ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ` ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԿԱ°, ԹԵ՞ ՉԿԱ ԱՅՆ

Հապա մեր դպրո՞ցը, որտեղից վաղուց են փախել «բազէ»-նեղ. անդէմ, անարիւն, անցեղ հայ դպրոցը, ուր ուսանել կարող են բոլոր ազգերի մանուկները: Այդ հաստատութիւնը հայ աշակերտող սերունդին կարող է ամէն բան տալ, բացի հայրենիքէն, հայրենիք պաշտպանելու արիութենէն եւ հայրենիքի համար մեռնելու քաղցրութենէն:
Գարեգին Նժդեհ
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) Երևանի գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանի հետ

— Մեր կյանքի բոլոր բացթողումների և թերությունների պատճառը, Ձեր կարծիքով ազգային դպրոցի չգոյությունն է: Ինչո՞ւ մեր այսօրվա դպրոցն ազգային չէ:
-Մեր այսօրվա դպրոցի հիմքը դրվել է խորհրդահայ շրջանում: Չգիտեմ ինչն է պատճառը, որ այդ տարիներին մենք այդքան օտարապաշտ էինք: Իսկ թե դրա հետևանքով ինչ վիճակում ենք հայտնվել, ակնհայտ է: Թբիլիսիում, օրինակ, այդ ժամանակներում վրացիներն իրենց երեխաներին չէին տալիս ոչ ռուսական մանկապարտեզ, ոչ էլ, առավել ևս, ռուսական դպրոց: Վրացական դպրոցը վրացազգի ընտանիքներում հատուկ հարգանք էր վայելում: Մինչդեռ մեր, այսպես կոչված, հայ մտավորականությունը, գուցե ավելի զարգացած երևալու համար (դժվարանում եմ բացատրել այս քաղքենիական քայլը), իրենց երեխաներին տասնյակ հազարներով տանում էր ռուսական դպրոց: Սա աննախադեպ բան էր… 2000 թ., երբ շրջում էի Թուրքիայի մի շարք բնակավայրերում, ականատես եղա մի իրոք «արտառոց» երևույթի, քրդաբնակ աղքատ գյուղերում բոլոր քրդերն ունեին… արբանյակային հեռուստաանտենաներ: Դրանք նրանց նվիրել են… թուրքական իշխանությունները: Այսինքն ազգային Փոքրամասնությունների չլուծված հիմնահարցերը թուրքական կառավարությանը լուծում է ոչ թե պատերազմով, այլ առանց ցնցումների: Թուրքիայում դիտում են միայն թուրքական հեռուստաալիքները (20-ից ավելի են): Եթե ցուցադրվող նյութը թուրքական չէ, անպայմանորեն կրկնօրինակված է միայն թուրքերեն: Եվ այդ «տուփը» օր ու գիշեր քրդերի տանը խոսում Է միայն ու միայն թուրքերեն…

-Ես ամաչում եմ մեր հեոուստաալիքներով հենց միայն, մայրենի լեզվի նկատմամբ կատարվող ոտնձգությունների համար:
-Ոտնձգություններին դեռ կանդրադառնամ: Հեռուստատեսային այս լեզվաքաղաքականության հետևանքով ապագայում քրդերենը կնահանջի, և առօրյայում սովորական կդառնա այն լեզուն, որին քրդերն այսօր դեռ չեն տիրապետում: Եվ այն օրը, երբ քուրդը դառնա թրքախոս, քրդական խնդիրն ինքնըստինքյան կվերանա: Քրդերն ազգային դպրոց չունեն, իսկ նրանց մայրենի լեզուն խոսակցական է…
Երևանում այն ժամանակ ծաղկում Էին օտար դպրոցները (ռուսականն ինձ համար օտար Է): Այդ տարիներին մի շատ ընդունված և ստրկացնող կարգախոս կար «ռուսաց և օտար լեզուների» վերաբերյալ:

-Այդ իներցիան այսօր էլ շարունակվում է…
-Ցավոք, դա իրողություն Է: Հայ մարդու համար ի՞նչ Է նշանակում ռուսաց և օտար լեզու: Մարդն, առհասարակ, քանի՞ մայր, քանի՞ մայրենի լեզու է ունենում…
-Եթե դատենք այն ժամանակվա Հայաստանի ռուսական դպրոցի աշակերտների համար գրված «Ռոդնոյ յազիկ» (“Родной язык» / «Մայրենի շեզու») և «Արմյանսկի յազիկ» (“Армянский язык»/«Հայոց լեզու») դասագրքերի առկայության փաստից…
-Ողբերգությունը հենց դա Է: Հայ երեխաների մի ահռելի զանգված, որ սերում Էր այդ տգետ քաղքենիական ընտանիքներից, թվացյալ ավելի լուսավոր ճանապարհի հեռանկարով գնում Էր օտար դպրոց: Փաստորեն, մայր հողի վրա, իր երկրի մայրաքաղաքում, հայազգի երեխան առաջին դասարանում հայերեն ընդհանրապես չէր սովորում: Երկրորդ դասարանում հայոց լեզվին շատ քիչ դասաժամեր էին հատկացված, իսկ մինչև դպրոցն ավարտելը հայերենն անցնում էին ի թիվս երկրորդական առարկաների: Տեսեք ուր էր հասել վիճակի աննորմալությունը: Այս օրինակը բերելիս միշտ ասում եմ ենիչերին հո պոզով-պոչով չէ՞ր լինում… Խորին ցավով եմ ասում, ռուսական միջնակարգն ավարտած հայ երեխաները ներքին արհամարհանք ունեին այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է: Բացարձակապես անհաղորդ էին հայ գրականությանն ու հայոց պատմությանը: Իսկ սերը ճանաչողությամբ է պայմանավորված: Նրանց ուղեղի կիսագնդերի աշխատանքը նույնպես խախտված էր: Սա համաշխարհային մակարդակով ուսումնասիրված փաստ է. լեզվամտածողության խաթարումը հանգեցնում է ուղեղի աշխատանքի ֆունկցիոնալ փոփոխության: Մենք չունենք մեկ հայ գրող ռուսական կրթությամբ: Իսկ ո՞վ ասաց, թե այդ տասնյակ հազարավոր շրջանավարտների մեջ չպիտի լինեին հայ գրողներ: Նրանք ռուս գրող էլ չդարձան: Այսինքն նրանք ոչ հայ մշակույթի կրողներ են, ոչ ռուս: Որպես կանոն՝ նրանք կիսագրագետ մարդիկ են: ՀՀ-ն այսօր հեղեղված է դրան-ցով…

-Խնդրում եմ՝ փոքր-ինչ մեկնաբանեք Ձեր խոսքը: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ընդհանրապես դեմ եք այլ լեզուներին:
-Մայրենի լեզուն, որպես հիմք, կառույց է՝ յուրաքանչյուր ազգության պատկանող անհատի համար: Հայտնի է, որ մայրենիի հիման վրա անհատը շատ ավելի հեշտությամբ է ուսանում մյուս լեզուները…

-Հիմա էլ ես մի պատկերավոր օրինակ բերեմ: Երբ տասնամյակներ շարունակ հայ արհեստավորները Ռուսաստան էին գնում՝ «խոպան»՝ արտագնա աշխատանքի, այդպես էլ գրագետ ռուսերեն չէին սովորում, որովհետև մայրենիի նրանց իմացությունը, մեղմ ասած, բավարար չէր:
-Համաձայն եմ: Դրա արմատները խորհրդային շրջանի դպրոցում էին: Իմ ուղեղից չի ջնջվում 1980-ական թվականների վերջերի կարգախոսներից մեկը. «Ավելի լայն թափով զարկ տանք ռուսաց լեզվի զարգացմանը հայկական դպրոցներում»: Բավական չէր, որ արդեն ջախջախված էինք… Կրկնում եմ՝ նույն շրջանում այլ էր վրացական դպրոցի վիճակը: Դարերով այսպես օտարապաշտ ենք եղել, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել…

-Թեմայից շեղվելով՝ ասեմ՝ վերջերս կարդում էի Հրաչիկ Միրզոյանի «Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի» աշխատությունը: 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի այս նշանավոր հայ մտավորականի մտահոգությունն էլ մեր օտարամոլության, մայրենի լեզվի նկատմամբ դրսևորվող արգահատելի վերաբերմունքի պատճառով էր: Այս ամենը անցալում: Ինչո՞ւ այսօր՝ անկախ պետականության պայմաններում, հայկական դպրոցն ազգային չէ:
-Իմ պատկերացրած ազգային դպրոցում պետք է դասավանդվի գրաբար, հայոց ազատամարտի պատմություն, պետք է ավելացվեն հայ գրականության և պատմության դասաժամերը… Հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի պատմության դասագիրքը չի կարող լինել տետրականման մի բան, ինչպիսին որ է այսօր: Հայոց պատմության դասագիրքը պետք է ամենաստվարածավալը լինի: Այս ամենին եթե ավելացնենք հայ հոգևոր երգը, կարելի է ուրվագծել հայ ազգային դպրոցի նկարագիրը: Այսօր ոչ միայն չունենք այդ դպրոցը, այլև նախադրյալներն անգամ չեն նշմարվում… 1990-ական թվականների սկզբին հայ տարրն օրեցօր մեռնում էր: Հանրապետության բնակաչությունը կիսով չափ երևանաբնակ էր, իսկ այստեղ շրջանավարտների քառասուն տոկոսը ռուսական կրթություն ուներ: Հայերենն ուղղակի վտանգված էր:
ՀՀ-ն մեր պետական լեզուն ժառանգություն ստացավ նրա ամենավտանգված վիճակում: Դա բավական չէր: Կրթության ոլորտը «ղեկավարել» հանձնարարվեց Աշոտ Բլեյանին՝ իր «փորձարկումներով»: Այսօր նրան փոխարինելու է եկել «երկլեզվյան փորձարարությունը»՝ այս ու այն դպրոցում: Տարրական դասարաններում մայրենի լեզվին հավասար, և դեռ մի բան էլ ավելի, երեխային պարտադրվում է օտար լեզու: Այլ բան, եթե օտար լեզուները խորացված անցնեին 9-10-րդ դասարաններում, երբ աշակերտն արդեն կարողացել է կերտել մայրենիի իր բազան: Այսպիսի երկլեզվությունն է վտանգավոր, երբ խաթարվում, վթարվում, խեղվում է մայրենիի հիմքը…
Հայոց լեզվի նկատմամբ նման ոտնձգություններ սանձազերծում են նրանք, ում մայրենի լեզուն «Ռոդնոյ յազիկ»-ն է: Նրանք չեն հասկանում այս բանը և չեն էլ կարող գիտակցել: Ինչպե՞ս մեղադրես մի մարդու, որի մայրենին ռուսերենն է, իսկ մայրաքաղաքի ցուցանակների 60 տոկոսն այդ լեզվով է տեսնում, 20-25 տոկոսը անգլերեն, մնացածը՝ հայերեն: Ընդ որում, բազմալեզու ցուցանակներում մեր պետական՝ հայոց լեզուն աոաջին տեղում չէ, իսկ հայերեն տառերի չափերը զիջում են ռուսերենին և անգլերենին: Ի դեպ, սա համատարած երևույթ է: Նրանք, ովքեր ստորադասում են հայերենը, օրինազանցներ են և պետք է պատասխանատվության ենթարկվեն…
Մեր խանութներում հայտնվում են նոր ապրանքատեսակներ: Մենք չենք էլ հասցնում ուրախանալ, որովհետև սրանք գալիս են մեր ցավին նոր ցավ ավելացնելու… Սարդարապատի պահածոների գործարանն, օրինակ, արտադրանք է տալիս: Թող նրանց մեկը հազար դառնա: Բայց չեմ հասկանում ի՞նչն է պատճառը, որ նրանց արտադրած կետչուպի պիտակի վրա չկա ապրանքի հայերեն անվանումը: Ամեն ինչ գրված է ռուսերեն և անգլերեն, իսկ մի անկյունում կարելի է հայերեն կարդալ. «Շշի արժեքը 30 դրամ»: Հայ մարդու անելիքը, իմանալիքը շիշը հանձնե՞լն է: Ո՞ւմ տեղն են դրել մեզ…

-Ողբերգակատակերգական մի փաստ ևս: Մեր դպրոցականները վերջապես ձերբազատվեցին թուրքական «դաֆթարներից»՝ տետրերից: Բայց խնդրեմ, տեղական արտադրության գրենական պիտույքները ձևավորված են նաև արևմտյան շոու-բիզնեսի կիսամերկ գեղեցկուհիների, բրազիլական ֆուտբոլի ու մարտաֆիլմերի աստղերի, կինոսերիալների հերոսուհիների նկարներով և այլն: Այս արժեքներով է դաստիարակվում հայ երեխան ՀՀ-ում՝ հայկական դպրոցում…
-Վերջերս Բեյրութում էի: Տարրական դասարանում սովորող երեխա ունեմ, նրան նվեր ստվարաթղթե թղթապանակ տվեցին: Այնքա՜ն էի զգացվել այդ նվերից, որ մի ահագին քանակություն հետս բերեցի: Շապիկին Գևորգ Չավուշի խմբի նկարն է արված մանկան ձեռքով, վերջին էջին Սուլուխի հերոսամարտի հակիրճ պատմությունն է պարզ, երեխայի համար մատչելի լեզվով: Թղթապանակների ներսի կողմում քարտեզ է, որտեղ նշված են դիրքերը, որտեղ էր Չավուշը, որտեղ Գալեն, մյուսները…

-Վերջերս ՀՀ են ներկրել ադրբեջանական արտադրության էժանագին տետրեր՝ «զարդարված» այդ պետության դրոշով, զինանշանով, 2002 թվականի քարտեզով, որտեղ որպես Ադրբեջանի մաս նշված է ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Մեղրու շրջանը (մամուլում այդ մասին հրապարակում եղել է)…
-Կարո՞ղ եք երևակայել հակառակը, հայերեն էժան տետրեր, ձևավորված ՀՀ և ԼՂՀ այսօրվա քարտեզով, տարածվեին Ադրբեջանում… Բացառվում է: Այն ժամանակ, երբ ամեն ինչ էր արվում, որ հայկական դպրոցը մահանա Ադրբեջանի հայաբնակ վայրերում և ԼՂ-ում, հայոց դպրոցները վատ վիճակում էին բուն Հայաստանում: Կրկնում եմ այստեղ ծաղկում էր օտար՝ ռուսաց դպրոցը: Դպրոցական դաստիարակությունն է մեզ հասցրել այս վիճակին… Ամբողջ հարցն այն է, որ եթե դպրոցն ազգային չէ, երկիրը քաղաքացի չի ունենում: Այսօրվա հայկական դպրոցը քաղաքացի չի’ դաստիարակում: Ազգային դաստիարակություն չունեցող անձը չի՛ կարող քաղաքացի լինել: Այս հող ու ջրի նկատմամբ սրտացավ մարդիկ չունենք: Սրտացավ կարող է լինել նա, ով ազգային դաստիարակություն ունի: Այսինքն՝ ազգային դպրոց չունենալու պատճառով ունենք բազում խնդիրներ՝ երբեմն չարի քի աստիճանի խորացած:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է արմատախիլ անել, Նժդեհի բառերով ասած՝ այդ «ազգային չարիքի» արմատը:
-Եթե ստեղծվեն ազգային դպրոցին վայել դասագրքեր, որոնցով աշակերտներին ուսուցանեն և դաստիարակեն առաջին դասարանից, տասը տարին բավական է քաղաքացիական նկարագրով առաջին սերունդը դաստիարակելու համար: Այդ շրջանավարտներն ապագայում կքաշեն այս երկրի հոգսը, կդառնան երկրի տերերը: Այսինքն՝ բարեփոխման նվազագույն ժամկետը կլինի տասը տարին…

-Ձեր երազած դասագրքերը՝ աոաջինից տասներորդ դասարանցիների համար, կպատրաստի Ձեր երազանքի քաղաքացին: Իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատրաստած 2001-05 թվականների «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախանշած բարեփոխումների բաժնում սևով սպիտակի վրա գրված է «Հայաստանում գործում են 50-ից ավելի տեղական ե միջազգային կազմակերպություններ, որոնք իրականացնում են կրթությանն առնչվող տարբեր ծրագրեր»: Ավելին վերացնելու համար «միջազգային կրթական հանրությանն ինտեգրացվելու դանդաղ տեմպն ու անմրցունակությունը», նույն ծրագիրը «անհրաժեշտ» Է համարում «խթանել ինտեգրացումը երկու ուղղությամբ միջազգային և ներազգային, ընդ որում, առաջինը նպաստավոր դարձնելով երկրորդի համար»:
Ժամանակին այս բնագավառի պատասխանատուներից ոչ ոք չցանկացավ հիմնավորել ի՞նչ են ուզում ասել սրանով և ի՞նչ նպատակ են հետապնդում: Այս ագրեսիան (ցավոք այլ կերպ չեմ կարող որակել մեր գաղափարաքարոզչական ճակատում ստեղծված այս բացը), որ հղացել են գլոբալացման այլասերող ծոցում, մահացու հարված Է հասցնելու բոլոր օտարամոլ Ժողովուրդներին, հատկապես փոքր: Իսկապես, չարիքի աղբյուրն այսօր գլոբալացում կոչված այդ համաշխարհայնացման քաղաքականությունն Է: Ձեր կարծիքով փոքր ժողովուրդներն ինչպե՞ս պետք Է կարողանան դիմակայել անխուսափելի դարձած այդ զարգացումներին:

-Մենք սոսկ փոքր ժողովուրդ չենք: Մենք այնպիսի՜ ճանապարհ ենք անցել, այնպիսի՜ կորուստներ ենք ունեցել… Մեր անելիքները, մեր անցնելիք ճանապարհն այլ Է մյուս փոքր ժողովուրդների համեմատությամբ: Մենք շատ անելիքներ ունենք, շատ ավելի լուրջ խնդիրներ: Բայց այսօր ՀՀ անկախության հռչակումից տասը տարի անց, մենք մեր մայրենի լեզուն, մեր պետական լեզուն մայր հողի վրա պահպանելու մասին ենք խոսում… Ամոթ Է: Մենք այսօր հայապահպանության համար Ենք անհանգստանում… Մայր հայրենիքում: Սա խայտառակություն Է: Ես Բեյրութից ամոթահար եմ եկել: Մենք պետք Է օրինակ ծառայենք և ազգային լիցքեր հաղորդենք Սփյուռքին…

-Ցավոք, մենք դեռ ապավինում ենք այն իրողությանը, որ շատ անհատներ ինքնակրթությամբ են լրացնում իրենց կրթության բացը:
-Ինչո՞ւ դա պետք Է լինի հույսը: Իսկ ո՞րն Է դպրոցի դերը… «Ռոդնոյ յազիկ»-ով այս հողի վերքերը չենք կարող բուժել: Մի բան, որ կարող ենք անել «Ռոդնոյ յազիկ»-ով, այս հողը լքելն Է…

-Ինչը որ հաջողությամբ արվում է»
-Հայրենիքը լքողների առաջին շարքերում նրանք են, ովքեր կրթվել են օտար դպրոցներում:

-Անշուշտ, պատճառը միայն դա չէ, և Հայրենիքից միայն նրանք չեն հեռանում: Մի օր, հավանաբար, նրանց մի զգալի մասն ստիպված կլինի վերադառնալ: Դրսում մի կերպ գոյատևելու խնդիրը երբեմն այնքա՜ն դաժան է, որ ստիպված հիշում են իրենց հողն ու ջուրը: Այդ ինքնագիտակցությունն է նրանց հետ բերում:
-Գուցեև քիչ թվով անհատների ինչ-ինչ հանգամանքներ հուշեն այդ ճանապարհը: Որպես կանոն՝ վերջին շրջանում ՀՀ-ից արտագաղթածները նոր բնակավայրերում նույնիսկ հայկական եկեղեցի չեն գնում, կապ չեն պահպանում հայկական ակումբների հետ, չեն մասնակցում հայ հասարակական կյանքին: Նրանք Հայրենիքում հարկ եղած դաստիարակությունը չեն ստացել, և այդ ամենի կարևորությունը չեն գիտակցում: Այստեղից նրանք հեռացել են՝ առաջնորդվելով «որտեղ հաց՝ այնտեղ կաց» կործանարար կարգախոսով: Սրանց երեխաները հաճախում են օտար դպրոցներ: Հայկական դպրոցները Սփյուռքում պահպանում են Եղեռնից մազապուրծ սերնդի շառավիղները:

-Մեր պետությունը կայացման փուլում է: Հուսանք, որ ամեն ինչ կհարթվի, կշտկվի, և ազգային դպրոցը, որպես այդպիսին, դեռ կունենա իր նկարագիրը:
-Ես մեծ հույս ունեմ, որ մեր պետական այրերը, հակառակ այն բանի, որ նրանցից շատերի համար «Ռոդնոյ յազիկ»-ը հարազատ է, կկարողանան իրենց մեջ հոգևոր ուժ գտնել, կփորձեն տեսնել այսօրվա ծանր վիճակը: Եթե մեկ անգամ մի քիչ ուշադիր նայեն քաղաքի փողոցներին, նորաբաց բանկերի ցուցանակներին, հետևեն միջազգային կազմակերպությունների գրասենյակների գրագրության լեզվին և այլն, միջոցներ կձեռնարկեն մեր պետական լեզվին, օրենքով նախատեսված կարգով, պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար:

«Վեմ» ռադիոկայան, 24. 07. 2002
«Գրական թերթ» (կրճատումներով), 21. 12. 2002
«Վասն հայության», 24. 03. 2003

Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (Հրապարակախոսություն), հատոր Ա, Երևան, «Էդիթ Պրինտ», 2010

Добавить комментарий