ԱՅՍ ԳՐՔԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ․ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ

1999 փետրվարի 18-ին «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթում Հեյդար Ալիևը հանդես եկավ իրենց մտավորականներին  տրված մի զրնգուն հանձնարարությամբ:
«Եվ հետագայում էլ պետք է հորինել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես, հետևողականորեն ապացուցեն, որ Ադրբեջանին են պատկանում այն հողերը, ուր ներկայումս տեղադրված է Հայաստանը: Մենք պիտի դա անենք: Մենք պիտի ճանապարհ բացենք մեր հետագա սերունդների համար» (Հեյդար Ալիև, «Բակինսկիյ ռաբոչիյ», 18 փետրվարի, 1999 թ.):
Պարզ է, որ մենք չէինք կարող անուշադրության մատնել Ալիևի այդ զառանցանքը: Առաջին հերթին նախաստեղծ աշխարհագրական տեղանունների ներկայացմամբ ցույց տվեցինք, որ Ադրբեջան կեղծանունով շրջանառվող այդ տարածքը մեր  ժողովրդի բնական հայրենիքի մասերից է եղել` սկսած այն հեռավոր ժամանակներից, երբ մեր ժողովուրդը առանձնացել է հնդեվրոպական հանրությունից որպես ինքնուրույն էթնիկական միավոր: Պատմական ժամանակաշրջանի համար էլ անշրջանցելի վկայություններով, նաև 1724, 1918-1920, 1988-1990 թվականների ցեղասպանությունների մատնանշումով հասցրինք մեր օրերին: Զուգահեռաբար պաշտոնական փաստաթղթեր  շրջանառության մեջ դնելով` ներկայացրինք, որ ադրբեջանցի կեղծանվան տեր ժողովրդի առաջին քոչը Արաքսի ձախ ափ է հասցրել Նադիր շահը 1736 թվականին, որ այդ ժողովրդին Ստալինի նվիրած պատմության մեջ ամեն ինչ կա, բացի ադրբեջանցի կոչվող ժողովրդի ներկայությունից, որ եթե երկրամասի բնիկ տերերը`  հայերը, թաթերը, թալիշները և մյուսները, մի հրաշքով կարողանային իրենց արած-թողածի տերը դառնալ, ադրբեջանցի կոչվողներին կմնար միայն իրենց ոչխարների ստեղծած պարարտանյութը:
Արդեն ազերթուրք մտավորականները հասցրել էին ՀՀ տարածքը Արևմտյան  Ադրբեջան դարձնել, երբ մենք մեր աշխատանքը ներկայացրինք ՀՀ ԱԳ նախարար պարոն Օսկանյանին` այն շրջանառության մեջ դնելու առաջարկությամբ: Կարճ ժամանակում ստացանք պատասխանը:

«Հարգելի՛ պարոն Հակոբջանյան,
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից ս.թ. փետրվարի 1-ին ՀՀ ԱԳՆ ներկայացված գրության և կից նյութերի համար, որոնք առնչվում են Ադրբեջանի և ազերի ժողովրդի կայացման հիմքերին ու դրդապատճառներին: Ձեր տրամադրած նյութերը հնարավոր առիթների դեպքում կօգտագործվեն ընթացիկ աշխատանքներում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ արտգործնախարարությունը ներկայումս չունի անհրաժեշտ միջոցներ Ձեր ներկայացրած աշխատանքը ռուսերեն և անգլերեն թարգմանելու համար:
Հետագայում ցանկության դեպքում կարող եք ՀՀ ԱԳ նախարարությանը հայտնել նմանատիպ հարցերի վերաբերյալ Ձեր առաջարկները:
Հարգանքներով` նախարարի աշխատակազմի ղեկավար` Շահեն Ավագյան»:

  Պատասխանը ստացանք այն պահին, երբ երկու երիտասարդ, թուղթ ու մատիտ վերցրած, հաշվումներ էին կատարում, թե ինչ-որ դահլիճում կազմակերպվելիք  համերգի նվագողներին հազա՞ր, թե՞ հազար հինգ հարյուր դոլար պետք է վճարեն:
Նախարարության մերժումից հետո հույս կապեցինք հայոց պահանջատիրության մոնոպոլիստ դաշնակցական Կիրո Մանոյանի հետ: Աշխատանքը ներկայացրինք պարոնին, առաջարկեցինք ծանոթանալ, որ հաջորդ հանդիպման ժամանակ որոշենք մեր անելիքը: Երևի պարոնը զգացել է, թե ինչ պետք է առաջարկեինք մենք, և նորից հանդիպելու համար երկու ամիս տևած ջանքերից հետո ձեռագիրը մի աղջկա միջոցով ստացանք պարոն Մանոյանի հիմնարկի դռան դիմացի մայթին: Դրանից հետո, ազերթուրքերին վերաբերող մասը հանած, աշխատանքը ներկայացրինք «Պատմաբանասիրական հանդեսին» և մերժում ստացանք: Ապա ծանոթանալով պարոն Սվազյանի «Աղվանից աշխարհի պատմություն» գրքին` մի շարք լրացումներով վերջնական տեսքի բերեցինք աշխատանքը` «Չկաղապարված հայացք Աղվանից աշխարհի պատմության ընթացքին» խորագրով: Փորձեցինք աշխատանքը ընթերցողին հասցնել նախ «Երկիր», ապա «Իրատես դե ֆակտո» թերթերի միջոցով: Երկու թերթերն էլ սկսեցին տպագրությունը, բայց կիսատ թողեցին, հրաժարվեցին մինչև վերջ տպագրելուց: Այս հանգամանքը ստիպեց մեզ աշխատանքին ավելացնել նաև լրացուցիչ դիտարկումներ: Անդրադարձանք այն հարցին, թե մեր պատմիչներն ու մտավոր գործիչները ինչպե՞ս էին ներկայացնում Աղվանից աշխարհը, և ժամանակակից աղվանագետները ինչպե՞ս են ներկայացնում այն: Ներկայացրինք նաև, թե ինչ ողբերգական վախճան ունեցավ Հայոց աղվանից աշխարհը Պետրոս ցարի Կովկասյան արշավանքի հետևանքով: Այս դիտարկումներով ամբողջացրած աշխատանքը ներկայացրինք ԳԱ պատմության ինստիտուտ և, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, անձրևից փախչելով` ընկանք կարկուտի տակ: Ավելացնենք նաև, որ այս հարցով դեռևս 2010 թվականի հունվարին դիմել ենք նաև պետական վերադաս իշխանավորներին , որը ներկայացնում ենք աշխատության վերջում: Եվ ահա`

1. ՄԻ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԿԱՐԾԻՔ – ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)

ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտին ներկայացրած մեր «Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը» աշխատանքին տրված կարծիքի կապակցությամբ ամենից առաջ հայտնենք, որ գյուղից դուրս եկած միամիտ պատանի ենք եղել, աշխարհի քաղաքական կյանքի կարգ ու սարքին անտեղյակ, երբ 1950 թ. մեր մի միամիտ հարցի համար (և այդ հարցն էր` «Ինչո՞ւ Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանի կազմում են») դասախոսը մեր ճակատին զարկեց «ծովից ծով Հայաստան պահանջող դաշնակցական թափթփուկ» խարանը: Դրանով նա մեզ նետեց ազգային-քաղաքական դաշտ` առաջին հերթին ղարաբաղյան պահանջատիրության իմաստով: Հետագա մեր գերագույն մտահոգությունը եղել է իրական, անշրջանցելի, գրավորով վկայված, շատ դեպքերում` քարեղեն վկայությունների հավաքագրումով հասնել պատմական ճշմարիտ իրողությունների հայտնաբերմանը: Այդ ջանքերի վերջին արդյունքներից մեկն էլ գրախոսության ենթարկված աշխատանքն է, որը բուն իրականությունը վերականգնող հարյուրավոր փաստերից հանված հավաքածու է և ոչ թե սովորական ըմբռնումով պատմություն:
Գալով խնդրահարույց հարցին` նախ մեր շնորհակալությունն ենք հայտնում գրախոսներին երեք դիտողության մեջ մեզ օգնելու համար: 1. Ձիրավի ճակատամարտի տարեթիվ էինք նշել 373 թվականը: Նրանք մատնացույց արեցին 371 թ.: Մենք դարձրինք 371 թվական: 2.Մատնացույց են արել մեր մի անպատշաճ արտահայտություն` պռոշտի բառի օգտագործմամբ, որը ջնջել դուրս ենք թողել: 3.Հայոց թագավորությունը վերացնելուց հետո պարսից շահն ստեղծեց երեք մարզպանություն: Չնայած Վարդան Մամիկոնյանի և Աղվանից աշխարհի մարզպան Սեբուխտի ճակատամարտի առիթով արձանագրել ենք Աղվանքում պահպանվող երեք գավառական թագավորության գոյությունը` Աղվանից, Բաղասական և Լփնաց, բայց հատուկ չենք նշել, որ դրանք մարզպանին ենթակա թագավորություններ են եղել և պահպանվել են տևական ժամանակ: Մենք այդ սրբագրումը ևս կկատարենք:
Բայց մեր պարոն գրախոսներն այնպիսի հետևողականությամբ են փորձել քանդուքարափ անել ու արժեզրկել մեր աշխատանքը` «նրբանկատորեն» անտեսելով մեր ներկայացրած փաստերը, չանցնելով գոնե մեկի կողքով, որ ստիպված ենք նրանց յուրաքանչյուր դիտողության դիմաց նորից կանգնեցնել փաստը: Եվ այսպես.

1. «Առանց սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության շարադրում է փաստեր, որոնք վերցված են մասնավոր զրույցներից: Պետք չէ մեղադրել Երեմյանին. Ի. Ստալինի հրամանը կատարում էին բոլորը»:
«Առանց սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության» փաստը մեզ փոխանցել է արժանահիշատակ Մորուս Հասրաթյանը, որը մասնակիցն է եղել 1935 թ. Խանջյանի կողմից կազմակերպած մտավորականների հավաքին, ուր քննվում էր Ստալինի պահանջը, որ հայ մտավորականները պետք է ադրբեջանցի անունը ստացած ժողովրդի համար պատմություն ստեղծեն: Նա միաժամանակ մեզ է տրամադրել Երեմյանի հրապարակումների տեղերն ու տարեթվերը, և մենք ներկայացրել ենք փաստերը` առանց Երեմյանի հասցեին մեղադրանքի որևէ խոսքի: Այնպես որ, Երեմյանը իր վաստակով կարիք չունի մերօրյա պատմաբանի պաշտպանության:

2. «Հ.Սվազյանը 10 ուսումնասիրություն չունի: Հ.Սվազյանն ունի 1 ուսումնասիրություն (հայերեն, ռուսերեն) և շուրջ 80 հոդված»:
Մենք Սվազյանի ուսումնասիրությունների մասին հիշատակումները վերցրել ենք նրա գրքում կատարված վկայակոչումներից` արձանագրելով միայն մեկը` «Ստրաբոնի աղբյուրները Աղվանքի մասին», 1978 թ.: Ինչ բարոյականությամբ է մեր գրախոս նույն Հ.Սվազյանը մեր հիշատակած մեկը տասը դարձնում: Չէ՞որ դրանով մեզ վարկաբեկելու փոխարեն իրեն է վարկաբեկում: Կարծես թե Սվազյանը չգիտի, որ հոդվածն էլ է ուսումնասիրություն, եթե լուծում է գիտական հարց` ի տարբերություն հեռուստատեսության համար գրված լրատվության:

3. «Ստրաբոնի հաղորդումն այն մասին, որ Աղվանքում ապրում են 26 ցեղեր, վերաբերում է բուն Աղվանքին»:
Ստրաբոնի հաղորդումից 100 տարի հետո Պտղոմեոս Կլավդեոսը աշխարհագիր է կատարել, 53 ցեղերի տեղադրել Կապան-Դարբանդից հյուսիս, մինչև Աստրախան, Ազովի ծով ու Աբխազիա, առանց Վիրքում ու Աղվանքում ցեղեր մատնանշելու: Պտղոմեոսի աշխարհագիրը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Պատմահայր Խորենացին: Ստրաբոնը լսածով է արձանագրել, որը սխալ է:

4. «Աղվանից թագավորությունը կազմավորվել է առանց Պարսկաստանի միջամտության»: Մենք որևէ տեղ նման պնդում չենք կատարել:

5. «Հեղինակը նշում է, որ Մ.Խորենացին ներկայացնում է Աղվանքի գավառները, սակայն այդպիսի աշխատանք գոյություն չունի: Աղվանքի գավառաբաժանումը ներկայացնում է Անանյա (Անանիա- Ա.Հ.) Շիրակացին»:
Աղվանից աշխարհի գավառաբաժանման սկզբնաղբյուրը Մովսես Խորենացին է, որից օգտվել է Շիրակացին: Թող բարի լինեն կարդալու Արտաշես Մաթևոսյանի հրատարակած «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» չորրորդ գիրքը»` տպագրված 1995 թ.: Եթե ալարում են կարդալ այդ գրքի 162 -176 էջերը, գոնե բարի լինեն նայելու 171-172 էջերին` ընդամենը 2 էջ:

6. «Հակոբջանյանը անդրադառնում է որոշ տեղանունների ստուգաբանությանը, որոնք վաղուց կատարվել են»:
Մենք չգիտենք, թե ովքե՞ր և ի՞նչ ստուգաբանություններ են կատարել, բայց մենք Աղվանից աշխարհի նախաստեղծ, նախապատմական ժամանակներից եկող տեղանունների ստուգաբանությունը կատարել ենք Հր.Աճառյանի «Արմատական բառարանի» օգնությամբ և պարզել, որ նախաստեղծ այդ տեղանուններն անխտիր հայերեն բառեր են: Երևի մեր ընդդիմախոսները վիրավորվել են, որ անցել ենք նաև իրենց աղավաղումների կողքով: Հայերեն Շաքի տեղանունը նրանք համարում են 28 տարի ժամանակով Մարաստանը և շրջակաները նվաճած սկյութների սակ անվան հնչյունափոխված ձև, բայց մենք հավատացել ենք Աճառյանի ստուգաբանությանը` «Շաքի-շաք-«պատուհան», «շինվածքի պատերուն մեջ բացվածք, ուր պատուհան մը կամ դուռ մը կը զետեղվի»: Մենք առանց Աճառյանի ստուգաբանության չէինք կարող իմանալ եղնի բառի իմաստը որպես գավառի անուն: Եվ ահա Աճառյանի ստուգաբանությունը. «Եղնի-եղն-«էգ եղջերու», որից եղնոտն` «եղնիկի ոտք», եղնորթ` «եղնիկի ձագ»:
Մեր գրախոսների կետ նպատակն է եղել մի լղարիկ նախադասությամբ արժեզրկել Աղվանից աշխարհի տեղանունների հայերեն լինելը:

7. «Պետք չէ արհեստականորեն տարանջատել Փոքր Հայք և Կամբեճան գավառները, դրանք նույն գավառն են, տարբեր անուններով» (տե՛ս «Աշխարհացույց»):
Մեր ամենագետ գրախոսները կա՛մ գաղափար չունեն իրենց ներկայացրած տարածքի մասին, կա՛մ հետևողականորեն փորձում են վարկաբեկած լինել դիմացինին: Ահա Կամբեճանը: Պոմպեոսի արշավանքի առիթով Ստրաբոնը եռակի հիմնավորմամբ ներկայացնում է, թե Կամբեճանը Հայաստանի ամենահյուսիսային գավառն է, որը հասնում է մինչև Կովկասյան լեռների փեշերը, ժամանակակից Զաքաթալան` Ալազան գետի ափով: Հետագայում է Կամբեճանը դարձել Աղվանքի մաս: Ահա և Փոքր Հայքը: «Այստեղ, Աղվանքի նկարագրության մասում, կարդում ենք. «Աղբանիա… Աղուանք… Քավաղակ քաղաք Աղուանից` մերձ ի Կաւկաս. ընդ որոյ մէջ գետն Սէբոջ դէպ ի հարաւոյ ըստ Փոքր Հայոց»: Այս վկայության համաձայն, Կովկասյան լեռներից իջնող Սեբոջ գետը անցնում է Կապաղակ քաղաքի մոտով կամ միջով և հոսում դեպի հարավ` «ըստ Փոքր Հայոց», այսինքն` Փոքր Հայքի միջով կամ սահմանով, և թափվում Կուր գետը» (Տե՛ս Ա.Մնացականյան, «Աղվանից աշխարհի գրականության հարցի շուրջը», 1966 թ., էջ 49-56):

8. «Միհրանը ոչ թե փախել է Խոսրովից, այլ պարսից տիրակալը նրան 30 հազ. ընտանիքով ուղարկել է տարածաշրջան` պարսից տարրը ուժեղացնելու համար: … Դա եղել է փախուստի բեմականացում»:
Այդ կապակցությամբ մենք հատուկ արձանագրել ենք, թե կարևոր չէ նրանց փախստական կամ նենգորեն ուղարկված լինելը: Բայց դա առիթ է դարձել, որ ազգային աղբյուրներից բավական հարուստ փաստեր շրջանառության մեջ դնենք, որոնք անառարկելիորեն հաստատում են Աղվանից աշխարհի հայոց հայրենիք լինելը, ներկայացրել ենք մի քանի հարյուրամյակ տևած հայ Առանշահիկների ու Միհրանյանների հակամարտությունները, որը հանգեցրեց Միհրանյանների դուրս մնալուն քաղաքական կյանքից:
Ինչպես այստեղ, այնպես էլ բոլոր դեպքերում մեր ընդդիմախոսները «նրբանկատորեն» խուսափում են մեր շրջանառած փաստերի կողքով անցնելուց, որովհետև այդ փաստերից յուրաքանչյուրը հաստատում է Աղվանից աշխարհի հայկականությունը, որը նրանց համար անընդունելի է:

9. «Հետազոտողը գտնում է, որ Բաքուն հիմնադրել է Արգիշտի Երկրորդը, սակայն չի նշում սկզբնաղբյուրը: Ըստ սեպագիր արձանագրությունների` Ուրարտուի արքայի երթուղին վերջացել է Ուտիքի և Արցախի տարածքներով»:
Մեր սկզբնաղբյուրը «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության առաջին հատորի 332-րդ էջն է, ուր գրված է. «Շատ հնարավոր է, որ հենց այդ ժամանակներին վերաբերվեր Արգիշտի Բ-ի հեռավոր արշավանքը դեպի արևելք, որի ընթացքում նա հաղթությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հարող շրջանները»: Կասպից ծովի արևմտյան ափերին հասած Արգիշտիից բացի ուրիշ ո՞վ պետք է հիմնարկեր բնիկ հայերեն բառակազմական ձևույթներով անվանակոչված Բագու և Մարդական բնակավայրերը:
Ինչ վերաբերում է սեպագիր արձանագրություններով վկայվող «Արգիշտի Բ-ի երթուղուն Ուտիքի և Արցախի տարածքով», համոզված ենք, որ նրանք մեզնից լավ գիտեն, որ այդ տարածքով Ուրարտուի ուրիշ թագավորներ են «երթևեկել», այն էլ` Սևանի ափերից սկսած և ոչ թե Կասպից ծովի:

10. «Վաչագան Բարեպաշտը թագավոր չէր, այլ Հայոց Արևելից կողմանց կառավարիչ»:
Մեզ մնում է այս հայտնագործության կապակցությամբ բացականչել` Էվրիկա՜…

11. «Արշակ Մեծը իր եղբայր Վաղարշակին չի դարձրել թագավոր, դա ուղղակի առասպելաբանություն է: Պարթև թագավոր Վաղարշը իր եղբայր Տրդատին է հանձնել հայոց գահը (52 թ.)»:
Բայց ի՞նչ կապ ունեն Վաղարշն ու Տրդատը Խորենացու ներկայացրած Վաղարշակ թագավորի հետ: Ինչքան էլ առասպելական համարեք Խորենացու հաղորդումները, այնտեղ կան անշրջանցելի փաստարկումներ, որոնք ներկայացնում են մեր ժողովրդի իրական պատմությունն իր հետագա զարգացումներով: Բավարարվենք մի փաստով միայն: Վաղարշակը արևելյան կողմի կուսակալ է նշանակում Սիսակի ցեղից սերված Առանին` Կուր գետի ընթացքով, Երասխ գետից մինչև Հնարակերտ ամրոցը (Խորենացի,1968, էջ 137): Եվ քանի որ դրանից 2 հազար տարի առաջ ձևավորված Աղվանք երկրանվանը տեղյակ չէին պարսիկներն ու արաբները, երկրատարածքը շրջանառության մեջ դրեցին Առանի անունով, և բառիմաստի լուրջ փոփոխությամբ այսօր էլ գործածական է այդ տեղանունը: Մեր իրականության մեջ Առանի անունով ձևավորվեց Առանշահիկներ իշխանական տոհմը, որը կարևոր դերակատարում է ունեցել պատմության մեջ:

12. «Հեղինակն առանց փոքր ինչ քննական մոտեցմամբ» (մոտեցման- Ա.Հ.) էջ 54-61- ում շարադրել է փաստեր, որոնք մի շարք գրքերում արդեն վաղուց հրատարակվել են»:
Այո՛, այդ «վաղուց հրատարակվածների» մասին «Մի աննախադեպ հակապատմության պարտադրանքով» վերտառությամբ հոդված ենք գրել, բազում և բազմապիսի փաստերով ցույց տվել նրանց հակապատմական լինելը, որոնց գերխնդիրը եղել է Կուրի ձախափնյակը մաքրել հայերից և հայկականությունից և դարձնել լեզգիների սրբազան հայրենիք: Երևի մեր գրախոսները ևս վիրավորվել են, որ մենք հանդգնել ենք բարձրաձայնել, թե չի կարելի Համամ Արևելցու` Շաքիում վերականգնած Աղվանից թագավորությունը դնել չակերտների մեջ` որպես մեր պատմիչների կատարած կեղծիք, և այդ ճանապարհով Կուրի ձախափնյակը դարձնել լեզգիների ու ավարների հայրենիք: Միաժամանակ 1931 թ. Ադրբեջանի կառավարության կատարած վիճակագրությամբ մատնանշել ենք, թե լեզգիների հայրենիք դարձրած տարածքի կենտրոնում` Շամախի քաղաքում, արձանագրվել է ընդամենը 2 լեզգի, արևմտյան տարածքի Զաքաթալայում` 115 (Национальный и половой состав Азербайджана (по учету 1931 г) 1934 г.):

13. «Ի.Օրին ուռճացրել է հայոց զինական ուժի թիվը հասցնելով 192 հազարի, ցարական արքունիքին տրամադրելու Հայաստանի ազատագրության գործում: Նույնիսկ Արշակունի թագավորների ժամանակ Հայաստանը չէր կարող մարտադաշտ դուրս բերել 192 հազ. բանակ»:
Թե ինչ թվաքանակի զորք էին մարտադաշտ դուրս բերում Արշակունիները, արձանագրված են մեր պատմիչների կողմից, որին չենք անդրադառնում: Օրու այդ աշխատանքը ներկայացված է եղել նախ եվրոպական տիրակալներին, որից հետո է ներկայացվել Պետրոս ցարին: Բայց որ Օրին ուռճացված թվեր չի մոգոնել, հաստատվում են հետագա բազմաթիվ վկայություններով: Օրու մահվանից 13 տարի հետո` 1724 թ.,Աղվանից Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի կողմից Պետրոս ցարի մոտ ուղարկված հայ բանախոսները ցարին հայտնել են, թե միայն Ղարաբաղն ունի 100 հազ. ծուխ հայ բնակչություն: Իսկ դրանից երկու տարի առաջ` 1722 թ., ցարին ուղարկված նամակում նույն կաթողիկոսը հայտնում է, որ արդեն ունեն 40 հազ. զինվոր, այդքան էլ կավելացնեն, եթե ցարը ձեռնարկի արշավանքը: Իսկ Ղարաբաղի կողքին դեռ կանգնած էին հայոց Շամախին ու Շաքին, Գանձակն ու Երևանը, Սյունիքն ու Նախիջևանը` չհաշված Բաքու և Սալյան քաղաքներում գտնվող այն 10 հազ. ծուխ հայերին, որ արձանագրել է թուրք պատմագիր Ջևդեթ փաշան:

14. «Նշում է, որ Լենինի հայրը թաթար էր և Խորհրդային Ռուսաստանը ստեղծում էր Մեծ Թուրանը: Խորհրդային Միությունը և նրա միջուկ հանդիսացող Ռուսաստանն էին գլխավոր խոչընդոտը Մեծ Թուրանի ճանապարհին, չլիներ ԽՍՀՄ-ը, թուրքական ծրագիրն ամբողջովին կիրականանար»:
Մեր նշած Լենին բառը նենգափոխելով «Խորհրդային Ռուսաստան» բառակապակցությամբ` Լենինին վերցրել են իրենց պաշտպանության տակ: Մենք հավելվածի տեսքով ներկայացրել ենք նաև Աղվանից աշխարհին առնչվող մի հոդված: Առնչվող, որովհետև Հայոց Աղվանից աշխարհը իր ողբերգական մայրամուտին էր հասել Պետրոս ցարի Կովկասյան արշավանքով, այլևս այն չկար: Խտացած փաստերով ներկայացրել ենք, թե ինչպես Լենինը իր արյունակից, թուրքացած հրեաներ Թալեաթի, Էնվերի, Նուրի փաշայի հետ միացած՝ արյան մեջ խեղդեցին Մեծ Թուրանի հարավային խաչմերուկի հանգուցային կետում գտնվող Բաքվի Կոմունան, իսկ երկու տարի հետո էլ Լենինը մեր երեքհազարամյա Բաքուն դարձրեց մինչև այսօր էլ սեփական անուն չունեցող ժողովրդի մայրաքաղաք:
Միաժամանակ ռուս մտավորական Վիկտոր Աքսյուշիցի բացահայտումներից իմացանք, որ Լենինի իրական ծրագիրը իր իսկ ձևակերպմամբ եղել է. «Թող բնաջնջվի ռուս ժողովրդի 90 տոկոսը, միայն թե 10 տոկոսը մնա համաշխարհային հեղափոխության պահին»: Եվ ռուս մտավորականի բացահայտումներից տեսանք, որ Լենինը միջոցների մեջ խտրություն չի դրել իր ծրագրի իրականացման ճանապարհին, նույնիսկ գերմանացի և ավստրիացի գերիներից է դիվիզիա ստեղծել ռուս ժողովրդի դեմ մարտնչելու (Մանրամասները տե՛ս «Ազգ» օրաթերթի 2011 թ․ ապրիլի 9-ի համարում): Աքսյուշիցն այնուհետև արձանագրել է, որ անտառներ փախած բնակչությանը Լենինի կարգադրությամբ ոչնչացրել են թունավոր գազերով, իսկ բնակավայրերում մնացած այն տղաները, որոնց հասակը բարձր էր տղամարդու գոտկատեղից, գնդակահարվել են: Լենինը մասսայական սով ստեղծեց 1921-22 թթ., որի զոհը դարձավ 5 միլիոն բնակիչ: Լենինի մի հրահանգով գնդակահարեցին մեկ միլիոն կազակի: Մեր խորին համոզմամբ` նրանք այն կազակներն էին, որոնք ժամանակակից Ղազախստանի հսկայական տարածքների տերերն էին, որովհետև այդ ժամանակ ղազախների վրաններ կային միայն Կասպից ծովի և Բայկալ լճի ափերին, իսկ այսօրվա Աստանան խամ ու խոպանը յուրացնելու տարիներին կառուցվեց նախկին կազակների երկրամասերից մեկում: Ահա այսպիսի միջոցներով էր Լենինը սկսել Մեծ Թուրանի ստեղծման գործը` ծրագրում ունենալով ռուս ժողովրդի 90 տոկոսի ոչնչացման խնդիրը: Ռուս ժողովրդի բախտից էր, որ նա երկար չապրեց:

15. «Չի կարելի մեղադրել Խ.Ռուսաստանին, որ նա հեռացավ Անդրկովկասից, քանի որ բոլշևիկներն առաջին հերթին պետք է իրենք իրենց պաշտպանեին` Դենիկինի բանակը կանգնած էր Օրյոլի տակ, Յուդենիչը մոտենում էր Պետրոգրադին, իսկ Սիբիրում ռազմական գործողություններ էին սկսել ադմիրալ Կոլչակի բազմամիլիոն բանակը և կարմիրները, եթե շատ էլ ցանկանային, չէին կարող պաշտպանել Անդրկովկասը»:
Դարձյալ Լենինի փոխարեն «Խ.Ռուսաստան», դարձյալ Լենինի քաղաքականության հետևողական պաշտպանություն: Հիշատակված հավելվածում առատ փաստերով ներկայացրել ենք նաև, որ ռուս ժողովրդի նկատմամբ հաշվեհարդարին զուգահեռ ոչ պակաս դաժանությամբ գործողության մեջ է դրվել նաև հաշվեհարդարը հայ ժողովրդի նկատմամբ, որպեսզի ապահովվի Մեծ Թուրանի հարավային ճանապարհը: Եվ եթե Լենինը ռուս ժողովրդի գոնե 10 տոկոսի գոյությունը հանդուրժում էր, հայ ժողովուրդը պետք է իսպառ վերանար:
Հոկտեմբերյան հեղաշրջումից 10 օր հետո` նոյեմբերի 20 -ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմեցին Ռուսաստանի և համայն աշխարհի մահմեդականներին` ազդարարելով. «Մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի մասնատման և Հայաստանի անվտանգության ապահովման դրույթը չեղյալ է հայտարարվում» (Արտավազդ Ավագյան, Հայաստանը իր ազգի ու պետության պաշտպան, 2006 թ.): Նույն օրերին դեկրետ հրապարակեցին Արևմտահայաստանի անկախության իրավունքի մասին: Երկու դեպքում էլ Լենինը թուրքերին մղում էր հայկական հարցը շուտափույթ ավարտին հասցնելու: Տրոցկու կարգադրությամբ հունվարին 9-ին զորքերը հանեցին Արևմտյան Հայաստանից` այնքան զենք ու զինամթերք թողնելով թուրքերին, որ վերջինները հայտարարեցին, թե 10 տարի իրենք զենքի կարիք չեն ունենա: Ռուսաստան մեկնող զինվորների հրացաններն էլ Շամխորի մոտ թաթար կոչվողներին նվիրեցին: Դրան կրնկակոխ` թուրքական զորքերը մտան Անդրկովկաս, շարունակեցին հայոց ցեղասպանությունը, և Լենինի, Տրոցկու, Ստալինի հեռակա աջակցությամբ Նուրի փաշան արյան մեջ խեղդեց Բաքվի Կոմունան: Մեր ընդդիմախոսները Լենինի ջերմ պաշտպանությամբ մեզ հարկադրում են մեր աշխատանքին դարձյալ հավելվածի տեսքով միացնենք «Իսկ ո՞վ էր մեր իմացած Լենինը» ուսումնասիրությունը:

16. «Աշխատության հեղինակը փորձում է ներկայացնել, իբր թե բուն Աղվանքը հայերի հայրենիք է: Ոչ ոք չի ժխտում, որ հայերը ապրել են բուն Աղվանքում, բայց դա նրանց հայրենիքը չէր, քանի որ այսօր էլ հազարներով հայեր են բնակվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և այլուր»:
Ձենը մինչև ամերիկաները հասնող այս զառանցանքը մեզ ուղղակի հունից հանում է: Ռուս բանաստեղծ Նեկրասովն իր հայտնի պոեմում մի սրամիտ ձևակերպում ունի. «Ռուս մուժիկի գլուխը որ մի բան մտավ, կացնի զորությամբ միայն կարելի է այնտեղից հանել»: Պարզվում է, որ մեր աղվանագետների պարագայում կացինն էլ անզոր է:
Սկսած 5-րդ դարի մեր պատմիչներից մինչև Իսրայել Օրին, մինչև Մակար Բարխուդարյանը Աղվանից աշխարհը ներկայացրել են որպես հայի անկապտելի Հայրենիք: Ահա թե ինչ է գրել Ագաթանգեղոսը` Գրիգոր Լուսավորչի քարոզչությանը անդրադառնալով. «Այսպես, ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ, ջանաց, սփռեց, տարածեց քարոզչության ու ավետարանության գործը` Սատաղցիների քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը, Կղարջքի մոտ, ընդհուպ մինչև մասքութների սահմանները, մինչև Ալանաց դռները, Կասպից սահմանները և…», նշում է նաև բոլոր այն հայաշխարհները, որ դուրս էին Մեծ Հայքի վարչական կազմից:
Ահա և Իսրայել Օրին: 1699 թ. սեպտեմբերի 22-ին Եվրոպայի տիրակալներին հասցեագրած զեկուցագրում Օրին նշում է, թե Կասպից ծովից դուրս կգան մի նավահանգիստ, որ 10 մղոնով է հեռու Բաքվից: «Այստեղ է ահա Հայաստանի սահմանագլուխը»,- ավելացնում է Օրին: Հասնելով Շամախուն` Օրին արձանագրում է . «Ահա առաջին մուտքը Հայաստան, որ սկսվում է Շամախուց…Պարսկաստանի թագավորությունը -դա Հայաստանի թագավորությունն է ներս մտնելիս»:
Քրիստոնեություն ընդունելուց հետո Էջմիածնի կաթողիկոսարանին զուգահեռ կաթողիկոսարան, եկեղեցի ու թագավորական պալատ է կառուցվել նաև Աղվանքի մայրաքաղաք Կապան-Դարբանդում, որոնք կանգուն են մնացել մինչև 1890 թ.` վերածված մահմեդական հոգևոր կենտրոնների: Երբ 722 թ. արաբները նվաճեցին Դարբանդը և ավերածությունների ենթարկեցին, մեր կառույցներն այնքան պատկառազդու էին, որ արաբները խնայեցին ու ավերածության չենթարկեցին: Իսկ մերօրյա աղվանագետները ուրանում են դրանց գոյությունը:
Մեր պատմիչներն ու մտավորականները հարյուրավոր փաստարկումներով ցույց են տվել Աղվանից աշխարհի` հայի հայրենիք լինելը, հաստատել այն իրենց ներկայացրած գրավոր ու քարեղեն ապացույցներով: Նույնիսկ 1860թ. Կարապետ Շահնազարյանը, եվրոպական երեք սկզբնաղբյուրներից օգտվելով, պարզել է, որ Տրոյական պատերազմից անհայտ դարեր առաջ Աղվանից աշխարհի մեր նախապապերի մի մասը Կովկասյան լեռների վրայով հասել է Բրիտանական կղզիներ, այն անվանակոչել իրենց երկրի անունով: «Որոց բնակութիւն արարեալ յԱնգլիա կոչեցին Ալբիոն, Ալբին եւ Ալբանիա, որպէս կոչէր ի հնումն աշխարհս այս»(Տե՛ս Կ.Շահնազարյանի հրատարակած «Աղւանից աշխարհի պատմութիւն»-ի առաջաբանը):
19-րդ դարում մեր հոգևոր գործիչներից Ս.Ջալալյան ու Մ.Բարխուդարյան եպիսկոպոսները շրջել են ողջ Աղվանքով մեկ` Կուր գետից մինչև Կապան-Դարբանդ, Զաքաթալայից մինչև Բաքու, արձանագրել գրավոր ու քարեղեն հարյուրավոր փաստեր, մենք էլ ազգային գրավոր աղբյուրներից ենք հավաքագրել բազմաթիվ փաստեր, որոնք անխտիր հաստատում են, որ Աղվանից աշխարհը հայ ժողովրդի հայրենիքն է` իր 4-հազարամյա պատմությամբ: Փաստերի, միայն փաստերի մեկտեղումով ընդամենը 63 էջում ներկայացնելով այդ ամենը` մի քանի անգամ զգուշացրել ենք, որ մենք պատմություն չենք գրում, որ մենք փաստեր ենք մեկտեղում պատմաբանների համար: Ի՞նչ իմանայինք, որ մեր պատմաբանները այդ ամենը շպրտելու են մի կողմ և «ապացուցեն», որ մեր նախնիները ամերիկաներ փախչելուց դարեր առաջ` Խաչմասում հյուրընկալված տարիներին, բնակավայրի իրենց գերեզմանոցում թագավորների կեղծ շիրմաքարեր են ցցելու, որ բավարարեն իրենց փառամոլությանը:
Միաժամանակ մենք փաստերի խտացմամբ արձանագրել ենք, թե ե՞րբ և ի՞նչ կենտրոններով են Աղվանքում թագավորական իշխանություններ ձևավորվել, նշել, որ Աղվանից թագավորության առաջին մայրաքաղաքը եղել է Չող-Կապանը, ապա` Կապաղակը, հետո` Պարտավը: Արաբական լուծը թոթափելուց հետո` Բագրատունիներին զուգահեռ, Համամ Արևելցին ևս վերականգնել է Աղվանքի թագավորությունը` Շաքի կենտրոնով, նշել, որ կարճ ժամանակ հետո թե՛ Բագրատունիների, թե՛ Աղվանից թագավորությունները վերածվեցին գավառական 9 թագավորությունների, Աղվանքում` Շաքիի, Փառիսոսի, Դիզակի ու Կապանի` Խաչմաս կենտրոնով, որը ամենաերկարակյացն է եղել մյուսների համեմատությամբ: Հայ պատմաբաններն այսօր ուրանում են Կապանի թագավորության գոյությունը, Շաքիի թագավորության գոյությունն էլ դնում չակերտների մեջ, որպես գոյություն չունեցած, որպեսզի տարածքը դարձնեն լեզգիների հայրենիք: Ինչ է, շնորհակալություն հայտնե՞նք, որ մեր աղվանագետները գոնե մի անգամ խոստովանել են, թե երբևէ մեր ժողովուրդը ոտք է դրել Աղվանից աշխարհի հողին, թեկուզ և ղոնաղի կարգավիճակով` ամերիկաներ փախչելուց առաջ:
Մի վերջին բացահայտում ևս: 2009թ. փորձեցինք հրատարակել ներկայացված աշխատանքի մի հատվածը` առաջին 26 էջը` սկսած Աղվանից աշխարհի տեղանունների մեկնաբանություններից: Առաջին պարբերության մեջ Հ.Սվազյանի միակ գրքի մասին արձանագրեցինք. «Եթե գիրքը մի թերություն ունի, հրատարակության տարեթվի բացակայությունն է»: Մենք նկատի ունեինք, որ հեղինակը արտաքին աղբյուրների հետևողական օգտագործմամբ ներկայացրել է օտարների կողմից երկրատարածքի նվաճումների հազարամյա պատմությունը: 2009թ. մարտին աշխատանքը ներկայացրինք «Երկիր» թերթի խմբագրությանը, ուր հազիվ վեց էջ տպագրվելուց հետո դադարեցրին տպագրությունը: Աշխատանքը օգոստոսին ներկայացրինք «Իրատես դե ֆակտո»-ի խմբագրություն, տպագրվեց 19 էջ, բայց դարձյալ հրաժարվեցին շարունակությունը տպագրելուց: Մեր հարցին, թե ինչու եք հրաժարվում վերջին վեց էջը տպագրելուց, պատասխանեցին, թե պատմաբանները մեր գրածները սխալ են համարում:
Մեր աշխատանքի նկատմամբ Հ.Սվազյանի կատարած վերջին այս նենգափոխումները, առանց մեր ներկայացրած որևէ փաստի կողքով անցնելու, գալիս են հաստատելու, որ ինքն է մասնագետի իր հեղինակությամբ խափանել մեր աշխատանքի տպագրությունը: Եվ եթե մեր կռահումը ճիշտ է, իսկ նրա վերջին կարծիք-նենգափոխումները հաստատում են դա, ապա պետք է ավելացնել, թե կամայականության ու անբարոյականության մերօրյա տիրապետության պայմաններում չի բացառվում, որ պարոնն այս անգամ էլ իր նպատակին հասնի: Բայց պետք է իմանա, որ մեր հետևից գալիս է երիտասարդ, սթափ մտածողության տեր, ճշմարտությանը հետամուտ սերունդ, որն ամեն ինչ իր տեղն է դնելու:
Ցավով պետք է նշենք, որ մեր աղվանագետներն իրենց այս դիքորոշմամբ, ամեն մի ճշմարտության ուրացմամբ, իրենց կամքից անկախ, օբյեկտիվորեն դառնում են Բաքվի հայկական զառանցանքների սպասարկուներ: Կարծես թե քիչ են եղել խորհրդային տարիներին կատարածները, հիմա էլ նույն հետևողականությամբ շարունակում են իրենց ավերածությունները:

2. ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՆԱՀԱՆՋ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Չնայած պատմության ինստիտուտին ներկայացրած Աղվանից աշխարհի մասին մեր աշխատանքին մասնագետ աղվանագետը տվել էր բավական հիմնավոր գնահատական` ցուցադրելով մեր աղքատիմացությունը, մասնագիտական գրականությանն անտեղյակ լինելը, ներկայացրել մեր տեսակետների կամայական և անհիմն լինելը, մենք պնդաճակատի պես չենք ընդունել դրանք և հակադարձել ենք 16 կետից բաղկացած առարկություններով: Մեր պատասխանը հարկադրել է պարոն դոկտորին, որ նորից անդրադառնա մեր աշխատանքին և նորից համոզվի, որ գործ ունի մի աղքատիմացի ու թերուսի հետ, որ նույնիսկ «հայկական աղբյուրների բնագրային լեզուն (գրաբարը) չիմանալով և սոսկ նրանց աշխարհաբար թարգմանություններից օգտվելով (աղավաղվա՞ծ- Ա.Հ.), մեղադրանքներ է ներկայացնում բոլոր այն պատմաբաններին, որոնք… ի հակառակ իր սևեռուն պատկերացումների, բուն Աղվանքը հայերի հայրենիք չեն համարում» * :
Պարոնը ճիշտ կետում է բռնացրել աղքատիմաց և թերուս Հակոբջանյանին, որին մնում է խոստովանել սեփական մեղքերը, որ միգուցե ներման արժանանա: Հակոբջանյանի մեղքերի հիմքում ընկած է մեր ազգային աղբյուրներին հավատալու հանգամանքը: Այդ «մոլորության» արդյունքում առաջին հերթին նա հավատացել է Պատմահայր Խորենացու հաղորդումներին: Ի մի բերելով մեր ժողովրդի` հազարամյակների բանավոր պատմության վկայությունները` Խորենացին արձանագրել է, որ Հայկի հետնորդներից Գեղամը Արարատյան դաշտից բարձրացել է Սևանի շրջակայք, իր անունով ստեղծել Գեղարքունիքը: Միաժամանակ Գեղամը իր որդի Սիսակին է հանձնել մի հսկայական տարածք, որ Սևանի ափից ձգվում է մինչև ժամանակակից Մեղրիի շրջանը: Հոր տվածով չբավարարվելով` Սիսակը իր ցեղակիցներից մի հսկայական զանգված էլ ուղարկել է արևելքից հարևան դաշտավայրը, հիմք դրել մի նոր երկրամասի, որը ձգվում է Արաքս գետից մինչև դիմացի լեռները: Իսկ այդ դիմացի լեռները Սյունիքի լեռներից կամ մերձարաքսյան հարթությունից նայելու դեպքում Կովկասյան լեռներն են: Մենք հավատացել ու հավատում ենք Խորենացու հաղորդումներին` ընդգծելով, որ դրանց հիմքը ժողովրդի ստեղծած բանավոր պատմությունն է, որը ներկայացնում է հնդեվրոպական ընդհանրությունից տարանջատվող հայկական ցեղերի տարածման աշխարհագրությունը:
Միաժամանակ տեղյակ լինելով աշխարհագրական միջավայրին` գտել ենք, թե Սիսակը իր ցեղակիցներին Արաքսի ափամերձ հարթավայրերով է առաջնորդել դեպի արևելք և ոչ թե այն անանցանելի լեռներով, որոնց արանքով 21-րդ դարում են ճանապարհ բացում դեպի նույն հարթավայրը: Այս տրամաբանությամբ նախաստեղծ Աղվանից աշխարհը սկիզբ է առել Արաքսի ափերից և հասել մինչև Կովկասյան լեռների փեշերը: Այդ վիճակը ձգվել է մինչև Աքեմենյան կայսրության երրորդ տիրակալ Դարեհ Առաջինի կատարած վարչատարածքային բաժանումները:
Դարեհն իր հսկայածավալ կայսրությունը բաժանեց 20 վարչատարածքային միավորի` սատրապության: Կուրից վերև ձգվող տարածքում ևս ստեղծեց մի սատրապություն` վարչական միավոր, որի գերխնդիրը պարսից տիրակալների համար մինչև Պետրոս ցարի Կովկասյան արշավանքը եղել է Կովկասյան ցեղերի ներխուժումները արգելելը, նույնիսկ Կասպից ծովից մինչև Ալանաց դռները հսկայական անանցանելի պարիսպ են կառուցել, իսկ հյուսիսցիների հետ անհրաժեշտ շփումների համար էլ որոշ հատվածներում երկաթյա դռներ են բացել` դնելով հատուկ հսկողության տակ: Դարեհի այդ միջոցառման շնորհիվ կիսվեց միասնական Աղվանից աշխարհը, երկրանունը շրջանառության մեջ մտավ Կուրի ձախափնյակի համար, որովհետև հետագայում` մոտ 2 հազար տարի հետո, աջափնյակում ստեղծվեց Առան երկրանունը:
Նույն տրամաբանությամբ մենք հավատացել ու հավատում ենք Կարապետ Շահնազարյանին, որը 1860 թ. Փարիզում հրատարակել է Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը», որի առաջաբանում, օգվելով եվրոպական երեք աղբյորների վկայություններից, արձանագրել է, թե Տրոյական պատերազմից անհայտ դարեր առաջ Աղվանից աշխարհի բնակչության մի պատկառելի հատված Կովկասյան լեռների վրայով անցնել ու հասել է Բրիտանական կղզիներ, և առաջին անգամ այդ տարածքը անվանակոչել իր հայրենիքի անունով` Ալբիոն, Ալբանիա, Աղվանք, Եվրոպայի տարբեր երկրներում մեկ տասնյակի չափ նույնանուն բնակավայրեր կառուցել:
Մենք հավատացել ու հավատում ենք, որ թագավորության հասած Աղվանից աշխարհի առաջին մայրաքաղաքը Կապանն է եղել, որ օտարները դարձրին Դարբանդ, ուր մեր նախնիները կառուցել են հոյակերտ պալատ, կաթողիկոսարան ու եկեղեցի, որոնք պահպանվել են մինչև 1890 թվականը` դարձած արդեն մահմեդականների սեփականություն: Մենք հավատում ենք, որ 551 թվականին Աղվանից կաթողիկոսական աթոռը Կապանից տեղափոխել են Աղվանից հերթականորեն երրորդ մայրաքաղաք Պարտավ:

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց)

Մենք հավատացել ու հավատում ենք Ագաթանգեղոսին, որը ծայրից ծայր հայոց երկրի հյուսիսային սահմանը ներկայացնում է Ալանաց դռներից (ժամանակակից Վլադիկովկասի մոտ), մասքութների սահմաններով մինչև Կասպից ծով: Մենք հավատացել ենք ու հավատում ենք Իսրայել Օրուն, որը Բաքուն համարում է Հայաստանի սահմանագլուխը և, հասնելով Շամախուն, ավելացնում. «Ահա առաջին մուտքը Հայաստան, որ սկսվում է Շամախուց… Պարսկաստանի թագավորութունը — դա Հայաստանի թագավորությունն է ներս մտնելիս»:
Մեր մի շարք ազգային աղբյուրներ արձանագրել են, որ առաջին դարում Եղիշե առաքյալը Բաքվում կործանել է երկու հեթանոսական բագին, տեղները խաչ տնկել, որ Մեսրոպ Մաշտոցն այդտեղ մատուռ է կառուցել, իսկ 500 թ. Վաչագան Բարեպաշտը նույն տեղում կառուցել է հոյակապ եկեղեցի, ուր հայերը 1806 թ. պատսպարել են Ցիցիանովի` աղբանոց նետված դիակը: Արձանագրել են, որ Վաչագան Բարեպաշտը Բագավան գավառը իբրև օժիտ նվիրել է իր դուստր Վարսենիկին` Բաքուն` որպես ձմեռանոց, Շամախին` ամառանոց (Բաքվին վերաբերող ազգային աղբյուրների ցանկը տե՛ս Գ.Ստեփանյանի «Բաքու քաղաքի հայության պատմությունը» գրքի տողատակի ծանոթագրություններում): 21-րդ դար հասած մեր դոկտորը ոչ միայն ուրանում է այդ ամենը, այլև պնդում, թե «Վաչագան Բարեպաշտը թագավոր չէր, այլ Հայոց Արևելից կողմանց կառավարիչ»:
Ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով է պարոնը ոտնատակ տալիս մեր մեծերի այս անշրջանցելի վկայությունները` Աղվանից աշխարհի հայկականությունը ժխտելու ծրագրով, ո՞ւմ համար, հանուն ինչի՞: Եվ այս ամենը հայոց ազգային ակադեմիայի հասարակական գիտությունները համակարգողի ու պատմության ինստիտուտի տնօրենի անտարբեր հայացքի առջև, որ հավասարազոր է ամենաթողության ու խրախուսանքի: Մեր մեծերն էլ հո թերուս Հակոբջանյան չեն եղել, որ բռնի մազութով լողացնի: Սրանով մենք սահմանափակում ենք մեր «մեղանչումների» ցուցադրումը, որպեսզի անդրադառնանք դոկտորի սիրած ժանրին` երևույթները գլխիվայր ներկայացնելու սովորությանը: Երկրորդ անգամ առաջին թիրախ է դարձնում, այո՛, վաստակաշատ պատմաբան Սուրեն Երեմյանին:
«Առանձնակի է նրա վերաբերմունքը Ս.Տ.Երեմյանի նկատմամբ, առաջին հերթին նրան մեղադրելով ամբողջատիրության ժամանակաշրջանում նրա թույլ տված հարկադրական մոտեցումների համար»: Եվ մի ամբողջ անդրադարձ Երեմյանի վաստակին:
Ախր մենք ընդամենը երկու մեջբերում ենք կատարել նրա հոդվածներից` առանց նրա անվանը կցելու որևէ բառ, անգամ ձայնարկություն: Ինչո՞ւ եք զրպարտում մեզ և հարկադրում, որ տասնամյակներ հետո բերան բացենք: Ընդունենք, որ 30-ական թվականներին Ստալինի հանձնարարությամբ, Ստալինից վախենալով, ընդամենը չորս նախադասությամբ ստիպված էր ստալինյան աղվանագիտության հիմքը դնել, ուրիշ ճար ու միջոց չուներ: Իսկ 1958թ. ի՞նչ պարտադրանքով էր Երեմյանը հերթական հոդվածում արձանագրել, թե իր կարծիքով 4-5 -րդ դարերում աղվանները Ղարաբաղում արդեն հայացել էին, իսկ Ուտիքում` 6-րդ դարում: Չէ՞ որ այդ ժամանակ ոչ միայն Ստալինից վախենալու առիթ չկար, այլև նրա դիակը հանել էին հայտնի տեղից: Հարգելով Երեմյանի վաստակը` ավելի ծանր տեղեկություններ չենք հրապարակի: Խնդրում ենք, չստիպեք:
Միհրական տոհմի` Աղվանք մուտք գործելու առնչությամբ մեր դոկտորը գունավոր նյութերով թերուս Հակոբջանյանին լողացնելուց հետո արձանագրում է. «Նշենք, որ Միհրանը… հաստատվում է Ուտիքի Գարդման գավառում, որ աշխարհագրորեն ընկած էր Հայոց Արևելից կողմերում և ոչ թե բուն Աղվանքում»:
Մենք չգիտենք, թե մեծարգո պրոֆեսորը ումի՞ց է վերցրել այդ կարևոր տեղեկությունը, բայց գիտենք, որ Կաղանկատվացին իր պատմության մեջ 14 գլուխ է նվիրել Միհրանյաններին մինչև Ջիվանշիրի մահը` չհաշված դրանից հետո եղածները մինչև այդ տոհմի վերանալը: Կաղանկատվացին պարզ ու հստակ նշում է, որ Միհրանը Պարտավի մոտակայքով գնում է, որ միանա Խոսրովի թշնամի Բասիլներին: Բայց Շամախու մոտակայքում գտնվող Գարդմանում նրան հասնում է Խոսրովի հաշտարար նամակը և որոշում է հենց այդտեղ էլ բնակություն հաստատել ու իր անունով հիմնում է Միհրավան քաղաքը (Կաղանկատվացի, էջ 133): «Միհրավանը գտնվել է այժմյան Շամախուց արևմուտք 40 կմ հեռու, ներկայիս Միհրավան գյուղի տեղում» (ն.տ., էջ 283): Մեզ համար կարևոր չէ Միհրանի փախուստի կեղծ կամ իրական լինելը, կարևոր է նրա հանգրվանած տեղը` Շամախուց 40 կմ հեռու: Կաղանկատվացու միջոցով մենք գիտենք, որ Միհրանի հաջորդներից Վարդանը երեք տարում կառուցել է Գարդման բերդը, Ջիվանշիրը բերդում կառուցել է եկեղեցի և եկեղեցում կատարած առաջին աղոթքում խնդրել Աստծուն, թե «Սա դարձրո՛ւ աղոթքների ու պաղատանքների տուն նրանց համար, որոնք արևելքում ծովեզրյա են», որը բնավ Ուտիքի Գարդմանը չի կարող լինել: Միաժամանակ գիտենք, որ Ջիվանշիրը «իր անձով ամբողջ Աղվանքն էր ներկայացնում «Հայոց արևելից կողմերի» հետ միասին»: Այսքանից հետո չենք անդրադառնա դոկտորի ներկայացրած Հայոց Արևելից կողմանց և Բուն Աղվանքի խնդիրներին, մանավանդ որ 3 էջ զբաղեցնող նրա մեղադրանքներից յուրաքանչյուրին պատասխանելու դեպքում մի առանձին հոդված կստացվի:
Բաքվի հարցում մեզ նույնացնելով Ադրբեջանի կեղծարարների հետ` ՀԺՊ ակադեմիական հրատարակության առաջին հատորի 332 էջից մեր կատարած վկայակոչման առիթով հաղթական տոնով հայտարարում է. «Նախ… մատնանշված աղբյուրը սկզբնաղբյուր չէ…. Երկրորդ, որ այնտեղ` վկայակոչված էջերում, ուրարտագետ Հարությունյանը սոսկ «շատ հնարավոր է» համարել, որ Արգիշտի Բ-ն իր արշավանքների ժամանակ հասած լինի Կասպից ծովի արևմտյան առափնյա շրջաններ: Ուրիշ ոչինչ»:
Մնում է տեսնենք, թե ընդդիմախոսի այս մեկնաբանությունն ինչքանով է առնչվում ուրարտագետի ներկայացրածին: Ուրարտագետ Հարությունյանը «Ուրարտուի քաղաքական վիճակի ժամանակավոր կայունացումը» վերնագրի տակ ներկայացնում է Ուրարտուի և Ասորեստանի հարաբերությունները Արգիշտի Բ-ի ժամանակ, նույնիսկ արձանագրում, որ «Ուրարտուի և Ասորեստանի միջև պայմանավորվածություն է եղել սահմանամերձ գոտում անտառահատում կատարելու մասին» (էջ 331): Այնուհետև նա ավելացնում է. «Ինչպես հայտնի է, ասորեստանյան թագավոր Սինախխերիբը (մ.թ.ա. 705-680) պատերազմներ էր մղում Բաբելոնի (մ.թ.ա. 702-689), Հուդայական պետության (մ.թ.ա. 701), Էլամի, արամեացիների, ծայրամասային մանր պետությունների և Մարաստանի (մ.թ.ա. 691) դեմ: Դրանք, ըստ երևույթին, նկատելի չափով թուլացրել էին Ասորեստանի դիրքերը հյուսիսում»: Այնուհետև ուրարտագետը շարունակում է. «Շատ հնարավոր է, որ հենց այդ ժամանակներին վերաբերի Արգիշտի Բ-ի հեռավոր արշավանքը դեպի արևելք, որի ընթացքում նա հաղթությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հասնող շրջանները: …. Ինչպես վերը տեսանք, այն ժամանակ, ի թիվս այլոց, նվաճվել էին նաև Արմարիլին և Սանգիբուտուն, այսինքն` հենց այն նահանգները, որոնք ընկած էին Կասպից ծովը տանող ճանապարհին» ( 332):
Ինչպես երևում է ուրարտագետ Հարությունյանի դիտարկումներից, Արգիշտի Բ-ն խելացիորեն օգտվել է ասորական վտանգի թուլացումից և ձեռնարկել իր արևելյան նվաճումները: Մի հարմար պահի գրավել է Արմարիլի, Սանգիբուտու նահանգները, դրանք «մարսելուց» հետո էլ, դարձյալ մի հարմար պահի էլ` Կասպից ծովի արևմտյան ափերը: Այնպես որ, Հարությունյանի արձանագրած «շատ հնարավոր է, որ այդ ժամանակներին վերաբերի» արտահայտությունը ոչ թե կասկածի տակ է դնում Արգիշտի Բ-ի արևելյան նվաճումները, այլ նշում է ասորական վտանգի թուլացման պահերին Արգիշտիի ձեռնարկած հաղթական միջոցառումները: Նման հարմար պահեր կարելի է համարել Սենեքերիմի պատերազմը բաբելացիների դեմ, կամ Երուսաղեմի նվաճումը նրա կողմից, որոնք կարող էին «ազատ արձակել» Արգիշտի Բ-ի ձեռքերը: Այնպես որ, մեր ընդդիմախոսը իր կամայական մեկնաբանությամբ նենգափոխում է նաև ուրարտագետի գրածները:
Հերթը հասավ բնիկ հայերեն բառերով կազմված տեղանունների ջարդին: Մեր դոկտորը հայտնաբերել է թերուս Հակոբջանյանի աններելի հանցանքներից մեկը ևս: Աղվանքը (գիտական շրջանառության մեջ գտնվող Բուն Աղվանքը) հայկական դարձնելու մոլուցքով տարված Հակոբջանյանը շահարկության առարկա է դարձրել նաև Աճառյանի «Արմատական բառարանը», հրապարակել մի քանի տասնյակ տեղանուններ, տեղադրել Աղվանքի տարածքում, «Սակայն ի հիասթափություն մեզ, նրանում (բառարանում- Ա.Հ.) այդպես էլ չգտանք հեղինակի նշած Աղուանք, Բաղասական, Գեղավու, Գետառու, Կապաղակ, Հողմազ և էլի շատ տեղանուններ»:
Պարոնը չգիտի՞, թե՞ չիմանալուն է տալիս, որ Աճառյանի բառարանը ներկայացնում է հայոց բառերի արմատները և ոչ թե բառապաշարը: Անհրաժեշտության դեպքում արմատներին ավելացրել է բառաբաղադրիչներ, որ հասկանալի դարձնի արմատի իմաստը: Ասենք` կէս-կիսել, մասերի բաժանել: Մենք էլ Աճառյանի ստուգաբանած արմատների օգնությամբ ներկայացրել ենք մի շարք բնիկ հայերեն բաղադրյալ բառեր, որոնցից են նաև պարոնի ջարդին արժանացած բառերը, ինչպես, ասենք, Գետառու=գետ+առու: Աճառյանը իրենց տեղերում ստուգաբանել է և՛ գետ, և՛ առու արմատները, բայց դրանք իրար կցելու, միացնելու անհրաժեշտություն չի զգացել: Նույն ձևով մենք բառարանից վերցրել ենք, ասենք, Բաղասական տեղանվան արմատների մեկնաբանությունները: «Բաղ-«կից, հար» նշանակությամբ, հին և առանձին անգործածական արմատ: Ավելի սովորական է բաղել- «կցորդել, միացնել». բաղբաղել, «կցկցել, սուտ պատճառներ մեջբերել», կողաբաղ, կողակից: Նույն բառը դարձել է նաև նախամասնիկ` բաղադրել, բաղաձայն, բաղկանալ և այլն: Ահա և աս արմատը: «Աս=«ասածը, խոսք»- ասել, ասուն, «բանական էակ», վիպասան, գովասանք և այլն»: Աճառյանը աս արմատին նվիրել է բառարանի մեկուկես էջ` ներկայացնելով նրա տարբեր դրսևորումները, հնդեվրոպական լեզուների հետ ունեցած առնչությունները: Եվ ահա բնիկ հայերեն արմատներով կազմված «Բաղասական» բառը դառնում է սովորական տեղանուն, մենք էլ հանդգնաբար այն հայերեն ենք համարում` ընկնելով դոկտորական ջարդի տակ: Ավելացնենք, որ բնիկ հայերեն բառերով են կազմված մեր ներկայացրած բոլոր տեղանունները: Շեշտենք նաև, որ Աղվանից աշխարհի նախաստեղծ գավառանուններն ու մյուս տեղանունները արձանագրված են հայոց աշխարհացույցներում, որ մեզ են հասել Խորենացու և Շիրակացու անուններով: Այդ նախաստեղծ բնիկ հայերեն անուններով է պատված հայոց Աղվանից աշխարհը` սկսած Կուր գետի ափին գտնվող Քանդակ տեղանունից մինչև Կապան, սկսած Շաքիից մինչև Բաքու: Ահա Քանդակ տեղանվան Աճառյանի ստուգաբանությունը: «Քանդակ=քանդ- «քարի վրա փորագրություն», քանդակել, քանդակագործ, որից «քակտել, ավերել, քայքայել, փուլ ածել», քարուքանդ»: Էլ չենք խոսում այն տեղանունների մասին, որ առկա են և՛ Սյունիքում, և՛ Արցախում, և՛ Բուն Աղվանքում:
Իսկ Աղվանից աշխարհի նվաճողներն էլ, եթե այնտեղ կառուցումներ են կատարել, իրենք էլ անվանակոչել են դրանք, ինչպես, ասենք, Շամախին, որ կապ չունի հայոց բառապաշարի հետ: Նրանք նաև թարգմանել են բնիկ հայերեն տեղանունները, ինչպես, ասենք, Կապան-Դարբանդ, կամ աղավաղել տեղանունը, ինչպես, ասենք, Կապաղակ-Կաբալա-Գաբալա:
Մեր ընդդիմախոսը աշխատանքը երկրորդ անգամ ջարդի տակ դնելու գործում օգտվել է նաև այն հանգամանքից, որ մենք դիմել ենք ակադեմիայի հասարակական գիտությունները համակարգող պ.Սուվարյանին և պատմության ինստիտուտի տնօրեն պ.Մելքոնյանին` առաջարկելով հարցի լուծման մեր տարբերակն ու անպատասխան մնացել: Դրանով չբավարարվելով` փորձել ենք հրապարակային նամակով դիմել ակադեմիայի պրեզիդենտ պ.Մարտիրոսյանին` հարցին լուծում տալու համար, բայց այստեղ էլ հայոց ազատ մամուլը չընդառաջեց մեզ, և մենք ավելորդ համարեցինք ձեռագիր դիմում ներկայացնելը:
Մնում է ամենատհաճ, անձնականություն շոշափող մի հարց ևս: Պ.Սվազյանը մեզ մեղադրում է իրեն զրպարտելու մեջ և պահանջներ ներկայացնում: Մեր փոխարեն ցանկացած ոք, սեփական աշխատանքն ընթերցողին հասցնելու այդքան արգելապատնեշների հանդիպելուց հետո, պ.Սվազյանի նենգափոխումներով հագեցած կարծիքին ծանոթանալու դեպքում այլ եզրակացության հանգել չէր կարող: Աղվանք, Աղվանից աշխարհ հասկացությունների համար ընդամենը երեք մասնագետ կա: Ի՞նչ է, շումերագետնե՞րն են հետևել մեր հրապարակումներին ու խափանել:
Թող բարի լիներ մեր ներկայացրած փաստերից գոնե մեկի կողքով անցներ, ժխտեր կամ հաստատեր, ասենք, Բաքվում Վաչագան Բարեպաշտի կառուցած եկեղեցու մեր հիշատակումը, հաստատեր կամ ժխտեր, ասենք, Աղվանից կաթողիկոսարանի` Կապանից Պարտավ տեղափոխելու փաստը 551 թվականին: Նման հարցերի կողքով չի անցնում, որովհետև նրա սևեռուն նպատակը Աղվանից աշխարհի հայապատկանության ժխտումն է, որի համար կանգ չի առնում թույլատրելի և անթույլատրելի որևէ միջոցի առջև: Եվ եթե պ. Սվազյանը մեր այդ կարծիք-կասկածանքի համար մեզ հասցնի բանտի դուռ, միևնույն է, այլևս ձայն չենք հանելու. վերջակետ ենք դնում մեկընդմիշտ:

3. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԱ ՊՐԵԶԻԴԵՆՏ ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Հարգարժան պարո՛ն Մարտիրոսյան,
Վերջերս պատմության ինստիտուտին ենք ներկայացրել «Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը» վերտառությամբ աշխատանք, ուր մեկտեղել ենք ազգային աղբյուրների բազմաթիվ վկայություններ այդ երկրատարածքի հայկականության վերաբերյալ՝ սկսած Խորենացուց ու Ագաթանգեղոսից մինչև Իսրայել Օրի ու Մակար Բարխուդարյան: Դրանց գումարել ենք նաև 100-ից ավելի քարեղեն վկայություններից որոշները, որ սփռված են ամբողջ երկրամասով մեկ Բաքվից մինչև Զաքաթալա, Կուրի ափից մինչև Կապան-Դարբանդ, բայց քանի որ այն պահից սկսած, երբ Ստալինի պարտադրանքով մեր երկրի այդ պատկառելի մասը նվիրեցին Բաքվի թուրքերին, և մեր պատմաբանները մինչև այսօր զբաղված են այդ տարածքի հայության հետքերը մաքրելով, նրանց համար գրոշի արժեք չունի ազգային որևէ վկայություն: Ահա այդ դիրքերից մեր պաշտոնական աղվանագետները, չկարողանալով անցնել մեր ներկայացրած որևէ փաստի կողքով, իրենց կարծիք-գրախոսականում այնպիսի ավերածություններ են կատարել, որ տեսանելի դարձնելու համար ներկայացնում ենք մեկ-երկուսը:

1. «Առանց սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության շարադրում է փաստեր, որոնք վերցված են մասնավոր զրույցներից: Պետք չէ մեղադրել Երեմյանին, Ի. Ստալինի հրամանը կատարում էին բոլորը»:
«Առանց սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության» փաստը մեզ փոխանցել է արժանահիշատակ Մորուս Հասրաթյանը, որը մասնակիցն է եղել 1935 թ. Խանջյանի կողմից կազմակերպած մտավորականների հավաքին, ուր քննվում էր Ստալինի պահանջը, որ հայ մտավորականները պետք է ադրբեջանցի անունը ստացած ժողովրդի համար պատմություն ստեղծեն: Նա միաժամանակ մեզ է տրամադրել Երեմյանի հրապարակումների տեղերն ու տարեթվերը, և մենք ներկայացրել ենք փաստերը` առանց Երեմյանի հասցեին մեղադրանքի որևէ խոսքի: Այնպես որ, Երեմյանը իր վաստակով կարիք չունի մերօրյա պատմաբանի պաշտպանության:
«Հ.Սվազյանը 10 ուսումնասիրություն չունի: Հ.Սվազյանն ունի 1 ուսումնասիրություն (հայերեն, ռուսերեն) և շուրջ 80 հոդված»:
Մենք Սվազյանի ուսումնասիրությունների մասին հիշատակումները վերցրել ենք նրա գրքում կատարված վկայակոչումներից` արձանագրելով միայն մեկը` «Ստրաբոնի աղբյուրները Աղվանքի մասին» 1978 թ.: Ինչ բարոյականությամբ է մեր գրախոս նույն Հ.Սվազյանը մեր հիշատակած մեկը տասը դարձնում: Չէ՞որ դրանով մեզ վարկաբեկելու փոխարեն իրեն է վարկաբեկում: Կարծես թե Սվազյանը չգիտի, որ հոդվածն էլ է ուսումնասիրություն, եթե լուծում է գիտական հարց` ի տարբերություն հեռուստատեսության համար գրված լրատվության:
2. «Ստրաբոնի հաղորդումն այն մասին, որ Աղվանքում ապրում են 26 ցեղեր, վերաբերում է բուն Աղվանքին»:
Ստրաբոնի հաղորդումից 100 տարի հետո Պտղոմեոս Կլավդեոսը աշխարհագիր է կատարել, 53 ցեղերի տեղադրել Կապան-Դարբանդից հյուսիս, մինչև Աստրախան, Ազովի ծով ու Աբխազիա, առանց Վիրքում ու Աղվանքում ցեղեր մատնանշելու: Պտղոմեոսի աշխարհագիրը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Պատմահայր Խորենացին: Ստրաբոնը լսածով է արձանագրել, որը սխալ է:
Երկու տասնյակի հասնող նման «գիտական» ավերումներով հասնում են ամենահիմնականին` արձանագրելով.
3. «Աշխատության հեղինակը փորձում է ներկայացնել, իբր թե բուն Աղվանքը
հայերի հայրենիք է: Ոչ ոք չի ժխտում, որ հայերը ապրել են բուն Աղվանքում, բայց դա նրանց հայրենիքը չէր, քանի որ այսօր էլ հազարներով հայեր են բնակվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և այլուր»:
Ձենը մինչև ամերիկաները հասնող այս զառանցանքը մեզ ուղղակի հունից հանում է: Ռուս բանաստեղծ Նեկրասովն իր հայտնի պոեմում մի սրամիտ ձևակերպում ունի. «Ռուս մուժիկի գլուխը որ մի բան մտավ, կացնի զորությամբ միայն կարելի է այնտեղից հանել»: Պարզվում է, որ մեր աղվանագետների պարագայում կացինն էլ անզոր է:
Սկսած 5-րդ դարի մեր պատմիչներից մինչև Իսրայել Օրին, մինչև Մակար Բարխուդարյանը Աղվանից աշխարհը ներկայացրել են որպես հայի անկապտելի Հայրենիք: Ահա թե ինչ է գրել Ագաթանգեղոսը` Գրիգոր Լուսավորչի քարոզչությանը անդրադառնալով. «Այսպես, ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ, ջանաց, սփռեց, տարածեց քարոզչության ու ավետարանության գործը` Սատաղցիների քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը, Կղարջքի մոտ, ընդհուպ մինչև մասքութների սահմանները, մինչև Ալանաց դռները, Կասպից սահմանները և…», նշում է նաև բոլոր այն հայաշխարհները, որ դուրս էին Մեծ Հայքի վարչական կազմից:

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար

Ինչպես տեսնում ենք, Հայոց երկիրը ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ ուներ հյուսիսային մի սահման, որ սկիզբ էր առնում Ալանաց դռների մոտից (ժամանակակից Վլադիկավկազի մոտից), Կովկասյան լեռների փեշերով հասնում մինչև Կասպից ծով: Այդ է մեր երկրի հյուսիսային սահմանը` արձանագրված Ագաթանգեղոսի ոսկեղեն գրչով:
Ահա և Իսրայել Օրին: 1699 թ. սեպտեմբերի 22-ին Եվրոպայի տիրակալներին հասցեագրած զեկուցագրում Օրին նշում է, թե Կասպից ծովից դուրս կգանք մի նավահանգիստ, որ 10 մղոնով է հեռու Բաքվից: «Այստեղ է ահա Հայաստանի սահմանագլուխը»,- ավելացնում է Օրին: Հասնելով Շամախուն` Օրին արձանագրում է. «Ահա առաջին մուտքը Հայաստան, որ սկսվում է Շամախուց…Պարսկաստանի թագավորությունը — դա Հայաստանի թագավորությունն է ներս մտնելիս»:
Քրիստոնեություն ընդունելուց հետո Էջմիածնի կաթողիկոսարանին զուգահեռ կաթողիկոսարան, եկեղեցի ու թագավորական պալատ է կառուցվել նաև Աղվանքի մայրաքաղաք Կապան-Դարբանդում, որը կանգուն է մնացել մինչև 1890 թ.` վերածված մահմեդական հոգևոր կենտրոնների: Երբ 722 թ. արաբները նվաճեցին Դարբանդը և ավերածությունների ենթարկեցին, մեր կառույցներն այնքան պատկառազդու էին, որ արաբները խնայեցին ու ավերածության չենթարկեցին: Իսկ մերօրյա աղվանագետները ուրանում են դրանց գոյությունը:
Մեր պատմիչներն ու մտավորականները հարյուրավոր փաստարկումներով ցույց են տվել Աղվանից աշխարհի` հայի հայրենիք լինելը, հաստատել այն իրենց ներկայացրած գրավոր ու քարեղեն ապացույցներով: Նույնիսկ 1860թ. Կարապետ Շահնազարյանը, եվրոպական երեք սկզբնաղբյուրներից օգտվելով, պարզել է, որ Տրոյական պատերազմից անհայտ դարեր առաջ Աղվանից աշխարհի մեր նախապապերի մի մասը Կովկասյան լեռների վրայով հասել է Բրիտանական կղզիներ, այն անվանակոչել իրենց երկրի անունով: «Որոց բնակութիւն արարեալ յԱնգլիա կոչեցին Ալբիոն, Ալբին եւ Ալբանիա, որպէս կոչէր ի հնումն աշխարհս այս»(Տե՛ս Կ.Շահնազարյանի հրատարակած «Աղւանից աշխարհի պատմութիւն»-ի առաջաբանը):
19-րդ դարում մեր հոգևոր գործիչներից Ս.Ջալալյան ու Մ.Բարխուդարյան եպիսկոպոսները շրջել են ողջ Աղվանքով մեկ` Կուր գետից մինչև Կապան-Դարբանդ, Զաքաթալայից մինչև Բաքու, արձանագրել գրավոր ու քարեղեն հարյուրավոր փաստեր, մենք էլ ազգային գրավոր աղբյուրներից ենք հավաքագրել բազմաթիվ փաստեր, որոնք անխտիր հաստատում են, որ Աղվանից աշխարհը հայ ժողովրդի հայրենիքն է` իր 4-հազարամյա պատմությամբ: Փաստերի, միայն փաստերի մեկտեղումով ընդամենը 63 էջում ներկայացնելով այդ ամենը` մի քանի անգամ զգուշացրել ենք, որ մենք պատմություն չենք գրում, որ մենք փաստեր ենք մեկտեղում պատմաբանների համար: Ի՞նչ իմանայինք, որ մեր պատմաբանները այդ ամենը շպրտելու են մի կողմ և «ապացուցեն», որ մեր նախնիները ամերիկաներ փախչելուց դարեր առաջ` Խաչմասում հյուրընկալված տարիներին, բնակավայրի իրենց գերեզմանոցում թագավորների կեղծ շիրմաքարեր են ցցելու, որ բավարարեն իրենց փառամոլությանը:
Միաժամանակ մենք փաստերի խտացմամբ արձանագրել ենք, թե ե՞րբ և ի՞նչ կենտրոններով են Աղվանքում թագավորական իշխանություններ ձևավորվել, նշել, որ Աղվանից թագավորության առաջին մայրաքաղաքը եղել է Չող-Կապանը, ապա` Կապաղակը, հետո` Պարտավը: Արաբական լուծը թոթափելուց հետո` Բագրատունիներին զուգահեռ, Համամ Արևելցին ևս վերականգնել է Աղվանքի թագավորությունը` Շաքի կենտրոնով, նշել, որ կարճ ժամանակ հետո թե՛ Բագրատունիների, թե՛ Աղվանից թագավորությունները վերածվեցին գավառական 9 թագավորությունների, Աղվանքում` Շաքիի, Փառիսոսի, Դիզակի ու Կապանի` Խաչմաս կենտրոնով, որը ամենաերկարակյացն է եղել մյուսների համեմատությամբ: Հայ պատմաբաններն այսօր ուրանում են Կապանի թագավորության գոյությունը, Շաքիի թագավորության գոյությունն էլ դնում չակերտների մեջ, որպես գոյություն չունեցած, որպեսզի տարածքը դարձնեն լեզգիների հայրենիք: Ինչ է, շնորհակալություն հայտնե՞նք, որ մեր աղվանագետները գոնե մի անգամ խոստովանել են, թե երբևէ մեր ժողովուրդը ոտք է դրել Աղվանից աշխարհի հողին, թեկուզ և ղոնաղի կարգավիճակով` ամերիկաներ փախչելուց առաջ:
Ահա թե ինչու այս վիճակից դուրս գալու ակնկալիքով մենք ստիպված ենք դիմելու Ձեզ, ԳԱ նախագահ հարգարժան պարո՛ն Մարտիրոսյան: Մեր պատմաբանները միջազգային գիտաժողովի են հրավիրում Մախաչկալայի պատմաբաններին, որոնք Համամ Արևելցու վերականգնած թագավորությունը չակերտների մեջ դրած գալիս են ապացուցելու, թե Կուր գետից վերև իրենց հայրենիքն է, որպեսզի մերոնց օգնությամբ բաժանեն ավարների ու լեզգիների միջև:
Այս խայտառակ վիճակից դուրս գալու համար առաջարկում ու պահանջում ենք հասարակական գիտությունները համակարգող իրավասու պաշտոնյաններին հանձնարարեք, որպեսզի նրանք մեկտեղեն մեր երիտասարդ պատմաբաններին, որոնք ազատ են քարացած կաղապարներից, որոնց համար պատմությունը ոչ թե այս կամ այն հեղինակության տեսակետներով է պայմանավորված, այլ փաստերով ու փաստարկներով: Մենք նրանց կտրամադրենք անշրջանցելի, շատ դեպքերում քարեղեն, «չոր ու ցամաք» փաստեր Հայոց Աղվանից աշխարհի մասին, թող նրանք էլ դառնան դատավոր:

* Հարգարժա՛ն պրոֆեսոր, գրաբարի հարցում աղքատիմաց Հակոբջանյանին մեղադրելու համար Դուք մեղավոր չեք: Դուք ընդամենը չգիտեք, որ Ձեր ջարդի ենթակա մեր աշխատանքի ծավալի չափով ունենք նաև «Մեսրոպյան ուղղագրության հաղթանակը» վերտառությամբ աշխատանք, որի լիարժեք տպագրությունն էլ կասեցրել են շահագրգիռ լեզվաբանները: Այնուամենայնիվ, դրանցից երկու հատված անխաթար տպագրվել է ակադեմիայի «Գիտություն» պարբերականում: Ահա դրանք` «Համալահոսոսական հերթական գրոհը մայրենի լեզվի վրա» և «Ջունգլիական լարախաղացություններ հայերենի ուղղագրության շուրջբոլորը», որոնց կարող եք ծանոթանալ:

Շատ հարցերի կողքին մենք նշել ենք նաև, որ ոչ ոք չի կարող հարազատ մնալ գրաբարյան ուղղագրության արտասանությանը: Եթե նույնիսկ կացինը վերցրած կանգնեն մեկի գլխին և պահանջեն, որ այդ ուղղագրությանը հարազատ արտասանի, ասենք, թուաբանութիւն բառը, միևնույն է, նա արտասանելու է թվաբանություն, եւթ-ը արտասանելու է յոթ, էուրո-ն դարձնելու է եվրո, Ուիլյամը` Վիլյամ: Եվ դա այն պարզ պատճաով , որ հայոց լեզուն չի ընդունում երկձայնավորի համատեղ գոյությունը, նման դեպքերում թույլ ձայնավորը դարձնում է բաղաձայն կամ կիսաձայն, ինչպես, ասենք, առու բառին ակ ավելացնելու դեպքում բառը դառնում է առվակ: Դա մեր լեզվի` բացառություն չունեցող օրենքներից է: Այնպես որ, Դուք խախտում եք մեր լեզվի բնական ուղղագրությունը` հետևողականորեն Աղվանք բառը գրելով Աղուանք:

Նյութը տրամադրեց Անահիտ Հակոբջանյանը

Տես նաև 1.
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ
2.
Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

5 идей о “ԱՅՍ ԳՐՔԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ․ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

  1. Hayagitaran Hayastan

    Հարգարժան Հակոբջանյան. անչափ շնորհակալ ենք ձեր կատարած ուսումնասիրության համար: Մեր զորակցությունն ենք հայտնում ձեզ: Շարունակեք ձեր ուսումնասիրությունները և մի վայրկյան անգամ չերկընչեք: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Մենք ձեզ հավատում ենք: Հիշեք, թե Պատմահայր Խորենացու երկի հետ ինչ արեցին ջհուդի վիժվածքները և փորձում են մինչ օրս էլ անել: Բայց ժամանակը հզոր է և ադամանդը երբեք չի կորցնի իր փայլն ու կարծրությունը, ինչքան էլ կեղտոտեն: Հարգանքներով….
    Գայանե Ամիրխանյան fb -յան էջ

  2. Hayagitaran Hayastan

    Նման ճակատագիր բաժին է ընկնում հատկապես բեկումնային աշխատություններին և այն անհատականություններին, ովքեր որևէ գործ կատարում են նվիրումով, անկաշառ, ոչ թե այս ու այն պաշտոնյայի թևի տակ ծվարելով: Այնքան գումարները, որ շռայլվում են սոխի ու ցախավելի փառատոների վրա՝ կարելի էր օգտագործել այս արժեքավոր գիրքը հրատարակելու համար: Շնորհակալություն Անահիտ Հակոբջանյանին. մի վհատվեք, հո բոլոր դռները միայն զեղծարարությունների առաջ չեն բացվելու:
    Hrachuhi Palanduzyan fb -յան էջ

  3. Antoine Tachdjian

    Kerknahadeli ashxadank e,payc lezun el nuynkan havasar garevorutyun uni.Badmutyun yev Lezu yurakanchur Hayi inknutyunne hantisanum.Yete es yergucic voreve megi popokhutyun deghi unena menk gsharunagvenk heranal mer inknutyunic.Vorovhedev «Krapare» gam Mashdocyan Lezun chi bahbanvel en myus Hntevrobagan hayeri mod odar hogheri vra inchbes Angliya,Germanya yevaylen,nrank Hayeren chkiden himi voch el hishum en vor Hay en arten.U yete havadarim chmnank Kraparin,garik chga Hayasdanum odar lezvov tbrocnerin,menk mer cerkov mez vochnchacnum enk arten aranc tshnamu oknutyan vorbesi mer Armadneric kich kich heranank,»bahbanoghagan » mnale eyagan e.Azkutyune endrovi chi,ovker poxum en dvyalner mer inknutyan masin inchbes «Svazyanner yev Yeremyanner» «Hay» chen garogh gochvel,nranc ayl pan en anvanum.Mec harcagani dag e nayev te inch ughutyamp ashkhadank e darel verohishyal anunneric mege «Ashxarhacuyc»-i vra.Yev asum em AYO,bedk er nran arnvazakuyne ira anunov gochel.

Добавить комментарий