Պուանկարեն,
    Հիմա Օսմանի թոռները բռի
    Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել
    Դարերով հնչող «Հայաստան» բառի
    Բոլո՜ր տառերը,
    Նրա ապագան,
    Մշահոտ ներկան
    Եվ մինչև անգամ… անցած դարերը:

    Եվ համարյա թե իրոք քերեցին,
    Իսկ Գլադըստոն — Ջորջ Լլոյդները
    Չխանգարեցի՜ն…

    Պ․Սեվակ

Добавить комментарий