ՆՐԱ ՃԱՆԱՊԱՐՀՆ, ԻՐՈՔ, ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ Է ՏԱՆՈՒՄ…

Արմեն Հովհաննիսյանի մահվան 2-րդ տարելիցը
Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան

«Ես հայ եմ… Ավելի քան երեքհազարամյա պատմության կենսագրական եւ ժառանգական հիշողության տեր մարդ եմ զգում ինձ… Ժամանակի այդ որմնասյունն իմ անվան, իմ սրտի եւ հոգու մեջ է: Այդ առումով էլ իմ ժողովրդի կենսագրությունն իմ կենսագրությունն է եւ ճակատագիրը` միաժամանակ: Ով ծնվել է Արարատի փեշերին, ուղղակի դատապարտված է դրան, բիբլիական լյառը սեղմում է ժամանակը, եւ նրա կողքին հազարամյակը դառնում է ընդամենը երեկվա օր…»…

Սա` ըստ Արմեն Հովհաննիսյանի:
Բայց քանի որ ես էլ հայ եմ (հենց այդպես էլ ստորագրում եմ), մենք անպայմա՛ն պետք է հանդիպեինք` ես եւ նա: Սակայն ես չգիտեմ տարիքս, որովհետեւ գալիս եմ անհիշելի ժամանակներից: Պատմական եւ գենետիկ հիշողությունս միշտ թարմ է ու երիտասարդ, ակունքներս զուլալ են, միտքս` սթափ, քանի որ իմ մեջ նույնպես շատ հզոր է հայի գենետիկ կոդը, իսկ նրան սպառնացող ամենաչնչին վտանգն անգամ հոտառությամբ եմ զգում, որովհետեւ «իմ ժողովրդի կենսագրությունն իմ կենսագրությունն է եւ ճակատագիրը` միաժամանակ», ինչպես գրում է Արմեն Հովհաննիսյանը: Այդ կենսագրությունն ու ճակատագիրն իմն էին` իմ ծնունդից շատ ու շատ առաջ: Եվ բնական է, որ մեր ճանապարհին մի օր անպայման պետք է հանդիպեինք ես եւ նա: Նա` ավագը, եւ ես` կրտսերս: Նրան հանդիպեցի իմ վաղ պատանեկության տարիներին` մամուլի էջերում ու հեռուստաէկրանին. նա հայտնի լրագրող էր ու հրապարակախոս, իսկ ես դեռ չէի որոշել ապագա մասնագիտությունս: Իսկ երբ անկախ իմ կամքից հայտնվեցի լրագրության ոլորտում, թվում էր` թիկունքս շատ ամուր է հատկապես հրապարակախոսության ճակատում, որովհետեւ այնտեղ էր Արմեն Հովհաննիսյանը` մատը միշտ մեր կյանքի զարկերակին: Բարոմետրի նման զգում էր մեր իրականության մեջ տեղի ունեցող բոլոր ելեւէջումներն ու վայրիվերումները եւ անմիջապես արձագանքում իր խիզախ ու դիպուկ խոսքով: Ի՜նչ կաղապարներ եւ կարծրատիպեր կոտրեց ու փշրեց հատկապես 70-ական թվականներից ի վեր` իր անաչառ գնահատականներով ու եզրահանգումներով: Իսկ ժամանակները… սովետական էին… Շուրջ կես դար Արմեն Հովհաննիսյանը կամքի եւ ոգու ազատության սերմնացան էր ու անդուլ մշակ, մտավորական` բառիս նախանձելի իմաստով, կարճ ասած` քաղաքացի: Մարդու այդ տեսակին սովորաբար բնորոշում եմ մեկ բառով` Ուսուցիչ: Երբ կողքիդ ապրում է այդպիսի ավագ, նախ դու քեզ շատ փոքր ես զգում ու պաշտպանված, եւ թվում է, թե նա մի՛շտ պետք է ապրի, իսկ դու` հար սովորես նրանից ու հիանաս նրանով… Արմեն Հովհաննիսյան մտավորականը լեգենդ էր դարձել իր իսկ ապրած ժամանակներում: Բայց ինչո՞ւ` անցյալ ժամանակով… Ինչպե՞ս կարելի է խոսել մարդու մասին անցյալ ժամանակով, մանավանդ երբ խոսքը գաղափարական համախոհիդ մասին է, որից այնքա՜ն բան ունես սովորելու… Արմեն Հովհաննիսյան… Համոզված եմ` յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ հետեւել է նրա գործունեությանը, կամա թե ակամա, գիտակցաբար թե ենթագիտակցորեն ազդվել է նրանից թե՛ իր ճաշակը հղկելիս, թե՛ իր աշխարհայացքը ձեւավորելիս, թե՛ իսկական մտավորականի մասին չափորոշիչները հստակեցնելիս: Արմեն Հովհաննիսյանը երդվյա՛լ մտավորական է, որպիսիք սակավաթիվ են բոլոր ժամանակներում: Նրանք հատուկ առաքելությամբ են աշխարհ գալիս. գնում են առջեւից` ուղի հարթելով, հաճախ` միայնակ եւ միշտ համարձակ, աներեր, քայլքը` նպատակամետ, ասելիքը` շիտակ ու հստակ, պահվածքը` արժանապատիվ ու ասպետական, ճակատը` բաց: Նրանք երբեք չեն նահանջում մտավորականի իրենց դիրքերից, հավատարիմ են իրենց իսկ սահմանած մարդկային ու բարոյական սկզբունքներին եւ վարքականոնին: Նրանք ապրում են ազգի ու հայրենիքի ճակատագրով: Իսկական մտավորականը, հատկապես` լրագրողը, իրավունք չունի՛ ընդդիմադիր չլինելու, այլապես նա կդառնա պալատական երգիչ, եթե անգամ չեզոք ու կրավորական վերաբերմունք դրսեւորի հասարակական կյանքում տեղի ունեցող երեւույթների նկատմամբ… Արմեն Հովհաննիսյան… Մեր հրապարակախոսության վերջին մոհիկանը: Այո, վերջինը, չեմ չափազանցնում… Նա իր հետեւից թողեց դատարկություն: Հրապարակախոսությունը նախ եւ առաջ նշանակում է քաղաքացիական դիրքորոշում եւ նկարագիր, որի բացակայությունից երբեմն շնչահեղձ ենք լինում: Արմեն Հովհաննիսյանը մարտիկ-լրագրող էր, գաղափարի մարտիկ: Նրա մահով իմ թիկունքն իսկապե՛ս թուլացավ հրապարակախոսության ճակատում… Ասեմ` ինչու: Չգրված օրենքով` քաղաքացիական արժեքներին զուգահեռ նահանջում են նաեւ մնացած բոլո՛ր արժեքները. մի՞թե մեր իրականությունը դրա հայելին չէ: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ կրկնում, որ հրապարակախոսության ժանրը հայկական ժուռնալիստիկայում գրեթե մահամերձ է: Արմեն Հովհաննիսյանի կորուստը, ըստ իս, այս դաշտը բովանդակազրկեց ու դատարկեց պրոֆեսիոնալիզմի՛ իմաստով: Գիտեմ, շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ճշմարտության առաջ չեմ մեղանչի հանուն ո՛չ մի բանի. անգամ գաղափարական հակառակորդնե՛րն էին հաշվի առնում նրա կարծիքը` անկախ այն բանից` խոստովանո՞ւմ էին դա, թե՞ ոչ: Արմեն Հովհաննիսյանը, որ մամուլի ասպարեզ է մտել 1960-ական թվականներից, հարուստ կյանքով է ապրել. ազգային վերազարթոնքի երկու աննման փուլեր ու հասարակարգերի փոփոխություններ է տեսել, հազարամյակից հազարամյակ է անցել: Այսինքն` նրա հրապարակախոսությունը բավական հետաքրքրական ժամանակների տարեգրություն է: Իրադարձություններով ու մաքառումներով հարուստ էր հատկապես դարավերջը: Դա մի տագնապահույզ ժամանակաշրջան էր` ընդվզումների, ջղաձգությունների, հաղթանակների, նաեւ աններելի պարտությունների, կորուստների ու ձեռքբերումների այնպիսի փուլ, որ, կարելի է ասել, գրեթե ոչ մեկին անտարբեր չէր թողնում: Հատկապես լրագրողի խնդիրը նման իրավիճակներում ավելի է բարդանում, որովհետեւ նա պարզապես իրավունք չունի այդ թոհուբոհի մեջ սխալվելու, վրիպելու. պետք է ճիշտ կողմնորոշվի, որպեսզի չմոլորեցնի հանրությանը, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, որպեսզի ճիշտ ուղղորդի զանգվածներին, այսինքն` նման իրավիճակներում կշեռքի նժարին են դրվում լրագրողի ազգային ու քաղաքացիական նկարագիրն ու հեղինակությունը, «ստորագրության պատիվը», ինչպես կասեր Արմեն Հովհաննիսյանը: Ի պատիվ իրեն` Արմեն Հովհաննիսյանն այն սակավաթիվներից էր մեր իրականության մեջ, որ տղամարդավայել հանձնեց իր քննությունը: Նրա միակ զենքն իր գրիչն էր, որ չէր երկնչում ոչնչի առաջ եւ չէր ճանաչում ո՛չ մի դաշինք ու փոխզիջում: Այն հատկապես անողոք դարձավ 1990-ական թվականների սկզբից երկրում արմատավորված քաղաքական ցինիզմի դեմ, երբ ազգային վերազարթոնքի աստեղային ժամից հետո մեր ժողովրդի գլխին փլեցին նրա նվիրական երազանքը` վարկաբեկելով ու արժեզրկելով պատմական հավատամքի վերածված ազատության ու անկախության գաղափարները, երբ «երազի իմ երկիր Հայաստանի» փոքրիկ այս կտորը, ավելի ճիշտ` սուրբ նշխարը, փորձեցին դարձնել, մեծ բանաստեղծի արտահայտությամբ, «ցոփ հարուստների արոտավայր»… Եվ սկսվեցին նրա մտքի ու գրչի հուժկու հարվածները հատկապես մերօրյա քաջնազարներին ու քաջնազարականությանը: Նա լավ էր հասկանում, որ նորանկախ երկիրը, մանավանդ պատերազմի ու շրջափակման պայմաններում, բազում խոչ ու խութեր պետք է հաղթահարեր: Բայց դա չպետք է արվեր ի հաշիվ ժողովրդի ոգեղեն միասնության խորտակման ու համազգային կամքի կործանման եւ, որ պակաս կարեւոր չէ, սոցիալական անմարդկային անարդարության, որն էլ իր հերթին ծնեց սոցիալական այնպիսի բեւեռացում, որի հետեւանքը դադարելու միտում չունեցող արտագաղթն է… Նա լավ էր հասկանում, որ ազգային անվտանգության միջնաբերդը քանդվում է ներսից, երկիրը ծվատվում է ներսից: Նրա գրեթե բոլոր հրապարակումներում անհանգստություն ու երկյուղ կա մեր ազգային անվտանգության համար: Նա լավ էր հասկանում, որ գաղափարազուրկ ժամանակների «ճարտարապետներին» ու սրանց արբանյակներին առողջ քննադատությունները չեն հետաքրքրում, որովհետեւ սրանք ստամոքսով են մտածում: Իսկ ազգային անվտանգության դաշտում մենք բազում չլուծված խնդիրներ ունենք, ավելի ճիշտ` մեր ազգային դիմագծի անաղարտությունը պահպանող առողջ եւ անխոցելի հատկանիշները բավական տկարացել են… Կարծում եմ` այս առումով իրավասու մարմիններին պետք է հետաքրքրի Արմեն Հովհաննիսյանի յուրաքանչյուր արտահայտությունը… «Բազմահազարամյա» Արմեն Հովհաննիսյանը չէր կարողանում հաշտվել այս մտքի հետ: Իր ողջ ցավն ու տագնապը մեր ազգի ճակատագրի եւ անկախ պետականությունը վերականգած հայոց հայրենիքի այս փոքր կտորի ապագայի համար հայեցակարգված արտահայտեց 2005 թ. հունիսի 18-ին «Ազգ» օրաթերթում տպագրած նրա «Ես հայ եմ…» հրապարակախոսական հոդվածում` «Ազգային գաղափարաբանության հայեցակետերի կսմիթներ» ենթավերնագրով, որը, ըստ իս, նրա վերջին 20 տարվա հրապարակախոսության բարձրակետն է: Սա տառապանքով գրած, ավելի ճիշտ` «բազմահազարամյա» տառապանքի ծնունդ հոդված է: Սա իր ժողովրդի եւ իր անցած ճանապարհի իմաստուն եզրահանգում-գնահատական է, ծրագրային նյութ, լուրջ քննություն-վերլուծություն-ուղեցույց, որտեղ կետ առ կետ վերհանում է մեր պատմական անհաջողությունները, մոլորությունները, վրիպումներն ու բացթողումները` հուշելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Կացությունն իրո՛ք հեղձուցիչ է, իսկ մենք ճանապարհ ունենք անցնելու: Այն հաղթահարելու համար հարկավոր են «օդ ու ջրի պես անհրաժեշտություններ»: Հազարամյակներով չափվող այս մարդու կենսագրությունը լի է վայրիվերումներով, ճակատագիրը` անորոշ: Սա անընդունելի է արժանապատվություն ունեցող մարդու (ազգի) համար, եւ նա ըմբոստանում է պատմականորեն մեր մեջ արմատավորված բազմաթիվ ախտերի դեմ` առաջարկելով համապատասխան բուժամիջոցներ: «Մենք հիվանդ ենք մեր պատմությամբ: Տանուլ տված պատերազմների տարեգրությամբ» , այդ հոդվածում ցավով գրում է նա` ի ցույց դնելով մեր բնազդային` ճամպրուկային տրամադրությունները. «Կռիվ տվեցինք նաեւ մեր անցյալի դեմ` հանուն նոր պատմության եւ կնքեցինք այդ նոր պատմության անդրանիկ Հաղթանակը: Առաջին անգամ վերականգնվեց մեր արժանապատվությունը, մեր պատիվն ու իրավունքը…» : Հասկանալի է` խոսքն Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի տարած պանծալի հաղթանակի մասին է: Ծանր գնով վաստակած հաղթանակի մասին. «Հաղթանակը սոսկ բերկրանք չէ, ոչ էլ սոսկ հպարտ շարասյուն, ոչ նույնիսկ հարկը պատշաճ հուշարձան: Հաղթանակը պարտավորեցնում է: Պարտադրում է հաստատվել քո տանը, քո հայրենիքում: Ուժ եւ ոգի զորացնել: Ի վերջո, հաղթանակը ուրախություն, ամոքում է բերում, ինչին նույնիսկ սովոր չենք…» : Իսկապես, մենք «ընտելացած չենք հաղթանակին». վկան` մեր հաղթանակն Արցախյան ազատամարտում եւ դրան հետեւած դառն ու լեղի պարտությունների շարքը քարոզչական ճակատում` զինադադարից հետո… Ինչպե՞ս վերաբերվեցինք այդ հաղթանակին. հարցնում է հրապարակախոսը եւ ինքն էլ պատասխանում. հաղթանակի դեպքում «շփոթվում ենք, շշկլվում» , մինչդեռ «Հաղթանակի լուծը ամենահաճելի լուծն է» : Այլ հարց, թե ինչպե՛ս ենք այն կրում, ի՛նչ ենք անում այն անշրջելի դարձնելու համար: Ու շառաչուն ապտակների պես հետեւում են ինքնախարազանող հաջորդ հարցերը. «…ո՞վ ենք մենք` ա՞զգ, ժողովո՞ւրդ, թե՞ ընդամենը ազգաբնակչություն: Այդպիսին սեփական տանը, այդպիսին` օտարության մեջ», «…որտե՞ղ են թաքնված մեր «պատմական պարտվողականության եւ ոգու երերունության պատճառները»: Ցավոտ եզրահանգում է անում` ուրիշ թշնամի չունենք. «Մեր մեջ եւ միայն մեր մեջ է պարտությունների եւ հաղթանակների պատճառը, հիմքը: Հոգու խորքում պիտի ապաքինվենք պարտվողականության ախտից եւ հաղթանակելու կամքն ամրացնենք» : Բայց ինչպե՞ս: Այստեղ արդեն անժխտելի են մտավորականության վարքն ու գործելակերպը: Անդրադառնալով մտավորականության դերին` կրկին ընդգծում է նրա առաքելությունը հոգեւոր զարգացման եւ զանգակատուն տանող ճանապարհին: «…որտե՞ղ են, ո՞ւր են ….ազգի հոգեւոր հեղինակությունները: Ինչո՞ւ չենք լսում նրանց ձայնը, չենք արժանանում նրանց տեսքին..»: Եվ անելանելի թվացող վիճակից ինքն է իրեն հանում` հուշելով մարտավարություն, որպեսզի յուրաքանչյուր ոք օղ անի ականջին. «Ես նաեւ իմ ազգային մշակույթի մշակն եմ եւ տերը: Մշակն եմ կոչմամբ, մասնագիտությամբ, տեր եմ դառնում, երբ իրերի եւ իրադարձությունների բերումով նկատելիորեն նոսրանում է մշակույթի կոչեցյալ տերերի շարքը: Ազգային մշակույթի անվտանգության պահպանումը պետական սահմանի պահպանումից չպետք է տարբերվի, որովհետեւ ամեն ոտնձգություն կա՛մ լրտեսություն է, կա՛մ ինտերվենցիա: Եվ պետության կողմից ազգային մշակույթի անվտանգությունը, անաղարտությունը չպաշտպանելը պիտի դիտվի որպես պետական դավաճանություն, իսկ մշակույթի պատասխանատուների, գործիչների, միությունների, հասարակական անտարբերությունը խնդրի հանդեպ` որպես դավաճանություն հայրենիքին: Մշակույթը միայն արվեստն ու գրականությունը, միայն կրթությունը եւ գիտությունը չեն, մշակույթը մեր համակ կյանքի ոգեղեն եզրն է, քաղաքակրթական շերտի վահանը: Հենց մշակույթի բացակայությունն է ծնում մանկան միտքն ու հոգին խեղող մանկավարժ (՞), մսագործ վիրաբույժ, Տերունական աղոթքը հեգող հոգեւորական, անօգնական իրավաբան եւ այլն: Մշակույթի արժանի մակարդակն է ապահովում քաղաքակրթական որակը»: Ավելի դիպուկ չես ասի: Հանրապետության անկախությունից ի վեր Արմեն Հովհաննիսյանին հանգիստ չեն տալիս ազգային գաղափարաբանության գերակա եւ հավերժական դարձած հարցերը: «Ես հայ եմ…» հոդվածում «…ո՞ւր ենք գնում մեր Դրոշի ներքո» հարցադրումից հետո առաջադրում է«Ունե՞նք արդյոք ուրիշ նպատակ» հարցը եւ շարունակում. «Գոյություն ունի՞ արդյոք Հայկական գաղափար» : Եվ համատարած ոգեթափության մթնոլորտում դարձյալ ու կրկին ընդգծում է ազգային ոգու անժամանցելիությունը. «Ոգին անհրաժեշտ է, երբ չկա ոչ ուժ, ոչ հավատ, ոչ հույս: Ոգու կորուստն իսկական աղետ կլինի մեզ համար: Ոգին միշտ հաղթել է ուժին <…> Ազգի ոգին առաջին եւ գլխավոր նյութն է, որ պիտի վերարտադրվի, պահպանվի ամեն գնով, քանզի նաեւ, որ մենք դաշնակիցներ չունենք: Աշխարհում հենարան էլ չունենք` մեզնից բացի <…> Ոգու արթնության պահպանումը ազգի գլխավոր եւ հիմնական խնդիրն է, մնացած ամեն ինչ հետեւանք է եւ ածանցյալ»: Արմեն Հովհաննիսյան ՀԱՅԸ երազում է այն օրը, երբ «մենք` ՀԱՅԵՐՍ, խորքով կգիտակցենք ու կհամոզվենք, որ մեզ համար ՈԳԻՆ կարեւոր, շատ ավելի կարեւոր է հացից: Արժեքային համակարգում սույնը պիտի ամրագրվի որպես Օրենք, Իմպերատիվ, եւ դրա անվերապահ պահպանումը յուրաքանչյուրիս եւ բոլորիս սրբազան պարտականությունն է: Երազում եմ այն օրը, երբ Ոգին ինքնասույզ կանի մեզ եւ կօգնի գիտակցել ու հասկանալ ինքներս մեզ, ձերբազատելով բոլորիս ստից, պատրանքներից եւ ինքնախաբեությունից: Այն օրն եմ երազում, երբ ՈԳԻՆ կապաքինի ինձ, բոլորիս եւ տառապյալ-հայից կվերածի իր երկրի պատասխանատու, օրինապահ քաղաքացու, սեփական եւ ազգային արժանապատվության բարձր զգացողության տեր մարդու» : Եվ սթափ հայացքով զննում է մեզ ներսից` որպես ազգ-ժողովրդի, առաջադրում մեր ապագայի ու նոր ճակատագրի կերտման պարտադիր պայմանները` երազելով ՈԳՈՒ ճանապարհ եւ Պետություն-Ընտանիք, այսինքն` Պետություն-Ամրոց: Այսպես եւ այս մտահոգություններով ապրեց իր երկրային կյանքը Ամեն Հովհաննիսյան ՀԱՅԸ` զանգակատան ճանապարհին: Այսպես է սովորեցնում ապրել ու պայքարել նաեւ մեզ, եթե, իհարկե, ուզում ենք սովորել: Սա Ամեն Հովհաննիսյանը ՀԱՅԻ միակ երազանք-պատվիրանն է, որի իրականացման համար այնքա՜ն քիչ բան է հարկավոր… Ժամանակները երբեք գաղափարական մարտիկների` հատկապես լրագրողների օգտին չեն լինում: Եվ, ի դեմս Արմեն Հովհաննիսյանի, փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կարողացել են եւ կարողանում են անխոտոր անցնել լրագրողի` իրենց իսկ ընտրած բարդ ու դժվար ճանապարհը, կարողանում են մինչեւ վերջ սկզբունքային լինել եւ սեփական ազգի ու հայրենիքի շահերից վեր ոչինչ չտեսնել` անմահանալով իրենց ժողովրդի պատմության տարեգիրների շարքում… Արմեն Հովհաննիսյանին միշտ կարոտով ու ակնածանքով ենք հիշելու, իսկ նրա լեգենդը հարատեւելու է, նրա կյանքով ու գործունեությամբ դեռ զբաղվելու են սերունդները` երանի տալով մեզ` նրա ժամանակակիցներին:

Հ. Գ. – Գեղարվեստական թարգմանության դաշտում էլ, կարծում եմ, նրա բացակայությունը միշտ զգացվելու է: Նա թարգմանչական դպրոց է ստեղծել: Եվ ի՜նչ հեղինակների երկեր է թարգմանել` Ալեքսանդր Պուշկին, Ֆյոդոր Դոստոեւսկի, Անտոն Չեխով, Ալեքսեյ Կուպրին, Իսահակ Բաբել, Միխայիլ Բուլգակով, Վասիլի Շուկշին, Վասիլի Բեկով, Ալեքսանդր Սոլժենիցին, ռուս շատ ու շատ դասական եւ ժամանակակից այլ գրողների ստեղծագործություններ: Իսկ որքա՜ն անավարտ կամ հրատարակության պատրաստ եւ անտիպ գործեր թողեց նա:

8. 09. 2012

Добавить комментарий