ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ՝ ՄՈԼԼԱԲԱՅԱԶԵՏՈՒՄ
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ – KOMITAS VARDAPET ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ – KOMITAS VARDAPET / ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

Բամբակաշատի (նախկինում՝ Մոլլաբայազետ) Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադիր, ավագ քահանա Տեր Հովհաննեսի գերդաստանի անդամների վրա անկրկնելի տպավորություն են թողել դարասկզբին Կոմիտաս վարդապետի այցերը Մոլլաբայազետ: Այս այցերի մասին բանավոր զրույցները, որպես հուշ-մասունքներ, իրենց զավակներին են հաղորդել Տեր Հովհաննեսի դուստրերը, որ իրենց հոր հորդորով Կոմիտաս վարդապետի համար ողջ երեկոներ երգել են ժողովրդական բազում երգեր:
Հայտնի է, որ Կոմիտասը մոտ 3000 հայկական, քրդական, պարսկական եղանակներ, եկեղեցական և աշխարհական երգեր է ձայնագրել: Էջմիածնի վանքի պարիսպների ներսում անխոնջ կերպով աշխատող, ժամանակակիցների բնորոշմամբ՝ համեստ և եռանդուն վարդապետն իր ստեղծագործական պրպտումների ճանապարհին դիմում էր ժողովրդին, ահելին ու ջահելին, ժողովրդական երգին լավատեղյակ մարդկանց: «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը,– ասում էր Կոմիտասը, – գնացեք և սովորեք նրանից»:
Հայոց երաժշտության ինքնուրույնությունն ապացուցելու և ողջ գրավչությունը ներկայացնելու, հայ երգի մաքրամաքուր արմատները պեղելու նպատակով նա շատ է դեգերել, անցել գյուղից գյուղ, շրջել նաև Սարդարապատի բնակավայրերում: Այդ դեգերումները վարդապետին հասցրել են Մոլլաբայազետ, որտեղ նրան իր հարկի տակ մեծարանքով հյուրընկալել է գյուղական համայնքի ավագ քահանան: Գևորգյան ճեմարանի երաժշտության դասախոսը քաջածանոթ էր Տեր Հովհաննեսին և իր ճամփորդությունների ընթացքում նախընտրում էր նրա տանը գիշերել:
Այդ այցերը, թերևս, պետք է հատկապես վերագրել 1907-1910թ.թ.–ին: 1907–ին էր, որ Փարիզում և Շվեյցարիայում իր համերգներով ու դասախոսութուններով տեղի երաժշտասեր հասարակության վրա խոր տպավորութուն թողնելով՝ Կոմիտասը վերադառնում է Կովկաս և Գևորգյան ճեմարանի իր պարտականություններին զուգընթաց եռանդով շարունակում նյութեր հավաքել իր ապագա ստեղծագործությունների և գիտական ուսումնասիրությունների համար: «Քանի խորունկ եմ մտնում ծիծաղածին ծովի մեջ, այնքան պնդվում է համոզմունքս, թե մեր և՛ ժողովրդական, և՛ եկեղեցական աննման և վեհ եղանակները, որոնք քույր ու եղբայր են շատ վաղուց, ապագայում նույնպես օտարների համար ուսումնասիրության աղբյուր պետք է դառնան, որովհետև արմատը շատ խոր հնությունն է տանում հասցնում, մինչև հայի ծագումը, այնտեղ, նորանից անբաժան, ծլում և նորա հետ է մեզ հասնում», – համոզված էր Կոմիտասը:
Առանձնանալով իր վանական փոքրիկ խուցի մեջ՝ Կոմիտասը սիրով էր իր բնակարանում ընդունում իրեն այցի եկող մտավորականներին, լայնախոհ և ազգի ճակատագրով մտահոգ անձանց, խորհում ազգի ներկայի և ապագայի, անշոշափելի, բայց այնքա՜ն մոտալուտ տագնապների մասին. «…Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կը հուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կը տեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն, մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ: Սիրտս փլած է… »:
Արարատյան դաշտավայրի բնակավայրեր Կոմիտասի այցելությունները դադարում են 1910թ.–ին: Այդ տարվա սկզբին Ամենայն Հայոց Տ.Տ. Մատթևոս Բ. Վեհափառ Հայրապետի Իզմիրլյանին ուղղված դիմումում Կոմիտասը նկարագրում է իր հուսահատության աստիճանը. «… Իբր մի անպետք կոճղ ընկած մնացել եմ այստեղ, բախտի հովերին հանձնված և քանի ավելի ժամանակն անցնում է, մարում է սրտիս բոցը, հոգուս եռանդը և մերձ է հոռետեսությունն ու հուսախաբությունը, որից հետո մնում է ինձ միայն մի ելք, որոնել այլ տեղ, այլ հանգամանքներ, որպեսզի անպետք ընկած չմնամ այստեղ»: Իր նոր մտահղացումները կյանքի կոչելու համար Կոմիտասը նույն տարվա հոկտեմբերին հեռանում է Էջմիածնից և մշտական բնակություն հաստատում Կ.Պոլսում…
Շուրջ մեկ դար է անցել այն երանելի օրերից, երբ մոլլաբայազետցի թելիկ-մելիկ աղջիկները գեղջկական երգերի թովչանքն են հաղորդել Կոմիտաս վարդապետին, երգել «Քաղհանն»ու «Լուսնակն անուշը», «Սոնա յարն» ու «Ծիրանի ծառը»

ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ
ՀՈՒՇ – ՄԱՍՈՒՆՔՆԵՐ՝ ԿՈՄԻՏԱՍԻՑ

…Եվ ինքը Կոմիտասն էլ կարծես երազի նման անցավ, նա էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է և չի եղել, որ կա և չկա:
Մանուկ Աբեղյան
Ես տեսել եմ նրան, իմ աչքերի լույսը պահել է նրա պատկերի արտացոլանքը, լսողությունս դրոշմել է նրա ձայնի ելևէջը, ինչպես մանկության անջնջելի հիշողություն, ինչպես նախնիներից եկած արյան ծփանք:
ՈՒ թեև իմ աչքերը նրան տեսել են ծնունդիցս կես դար առաջ, որովհետև այն ժամանակ իմ աչքերը տատիս էին պատկանում, ու թեև հիշողությանս մեջ վաղուց խամրել է գեղջկական երգի պարզ ու խորունկ ղողանջների արձագանքը, բայց հենց հիմա էլ կարծես նա կանգնած լինի իմ կողքին՝ միջահասակ, փոքր-մոքր, գեղեցկատես, սևուկ ու սևազգեստ: Հանդիպումը կարճատև էր և այն էլ՝ այնքա՜ն վաղուց՝ 20–րդ դարասկզբին, Մոլլաբայազետում, գյուղի ավագ քահանա Տեր Հովհաննեսի հյուրընկալ հարկի ներքո, ես էլ աղջնակ էի՝ տատիս աչքերով, ձայնով ու լսողությամբ:
–Սիրանու՛շ, շու՛տ, մեզ Կոմիտաս վարդապետն է հյուր եկել, շտապ հավաքիր աղջիկ-ընկերներիդ, պիտի երգեք, խոստացել եմ, – պատշգամբից լսեց հոր կանչը արտից երեկոյան վերադարձող երկարամազ, թխադեմ, ճկուն ու արագոտն աղջիկը և դուրս թռավ՝ հոր կամքը կատարելու: Հայրը չէր սիրում խոսքը կրկնել:
–Տե՛ր հայր, բերեցի,– հևասպառ շնչեց Սիրանուշը՝ առաջ մղելով ամաչկոտ ընկերուհիներին,– միայն թե՝ չեն երգի: – Շունչը տեղը բերելով՝ ավելացրեց՝ ես էլ չեմ երգի: Հիմա միայն նկատեց սևազգեստ սուրբ հոր զննող հայացքը ու կարծես նոր գլխի ընկավ, որ ինքն էլ է ամաչում: – Չենք երգի՝ ամոթ է:
Հոր դեմքը խոժոռվեց Էջմիածնից եկած սուրբ հոր դիմաց…
–Տե՛ր հայր, մի՛ սրտնեղիր, մենք սենյակում կնստենք, աղջիկները կերգեն պատշգամբում, ես էլ կձայնագրեմ: Աղջիկ են, թող չքաշվեն,– մեղմ արձագանքեց հյուրը:
Դեպի այգին բացվող պատուհանից ամառային մի տոթ երեկո զույգ-զույգ երգող աղջիկների գեղջկական պարզ ու անմշակ, բայց և զրնգուն, այդ երեկոյի պես անմեղ ու լեցուն ձայնը ալիք-ալիք լցվում էր սենյակ, պարուրում նրան, հարթում նրա ճակատը, շարժում նրա ձեռքը, որի տակից դուրս էին գալիս խազեր, խազեր…

….Սիրտս նման է էն փլած տներ
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ.
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր.
Երթամ ‘ձի թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
Ա՜յ, տո լաճ տնավեր:

Արևի մարմրող վերջին շողերի հետ զգացին, որ երգել են (վա՜յ, ախչի, ամոթն էլ մոռացանք) ու շատ են երգել:
–Տե՛ր հայր, աղջիկները վարձատրության են արժանի. շատ չարչարվեցին:
–Ամոթ է մտածելն անգամ: Սա իմ դստրիկն է, սրանք էլ, ահա, իր ընկերները: Ամո՜թ է, ամո՛թ մտածելն անգամ:
Կոմիտասը գիշերեց տերտերի տանը: Տեղը նրա ցանկությամբ գցել էին թախտի վրա, բախչում, ծառերի հովանու ներքո: Մոտեցավ, ափով շոշափեց փափուկ ներքնակը՝ կարծես
չափելու նրա հաստությունը, ասաց.
–Տիրուհի՛, սա ինձ չի սազի: Միայն մի սավան գցիր այս թախտին, ես շատ լավ կզգամ:
ՈՒ խանում-խաթուն տերտերակինը հոնքերը շարժեց.
–Ա՜խր, ո՞նց է՜, ո՞նց կլինի այդպես: Դուք ո՞նց կքնեք էս չոր տախտակին:
–Հոգ չէ՛, տիրուհի՛, առանց այդ էլ ես երախտապարտ եմ:
Այդ գիշեր տատիս ձեռքերով իմ խնամած ծառերը խշշացին նրա գլխավերևում ու քուն բերեցին նրան: Այդ գիշեր նա քուն մտավ՝ տատիս ձայնով իմ երգած մեղեդիները ականջում, մտքում, Աստվա՜ծ գիտե, ինչպիսի՜ հուշեր ու սպասումներ: Այդ գիշեր միայն նա ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ տարիներ հետո Փարիզի հոգեբուժարանում իրեն այցի եկած ընկերների խնդրանքին՝ երգել իրենց համար որևէ բան, մտքի պայծառացման հազվագյուտ պահերին, Հայոց եղեռնի ահասարսուռ պատկերների անջնջելի խարանն ուղեղում, խոցոտված հոգու խորքերից պիտի պատասխաներ.
–Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ՝ շատ կամաց…
ՈՒ այդ երգերի մեջ պիտի լիներ նաև տատիս ձայնով երգած մեղեդին…
 
Հատված՝ Հասմիկ Սարգսյանի «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանից
Հասմիկ Սարգսյան
 
Տես նաև

12 идей о “ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

  1. Nadya Antonyan

    Կոմիտասը մեր ժողովրդի դարավոր ՀԱՆՃԱՐԱԼՈԻՅՍԻ ՋԱՀՆ Է ԵՎ ՋԱՀԱԿԻՐԸ…ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ԱՅԴ ՀԱՆՃԱՐԱԼՈԻՅՍԻ ԱԶՆԻՎ ԿՐՈՂԸ, ԶԳԱՑՈՂԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՂԸ…ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ՝ ՄԵՆՔ ԱՊԵՐԱԽՏ ԿԼԻՆԵՆՔ, ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՏԱՂԸ ՓՈՒԼ ԿԳԱ ՄԵՐ ԳԼԽԻՆ…ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԻ ՄԵԶ…

  2. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոն

    ԵՐԱՆԻ՜ ՄԵԶ, ՈՐ ԿՈՄԻՏԱՍ ՈՒՆԵՆՔ, ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿՈՄԻՏԱՍ ԾՆՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ…ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԵՋ ՊԻՏԻ ՄԱՇՏՈՑՈՎ ԵՎ ԿՈՄԻՏԱՍՈՎ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԱՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ <ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԻ> ԹԵԺՈՒԹՅՈՒՆԸ…

Добавить комментарий