ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ

20-րդ դարասկզբին ուսումը, նույնիսկ տարրականը, մատչելի չէր բնակչության լայն զանգվածների համար: Կախվածությունը կայսերական Ռուսաստանի քմահաճույքից, ուսում ստանալու հնարավորությունների սահմանափակությունը և անհավասար պայմանները, ուսումնական ծրագրերը կազմելու և կրթական գործը կազմակերպելու ոլորտում ժանդարմերական վերահսկողությունը և թելադրանքը, հարկավ, իրենց դրոշմն էին դնում համընդհանուր կրթական մակարդակի վրա: Սակայն հատկապես հոգևոր իշխանությունները, որոնք հանդես էին գալիս որպես հայկական դպրոցների գոյության երաշխավորներ և եկեղեցական հասույթների զգալի մասն ուղղում հայ մանուկների և երիտասարդների կրթությանը, հնարավոր ամեն ինչ անում էին՝ գոյություն ունեցող պատնեշները հաղթահարելու համար: Ստեպ-ստեպ բացահայտ կերպով արտահայտվող՝ ցարիզմի հայահալած քաղաքականությանը դիմագրավելու դժվարին առաքելությունը դարձյալ իր վրա էր վերցրել Հայ Առաքելական եկեղեցին: Հայկական դպրոցները պահպանում էր և նրանց բոլոր տեսակի ծախսերը հոգում Էջմիածնի հոգևոր կառավարությունը, որի եկամուտները կուտակվում էին իր սեփական կալվածքներից, վանքերի և եկեղեցիների հասույթներից, հարուստ մարդկանց նվիրատվություններից կամ նրանց կտակներից:

Ընդհանրապես, Արևելյան Հայաստանի քաղաքներում և գավառական ու շրջկենտրոններում, ինչպես նաև՝ մեծ գյուղերում ռուսական կառավարությունը կառուցել էր դպրոցական հարմարավետ շենքեր՝ միջնակարգ, 7-ամյա և երկդասյան դպրոցների համար, որոնցում սովորում էին հարուստ-ունևոր ընտանիքների երեխաները: Դպրոցները երկու սեռի համար առանձին էին՝ արական և իգական: Բոլոր առարկաների դասավանդումն այդ դպրոցներում տարվում էր ռուսերեն լեզվով: Շաբաթական 3 ժամ տրամադրվում էր՝ տարբեր ազգությունների երեխաների հետ իրենց մայրենի լեզվով պարապելու և կրոն դասավանդելու համար, հայերին՝ առանձին, թուրքերին և պարսիկներին՝ առանձին: Այսպես, Երևանում հիմնվել էին արական և իգական գիմնազիաներ՝ յոթնամյա արական և իգական պրոգիմնազիաներ և երկդասյան՝ 5 տարվա տևողությամբ դպրոցներ:

Հայկական Զարդատառ

Հայկական Զարդատառ

Հայկական դպրոցները հիմնադրում, հսկում և ղեկավարում էր Էջմիածնի հոգևոր կառավարությունը: Բոլոր ծախսերը կատարվում էին Էջմիածնի հոգևոր կառավարության կողմից թեմակալ առաջնորդարանների միջոցով: Նահանգական քաղաքներում, բացի միդասյան և երկդասյան մի քանի դպրոցներից, գործում էին նաև մեկական միջնակարգ դպրոցներ: Գավառական և շրջկենտրոններում, ինչպես նաև՝ շրջանի խոշոր գյուղերում բացում էին մեկական մեկդասյան-երկդասյան կամ յոթնամյա դպրոցներ: Միջնակարգ և յոթնամյա դպրոցներն արական և իգական էին, իսկ տարրական դպրոցները՝ երկսեռ: Այսպես՝ Երևանում հիմնադրված էր Երևանի թեմական միջնակարգ դպրոցը՝ տղաների և Գայանյան միջնակարգ դպրոցը՝ աղջիկների համար (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեղում): Կային նաև 5-6 հատ միդասյան և երկդասյան երկսեռ դպրոցներ: Հայկական դպրոցներում սովորում էր միջակ և չքավոր ընտանիքների երեխաների՝ ընդհանուր թվով 10-15%-ից ոչ ավելին. մնացածը մնում էր դրսում և թարմացնում անգրագետների թիվը: Էջմիածնում հոգևոր կառավարության անմիջական հսկողությամբ գործում էր ճեմարանը՝ միջնակարգ իննամյա դասընթացով և երեք լսարաններով՝ գիշերային հիմունքներով: Ճեմարանում ուսանում էին միայն տղաները: Հարյուրից մեկին-երկուսին էր բախտ վիճակվում ընդունվել և սովորել Էջմիածնի Ճեմարանում:

Ցարական կառավարությունը ոչ միայն չէր թույլատրում նոր դպրոցների բացումը, եղածների վրա էլ ժանդարմերական հսկիչներ էր նշանակել: Բացի այդ, հայկական միջնակարգ դպրոց ավարտողներին չէին ընդունում ռուսական բարձրագույն դպրոցներում՝ ուսումը շարունակելու, պահանջելով, որ դիմորդները գիմնազիական կրթություն ունենան: Իսկ գիմնազիական կրթություն ունեին միայն հարուստների երեխաները: Էջմիածնի հոգևոր կառավարության միջամտության շնորհիվ Գերմանիայի Դանցիգ և Լայպցիգ քաղաքների համալսարաններում էին իրենց ուսումը շարունակում չնչին քանակությամբ հայ երիտասարդներ՝ մի քանի հարուստ բարեգործների միջոցներով ու օգնությամբ:

Գյուղական դպրոցներում բոլոր առարկաների դասավանդման բեռը, որպես կանոն, դրված էր մեկ ուսուցչի վրա, և նման բազմակողմանի գիտելիքների տեր մասնագետների պատրաստելու իսկական կաճառներ էին թեմական միջնակարգ դպրոցները: Ապագա վարժապետներին կրթում և ուսուցանում էին ժամանակի ամենալուսավոր մտքերը՝ բարձրագույն կրթության տեր անձինք, հայտնի գիտնականներ, բանասիրական և ճշգրիտ գիտությունների բնագավառներում ծանրակշիռ գիտական աշխատությունների հեղինակներ: Ահա, նման դպրոց էր անցել նաև 21-ամյա Գեղամ Սարգսյանը, որը Երևանի թեմական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1916թ.-ին, թեմակալ առաջնորդ սրբազան եպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանի հրամանով նշանակվում է Մոլլաբայազետի (ներկայիս՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի) դպրոցում՝ որպես ավագ ուսուցիչ: Նա ժամանում է իր նշանակման վայր հատուկ հանձնարարությամբ՝ ոչ միայն վերսկսել ընդհատված դասերը, այլև ընդլայնել դրանց ծավալը՝ հավաքագրելով և ուսուցանելով ավելի մեծ թվով դպրոցահասակ երեխաների, ինչպես նաև՝ ձևավորել բազմաձայն երգչախումբ: Ուսուցչությունն այդ ժամանակաշրջանում իսկական առաքելություն էր. իրենց գործի արժեքավորության բարձր գիտակցությամբ էին ուսուցիչները լծվում իրենց հանձնառույթների կատարմանը: Խանդավառ երիտասարդն ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ բոլոր դասարաններում վարում է բնագիտական և հումանիտար առարկաների դասերը՝ հաղորդելով մանկանց այն ամենը, ինչ ինքն էր քաղել իր ուսուցիչներից: Թեմական դպրոցում ուսանելու տարիների մասին Գ. Սարգսյանը հիշում է հետևյալը. «Որպես հոգևոր դպրոց՝ թեմական դպրոցում առաջին տեղը տրվում էր կրոնական առարկաներին: Ժանդարմերիան հետևում էր ուսման ծրագրի իրագործմանը: Երբ ժանդարմերիայից գալիս էին դպրոց խուզարկության, կասկածելի ուսուցիչները թեմական դպրոցի փոքր բակի դռնով հեռանում էին, մինչև վտանգն անցնում էր: Այն ժամանակ ուսուցումը շատ խիստ էր. մի հասարակ սխալի համար աշակերտը վերաքննություն պետք է հանձներ և աշնանը քննությունը չբռնելու դեպքում մնում էր նույն դասարանում: Երկրորդ տարին նույն դասարանում մնալու դեպքում հեռացվում էր դպրոցից: Չնայած դպրոցի հոգևոր լինելուն՝ իմ ուսման ժամանակահատվածում դպրոցն ուներ աչքի ընկնող բարձրագույն կրթություն ստացած մանկավարժական կազմ և հմուտ մանկավարժ հոգեբան տեսուչ (տնօրեն): Մեր տեսչին շատ էինք հարգում, մասնավորապես այն բանի համար, որ նա ծրագրից դուրս մեզ դասավանդում էր մանկավարժություն, տրամաբանություն և հոգեբանություն: Ուսուցիչների մեջ կային արժանավոր դասատուներ, որոնց հարգում և սիրում էինք: Գիտական առարկաները դասավանդում էր դպրոցի տեսուչը՝ Արշակ Չիլինգարյանը (հայ ականավոր մանկավարժ, հոգեբան. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1893-97թ.թ. մասնագիտացել Ենայի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում, դասագրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, զգալի ներդրում է ունեցել մանկավարժության և հոգեբանության առաջավոր մեթոդները հայ դպրոցում արմատավորելու գործում): Հայոց գրականության և գերմաներենի դասատուն Մարտիրոս Հարությունյանն էր, ընդհանուր պատմությանը՝ Հայրապետ Մուսայելյանը: Հայոց պատմությունը դասավանդում էր Արսեն Տերտերյանը (բանասիրական գիտ. դ-ր, պրոֆեսոր, ակադեմիկոս. ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան, ապա՝ Գևորգյան ճեմարանը. 1929-53թ.թ. եղել է Երևանի համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը): Թեմական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էր Ալեքսանդր Մելիքյանը (անվանի ինժեներ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ. ավարտել է Ս. Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1908-15թ.թ. նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը, Հայաստանում առաջին տեխ. դպրոցների հիմնադիրներից է)»:

Թեմական դպրոցի շրջանավարտներին սպասում էր զինվորագրությունը և համարյա անխուսափելի մահը հեռավոր ռազմաճակատներում: Մինչ Հայաստանը բազմակողմանի կրթված անձանց կարիք ուներ, ազգի ծաղիկը՝ բազմաթիվ երիտասարդներ, նորատի արվեստագետներ, խոստումնալից գիտնականներ, անխնա կերպով կոտորվում էին՝ ի շահ մեծատիրական հորջորջով տարված տիրակալների: Նման ճակատագիր էր պատրաստված նաև Երևանի թեմական դպրոցի՝ 1916թ.-ի շրջանավարտներին: Չլիներ ժամանակի մի շարք լայնախոհ մտավորականների միջամտությունը, հազիվ թե նրանցից մի քանիսը կարողանային խույս տալ պարտադիր զինվորագրությունից: «1916թ.-ին ավարտեցի դպրոցը և հասունության վկայական ստացա,- դարձյալ կարդում ենք մեզ հասած հուշերում:- Միջնակարգ կրթություն ստացած երիտասարդությանը զորահավաքի ենթարկելով՝ ուղարկում էին Թբիլիսիում բացված սպայական վեցամսյա դասընթացները, ինչից հետո՝ ռազմաճակատ: Ինձ հետ ավարտած 27 ընկերներից 15-ն այդ ձևով թնդանոթի միս դարձան արևմտյան ռազմաճակատներում: Օգոստոս ամսին թեմական դպրոցի վեց շրջանավարտներով մեկնեցինք Ծաղկաձոր: Ս. Աստվածածնի տոնի օրը փողոցում՝ վանքի ճանապարհին, մեզ կանգնեցրեց Երևանի հայտնի մեծահարուստ՝ պահածոների գործարանատեր Դոլուխանովը, որը թեմական դպրոցի հոգաբարձու էր. իսկ մենք դեռևս թեմական դպրոցի տարազով էինք: Նրա հարցին, թե ինչ ենք անում այնտեղ, քաղաքավարությամբ պատասխանեցինք: Ապա Դոլուխանովը բացատրեց, որ Պետերբուրգից պրոֆեսոր Ադոնցը Էջմիածնի ճեմարանի հայր-տեսչի՝ Գարեգին վարդապետի հետ եկել են՝ Ծաղկաձորի Կեչառիս վանքն ուսումնասիրելու: Իմանալով, որ մեզնից մի քանիսը երգիչներ են, պատվիրեց պատարագին ելույթ ունենալ՝ խոստանալով մեզ մասնակից դարձնել տանձենիների անտառում տեղի ունենալիք ժամանցին, որ կազմակերպել էին պրոֆեսոր Ադոնցի և հայր-տեսչի պատվին: Մեր ելույթը Սուրբ պատարագին լավ տպավորություն էր թողել պրոֆեսորի վրա, որը ժամանցի ընթացքում առաջարկեց, հանձինս մեզ, խմել հայ երիտասարդության կենացը: Ընկերներիս կողմից համարձակություն ունեցա շնորհակալություն հայտնելու՝ միաժամանակ ավելացնելով, որ ներկայիս երիտասարդությունը դժբախտ սերունդ է, որովհետև երկար տարիների ընթացքում կրթություն ստանալով՝ պետք է թնդանոթի միս դառնա ռազմաճակատներում՝ ոչ մի օգուտ չտալով ո՛չ հայրենիքին, ո՛չ էլ իրենց ծնողներին: Պրոֆեսոր Ադոնցը շեշտակի նայեց Գարեգին հայր սուրբին և պատվիրեց երիտասարդության կյանքը փրկելու համար լայն բացել ճեմարանի դռները՝ ընդունելով այնտեղ Երևանի, Շուշվա թեմական դպրոցներն ավարտողներին: Իրոք, մի խումբ ընկերներով Գարեգին հայր-սուրբի առաջնորդությամբ ընդունվեցինք Վեհափառ կաթողիկոսի՝ Գևորգ 5-րդի կողմից: Վեհափառը, լսելով ճեմարանի հայ-տեսչի բացատրությունը՝ մեզ ճեմարան ընդունելու մասին, տվեց իր հաճությունը և, օրհնելով մեզ, ճանապարհեց»: Կիսատ թողնելով ճեմարանական ուսումը՝ հետագայում իր խնդրանքով երիտասարդ մտավորականը նշանակվում է որպես ավագ ուսուցիչ Սարդարապատի շրջանի Մոլլաբայազետ գյուղում:

Իմ անխոնջ ու անբասիր աշխատանքի շնորհիվ նա կարողանում է վայելել գյուղի համակրանքը. կազմակերպում է դպրոցական հանդեսներ, ծնողական ժողովներ, ներկայացումներ: Իր կազմավորած երգչական խումբը, բացի դպրոցական հանդեսներից, ելույթներ է ունենում եկեղեցում նշանավոր տոների պատարագներին, և այդ ամենը նրա հեղինակությունը բարձրացնում է գյուղացու աչքում:

Հետագայում Սարդարապատի ճակատամարտին մասնակցելուց հետո՝ Գեղամ Սարգսյանը նշանակվում է Ախտայի շրջանի Արզական գյուղում՝ ավագ ուսուցչի պաշտոնով: «Արզականը, նախքան հեղաշրջումը, կալվածատիրական գյուղ է եղել,- կարդում ենք նրա հուշերում,- և պատկանել է Երևանի բնակիչ հայտնի Մելիք-Աղամալովներին, որոնց ապուպապ Սահակ աղան հիշվում է Խ. Աբովյանի վեպում: Մելիք Աղամալովները վեց հեկտար տարածության վրա կառուցել էին ամառանոց-կալվածք, որը հեղաշրջումից հետո գյուղի մի քանի առաջավոր մարդիկ վերցնում են իրենց հսկողության տակ. դրա շնորհիվ կալվածքն ավերի ու թալանի չի ենթարկվում: 1917թ. հիմնադրվում է գյուղի դպրոցը: Գյուղի համայնքի կողմից համախոսական դիմում ուղարկեցի կառավարությանը, և դրա հիման վրա կալվածքն ամբողջությամբ հատկացվեց դպրոցին: Չնայած Հայաստանում ստեղծվել էր Լուսավորության նախարարություն (նախարար՝ Նիկոլ Աղբալյան), սակայն կառավարությունը զուրկ էր ֆինանսական միջոցներից, և ծխական դպրոցները դարձյալ գտնվում էին Էջմիածնի հոգևոր կառավարության հսկողության ներքո: Համատարած սով ու չքավորություն էր տիրում գյուղերում: Հոգաբարձությունը պարտադրել էր գյուղի երեք ջրաղացատերերին ինձ մեկական փութ ցորեն հանձնելու պետական գնով՝ այսպես իմ ընտանիքն ապահովելով հացով և ձավարեղենով: 1919թ.-ից վերահաստատվեցի Մոլլաբայազետի դպրոցում: Մինչև կեսօր դպրոցի շենքը տրամադրված էր իմ պարապմունքներին, կեսօրից հետո այստեղ դաս էին առնում գյուղում բնակություն հաստատված՝ ջարդերից մահապուրծ գաղթական երեխաները: Հայաստանի կառավարության հրավերով Անգլիան, Ամերիկան և Ֆրանսիան մեր մի շարք քաղաքներում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում հիմնել էին իրենց նպաստամատույց կոմիտեները, որոնք պահում էին որբանոցներ և նպաստներ բաշխում գաղթականներին: 1919թ. աշնանից նպաստներ տրվեցին նաև ուսուցիչներին, ինչպես նաև՝ որոշ կենսամթերք աշակերտության նախաճաշի համար: Ստանում էինք հացահատիկ, սպիտակ ալյուր, կարագ, յուղ, ձվի փոշի, խտացրած կաթ, կակաո, հին հագուստներ: Ամեն օր դպրոցում հատուկ հարմարանքների միջոցով, աշակերտների թվին համապատասխան, հաց էր թխվում և կակաոյի ու ձվածեղի հետ 3-րդ դասից հետո բաշխվում աշակերտությանը: Հոգաբարձուները հերթական կարգով օգնում և հսկում էին նախաճաշի պատրաստումն ու բաշխումը: Աշակերտներին տրվող նման օգնությունը շարունակվեց մինչև ուսումնական տարվա վերջը, այսինքն՝ 1920թ. մայիս»:

Խորհրդային տարիներին անխոնջ մտավորականը լծվում է դպրոցաշինությանը, շրջաններում կրթական գործի կազմակերպմանը, մշակութային միջոցառումների անցկացմանը: Մութ ու խուլ, անգրագիտության, հետամնացության ու սնոտիապաշտության մեջ խարխափող գյուղերում չգիտեին՝ ինչ է թատրոնը և գեղարվեստը: Գյուղական համայնքների համար սիրողական ներկայացումների գեղարվեստական ղեկավարը դպրոցի տնօրենն էր՝ Գեղամ Սարգսյանը, դերակատարները՝ դարձյալ ինքը և իր ուսուցչական աղքատիկ կազմը: Ամեն ինչ հենված էր խանդավառության, ժողովրդին լուսավորելու սեփական նախաձեռնության և այն հավատի վրա, որ մարդկանց հոգիներում ցանած գիտության ու մշակույթի սերմերն, անկասկած, առատ բերք են տալու: Գ. Սարգսյանի անմիջական ջանքերով և մասնակցությամբ են դպրոցական շենքեր կառուցվում Վերին Ախտա, Յայջի, Ալափարս գյուղերում, մի քանի գյուղերում էլ՝ Բջնիում, Թայչարախում, Ռանդամալում՝ վերակառուցվում (բերվում են բնակավայրերի հին անվանումները): Նա անձամբ շրջում է գյուղերում, բացատրական աշխատանքներ տանում բնակիչների շրջանում՝ իրենց երեխաներին գրագետ և ուսյալ դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ, համոզում՝ սեփական ներդրումն ունենալու դպրոցաշինության գործում: Գ. Սարգսյանի մտահղացումների շարքում էր 1924թ.-ին հանրապետությունում առաջին հաշվապահական դասընթացների բացումը: Մտավորականի, ջանասեր ու նախաձեռնող անձի, իր ժողովրդին լուսավորելու առաքելությամբ հանդես եկող քաղաքացու անժխտելի վարկն ու հեղինակությունը, թվում է, գրավականը պետք է դառնային փորձառու մանկավարժի հետագա անամպ և ստեղծագործ կյանքի: Սակայն հազարավոր հայ մտավորականների պես նա էլ առանց դատ ու դատաստանի դաժան հաշվեհարդարի զոհն է դառնում՝ ձերբակալվելով և ապա աքսորվելով հեռավոր Մագադան, որտեղից վերադարձի հույս համարյա թե չկար:

Հասմիկ Սարգսյան

Одна идея о “ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ

  1. Aida Pilojan

    Ինչպիսի մեծություններ են եղել՝,բարձրակիրթ, անբասիր, անշահախնդիր, անձնազոհ վեհություններ: Ինչ տաժանակիր ու դաժան կյանք են ունեցել, բայց ազգի համար չեն խնայել ոչին: Հազար փառք նրանց հիշատակին:

Добавить комментарий