ՀԱՅԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ՀԱՅԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ / Ruzan Asatryan Ռուզան Ասատրյան

ՀԱՅԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ / Ռուզան Ասատրյան

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Տևական ժամանակ, երբ դրսում որևէ մեկն ինչ-որ բան էր տպագրում` հիշատակելով «Արմենիա» կամ «գենոցիդ» արտահայտությունները, շտապում էինք հեղինակներին փառավորապես մեծարել մեր երկրում` առանց ծանոթանալու նրանց աշխատություններին` օտարի «իմաստնություններից» խլացած և օտարի «իմաստնություններից» կուրացած: ՀՀ անկախացումից հետո, երբ առաջին հերթին մեր պատմությունը պետք է սովետականազերծեինք ու ազատագրեինք կոմունիստական գաղափարների կապանքներից, դարձանք աջից ու ձախից տեղացող հարվածների թիրախ: Մի կողմից` օտար լեզուների անբավարար իմացությունը, մյուս կողմից` արտերկրում հրատարակված գործերի բովանդակության անիրազեկությունը մեզ դրեցին բավական ծանր կացության մեջ: Պարզվեց` կան անուններ, որոնք գրեթե սրբացրել ենք, մինչդեռ նրանց հասցրած վնասներն անչափելի են: Այդ անունները հրապարակելիս հայտնվում էիր մի տեսակ ազգային դավաճանի կարգավիճակում: Շուրջ մեկ տասնամյակ անհրաժեշտ եղավ, որպեսզի մարդիկ հասկանային` ինչն ինչոց է և ով ով է: Այդ ընթացքում մեր ոչ բարեկամները պարապ չէին: Նրանք ավելի ու ավելի էին հարստացնում իրենց մշակույթի «զինանոցը»` ի հաշիվ մեզանից կողոպտած պատմամշակութային ու հոգևոր գանձերի: 2003-ից տեղի են ունեցել միջազգային մի քանի հայագիտական գիտաժողովներ, որտեղ ընդունվեցին փքուն որոշումներ, փաստաթղթեր, որոնք այդպես էլ մնացին դրանք ընդունողների սեղաններին` որպես ավելորդ թուղթ:

– Տիկին Ասատրյան, Ձեզ նույնպես հետաքրքրում են հայոց նախասկիզբը և ակունքները, այսինքն` ծագումնաբանությունը… Սկսենք պատմության խորհրդավոր անսահմանությունից սկիզբ առնող Ձեզ հայտնի այն հնագույն նյութերից, որոնք էլ մղեցին նման պրպտումների:
– Հայոց պատմության հնագույն շրջանի մասին մինչև այսօր էլ աշխարհի թանգարաններում ու գրապահոցներում խոր լռություն է, իսկ մեզ հասած գրավոր աղբյուրները քիչ են. դրանք հիմնականում օտար թագավորների թողած արձանագրություններ են: Աքքադական, եգիպտական, խեթական, ասորական սեպագրերը վկայում են, որ աշխարհի համարյա բոլոր հզոր պետություններն էլ տառապել են Հայկական լեռնաշխարհը նվաճելու մոլուցքով, որը նրանց չի հաջողվել` չհաշված որոշ բացառիկ դեպքեր, երբ հայերն անմիաբան են եղել: Հայասացիները ոչ միայն հմուտ և քաջարի ռազմիկներ են եղել, այլև զինված են եղել լավագույն զենքերով, ունեցել են ձիեր ու մարտակառքեր: Աշխարհում առաջին մարտակառքերը, որոնցով հիքսոսները խուճապի են մատնել եգիպտացիներին, հայտնաբերվել են Հայաստանում` Լիճքի պեղումների ժամանակ: Մարդկությանը հայտնի ամենավաղ շրջանի հուշարձանը Սիսիանի տարածքում մինչև օրս պահպանված 222 բազալտե քարերն են` 0,5–3 մետր երկարությամբ, որոնց մի մասի կշիռը 8,5 տոննա է: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու` դրանց տարիքը հասնում է 7500-ի, այսինքն` ավելի հին են, քան աշխարհում այնքան ճանաչված եգիպտական բուրգերն ու անգլիական Ստոունհենջը:
Ամերիկացի աստղագետ Վիլյամ Օլքոթի կարծիքով` առաջին անգամ Արարատ լեռան և Եփրատ գետի միջև ընկած տարածքում են սկսել ուսումնասիրել համաստեղությունները: Այսինքն` Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: Վարդենիսի վեցմետրանոց քարե աստղային քարտեզը, որը, մասնագետների կարծիքով, ստեղծվել է Ք. ա. III–II հազարամյակներում, ըստ իս, ավելի վաղ շրջանի գործ է, որովհետև հնագետ Սուրեն Պետրոսյանի հայտնաբերած 15 հազար ժայռապատկերները դեռ լրջորեն ուսումնասիրված չեն:
Մեր պատմության էջերում շատ հպանցիկ է ներկայացված Մեծամորի մշակութային ժառանգությունը` քաղաքակրթության բացառիկ մի շերտ` ոսկյա զարդերից մինչև մետաղամշակություն, զենք ու զրահ, աստղերի ու մոլորակների «ասեղնագործ» քարե գրքերից մինչև հացաբույսեր ու կրոնական պաշտամունքի իրեր… 2010 թ. Վայոց ձորի ժայռափոր բնակավայրերից պեղվել է աշխարհի հնագույն` 5,5 հազար տարվա կոշիկը, իսկ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի տարածքում հայտնաբերվել է Ք. ա. XI հազարամյակի քաղաք:
2007–08 թթ. Արենի 1 քարանձավում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ք. ա. VII հազարամյակի բացառիկ գտածոներ, մարդու գանգեր, որոնցից մեկում պահպանված է չորացած ուղեղը: Հետևաբար` ամենահին քարե աստղադիտարանը, ամենահին քաղաքը, կոշիկը, ձին, գայլխեղդ շները, քարե աստղաքարտեզը, խաչ-սվաստիկաները, քարե վիշապները, հավերժության նշանը և բազմաթիվ այլ խորհրդանիշներ ապացուցում են, որ հայերը հնագույն ժողովուրդ են` հնագույն մշակույթի ժառանգորդներ: Տեղից տեղ տեղափոխվող և աշխարհն իր տունը համարող հայը, սկսած վաղ շրջանից, իր հետ տարել է քարերի մշակման, երկաթե սրերի ձուլման, ոսկյա զարդերի, գարեջրի պատրաստման, կաշվի արտադրության, կրի օգտագործման մշակույթն ու իր ավանդույթները` դրանք դարձնելով այլ ազգերի սեփականությունը:

– Ինչո՞ւ են հայոց քարադարան-աստղադիտարանը և ընդհանրապես հայոց քաղաքակրթությունը դուրս մնացել աշխարհի քաղաքակրթության շերտերից:
– Մայր քաղաքակրթությունը երբեք դուրս չի մնում քաղաքակրթության շերտերից: Հայերիս համար քաղաքակրթություն ստեղծելը օրվա հացի նման է եղել, այսօր էլ այդպես է: Ք. ա. 9-րդ դարում անգլիացի տիրակալ Ալֆրեդ Մեծի հրամանով կազմված «Անգլո-սաքսոնական ժամանակագրությունը» ներառում է պատմությանը մինչ այդ հայտնի փաստերը: Այդ աշխատությունից պահպանված ինը ձեռագրերից առաջինում, և այն էլ առաջին էջում, պարզ գրված է. «Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն: Այդ կղզում ապրում են հինգ ազգություններ` անգլիացիներ, բրիտներ, սքոտներ, պիկտներ և լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Հայաստանից և առաջինը վերաբնակվել Բրիտանիայի հարավում»:
19-րդ դարի առաջին կեսին անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը «Ժամանակագրությունը» փոխադրել է ժամանակակից անգլերենի, որը հետագայում միտումնավոր աղավաղել են: Այսինքն` Քարահունջից հետո հայերն իրենց մշակույթը տարածել են աշխարհով մեկ, Բրիտանիայում կառուցել Ստոունհենջ. այս մասին ծավալուն հիմնավորումներ ունի ակադեմիկոս Պարիս Հերունին: Բացի թվարկվածից` 1599 թ. նույն անգլիացիների հրատարակած Սուրբ Գրքում` «Նոյի ծառը» պատկերագրության մեջ` ծառի արմատներին նկարված տան պատկերին անգլերեն գլխատառերով գրել են ARMENIA, բունը Նոյն է, ապա` աշխարհի մյուս ազգերը:
11-րդ դարում ստեղծված գերմանական «Աննոյի երգը» պոեմում նշվում է, որ գերման քաջ ազգը (բավարները) եկել է Հայաստանից: 16-րդ դարում իսպանացի գիտնական Անդրես դե Պոսան, որն ուսումնասիրել է հայ-բասկական տարազը, անվանումներն ու սովորությունները, կարծիք է հայտնել, որ Իսպանիայի հնագույն բնակիչները` բասկերը, եկել են Հայաստանից:
Վաստակավոր ճարտարագետ, պատմաբան, արևելագետ Նինվեի պեղումների մասնակից Մարտիրոս Գավուքչյանն իր ուսումնասիրություններում միանշանակորեն համոզվել է, որ հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է:
Դատելով անգամ այս քիչ թվով փաստերից` համոզված եմ, որ Հայաստանը եղել է մարդկության բնօրրան և քաղաքակրթության կենտրոն:

– Ովքե՞ր են հայկական մշակույթը հայազերծողները:
– Նրանք շատ են, այնքան շատ, որ հայկական հնագույն արժեքների ու տարածքների բռնագրավումից հասան մինչև Հայոց ցեղասպանություն… Առաջինն ուզում եմ հիշատակել Նյու Յորքի համալսարանի արվեստագիտության պրոֆեսոր Թոմաս Մաթյուսին, որն անվերջ փորձել է ժխտել հայկական քաղաքակրթության համաշխարհային ազդեցությունը: Հայատյաց Ջեյմս Ռասելի աշակերտ Սերջիո Լա Պորտան իր հերթին փորձում է արժեզրկել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»` կասկածելով տեղեկությունների հավաստիությունը: Հիմք ընդունելով «Ռոսլին» մականունը` մեր պատմության որսագողերը փորձում էին Թորոս Ռոսլինին ներկայացնել որպես գերմանացի կամ բրիտանացի… Ժխտում էին անգամ Գլաձորի և Տաթևի համալսարանների գոյությունը` մոռանալով, որ քարե կոթողները պահպանում են անցյալի հիշողությունը: Արմենոիդ ռասան փոխարինել են առաջավորասիականով…

– Դա երեկ էր. այսօր արդեն արմենոիդ ռասան փոխարինել են «կովակսյան ռասա» արտահայտությամբ…
– Հայկական մշակույթը փոխարինել են Կուր-Արաքսյան մշակույթով, Հայկական Միջագետքը` Հյուսիսային Միջագետքով, Հայկական լեռնաշխարհը` Արևելյան Անատոլիայով… Ահա թե ինչ է նշանակում կորցնել մեծ պետության հզորությունը և իջնել «փոքր ածուի» աստիճանի: Ամենազավեշտալին այն է, որ նույնիսկ հայկական տարածքներում պետություն թխած Ադրբեջանը Մխիթար Գոշին և Կիրակոս Գանձակեցուն է փորձում յուրացնել:
Հայերիս ամենաոխերիմ թշնամիների շարքում հնարավոր չէ չհիշատակել անգլիացի խորհրդավոր հետախույզ Լորենս Արաբիացուն, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ, նաև դրանից առաջ և հետո, գործել է Մերձավոր Արևելքում: «Հայերը մարդկային անտանելիության վերջնական խոսքն են». այսպես է ասել նա Լինքոլն Սթեֆընսի հարցազրույցում և ներկայացրել հայ ազգի բնաջնջման հնարավոր մեթոդները` պատճառաբանելով, որ հայերն այնքան խելացի են, որ կտիրեն ողջ աշխարհը…
Հայկական մշակույթը հայազերծողներ եղել են և լինելու են, մե՛նք պետք է կամք դրսևորենք` մեր ունեցածը մերը համարելու:

– Ի՞նչ է Ձեզ հայտնի համաշխարհային քաղաքակրթության ակունքներում հայերի ներդրումների մասին: Մոռացված ո՞ր արժեքների ուրվականներն են հիշեցնում իրենց երբեմնի գոյության ժամանակները…
– Բրիտանացի արևելագետ Դեյվիդ Լանգը Հայաստանը քաղաքակրթության բնօրրան է համարել: Բարձր ռազմարվեստի տիրապետելուց բացի` հայերը կառուցել են անխոցելի բերդեր ու ամրոցներ: Անթերի միաձույլ կառույցներ են Շոտլանդիայի հյուսիս-արևմուտքում և Իռլանդիայում հայտնաբերված «կալենիշ» կոչվող պաշտպանական կառույցները: Ֆրանսիայի հյուսիսում հայտնաբերված «Քարնակ» կոչվող համալիրը, տեղացիների կարծիքով, կառուցել են եկվորները: Շինարարական մշակույթ և գիտություններ` ճարտարապետություն, տիեզերագիտություն են ուսուցանել իրենց հարևաններին, նաև առևտուր անել, տնտեսություն վարել… Հայաստանը կապեր է ունեցել Իրանի, հյուսիսային ժողովուրդների և Հարավարևելյան Եվրոպայի հետ: Կուր-Արաքսյան մշակույթը սերտ կապի մեջ է եղել մայկոպյան մշակույթի հետ: Ֆրանսիայի տարածքում` Մորիբանայի հյուսիսային ափերի մոտ, մինչ օրս պահպանվել է հնագույն Վան քաղաքը` ճիշտ Վանի նախագծով: Ֆրանսիացիները չեն ասում, թե ովքեր են եղել այդ քաղաքի առաջին բնակիչներն ու հիմնադիրները, սակայն հավաստում են, որ այնտեղ է վաճառվում աշխարհի ամենահամեղ գինին: Եվ եթե հիշենք անցյալի մեր հնագույն հնձանները, ապա պարզ կլինի, թե ինչո՞ւ էին հայկական կոնյակի կողքին մշտապես ներկայացնում նաև ֆրանսիականը…
Ինչևէ, ֆրանսիական Վան քաղաքից քիչ հեռու Քարնակ քաղաքն է, որի հնագույն պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ար ճարտարապետական համալիրը: Թե ինչպես է հայոց Ար աստծու անունը հայտնվել Ֆրանսիայում, մինչև այսօր անհայտ է պատմությանը: Եգիպտոսում նույնպես եղել է Քուրնակե քաղաք, իսկ Ամոն Րա աստծու դամբարանի մոտ տեղադրված քարերը կոչվել են «քարենիշ»: Իսկ թե ինչպե՛ս է եգիպտական բուրգերի կառուցումը անհայտությունից հասնում հայկական ակունքներ, վերլուծությունը թողնում եմ ընթերցողին:

– Խոսեցիք եգիպտական բուրգերից, իսկ ես հիշեցի այդ կառույցների հեղինակներին առնչվող մի կարծիք, որի հեղինակի` Էդգար Քեյսի անունը վերջին շրջանում հաճախ է հոլովվում, անգամ` գիտաժողովներում: Ի՞նչ մանրամասներ գիտեք «Էդգար Քեյսի պատմությունը մարդկության սկզբնավորման և ճակատագրի մասին» (1972) աշխատությունից:
– Քեյսին դասվել է «քնող մարգարեների» շարքը: Նրա 14 246 մեկնությունները, որոնք գրի է առել քարտուղարուհին, զարմացրել ու ապշեցրել են մոլորակի` վերջին տեխնիկայով զինված գիտնականներին: Գրքի «Բուրգ կառուցողները» գլխում նա պատմում է Եգիպտոսի հնագույն մշակույթի վրա հայերի ազդեցության մասին: Մեջբերեմ մի փոքրիկ հատված. «Քրիստոսի գալուց 11 016 տարի առաջ Արարտ երկրում, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի Կովկասյան լեռներում, բազմությամբ ապրում էին սպիտակ ցեղի մարդիկ: Նրանց թագավորը, որ նույնպես Արարտ էր, ազդվել է մի բարեպաշտ երիտասարդ քրմի մարգարեությունից: Այդ քրմի անունը Րա Թա էր: 21 տարեկանում Րա Թան կանխագուշակել է, որ Եգիպտոսը մոտ ապագայում դառնալու է առաջատար երկիր: Ռա Թայի հորդորանքով Արարտ թագավորը նրա հետ մեկնում է Եգիպտոս և հիմնադրում առաջին արքայատոհմը»:
Քեյսին հիշատակել է նաև, որ Արարտ թագավորին հաջորդել է նրա որդին` Արաարաատը, որը Ռա Թայի հետ սկսել է Սֆինքսի և Գիզայի մեծ բուրգի կառուցումը: Ըստ Էդգար Քեյսիի` այս երկու խոշոր կառույցների տարածքում` իրենց կառուցած գաղտնի գրապահոցում, քրմի հետ զմռսել են «մեկ Աստծու ժողովրդի մասին» արձանագրությունները, «մարդու աշխարհ գալու օրից»: Ոչ կասկածելու իրավունք ունեմ, ոչ էլ չհավատալու Էդգար Քեյսիին, նամանավանդ որ ես հավատում եմ հայ ժողովրդի կենսագրությանը, ինչպիսին էլ որ այն լինի:

– Ի՞նչ է ձեզ հայտնի հայ-շումերական առնչությունների մասին: Հայկական ի՞նչ հետքեր կան, ըստ ձեզ, շումերա-բաբելոնական «Գիլգամեշ» էպոսում:
– Միջագետքում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ շումերական քաղաքակրթություն ստեղծողները, Հարավային Միջագետքը յուրացնելուց առաջ բնակվել են Զագրոսի լեռներից արևմուտք ընկած տարածքներում, այսինքն` Տիգրիսի ակունքների մոտ և Վերին Միջագետքում` Եփրատի հոսանքների մոտ: Այստեղ է հիմնականում ստեղծվել նստակյաց հողագործների և անասնապահների մշակույթը: Հին աշխարհի լավագույն գիտակներից Կերամը գրել է, որ շումերները միջագետքում բնակվել են Տիգրիս և Եփրատ գետերի դելտայում: Նրանք իրենց հետ բերել էին ուրույն մշակույթ, որը ձևավորվել էր Հայկական Զագրոսում:
Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել դեռևս այն ժամանակ, երբ Միջագետքը ծովի տակ էր: Ջրերի հետ քաշվելուց հետո նրանք յուրացրել են այդ բերրի հողատարածքները:
Շումերական պատմության ուսումնասիրության բացառիկ արժեքավոր աղբյուր է «Գիլգամեշը և անմահների երկիրը» վիպերգը: Գիլգամեշն իր ընկերոջը` Էնկիդուին մահից փրկելու նպատակով մեկնում է Անմահների երկիր` Արատտա, որի խորհրդանշանը Մաշու` Մասիս լեռն է, անմահության ծաղիկը բերելու: Շումերների և ողջ Միջագետքի համար Հայաստանը լեռների երկիր էր, որտեղ էր կախարդական այգին` դրախտը, որտեղ ապրում էին աստվածները. Աստվածաշնչում նույնպես Դրախտը հիշատակվում է Եփրատ, Տիգրիս, Գեհոն և Փիսոն գետերի ակունքների մոտ:
Մեծ դժվարություններով Գիլգամեշը հասնում է Անմահների երկիր, հանդիպում Ութնափիշտիմին` Նոյին: Փորձությունները հաղթահարած հերոսը նրանից ստանում է անմահության ծաղիկը, սակայն չի կարողանում տեղ հասցնել. Գիլգամեշի քնած ժամանակ օձը գողանում է: Այսինքն` անմահության ծաղիկը դարձյալ մնում է Արատտայում` Բարձր լեռների և Սուրբ օրենքների երկրում: Շումերների համար լեռն ու երկիրը նույն խորհուրդն են ունեցել: Նրանց կարծիքով` աստվածները ծնվում և ապրում են լեռներում: Արարատը համարվել է սուրբ լեռ: Սրբազան լեռան վրա է իջևանել Նոյը: Գիլգամեշը գալիս է Սուրբ Լեռան երկիր` իր նախնիների սրբավայրը. այսօր գնում ենք Արևմտյան Հայաստան` մեր նախնիների սրբավայրը: Էթնիկ հողի էներգիան միշտ է դեպի իրեն ձգում իր էթնիկ անհատին: Նույնիսկ ինձ երբեմն թվում է, որ շումերական վիպերգը «Սասնա ծռեր» էպոսի նախասկիզբն է, որովհետև պատմության նմանության եզրերը հաճախ տարակուսանք են առաջացնում: Այսպես, օրինակ, Գիլգամեշն ու Էնկիդուն գնում են Պղնձե քաղաք` ջրերը կտրող վիշապին սպանելու և նրա բերանից խորհրդավոր ակը փախցնելու. այդպես մեր էպոսում Սանասարն ու Բաղդասարն են կռվել Պղնձե քաղաքի փահլևանների դեմ և հաղթել ու ոսկե խնձորը հասցրել Դեձուն-Ծամին: «Գիլգամեշ» էպոսում եղբայրները կռվում են յոթ կումով Եփրատը ցամաքեցնող Ցուլի դեմ: Նրանց սխրանքներին Շամաշն օգնության է գալիս յոթ քամիներով, Սասնա ծռերին օգնել է Չարբահար քամին, իսկ հնդկական Ինդրային` Մարութա քամիները: Ինդրան նույնպես կռվում էր ջրերը կտրող Վրիթրա վիշապի դեմ, այսինքն` արիական ցեղերի ավանդություններն ու մշակույթները խոր կապեր են ունեցել միմյանց հետ: Այսինքն` նույն բնօրրանից արտագաղթած ազգերը նույն մշակույթն են կրել, այդ թվում` շումերները: Աշխարհն ընդունել է, որ քաղաքակրթությունն սկսում է շումերականից, իսկ նրանց քաղաքակրթությունն ստեղծվել է հայկական Զագրոսի բարձունքներում, որտեղից Ք. ա. V–IV հազարամյակներում արտագաղթել են նրանք և տարածվել Հայկական Միջագետքում` հետագայում ձևավորելով իրենց մշակույթը:

– Ովքե՞ր են, ի վերջո, մեր նախնիները:
– Խորենացին սկսում է Հայկ Նահապետից, որին սպառնում էր Բելը, և որի պատճառով Հայկ Նահապետն իր զորքով ջախջախեց իրեն անպարտելի համարող թշնամուն: Հայերիս նախնիներն արիացիներ են եղել: Արիացի նշանակում է քաջ, ազնիվ, համարձակ, ազնվական հատկանիշների տեր: Նրանք ունեցել են զարգացած մշակույթ, հստակ ձևավորված կրոնական գաղափարախոսության, տիրապետել են պետություն կառուցելու կուլտուրային, լավագույնս տիրապետել են ռազմարվեստին. նրանց պետությունը Եփրատի և Տիգրիսի հովիտներից ձգվել է մինչև Հնդկաստան: Ըստ պատմաբան Անդրեյ Բուրովսկու` Ք. ա. 25-րդ դարում նրանք նվաճել են Հնդկաստանը: Ռուս գիտնականը նույնպես խոսում է Եփրատի և Տիգրիսի ափերից եկած բնակիչների մասին: Անկասկած` նա նկատի ունի հայ արիացիներն, որոնք հասել են Հնդկաստան և այնտեղ կարգ ու կանոն հաստատել:
Մարտիրոս Գավուքչյանը 1982 թ. Լոս Անջելեսում տպագրած «Հայ ժողովրդի ծագումը» գրքում չգոյից կարողացավ գոյ ստեղծել, ինչպես կասեր Մովսես Խորենացին: Գավուքչյանի հավաստմամբ`«Կան պատմագիտական, հնագիտական և լեզվաբանական որոշակի տվյալներ, թե հնդեվրոպացիներն առկա են եղել եղել Չլտըր և Սևանա լճերի շրջաններում, և նրանց բնակության սահմանները տարածվել են մինչև Կուր գետն ու Կասպից ծովը»: Նա նշում է նաև, որ կելտական ցեղերի նախահայրենիքը նույնպես Չլտըր և Սևանա լճերի շրջանում է: Կելտական լեզուն կրողները կոչվել են «կյումրոս» և բնակվել են ներկայիս Գյումրու տարածքում: Կելտերն իրենց մայր հայրենիքում հայտնաբերել են դամբարաններ` քառանիվ սայլակառքերով ու ձիերով: Ձիավարժանքներով նրանք հասել են մինչև Դանուբի ափերն ու Կենտրոնական Եվրոպա: Նրանք փոքր ազգերին և մարդակեր ցեղերին սովորեցրել են հետ կագնել իրենց վատ սովորույթներից, ընտանիք կազմել, տուն կառուցել, ընտանի կենդանիներ պահել, հաշիվ անել և գիր ունենալ: Հիշենք, որ աֆրիկյան շատ ցեղեր հեռվից եկած սպիտակ մարդկանց համարել են աստվածներ և հետագայում նրանց շիրմատեղիները դարձրել սրբավայրեր:

– Այժմ ներկայացրեք ձեր այնքան սիրելի հայկական ֆենոմենը, երևույթ, որի մասին սիրում եք խոսել նաև առտնին զրույցների ժամանակ…
– Հայկական ֆենոմենը հայերին բնորոշ այն առանձնահատկություններն են, որոնցով նրանք տարբերվում են այլ ազգերից: Հայկականությունը դրսևորվում է հետևյալ կարևոր առանձնահատկություններով: Ամենաբնորոշն այլոց համար դոնոր լինելու նրա ունակությունն է: Արյան ծանր հիվանդությունները բուժելու համար հիվանդին պատվաստում են միայն իր ազգի դոնորի ոսկրածուծ: Հայ դոնորի ոսկրածուծը կարելի է օգտագործել այլոց համար, իսկ ուրիշ ազգերի դոնորների ոսկրածուծը հայերին հակացուցված է: Երկրորդ` բանական մարդիկ առաջացել են Հայկական լեռնաշխարհում, նրանց օրգանիզմը, ինչպես ապացուցում է ԴՆԹ-ի ուսումնասիրությունը, վերջնականորեն ձևավորվել է այստեղ և ներդաշնակ է այս միջավայրին: Հայերը` որպես բանական մարդկանց անմիջական սերունդներ, նրանցից ժառանգել են նախնիների հատկանիշները, ինչը չես ասի այլազգի վերաբնակիչների մասին: Այսինքն` բացառվում է հայերի եկվոր լինելը, ինչպես փորձում են ներկայացնել մեր ծագման ու մշակույթի ավարառուները: Հաջորդը` բանական մարդիկ Հայկական լեռնաշխարհից տարածվել են աշխարհում: Բնակլիմայական պայմանների, կենսակերպի, նյութական, ոգեղեն և այլ գործոնների ազդեցությամբ նրանց օրգանիզմում փոփոխություններ են առաջացել, հատկապես` ոսկրածուծում: Այս պարագայում նրանք նույնպես իրենց ցեղակիցների ոսկրածուծն են օգտագործում որպես դոնոր, ինչպես մենք` բնիկ հայերս:
Այս փաստերը վերցրել եմ Էդմոն Խուրշուդյանի 2010 թ. հրատարակած «Արիական իմաստնություն» գրքից, որտեղ նա հիմնավոր վերլուծություններով ներկայացնում է հայերենը որպես նախալեզու, իսկ Հայաստանը` որպես նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան մարդաստեղծ կենտրոն: Հին կտակարանում նշվում է, որ ջրհեղեղից հետո մարդիկ եկան Շումեր, և բոլորը խոսում էին մեկ լեզվով: Իսկ Շումերը հայկական ծագում ունի, բնականաբար, մայր լեզուն էլ հայերենն էր:

– Ի՞նչ վկայություններ եք հավաքել հայերի ինքնության մասին:
– Հեղինակներն առաջին հերթին նշում են նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, ազնվությունն ու միամտությունը, Երկիր մոլորակի հանդեպ տիրոջ զգացողությունը, մարդու նկատմամբ բնատուր հոգածությունը, աստվածատուր խելքն ու ինքնաստեղծ մշակույթը: Գերմանացի գիտնական, հայագետ Մագդա Նեյմանը հայերի մասին ասում է. «Բոլոր նրանք, ովքեր գիտեն և ծանոթ են հայոց պատմությանը, գիտեն, որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ, սկսած իր քաղաքական ակունքներից, երբեք գոյություն չեն ունեցել ո՛չ դասակարգեր, ո՛չ ճորտեր, ո՛չ բանտարկյալներ…»:
Հայերիս բարձր է գնահատել մեծ փիլիսոփա Կանտը. նրանց համարել է առևտրի մշակույթի սերմնացաններ: Բրիտանացի պետական գործիչ Ուիլյամ Գլադստոնը, օրինակ, շատ պատկերավոր է ասել. «Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Գերմանացի փիլիսոփա Վիլհելմ ֆոն Հումբոլտը գրել է. «Հայաստանն անտիկ աշխարհի ծանրության կենտրոնն է», իսկ Մոլորակների միջազգային ընկերության նախագահ Գենադի Կատերֆելդը ափսոսանք է հայտնել, որ հին Հայաստանում գոյություն է ունեցել բավական զարգացած պատկերագրերի համակարգ, որն առայժմ գրեթե չի ուսումնասիրվել:
Առանձին գրքերով բազում կարծիքներ ու բնորոշումներ կան հայերիս ինքնության մասին` վաղ ժամանակներից մինչև Հայոց ցեղասպանություն ու նրանից հետո:

– Այժմ`հայերի և հայոց լեզվի արտագաղթի մասին: Արտագաղթելու բնազդը հայերիս համար դարձել է ազգային հոգեբանության բաղադրիչ, առանձնահատկություն:
– Հայերիս համար լեզուն հայրենիք է եղել: 5-րդ դարի պատմիչ Եղիշեն Հայաստանն անվանել է հայոց լեզվի հայրենիք: Տևական բանավեճերն ու կասկածները նախամաշտոցյան շրջանի հայոց գրերի վերաբերյալ մինչև օրս էլ շարունակվում են, որովհետև պահպանողականությունը մեր արյան մեջ է: Այսօր արդեն գիրք չկարդացող հայ բազմաշերտ հասարակության մեծ մասի համար ավելի ազդեցիկ ու տպավորիչ են օտար մտածողները, ուստի ես սկսում եմ նրանցից: Հույն փիլիսոփա և պատմագիր Մետրոդորոս Սկեպսիացին, որ ապրել է Պոնտոսում և Հայաստանում մինչև Ք. ա. 70 թվականը, գրել է «Տիգրան Բ-ի պատմությունը» երկը և «Կենդանիների բանականությունը» փիլիսոփայական աշխատությունը: Վերջինս, ըստ Փիլոն Եբրայեցու, թարգմանված է եղել հայերեն: Եբրայեցին հայերիս լավություն անելու համար նման հիշատակություն չէր թողնի: Իսկ «Տիգրան Մեծի պատմությունը», ցավոք, մեզ չի հասել, որովհետև քրիստոնեություն ընդունելիս ոչնչացրել են ողջ մեհենական գրականությունը, եղածներն էլ մինչև օրս չենք կարողանում ջրի երես հանել:
Հույն ժամանակագիր և եկեղեցական Հիպպողիտոսը գիր ունեցող յոթ ազգերի շարքում նշել է իբերներին, լատիններին, իսպանացիներին, ասորիներին, եգիպտացիներին, հույներին և հայրին:
Հույն պատմիչներից Հերոդոտոսը և Քսենոֆոնը (Ք. ա. 5-րդ դ.) Հայաստանը դասել են գիր ունեցող երկրների շարքում: Փիլոստրատոսը (Ք. ա. 3–2-րդ դ.) Ապոլոն Տիրանացու կենսագրության մեջ հիշատակում է, որ Տավրոսյան լեռներում բռնված հովազի վզից կախված մանյակի վրա հայերեն տառերով գրված է եղել. «Արշակ երկրորդ թագավորից` Նյուսիա Աստծուն»: Այսինքն` ուզում եմ շեշտել, որ հնարավոր չէ` Արտաշիսյանների հզոր թագավորությունը գիր ու գրականություն չունենանար: Ք. հ. 1-ին դարում Ստրաբոնը նույնպես հիշատակել է հայերի գիր ունենալու մասին: Այսքանը` օտարների վկայությամբ:
Հայոց պատմագրությունը նույնպես ուղղակի և անուղղակի ճանապարհներով անդրադարձել է նախամաշտոցյան գրերին: Աշխարհում երևի միակ ժողովուրդն ենք, որ գրի աստված ենք ունեցել` Տիր: Այսինքն` որքան մեծ է եղել գրի պաշտամունքը, որ երկիրը կոչվել է հայոց լեզվի երկիր և ունեցել է գրի աստված: Ղազար Փարպեցին և Դավիթ Անհաղթը նույնպես իրենց աշխատություններում անդրադարձել են նախաքրիստոնեական հայոց գրերին: Սա շատ ծավալուն թեմա է և գիտական անսպառ ուսումնասիրությունների ոլորտ, ուստի շատ չծավալվելու համար ուզում եմ հիշատակել Պարիս Հերունու արժեքավոր աշխատանքը` մահից առաջ տպագրած «Հնագույն Հայաստան» գիրքը: Նա հայերեն է կարդացել Արտաշես Ա Բարու` Ք. ա. 189–160 թթ. գրությունները` հողաբաժան քարերի վրա: Հերունին ապացուցում է, որ արամեացիներն իրականում եղել են հայեր, և արամերենն էլ հայերեն է: Ըստ ակադեմիկոսի` աշխարհում առաջին` նախնական այբուբենը, բաղկացած 19 տառից, ստեղծվել է Հայաստանում, Ք. ա. X հազարամյակում: Առաջին այբուբենի հետ են ծագել և գործածվել նաև 1–10 թվանշանները, հաշվի տասական համակարգը` մաթեմատիկան: Զարգացած` 36-տառանոց այբուբենը ձևավորվել է առել Ք. ա. VI հազարամյակում և օգտագործվում է մինչև այսօր: Ըստ ակադեմիկոսի` աշխարհի շատ ժողովուրդների այբուբեններն ստեղծվել են հայերենի հիման վրա: Գերմանացի գիտնական Րիմշնայդերը հաստատում է, որ հունական ողջ մշակույթը վերցված է փյունիկյանից, խալդականից, ուրարտականից. ի դեպ, փյունիկյան 26 տառերից 12-ը համընկնում են հայկականի հետ: Արտագաղթի հետ հայոց լեզուն հայրենիքից սփռվել է աշխարհով մեկ, այդ թվում` Եթովպիա, Պոլոնեզիա և այլուր: Եթովպական տառերի մեծ մասը նման է հայկականին: Հայերը, ցրիվ գալով աշխարհով մեկ, սերնդեսերունդ ոչ միայն պահպանել են իրենց լեզուն ու մշակույթը, այլև տարածել են ու արմատավորել այլոց միջավայրում այնպես, որ տեղացիները հետագայում շփոթել են իրենց և ներմուծված մշակույթները: Հեռուն չգնանք. հայկական դուդուկը, գորգերը, ճաշատեսակները, լավաշը, սվաստիկան ու խաչքարը հաճախ իրենք են հայտնաբերում հայրենիքից ու հայկականությունից վաղուց օտարացած հայերին…

– Ի՞նչ են փաստում գրավոր աղբյուրները հայերի մասին:
– Գրավոր աղբյուրները շատ են` ավելի քան 30 անուն գիրք` ավելացրած բազմաթիվ թերթեր ու ամսագրեր: Առավել հիմնավոր աղբյուրներ են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Մարտիրոս Գավուքչյանի «Հայ ժողովրդի ծագումը», Պարիս Հերունու «Հնագույն Հայաստանը», Մագդա Նեյմանի «Հայերը», Արտակ Մովսիսյանի «Արատտան», Ալեքսանդր Վարպետյանի «Ծննդոցը», հնագույն պատմիչներից Քսենոֆոնի, Հերոդոտոսի, Պլուտարքոսի և ուրիշների երկերը:
Ինձ` որպես հայ գրողի, չափազանց զայրացրել էր Ալեքսանդր Աբրաշկինի «Տրոյական պատերազմի գաղտնիքները և միջերկրական ծովի ռուսներ» գիրքը, որտեղ հեղինակը բացեիբաց հայերին համարելով եկվորներ` Վանը հայտարարել էր ռուսների բնօրրան (ի դեպ, Աբրաշկինը հրեա է), Ռուսա Ա-ին, Ռուսա Բ-ին, Ռուսա Գ-ին և Վանի մյուս թագավորներին՝ ռուսներ: Այդ մասին ծավալուն հոդվածով հանդես եկա «Գրական թերթում» («…Որտեղից է սկսվում մեր հավերժության պորտալարը…», 6. 04. 2007): Հերքելով նրա «փաստերը»` ապացուցեցի Վան-Տուշպայի հայկականությունը` հայ ժողովրդին վերադարձնելով նաև հայոց թագավորներին: Ի դեպ, այս մասին ժամանակին տեղյակացրել եմ ՀՀ մշակույթի նախարարին: Բարեբախտաբար, գիրքը վերահրատարկելիս այդ հատվածը հանվել է:
Այսինքն` մեր պատմամշակութային արժեքների հայազերծմանը հաճախ վերաբերվել ենք անտարբերությամբ ու արհամարհանքով. անհեթեթ ենք համարել ապացուցել, որ մենք ենք մեր ունեցածի տերը: Հայկական խաչքարերի ջարդն ու հարյուրհազարավոր հայերի արտագաղթը Նախիջևանից ավարառու օղուզներին հնարավորություն է տվել ջնջելու, ոչնչացնելու ոչ միայն ավելի քան 10 հազար խաչքար, այլև մեծ թվով եկեղեցիներ և ընդհանրապես հայկական մշակույթի հետքը: Թե ինչպես է նախիջևանցի թուրքերի թանգարանում հայտնվել Ք. ա. III–II հազարամյակների շումերական պատկերագրով գորգը՝ (երկու լեռ, Էնկի աստվածը` ուսից բխող երկու գետով) մինչև այսօր էլ գլուխկոտրուկ է ռուս գիտնականների համար: Շումերները զագրոսցի մեր նախնիներն են (Արմեն Դավթյան, Վիլեն Սաֆարյան և ուրիշ հեղինակներ), և երևի թե գորգը սրտացավորեն պահպանել է մի ավանդապաշտ ագուլեսցի:
Անդրադարձել եմ նաև աշխարհաճանաչ արևելագետ, բազմաթիվ պատմական գրքերի հեղինակ Զաքարիա Սիտչիին. սա յուրայինների՝ հրեաների պատմության մասին գրում է բավական հիմնավոր, հանգամանալից ու համոզիչ, իսկ ուրիշ ազգերին հեռացնում է պատմությունից` թողնելով նրա խորխորատներում: Վերջինիս «Աստիճան դեպի տիեզերք. ճշմարտություն որոնելիս» գրքին, դարձյալ ռուսերեն, ծանոթացել եմ Մոսկվայում: Ի տարբերություն Աբրաշկինի` սա չի ժխտում հայկական թագավորներին, պարզապես հնագույն ազգերին հիշատակելիս հայերին բաց է թողնում: Ասենք՝ խուռիներ, խալդեր, կելտեր, շումերներ, հրեաներ, իսկ հայերը չկան: Սիտչին Նոյան տապանը տանում է հրեական լեռներ: Այդ թեմայով նույնպես հանդես եկա «Գրական թերթում» («Արարատի նոր առեղծվածը», 14. 11. 2007): Այս բոլոր նյութերը ամփոփել եմ «Սֆինքսը նայում է Արարատին» գրքում, որն իմ 20 տարվա պրպտումների արդյունքն է:
Անդրեյ Բուրովսկու «Ռուս արիացիներ» գիրքը ինձ շատ հետաքրքրեց քրիստոնեության վերաբերյալ համարձակ վերլուծություններով: Սա իր հերթին արիականության արմատները տանում է դեպի հյուսիս և դրախտի երկու գետեր է համարում Դոնն ու Դնեպրը:
Յուրաքանչյուր ազգի պատմաբան, արևելագետ, գրող պետք է փորձի գտնել իր արմատները` ինքնաճանաչման նոր հորիզոններ բացելով: Այդ առումով հիացնում և խորին հարգանք են առաջացնում մոսկվաբնակ մեր հայրենակից ակադեմիկոս Արտաշես Արծրունու հինգ ժողովածուները: Հայերի ծագումը, անցած ճանապարհը, լեզուն, մշակույթը, արվեստները, քաղաքակրթությունը, պատերազմներն ու հաղթանակները, հայերն աշխարհում և այլ հարցերի մանրակրկիտ ուսումնասիրությունն ու արխիվային նյութերը, հնագույն քարտեզներն ու Հայաստանի ներկայությունն այդ քարտեզներում հետաքրքրասեր ընթերցողի, գիտնականի, պատմաբանի համար բացառիկ տեղեկատվական աղբյուրներ են:

– Ինչպե՞ս է հնարավոր դիմագրավել գալիք մարտահրավերները ու նաև պայքարել մեր կորցրած պատմական արժեքները վերականգնելու համար:
– Երկու գործոն շատ եմ կարևորում: Առաջինն ազգային գաղափարախոսության ներառումն է մեր պետության գործունեության ոլորտ, երկրորդը՝ դրանից բխող ազգային գենի պահպանության խնդիրը: Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը ժամանակին բարձր է գնահատել հայերի ազգայնականությունն ու ավանդույթները և ասել, որ իր ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով ինքը բազմիցս բերել է հայերի օրինակը: Սակայն նա մի դիպուկ դիտողություն է արել, որին չի կարելի չհամաձայնել: Ասել է` հայերի ամենամեծ թերությունն այն է, որ հիմնում են եկեղեցիներ, դպրոցներ և արագ ձուլվում… Ժամանակները փոխվել են. համամարդկային մշակույթին ինտեգրվելով և մեր տեղն ունենալով ՄԱԿ-ում` առաջին հերթին պետք է ամուր ու անխախտելի պահենք մեր ազգային ողնաշարը:

– Ինչո՞ւ եք ձեր ժողովածուն վերնագրել «Սֆինքսը նայում է Արարատին»:
– «Աստիճան դեպի տիեզերք. ճշմարտություն որոնելիս» գրքի վերջում Զաքարիա Սիտչին ինքնախոստովանության պես ասում է, որ մարդկության ճշմարիտ պատմությունը կբացահայտվի այն ժամանակ, երբ որոշվի, թե դեպի ուր է ուղղված առեղծվածային Սֆինքսի հայացքը: Իսկ Սֆինքսը նայում է Արևելք` այն փարոսին, որտեղից կառավարվել են Երկիր մոլորակը Տիեզերքի հետ կապող կենտրոնները` Բաալբեկ, Գիզայի բուրգեր, Քարահունջ, Ստոունհենջ… Իսկ Արևելքից երևում է Արարատի սպիտակափառ գագաթը… Վերջապես Րա Թա քրմի հետ Արաարաատը արքան հիմք դրեց Սֆինքսի և Գիզայի բուրգի կառուցման աշխատանքներին: Պատմության անվերծանելի էջերը մեզ ուղղորդում են իրենց անտեսանելի ներկայությամբ: Թվում է` ամեն ինչ պարզ է, սակայն «գիտենք ամեն ինչ, բայց չգիտենք ոչինչ»:

Հ. Գ. – Որքանո՞վ է հաջողվել Ռուզան Ասատրյանին լուծել իր իսկ առաջադրած խնդիրը, «վիրահատել աշխարհի սպիացած ճշմարտությունը», թող մասնագետներն ասեն:
…Աշխարհի անարդարությունն էլ աշխարհի չափ հին է և աշխարհի չափ մեծ: Մտքի տեռորը մեր դեմ վաղուց է սկսվել: Սուտը լող է տալիս ճշմարտության երեսին, իսկ այսպես կոչված քաղաքակիրթ ազգերը, որ խոշոր պետություններ ունեն իրենց թիկունքներին, իրենց քաղաքական շահերն ունեն և, բնականաբար, դրանց են հետամուտ: Իսկ մե՞նք… Ինչի՞ վրա ենք դրել մեր հույսը` շարունակ ցրվելով աշխարհով մեկ ու շենացնելով այլոց հայրենիքները, զարգացնելով օտարների մշակույթները… Պատմության կեղծարարների դեմ մեր պայքարը ո՛չ միայն անհավասար է (հակառակորդը բազմապատիկ ավելի է մեզանից), այլև, որպես կանոն, ո՛չ համակարգված, ո՛չ համարժեք…
Գիտական աշխարհը դեռ իրոք լուրջ անելիքներ ունի հայերիս առեղծվածը պարզաբանելու համար: Օտարներն աջից ու ձախից բզկտում են մեզ` սեփականելով մեր պատմությունն ու մշակույթը, իսկ մենք զբաղված ենք, «իրարկերությամբ» (Գարեգին Նժդեհ): Եթե կարողանայինք մեր ներքին անհանդուրժողականության էներգիան ուղղել մեր ոչ բարեկամների դեմ, հավանաբար, ազգային բազմաթիվ հարցեր լուծած կլինեինք…
Հայերս ունենք հատկանիշներ, որոնք միայն մե՛զ բնորոշ չեն, մարդկային են, սակայն դրանց խտացված դրսևորումներից տուժում ենք միայն մենք և ո՛չ ուրիշները, դատարկվում է մե՛ր երկիրը, որը մեր 4 հարևանից 3-ի սրտով է, գլոբալացման այս ահեղ ժամանակներում, հուրախություն մեր թշնամիների, փոշիացնում ենք մե՛ր գեները` հարստացնելով այլոց, կառուցում-շենացնում ենք այլոց հայրենիքները և մնում ձեռնունայն, ինչպես բազմիցս փաստել է պատմությունը…

«Վէմ» ռադիոկայան
16. 01. 2013

8 идей о “ՀԱՅԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

  1. Roza Arvahi

    սիրելի Ռուզաննա չէք գդնում որ մեր արտագաղթը խթանողներին մեզ բզիկ բզիկ անողներին հաջողվում է քանդել մեր երկիրը քանզի այն օրվանից երբ կործանեցին մէր ազգային կրոնը դրանից բխող մեր աժեհամակարգը մենք կանգնեցինք տգիտության առաջ ու չկարողացանք ազատվել այդ աղբից։ մի ազգ որ չգիտի իր փառահեղ անցյալը ինչպես կարող է կառուցել հզոր ապագա որի համար էլ այս վիճակում ենք, երբ մենք կունենանք մէր ազատությունը կկարողանանք ճանաչել հասկանալ ու յուրացնել մեր զարմանահրաշ անցյալը ու տեր կանգնել մեր աստվածայն արժեհամակարգին այնժամ մենք կունենանք հզոր երկիր հզոր պետականություն ու ձեր նման համարձակ պատմաբանմները կօգնեն այդ հայաստանի կառուցմանը անչափ շնորհակալ ենք ձեր խորը գիտելիքների ու վերլուծությունների համար

  2. Artsrun Asatryan

    Ի լրումն հայագիտության մասին վերը նշված գրավոր աղբյուրների կարծում եմ անպայման պետք է ավելացնել Արման Ռեվազյանի ՄԱՔԱՌԱԾԸ, որը իմ խորին համոզմամբ ա պ ա ց ու ց ո ղ ա կ ան հ ա յ ա գ ի տ ու թ յ ա ն առաջին ծաղիկն է

  3. Спартак Есаян

    ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼՈՎ ԱՅՍ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ: ԱՅԴ ՑԱՎԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՐԱՆՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԽՈՐԱՊԵՍ ՉԻՄԱՆԱԼՈՎ ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՏԵՂԻՑ-ԱՅՆՏԵՂԻՑ ՓՇՈՒՐՆԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՎ ԵՎ ԹԱՑ ՈՒ ՉՈՐ ԽԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՐ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱ ՀԵՏԵՎԱՆՔ Է ՆՐԱ, ՈՐ ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Ի ՄԻ ՉԻ ԲԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՈՑ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԴԱՍԱԳԻՐՔ: ԸՆԴ ՈՐՈՒՄ ԱՅԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՎ ՔԱՐԱՑԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ: ԱՅՆ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄՈՎ: ԻՍԿ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿՑԿՏՈՒՐ, ՀԱՃԱԽ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՂ, ՀԱՃԱԽ ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ, ՈՐՏԵՂ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷՄՈՑԻԱ Է, ՔԱՆ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ՏԵՍԵՔ, ՄԵՆՔ ՑԱՎՈՎ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԱՅԼՈՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԶ ՎԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՂՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ԲԱՅՑ ՀԵՆՑ ՄԵՆՔ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՈՎ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵԶ ՈՐՊԵՍ ԵԿՎՈՐ ԱՌԱՋԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻՆ՝ ՄԵՐ “ՊԱՏՄԱՔԵՐԹՈՂ” ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒՆ: ՉԷ ՈՐ ԸՍՏ ԽՈՐԵՆԱՑՈՒ Ք.Ա. ՄՈՏ 2500 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՐ “ՆԱԽԱՀԱՅՐ” ՀԱՅԿԸ 300 ՀՈԳՈՎ ՀԱՐԱՎԻՑ ԵԿԱՎ ԵՎ ԳՐԱՎԵԼՈՎ ՎԱՆԻ ՇՐՋԱԿԱՅՔԸ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵՑ: ԱՅՍԻՆՔԸ ԸՍՏ ՄԵՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ ԵԿՎՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ԱՅԼ ՈՉ ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ: ՍԱ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ՄԵՐ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ: ԵՍ ՊԱՐԶ ԵՄ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ??? ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՄԵՆՔ ՔՐՏՆԱԹՈՐ ՀԻՄՆՈՎԻՆ ՓԱՍՏԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆՔ, ՈՐ Ք.Ա. 2-ՐԴ – ԱՌԱՋԻՆ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՎԱՆՅԱՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՓԱՌԱՎՈՐ ԱՐՔԱՆԵՐՈՎ՝ ՄԵՆՈՒԱ, ԻՇՊՈՒԻՆԻ, ԱՐԳԻՇՏԻ (ԱՐՋԻՇ), ՍԱՐԴՈՒՐ ԵՎ ԱՅԼՆ, ՈՐՈՆՑ ՀԵՏՔՆ ԱՆԳԱՄ ՉԿԱ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԱՅՈ՜, ՉԿԱ՜: ԵՎ ՉԷՐ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԽՈՐԵՆԱՑԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԱՆԳԱՄ ՉՈՒՆԵՐ ԱՅԴ ԱՐՔԱՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐՆ ԵՆ: ՍՐԱՆՔ ՓԱՍՏԵՐ ԵՆ: ՓԱՍՏ Է ՆԱԵՎ ԱՅՆ, ՈՐ ԽՈՐԵՆԱՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՀՈՐԻՆԵԼ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԵՎ “ԱՍՈՒՄ ԵՆ”-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԱՅԴ ՄԱՍԻՆ ԴԵՌԵՎՍ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՐԵՄՅԱՆՆ Է ՇԵՇՏԵԼ, ՈՐ ԽՈՐԵՆԱՑԻՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ Է ԿԵՐՏԵԼ: ԲԱՅՑ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՈՎ ՆՇԵԼ ՄԵՐ ՔԵՐԹՈՂԱՀՈՐԸ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԱՂԱՎԱՂՈՂՆ Է: ԱՅՍ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՎՐԻՊԱԾ Է ՎԵՐՈՆՇՅԱԼ ՀՈԴՎԱԾՈՒՄ: ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԶԱՆԻՑ ՕՏԱՐԱՑՎԱԾ ԵՆ ԽԱԼԴԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՄԵՆԱՌԱԶՄԱՏԵՆՉ ԵՎ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԻՆՉՊԵՍ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ, ՆՈՒՅՆՊԵՍ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ ԵՆ (ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՈՐԵՆ ԳՐՎԱԾ Է “ՄԱԳԱՂԱԹՈՒՄ” ՏՊՎԱԾ ՄԵՐ 17 ՀՈԴՎԱԾԱՇԱՐԵՐՈՒՄ՝ “ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՑ”): ԻՆՉՊԵՍ ԱՅԴ ՄԱՍԻՆ, ՆՈՒՅՆՊԵՍ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՈՐՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԷԼ ԹԱՑԸ ԽԱՌՆՎԱԾ Է ՉՈՐԻ ՀԵՏ: ԵՎ ԱՅՍՏԵՂ ԻՀԱՐԿԵ ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ ՈՐԵՎԷ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԻ ԲԵՐՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ:

Добавить комментарий