ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ – GEXAM SARGSYAN

 

Ռուսական պետությունը Նիկոլայ II կայսեր ժամանակ հայատյաց քաղաքականություն էր վարում: Արևելյան Հայաստանի քաղաքներում և խոշոր գյուղերում բացել էր ռուսական դպրոցներ, ամեն կերպ խանգարում և նույնիսկ արգելում էր հայկական դպրոցների բացումը: Այդ ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր արժանահիշատակ Մկրտիչ Խրիմյանը: Նա մի հայրենասեր և բավականին կրթված անձնավորություն էր: Հայկական հարցով նա, որպես պատվիրակության ղեկավար, մասնակցել է միջազգային քաղաքական համաժողովներին՝ պաշտպանելով հայկական հարցը, և նրա անունը հռչակվել էր ամենուր: Հայ ժողովուրդն իր կաթողիկոսին այնքան էր սիրում ու հարգում, որ նրան կոչում էր «Հայոց Հայրիկ»: Հայոց Հայրիկի դիմումների ու կոչերի հետևանքով, արտասահմանյան պետությունների միջամտության շնորհիվ Նիկոլայ կայսրը որոշ չափով փոխում է իր քաղաքականությունը, հետ է կանչում Կովկասի փոխարքա, հայատյաց Գալիցինին և նրա փոխարեն նշանակում իշխան Վարանցով-Դաշկովին, որի կինը հայ էր: Վերադարձնում են Էջմիածնի կալվածքներն ու հարստությունները, որ բռնագրավել էին 1905 թ.-ին, վերաբացվում են հայկական ծխական դպրոցները: Անհրաժեշտ է նշել, որ հայկական դպրոցները պահպանում և նրանց բոլոր տեսակի ծախսերը հոգում էր Էջմիածնի հոգևոր կառավարությունը, որի եկամուտները կուտակվում էին իր սեփական կալվածքներից, վանքերի և եկեղեցիների հասույթներից, հարուստ մարդկանց կողմից տրված նվիրատվություններից կամ նրանց արած կտակներից: 

Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) Էջմիածնի մոտ։ Հ. Այվազովսկի 1885թ Հայ Ծովանկարիչ (Հուլիսի (17) 29, 1817 - մայիսի 5, 1900)

Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) Էջմիածնի մոտ։ Հ. Այվազովսկի 1885թ

Շատ հետաքրքիր և կարևոր է նշել, թե ինչո՞ւ էր Կովկասի փոխարքա Գալիցինն առանձնակի ատում հայերին և առիթներ էր փնտրում նրանց հալածելու: Մի անգամ Թիֆլիսի փողոցներից մեկով անցնելիս կառապանի անզգուշության հետևանքով Գալիցինի կառքն ընդհարվում է փողոցի եզրին կանգնած մեկ ուրիշ կառքի: Գալիցինը ցնցվելով սաստիկ ջղայնանում է և, կառքից իջնելով, իր կառապանի մտրակը վերցնում ու սկսում է ծեծել մյուս կառքի կառապանին: Պարզվում է՝ այդ կառքը պատկանելիս է եղել մի նշանավոր հայ բժշկի, որը գործով դիմացի խանութում է գտնվել: Փողոցի աղմուկը լսելով՝ նա դուրս է գալիս խանութից և, տեսնելով, որ փոխարքա Գալիցինն իր կառապանին ծեծում է, մոտենում և մի ուժեղ ապտակ է հասցնում Գալիցինի դեմքին: Վերջինս, իրեն չստորացնելու համար, նստելով կառքը հեռանում է և դատարանում գործ հարուցում բժշկի դեմ: Դատարանում բժշկին արդարացնում են, ինչի հետևանքով Գալիցինն ատելությամբ է լցվում հայերի հանդեպ՝ դրան գումարած վրաց ազնվականության խարդավանքները հայերի կապակցությամբ, նաև 1905 թ.-ին Գալիցինի վրա հայերի կողմից կատարված անհաջող մահափորձը, ինչի հետևանքով նա վիրավորվում, բայց չի մահանում:
1905թ.-ին Հեռավոր Արևելքում խիստ լարվածություն էր ստեղծվել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Որպեսզի պատերազմի դեպքում Ռուսական կայսրության տարածքում բնակվող ժողովուրդները չխանգարեն կառավարությանը, վերջինս ամեն տեսակ կեղտոտ միջոցներով քրիստոնյա և մահմեդական ժողովուրդներին լարում էր միմյանց դեմ: Գալիցինը, օգտվելով այդ առիթից, սկսում է հայերի մասին ամբաստանագրեր ուղարկել Պետերբուրգ՝ Նիկոլայ կայսերը՝ պնդելով, թե Կովկասի ժողովուրդների կյանքը պղտորողները հայերն են. նրանք են կազմակերպում գործադուլները, հակառուսական ցույցերը, տեռորներ են կատարում կառավարության անդամների վրա, վարկաբեկում են կառավարությանը և այլն: Եվ որովհետև կայսերական պալատի առաջին մինիստրը Գալիցինի բարեկամն էր, նրա թելադրանքով Նիկոլայ կայսրը բանտարկել է տալիս 170 աչքի ընկնող հայ մտավորականների, գրավում է Էջմիածնի կալվածքները և փակել է տալիս հայկական դպրոցները:
Խրիմյան Հայրիկի ձեռք առած միջոցների և արտասահմանյան տերությունների միջնորդության հետևանքով, մանավանդ, որ Ռուս-ճապոնական պատերազմն ավարտվել էր ի վնաս Ռուսաստանի, Նիկոլայ կայսրը կարգադրում է կազմել հայկական դատը. նա իրեն արդարացնելու համար գործին դատական բնույթ է տալիս, որպեսզի հայերի նկատմամբ իր կատարած բռնությունների տպավորությունը թուլացնի: Դատը նշանակվում է 1905 թվականին, Պետերբուրգում: Այդ օրերին Ռուսաց կայսրը Ավստրիայի կայսրից հրավեր է ստանում և թագուհու հետ մեկնում Վիեննա՝ պատվիրելով դատավարության ընթացքի և հետևանքի մասին շտապ հեռագրել իրեն: Բնական է, որ կայսեր հետ Ավստրիա է մեկնում նաև առաջին մինիստրը:
Տեղի է ունենում հայկական դատը: Որպես հայցվոր՝ հանդես է գալիս Կովկասի փոխարքա Գալիցինը և, մեկ առ մեկ հայերի վրա բարդելով չեղած մեղադրանքներ, եզրակացնում և դատարանին առաջարկում է հայերին ամբողջովին տեղափոխել Սիբիր և բնակեցնել այնտեղ, որպեսզի Կովկասի ժողովուրդները խաղաղ և հավատարիմ ապրեն:
Մեղադրական աթոռներին նստած են 170 կալանված հայեր: Դատարանի դահլիճում, բացի տեղացի հետաքրքրասերներից, ներկա են նաև արտասահմանյան պետություններից ներկայացուցիչներ: Խրիմյան Հայրիկի խորհրդով դատապաշտպան է հրավիրված իշխան Կրապոտկինը՝ հռչակավոր մի փաստաբան: Իր ելույթում իշխան Կրապոտկինն ապացուցում է, որ հին դարերից սկսած հայոց ազգը, հարևան ազգերի համեմատությամբ, եղել է առաջադեմ, կուլտուրական: Նրա պաշտպանական խոսքի համառոտ բովանդակությունը հետևյալն էր. հարևան ժողովուրդները, մեծ մասամբ, հայերից են սովորել վաճառականությունը, երկրագործությունը, շատ արհեստներ և այլն: Հենց Թիֆլիսը ճոխացնողներն ու հարստացնողները հայերն են. այդ ո՞նց եղավ, որ հայերը դարձան Կովկասի ժողովուրդների կյանքը պղտորողներ: Մի րոպե եթե ընդունենք՝ Կովկասի փոխարքա Գալիցինի առաջարկությունը հայերին Սիբիր տեղափոխելու կապակցությամբ, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է հայերի հետ միաժամանակ տեղափոխել Արարատ լեռը, Արաքս գետը, Էջմիածինը, Վանը, Անին և այն բոլոր պատմական հիշատակարանները, որոնք ամեն մի հայի արյան հետ ծնվում և իր հետ էլ մեռնում են: Ուղղակի մարդ ապշում է, թե ինչպես է մեր տեր Կայսրը Գալիցինի նման տխմարին փոխարքա նշանակել Կովկասում: Առաջարկում է դատարանին, առաջին, ազատել բոլոր կալանավորներին, որովհետև նրանք անմեղ են: Երկրորդ՝ վերադարձնել Էջմիածնի կալվածքները, երրորդ՝ թույլատրել հայկական դպրոցների վերաբացումը և, չորրորդ, որ ամենակարևորն է, հեռացնել Կովկասից Գալիցինին, որովհետև Կովկասի ժողովուրդների կյանքը պղտորողը ոչ թե հայերն են, այլ հենց ինքը՝ Կովկասի փոխարքա Գալիցինը: Դատարանը երկու-երեք օրվա խորհրդակցությունից հետո վճիռ է կայացնում հայերի օգտին՝ հիմք ընդունելով իշխան Կրապոտկինի պաշտոնական ճառը և առաջարկությունները. շտապ հեռագիր է տրվում Վիեննա՝ կայսրին ի հաստատություն:
Առաջին մինիստրը ստանալով և կարդալով հեռագիրը՝ ապշում և սոսկալի դրության մեջ է ընկնում: Չէ՞ որ Նիկոլայ կայսրը հայերի նկատմամբ գործադրած բռնությունները կատարել է առաջին մինիստրի թելադրանքով՝ Գալիցինի զրպարտանքների հիման վրա: Երեք օր անցնելուց հետո է միայն կայսերը ներկայացնում հեռագիրը: Կարդալով հեռագիրը, միաժամանակ ստուգելով փոստային կնիքը՝ կայսրը պահանջում է բացատրել հեռագիրն իրեն ուշացումով ներկայացնելու պատճառը: Պատասխանը, թե իբր չեն ցանկացել կայսերական խնջույքների ժամանակ փչացնել կայսեր տրամադրությունը, հարուցում է Նիկոլայ II-ի զայրույթը: Նա ջղային կերպով ոտքը խփում է հատակին՝ բղավելով.«Վերջապես ասացե՛ք, ե՞ս եմ կայսրը, թե՞ Դուք»: Հեռագիրը պատռում ու հեռանում է: Առաջին մինիստրը, զգալով, որ իր կարիերան վերջացել է, իրեն հատկացրած սենյակում ինքնասպան է լինում: Նիկոլայ կայսրը կարգադրում է շտապ հեռագրել Պետերբուրգ՝ դատարանի կազմին՝ հաստատելով նրա որշումը, միաժամանակ կարգադրում է ազատել բոլոր կալանավորներին, բացի նրանցից, ովքեր կասկածվում են փոխարքայի վրա կատարած տեռորի գործով, վերադարձնել Էջմիածնի կալվածքները, թույլատրել վերաբացելու հայկական դպրոցները և, ընդհանրապես, չեղյալ համարել հայկական դատը: Մեկ ուրիշ հրամանով կարգադրում է հետ կանչել Գալիցինին Կովկասից և նրա փոխարեն Կովկասի փոխարքա նշանակել իշխան Վարանցով-Դաշկովին:

Գեղամ Սարգսյանի գրավոր հուշերն ի մի բերեց և ներկայացրեց Հասմիկ Սարգսյանը

12 идей о “ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

  1. Eduard Karapetyan

    Հիանալիև ուսուցողական հոդված է։ Սակայն ինձ մի հետաքրքիր փաստ հետաքրքրեց ու կփորձեմ կիսվել։ Պատկերացնում եք ցարակա ռուսաստանի դատարանը արդարացնում է փոխարքային ապտակող հայ բժշկին։ Ուրեմն կար չէ՞ դատարանի անկախություն։ Ըստ իս կար։ Հիմա մեր անկախ Հայաստանում բահի պոչը ձեռքին իր բողոքը արտահայտող Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին ձեռբակալեցին։ Հետո երիտասարդ Հայ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման, իր բողոքը ոչ մարտական ատրճանակից կրակելով ,ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի։ Հիմա համեմատենք, ցարակա Ռուսաստանի դատարան և անկախ Հայաստանի դատարան։

Добавить комментарий