ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (Հրապարակախոսություն), հատոր Ա, Բ, Երևան, «Էդիթ Պրինտ», 2010

Հասմիկ Գուլակյան

ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ

Գևորգ Յազըճյան

      Խոստովանեմ՝ այս երկհատորյակի լույս աշխարհ գալու հիմնական «մեղավորներից» մեկն էլ ես եմ: Կարող է հակասական թվալ, սակայն իրականությունն այն է, որ         ժողովածուի հրատարակության գաղափարը ծնվեց պատահականորեն, բայց թելադրված դրա անհրաժեշտությամբ: Խմբագրելիս իմ մեջ ամրապնդվեց այն համոզումը, թե նման ժողովածուի լույս ընծայումը մեր օրերում ավելի քան անհրաժեշտ է: Արդարև, վերջին 10-15 տարիներին, մասնավորաբար տասը տարի առաջ հաստատված հրադադարից հետո ուժեղացել են օտար թափանցումները հայկական հասարակություն թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Եթե հայ հասարակությունը զինված թշնամուն տեսնելու և նրա վտանգը գիտակցելու հարցում կարծես թե խնդիրներ չունի, ցավոք, հոգևոր ոլորտներում հայության թշնամիների նկատմամբ ոչ միայն պատշաճ զգոնություն չի ցուցաբերում, այլև հաճախ ի՛նքն է կրում ու բազմացնում ազգակործան տարբեր վարակները, որոնք ավերում են հայոց հոգևոր արժեքները, հայկական բո՛ւն էությունը: Համակարգված ու համակարգային ներխուժմանը հարկավոր է դիմակայել հայկական ազգային արժեհամակարգով: Այդ երևույթը մենք պայմանականորեն անվանում ենք Հայկական դիմադրություն: Դիմադրությո՛ւն հայոց լեզուն սրբապղծողներին, դիմադրությո՛ւն հայոց պատմությունը կեղծողներին, դիմադրությո՛ւն Հայ եկեղեցին հոշոտողներին, դիմադրությո՛ւն հայ դպրոցը ապազգայնացնողներին, դիմադրությո՛ւն Հայրենիք-Սփյուռք ոսկե կամուրջը փլուզել ցանկացողներին, դիմադրությո՛ւն, դիմադրությո՛ւն, դիմադրությո՛ւն…
Պետության, եկեղեցու և տիտղոսավոր-ինքնակոչ մտավորականության՝ ազգն առաջնորդելու կոչված այս պատասխանատուների շարքային թե ղեկավար անդամների ջախջախիչ մեծամասնության անտարբեր, հաճախ էլ դավաճանական վարքագծի պայմաններում, պատմական անհրաժեշտության մղումով, Հայկական դիմադրությունն այսօր իրականացնում են հայ ազգի ծոցից ծնված, նրա էությամբ սնված, նրա ցավերով իսկապե՛ս տառապող, նրա հաջողություններով իսկապե՛ս ուրախացող շատ քիչ թվով անհատներ: Վերջիններից է Հասմիկ Գուլակյանը՝ Հայկական դիմադրության գաղափարի իմ իմացած ամենանվիրյալ հայուհին: Ավելին` Հասմիկն անցում է կատարում ազգայինից համամարդկայինին՝ վեր հանելով բարությունը, գթասրտությունը, նվիրումը և այլ առաքինություններ, որոնք հույն անտիկ փիլիսոփան այսօր, եթե ամենահզոր լուսարձակներով իսկ փնտրեր, հազիվ թե գտներ՝ օրեցօր ավելի անմարդկայնացող մարդկային ու հայկական հասարակությունների մեջ… Ոմանք կարող են հարց տալ` իսկ ի՞նչ կապ ունեն այսպիսի նյութերը հայագիտության և, առհասարակ, հայկական ազգային արժեքների հետ (հատոր Ա): Առաջին հայացքից թվում է, թե չունեն: Բայց ունե՛ն, այն էլ՝ ինչպե՜ս: Հայագիտությունը, կրթությունը, կրոնը, լեզուն, արվեստը, մշակույթը և, առհասարակ, մարդու կենսագործունեությունը անհնար է, որ վերջնական արդյունք տան ու մնայուն արժեքներ ստեղծեն և դրանք ժառանգեն հաջորդ սերունդներին՝ առանց խարսխվելու մարդկային վեհ, բարձրագույն առաքինությունների վրա: Երկհատորյակն ամփոփում է Հասմիկ Գուլակյանի հարցազրույցներն ու հոդվածները՝ լույս տեսած ՀՀ և սփյուռքահայ մամուլում, հնչած ՀՀ պետական ու «Վէմ» ռադիոկայանների եթերից, նաև մի քանի անտիպ գրություններ: Ինչպես նկատելու են ընթերցողները, Հասմիկը սովորական հարցավար չէ, առավել ևս՝ ձայնագրիչ սարքի կոճակներ սեղմող նորաթուխ լրագրող: Նա ակտիվ մասնակիցն է իր հարցազրույցների, «չարչարում» է իր զրուցակիցներին, բայց երբե՛ք նրանց վիրավորելու կամ վնաս հասցնելու չարությամբ (ինչպես տիրական է վերջին տարիներին), այլ հիմնական նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը, որի քաղցն այնքա՛ն ենք զգում հայկական միջավայրում՝ թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում: Հասմիկ Գուլակյանը յուրացրել, իրե՛նն է դարձրել իր հարցազրույցների ու արծարծած խնդիրների թեմաները: Նա իր մե՛ջ է կրում այդ թեմաների արժեքային չափորոշիչները: Հասմիկը խիզախ է, ուղղամիտ, հարվածում է ճիշտ թիրախին: Նա ոչ միայն չի խուսափում զրուցակցին ՙնեղը մատնող՚ հարցեր տալուց, այլև հաճախ ավելի՛ է «հրահրում» զրույցը՝ իր ընդդիմախոսներին սողանցք իսկ չթողնելով կեղծավորությամբ ու լարախաղացությամբ «արդարացման» համար (երկու հատորն էլ հարուստ են բազմաթիվ նման օրինակներով): Նա անխնա է մասնավորաբար պատեհապաշտների, աթոռամոլ կարիերիստների և հոգևոր արժեքները միայն նյութական փոխարժեքներով չափողների նկատմամբ:
Երկրորդ գիրքը կառուցվածքային առումով բաժանված է երկու մասի՝ Հայոց ցեղասպանության փաստի միջազգային (ներառյալ՝ թուրքական) ճանաչման ու առնչակից հարցեր և հայկական ազգային-ազատագրական պայքար: Հասմիկի զրուցակիցները Հայոց ցեղասպանության ճանաչման ու մանավանդ հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնում են ամենատարբեր, երբեմն իրարամերժ, մինչև իսկ հայոց համար անընդունելի կարծիքներ: Բոլորին հնարավորություն տալով արտահայտվել ազատորեն, այդուհանդերձ, այդ տեսակետները հալած յուղի նման չի ընդունում. նա ունի ի՛ր տեսակետները քննարկվող հարցերի մասին. դրանք հենվում են բացառապես հայկական ազգային արժեհամակարգի վրա, որն ապացուցել է իր կենսունակությունը դարերի և հազարամյակների հոլովույթում: Երկրորդ մասում էլ նույնպիսի հրապարակախոսական աշխատանքներ են, սակայն առավելաբար նվիրված հայ ազգային-ազատագրական պայքարին:
Հասմիկը ճշմարտության որոնող է, որքան էլ այն լինի դառը և ոմանց քիմքին տհաճ…
Այս հրապարակումների մեջ առկա են ողջ Հայաստանն ու հայությունը՝ իրենց ամենատարբեր, բայց ազգային որակ կրող հայրենաբնակ և սփյուռքյան հատվածներով, յուրաքանչյուրն իրեն հատուկ, բայց և համահայկական ընդհանուր խնդիրներով: Դրանցում իշխում է երկու տրամադրություն՝ մեր կորուստների կսկծացող մորմոքն ու Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրության և Հայոց հայրենիքի ամբողջական վերահայացման անհողդողդ վճռակամությունը, աներեր Հավա՛տքը: Այստեղ են հայ թագավորը, գիտնականը, զինվորականը, մանկավարժը, շինականը, ՀՀ-ն, Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Մուսա լեռը, Հայրենիքը, Սփյուռքը, Հայրենիք-Սփյուռք «ոսկե կամուրջը»… Բոլո՜րը, բոլո՜րն անխտիր: Մեր աչքի առաջ տողանցում են ու իրենց ոգիները մեր էությանը միաձուլում հայոց անմահ հերոսները՝ Անդրանիկն ու Նժդեհը, Գարեգին եպս. Հովսեփյանցն ու Մայիսյան հերոսամարտերի մյուս հաղթականները, Զոհրապ Սարգիսյանը և Լևոն Էքմեքչյանը, Մկրտիչ Մադարյանն ու Եղիա Քեշիշյանը, Դավիթ Սարապյանն ու Վարդան Ստեփանյանը (Դուշման), Լեոնիդ Ազգալդյանն ու Հարություն Հարությունյանը…
Հատկանշական է, որ Հասմիկը ճի՛շտ է ընկալում «Հայկական հարց» հասկացության բովանդակությունը՝ հայոց բնօրրանի՝ Հայկական բարձրավանդակի ամբողջական վերատիրումը, այդ տարածքի վրա հայկական բացարձակ գերիշխանությունը և այդ հողի վրա ազգահավաքը: Ահա թե ինչո՛ւ նա Տիգրան Մեծի պաշտպանական պատերազմների մասին նյութն ընդգրկել է երկրորդ գրքի՝ ազատագրական պայքարին նվիրված մասում: Այդ պայքարը ձգվում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև մեր օրերը և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չեն ապահովվել վերոնշյալ երեք պայմանները:
Այս ժողովածուով լրագրողի «բերքի» մի փոքր մասն է դրվում ընթերցողի սեղանին: Նա ունի նույն ուղղվածության շատ նյութեր, մեծ մասամբ` ցրված այս կամ այն պարբերականում, որոնք կարելի է համահավաք ձևով ներկայացնել, եթե այս հատորներն առաջացնեն թրթիռ ու արձագանք այն մարդկանց հոգիներում, ովքեր ունեն իրենց նյութական-ֆինանսական միջոցներից հոգևորին բաժին հանելու և, այդպիսով, գերագույն երջանկություն վայելելու գիտակցությունն ու զգացումը:
Բազում արժանիքների շարքում ուզում եմ հատկապես ընդգծել այս հատորների երկու հատկանիշ. ա) Հասմիկ Գուլակյանի զրուցակիցները (օրինակ՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, նահատակների հարազատներն ու մարտընկերները) երբեմն հաղորդում են այնպիսի կարևոր տեղեկություններ, որոնց այլ տեղ չես հանդիպի: Այս առումով գրքերն ունեն հայոց նորագույն պատմության սկզբնաղբյուրի նշանակություն: բ) Հատորները ներծծված են Հայուն հոգեհարազատ ոգով, անաչառությամբ, օբյեկտիվությամբ և գիտական մեթոդաբանությամբ: Դրանք անվարան կարելի է համարել ազգային առողջ ոգու դաստիարակության դասագրքեր, որոնք այնքա՜ն անհրաժեշտ են այսօր մեզ՝ Հայրենիքում և Սփյուռքում, մասնավորաբար նոր սերնդի դաստիարակության համար: Այս ժողովածուն հուշամատյան է, մարտակոչ, ազգային առողջ դաստիարակության դասագիրք, իսկ նրա հեղինակը՝ հուշագրող, մարտիկ, էութենական կրողը հայոց արժեհամակարգի՝ մեր հիմնական պատնեշը «համաշխարհայնացում» կոչվող համայնակուլ գաղափարախոսության, հայ-թուրքական «հաշտեցման» դավադրության և նման որոգայթների դեմ: Այս ժողովածուն շառաչուն ապտակ է բոլոր նրանց՝ օտարանուն թե հայանուն, ովքեր հանուն ինչ-ինչ ստոր հաշիվների աճուրդի են հանել հայոց պատիվն ու արժանապատվությունը, հայոց սրբազան հողը, լեզուն, պատմությունը, աննման մշակույթը… Հասմիկի և նրա զրուցակիցների մտորումներում չկա՛ հայությունը տարբեր հատկանիշներով հատվածական տեսնելու կամ ներկայացնելու ազգակործան միտումը, որն ավելի ու ավելի է իր գլուխը ցցում Հայրենիքում և Սփյուռքում՝ ի ծառայություն և հուրախություն հայոց թշնամիների: Կա մե՛կ, միասնակա՛ն հայ ազգ՝ իր հավերժական ու միակ հայրենիք Հայաստանով և ազգային ուրույն մշակույթով, մի ներդաշնակ եռամիասնություն՝ քրիստոնեական Աստծու նման: Եվ այդ Աստծու համեստ ու նվիրյալ սպասարկուն է Հասմիկ Գուլակյանը:

15. 04. 2004

Հասմիկ Գուլակյան

Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Հրապարակախոսություն, հատոր Ա (Հայագիտության հայրենիքը): Երևան, «Էդիթ Պրինտ», 2010, 480 էջ:
Հատորում ընդգրկված են հայագիտության և հայապահպանության կնճռոտ հիմնահարցերին նվիրված հրապարակումներ: Այս նյութերը (հրապարակված թե անտիպ) նպատակ ունեն վայրկյան առաջ արմատախիլ անելու մեր կյանքում տեղ գտած արատավոր, մեզ համար անպատվաբեր և խիստ ամոթալի երևույթները:
Նախատեսված է հայագետների, ուսանողների, լրագրողների, ընթերցող լայն շրջանակների համար:

Հասմիկ Գուլակյան

Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Հրապարակախոսություն, հատոր Բ (Հայ դատ. հին և նոր էջեր): Երևան, «Էդիթ Պրինտ», 2010, 528 էջ:
Հատորում ընդգրկված են հայ ժողովրդի քաղաքական պատմությանը, հայկական պետականության վերականգնմանը, Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայոց պահանջատիրությանը, հայ-թուրքական հարաբերություններին, հայ ազգային-ազատագրական պայքարին առնչվող հրապարակված և անտիպ նյութեր:
Նախատեսված է հայագետների, ուսանողների, լրագրողների, ընթերցող լայն շրջանակների համար: