ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այսօր ամբողջ աշխարհում շատ են խոսում մարդու իրավունքների մասին: Մարդու իրավունքները ոտնահարում են և՛ մարդիկ, և՛ պետությունները: Ամենամեծ չարիքը, թերևս, պատերազմն է: Իսկ պատերազմի ճիրաններից մարդուն պաշտպանելն ամենևին էլ նոր գաղափար չէ: Բայց ինչպե՞ս: Ի՞նչ օրենքներով:
Ի՞նչ ակունքներից է բխում մարդասիրական իրավունքը` ռազմական բախումների դեպքում: Ի՞նչ աղերսներ ունեն միջազգային մարդասիրական իրավունքի ժամանակակից նորմերը անցյալի պատմության հետ ընդհանրապես, հայոց պատերազմների պատմության հետ` մասնավորապես: Այդ մասին է մեր զրույցը մայոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Սուրեն Մարտիկյանի հետ:

– Միջազգային իրավունքի ժամանակակից համակարգի կայացման գործընթացում ամենացավոտը, թերևս, զինված ընդհարումների իրավունքն է: Նախ` ի՞նչ է նշանակում զինված ընդհարումների իրավունք, և ինչո՞ւ չի կայանում այդ բնագավառը:

– Դարեր շարունակ ձևավորվել է մի մտայնություն, որը, ավելի քան երկու հազարամյակ առաջ, հռոմեացի հայտնի հռետոր Ցիցերոնի ճառերից մեկում ձևակերպվել է այսպես. «Երբ զրնգում են զենքերը, օրենքները լռում են»: Մարդկությունը պետք է անցներ երկու համաշխարհային պատերազմների բովով` վերջնականապես համոզվելու, որ ամենախոշոր տրամաչափի թնդանոթների որոտն անգամ չպետք է կարողանա լռեցնել օրենքի ձայնը: Ժամանակակից աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի բազմաթիվ տեսակների ստեղծումն ու նորանոր տեսակների ուսումնասիրությունները մեկ անգամ ևս մեզ ստիպում են նորովի գնահատել զինված մարդու` պատերազմի ժամանակ գործողությունների տրամաբանությունը:
Ի՞նչ է ռազմական հանցագործությունը: Այդ հարցով զբաղվում է «Զինված ընդհարումների իրավունք» գիտությունը: Սակայն շատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ դրա սաղմերը ձևավորվել են առաջին իսկ պատերազմների հետ միասին: Ինչպես իրավացիորեն նկատել է միջազգային մարդասիրական իրավունքի պատմության մեծագույն մասնագետներից մեկը՝ Ժան Պիկտեն. «Մարդասիրական իրավունքի արմատները շատ ավելի խորն են, քան երկար ժամանակ կարծում էին նեղ աշխարհայացք ունեցող որոշ եվրոպացի հեղինակներ, ովքեր հակված էին նրա ծագումը համարել միջին դարերը»:
Զինված բախումներում մարդասիրական իրավունքի շրջանակների ու ընդգրկման մասին պատկերացումները տարբեր պատմական դարաշրջաններում տարբեր են եղել: Դա տեսնում ենք անգամ նույն ժողովրդի տարբեր հասարակական խավերի ու սոցիալական խմբերի օրինակով: Ցավով պետք է նշել, որ միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները կարծես աչքաթող են արել պատերազմների իրավունքի հնագույն ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի պատմության այս կողմի ուսումնասիրությունը:
Թերևս դա է պատճառը, որ Ժան Պիկտեն դժգոհում է իր գործընկերների անհեռատեսությունից: Մինչ օրս շատ սահմանափակ է ներկայացվում միջազգային մարդասիրական իրավունքի պատմության վաղ շրջանը, որը կամ ընդհանրապես հետազոտված չէ, կամ անբավարար է ուսումնասիրված: Հայոց ռազմական իրավունքի պատմությունը մեզ հնարավորություն է տալիս հետևելու հնագույն ժամանակներից մեր նախնիների վարած պատերազմների հիմնական սկզբունքներին: Դեռևս բրոնզե դարի (Հայկական լեռնաշխարհում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. II հազարամյակի վերջը) ընթացքում մեր իրականության մեջ սաղմնավորվել են ոչ միայն զորավար և ենթակա հարաբերությունները, այլև մարտադաշտում կամ նրանից դուրս հակառակորդի հետ նրանցից յուրաքանչյուրի վարքը կանոնակարգող առանձին դրույթներ:

– Ի՞նչ փաստերով կհիմնավորեք Ձեր միտքը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Արգիշտի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ / ԱՐԳԻՇՏԻ

– Համաշխարհային պատմության մեջ վկայված հնագույն ռազմական դաշինքներից մեկը կնքել են խեթական պետության Սուպուլիլիումա 2-րդ և Հայասա-Ազզի ցեղապետության Հուգաննա թագավորները` մ. թ. ա. 15-րդ դարում: Այս մասին տեղեկացնում են խեթական արձանագրությունները: Ռազմական դաշնակցության պես բարդ ասպարեզում որպես լիիրավ կողմ կարող էր հանդես գալ միայն ձևավորված ռազմաիրավական համակարգ ունեցող պետությունը, որը հստակորեն ճշգրտել էր ինչպես հակառակորդի, այնպես էլ դաշնակիցների նկատմամբ իր պարտավորություններն ու իրավունքները: Արձանագրություններից պարզ երևում է, որ Հայասան Միտաննիի դեմ պատերազմները վարել է ոչ միայն խեթերի հետ համատեղ, այլ առանձին դեպքերում նաև ինքնուրույն: Կարող ենք եզրակացնել, որ դաշնակցային պարտականությունները ոչ միայն չէին գերադասվում պետության շահերին, այլև տվյալ պարագայում ստորադասվում էին: Այս շրջանին է վերաբերում ռազմագերիների իրավունքների, ինչպես նաև նրանց հետ վարվեցողության կարգի (նրանց փոխանակման և այլն) մասին առաջին գրավոր տեղեկություններից մեկը:
Հայասա-Ազզիից ժառանգված իրավական և, մասնավորապես, ռազմաիրավական համակարգն առավել զարգացավ մ. թ. ա. 9-րդ դարում Արարատյան թագավորության վարած պատերազմներում: Արարատյան թագավորությունը ոչ միայն կարողացել է դիմակայել հարեվան պետության հզոր ճնշմանը, այլև միավորել լեռնաշխարհի գրեթե ամբողջ բնակչությանը՝ տալով ժամանակակից միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար դրույթներին գրեթե համարժեք վարվեցողության դասական օրինակներ: Արարատյան թագավորների (Արգիշտի Ա, Սարդուրի Բ, Ռուսա Ա) արձանագրություններում բազմաթիվ օրինակներ կան ռազմական արշավանքների և պատերազմների ժամանակ հակառակորդի գերիների նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի, պարտված հակառակորդի իրավունքները հարգելու, իսկ առանձին դեպքերում` նաև ինքնասիրությունը չոտնահարելու մասին: Այսպես`
«…Արգիշտին ասում է… Դիաուեխի ցեղի արքային ստրկացրի, ազատեցի, հարկի տակ [դրեցի] (իշխանական պայմաններով — Ս. Մ.)»:
«…Ես նրան (Սարդուրին — Ս. Մ.) բարեխիղճ վերաբերվեցի, նստեցրի (թողեցի — Ս. Մ.) ես նրան իր տեղում, խնայեցի ես նրան՝ հարկ վճարելու պայմանով…»: «Արդինի արքան Խալդի աստծո տաճարում Ռուսային հավատարմության երդում տվեց… [Ես] (Ռուսա Ա-ն` նրան — Ս. Մ.) գավառապետ հաստատեցի, բնակեցրեցի Արդինի քաղաքում…»:
«Ռուսան` Սարդուրիի որդին, ասում է. «Արդինի քաղաքի Ուրզանա արքան (Մուսասիր) եկավ առջևս: Վերցրեցի (ինձ վրա) նրա ամբողջ զորքը կերակրելու հոգսը»: Դժվար չէ նկատել շուրջ երեք հազարամյա վաղեմության այդ տողերում արտահայտված պատերազմների նորմերի մերձավորությունը` 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներին:
Գրավոր տեղեկությունների պակասն է միայն պատճառը, որ մեր մյուս թագավորների ռազմական գործունեության այս կողմի մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ռազմական «արտակարգ դաժանություններ» Արարատյան թագավորության անկումից հետո էլ Հայաստանում չեն եղել:
Հակառակորդի նկատմամբ ներողամտության փայլուն օրինակ է հայոց բանակի` սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ Սասանյան Պարսկաստանի Շապուհ Բ թագավորի բանակի 370 թ. ծանր պարտության մատնելու փաստը: Մարտադաշտից ճողոպրած Շապուհը մի կերպ կարողանում է ազատվել հետապնդումից ու փրկել իր կյանքը, սակայն Արևելքի հզոր տիրակալի կանանոցը գերվում է: Մուշեղ Մամիկոնյանի պարագայում տեսնում ենք մի շարք ակնհայտ առավելություններ, որոնք մեզ հիմք են տալիս պնդել, որ գործ ունենք պատերազմի վարման միանգամայն այլ կանոնների հետ.

– Շապուհի գերված կանանց չեն անարգում, թեև դրա համար կային մի շարք հիմնավոր պատճառներ:

– Կանանց ոչ թե պահեցին «պատվավոր» գերության մեջ, այլև մեծ պատիվներով արձակեցին, որ «ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ»:

– Կանանց վերադարձրին` փոխարենը որևէ քաղաքական, ֆինանսական կամ ռազմական պահանջ չդնելով (թեև հայոց սպարապետին հետագայում քննադատել են դրա համար):

– Կանայք չդարձան հաղթաթուղթ՝ հակառակորդի գործողությունները կաշկանդելու համար, ինչպես, ասենք, Ալեքսանդր Մակեդոնացին մ. թ. ա. 333 թ. Իսոսի ճակատամարտում Դարեհ Գ-ի ընտանիքի անդամների գերության փաստը օգտագործեց` ուղղակի քաղաքական շանտաժ հիշեցնող քայլեր ձեռնարկելու համար:

– Միայն կանանց ու երեխաների նկատմա՞մբ էր գթասիրտ հայոց ռազմական վերնախավը, թե՞…

– Ո՛չ: Կային պատերազմելու բազմաթիվ կանոններ, որոնցով արդեն վաղ միջնադարում էապես սահմանափակվում էին հակառակորդի մասին պատկերացումները:
Զենոբ Գլակ Ասորու և Հովհան Մամիկոնյանի անունով հայտնի «Տարոնի պատմության» մեջ Սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ Տարոնի հերոս հայության մարտերի բազմաթիվ օրինակներ կան: Հաղթանակած Սմբատ Մամիկոնյանը հրամայել է ազատ արձակել պարսկական բանակի չորս հարյուր ուղտապաններին: Այս արարքն է՛լ ավելի մեծարելի է, եթե նկատի ունենանք, որ գերված ուղտապանների նկատմամբ այդ մարդասիրական քայլը կատարվել է անասելի դաժան ճակատամարտից հետո:
Ապշել կարելի է` հակառակորդի բանակի մարտիկը հստակորեն տարանջատվում էր մարտական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող անձնակազմից: Նման նորմ միջազգային մարդասիրական իրավունքում չկա նույնիսկ մեր օրերում: Ակնհայտ է, որ այդպիսիք չեն նաև Հաագայի չորրորդ կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիայի լրացուցիչ առաջին արձանագրության կամ այլ նորմերով առաջադրվող սահմանափակումները, քանի որ «Տարոնի պատմության» մեջ հստակ նշվում է, որ ուղտապանները հակառակորդի բանակում ծառայության մեջ էին:
Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայոց պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ պարտված կողմի զինվորները ապաստանել են հաղթած երկրի տաճարներում, իսկ հետագայում ազատ արձակվել կամ ստրկացվել՝ պահպանելով կյանքը: Նման օրինակ կա նաև հայոց պատմության մեջ. պարսկական բանակի մի ամբողջ գունդ հանձնվում է Մատրավանքի կրոնավորներին՝ իրենց փրկելու և պաշտպանելու խնդրանքով: Բազմաթիվ դեպքեր կան, որ պարտված հակառակորդի վիրավոր զինվորների նկատմամբ հիրավի մայրական հոգատարություն են դրսևորել նաև հայ կանայք:

– Հայ ժողովրդի` պատերազմների իրավունքի դրույթներն ուսումնասիրելու դասական օրինակ է «Սասունցի Դավիթ» էպոսը…

– Բոլոր` չորս սերունդների ներկայացուցիչներն էլ հայրենի հողի պաշտպանության համար գրեթե անընդհատ պայքարի մեջ են: Սակայն առանձնացնենք միայն նրա կենտրոնական հերոսի՝ Դավթի կերպարը, որին ժողովուրդն օժտել է անսահման մեծահոգությամբ` նույնիսկ թշնամիների նկատմամբ: Այսպես` ոխերիմ թշնամու դեմ կռվելիս, երբ մտադիր է նրան անխնա ոչնչացնել, Դավիթն աշխատում է իր համար չստեղծել առավել շահավետ պայմաններ. հանկարծակի չի հարձակվում չնախապատրաստված հակառակորդի վրա: Դավիթը երկու անգամ է գրոհում թշնամու բանակի վրա: Երկու դեպքում էլ նա չի մոռանում կանգնեցնել իր ձին և ազդարարել, որ թշնամին արթնանա, զենք վերցնի, ձի հեծնի ու պատրաստվի կռվելու:
Սա նման չէ այն մարտակոչերին, որոնցով Տրոյայի պատերի տակ ու պարիսպների վրա միմյանց բորբոքել են հելլեններն ու տրոյացիները: Դավթի մարտակոչը սեղմ է, հանդարտ ու անմիջական: Դա ոչ թե ասպետների համար սովորական դարձած տասնյակ ճակատամարտերից մեկն էր, այլ մարտական պայմաններին անսովոր մարդու՝ հովվի՝ սրի փոխարեն մահակ ու գութանի մաճ բռնող գյուղացու մուտքը ռազմաբեմ:

– Հակառակորդի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի նման բարձր դրսևորումներ ունեցող ժողովուրդը ինչպե՞ս է այդ ամենն արտահայտել օրենսդրորեն:

– Ներսես Շնորհալու գործերում առանձնանում է «Թուղթ ընդհանրականը» (1166)` որպես 12-րդ դարի հայ հասարակական-իրավական մտքի պատմության հիանալի մի նմուշ: Հայ զինվորականությանը նվիրված VI գլխում ասում է հետևյալը. «Անխղճորեն և անիրավաբար որևէ մեկին մի՛ նեղեք» կամ «Դահիճների օրենքով հանդես չգաք» և այլն: Սա շատ բաներով հիշեցնում է ժամանակակից պատերազմների իրավունքի հիմնարար դրույթները, չնայած գրվել է մեզանից շուրջ ինը դար առաջ:
Ամփոփելով զինվորականներին ուղղված իր պահանջները՝ Շնորհալին նաև պատվիրում է. «Մարմնական զենքից ավելի հավատքի զենքով սպառազինվեք <…>, որպեսզի պատերազմներում Աստված լինի ախոյանը և թշնամիներին հալածի ձեր առջևից»: Հակառակորդի նկատմամբ մարդասիրության բոլոր դրսևորումների պահպանումով արդարացի (հետևաբար՝ աստվածահաճո) ռազմական գործողությունների վարումն այսօր զինված ընդհարումների իրավունքի հիմքն է: Կարելի է թվարկել այդ նորմերը հիմնավորող տարբեր կոնվենցիաների տասնյակ հոդվածներ:
12-րդ դարի հայ իրավական մտքի ամփոփման փայլուն արտահայտությունը Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոցն» էր, որը հսկայական ազդեցություն է ունեցել հայ իրավական մտքի պատմության զարգացման վրա:
Ի թիվս պետական, քրեական և քաղաքացիական իրավունքի նորմերի` նա կարևոր տեղ է հատկացրել պատերազմի իրավունքի ամենատարբեր հարցերի կանոնակարգմանը: Գոշը ձգտել է հիմնավորել մարտական գործողությունների ժամանակ անխուսափելի սպանությունները: Ոչ միայն անթույլատրելի է համարվում հակառակորդ երկրի խաղաղ բնակչության նկատմամբ ատելության անգամ աննշան դրսևորումը, այլև առանձին՝ 110-րդ հոդվածում քննում է գերված այլազգի կանանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը` ընդհուպ մինչև նրանց հետ ամուսնանալու կարգը:
Գոշը քննարկում է նաև պատերազմի ժամանակ զորակոչի ենթակա տղամարդկանց ոչ միայն պարտականությունների, այլև իրավունքների հարցը: Նույն կերպ նաև խիստ որոշակիանում է հակառակորդի` զինված պատերազմողի կերպարը և ճշտում ինչպես մեր, այնպես էլ հակառակորդի կողմից պատերազմելու համար հավանական բնակչությունը: Անհավանական է թվում, որ մեզանից ութ հարյուր տարի առաջ հայ իրականության մեջ գործում էին պատերազմների այնպիսի մարդասիրական օրենքներ, ինչպիսիք չկան նույնիսկ մեր օրերում… Ժամանակակից զինված ընդհարումների իրավունքը արգելում է միայն մինչև տասնհինգ տարեկան երեխաների հավաքագրումը զինված ուժերում: Այդ տարիքի արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի կարող է համարվել մարտիկ:

– Ուրիշ ի՞նչ ,օրենսգիրքե են գրել հայ իրականության մեջ:

– Մխիթար Գոշի, Դատաստանագիրք Հայոցիե առաջադրած ռազմաիրավական սկզբունքների օրգանական շարունակությունը և զարգացման նոր փուլը Կիլիկիայի Հայկական թագավորության մեջ գործող օրենքների համապարփակ ժողովածուն է՝ Սմբատ Գունդստաբլի (Սպարապետ), «Դատաստանագիրքը»: Այնտեղ վերհանվում են ոչ միայն գերիների, այլև նրանց նկատմամբ ամբողջ հասարակության վերաբերմունքի հարցեր: Հատկանշական է, որ 40-րդ հոդվածով կանոնակարգվում է գերի ընկած ամուսնուն սպասելու կարգը:
Պետությունը պատասխանատվություն էր ստանձնում պաշտպանել նաև քաղաքացիական բնակչության իրավունքները (Հոդված 129: Թշնամու հարձակման և իրերի հափշտակման մասին):
Շարունակելով նախկինում հայ իրավական մտքի մեջ լայնորեն տարածված դրույթը` Սմբատ Սպարապետը փորձում է օրինականացնել նաև գերիների նկատմամբ վերաբերմունքը: ,Դատաստանագիրք Հայոցիե դրույթները կրկնելով՝ թույլատրվում էր գերուհու հետ զինվորի ամուսնությունը (Հոդված 115):

– Միջնադարյան իրավական մտքի նման բարձր մակարդակով էր, հավանաբար, պայմանավորված Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» ի հայտ գալը` որպես ապագա հայկական պետության համար առաջարկվող սահմանադրություն:

– Հիացնում է Շահամիրյանի քաղաքական ու հասարակական-իրավական հեռատեսությունը: Նա, փաստորեն, աշխարհում առաջինը (ԱՄՆ սահմանադրության ընդունումից վեց տարի առաջ) ստեղծեց սահմանադրություն, այն էլ` Հնդկաստանում:
«Որոգայթ փառացում» վերհանվում է բանակին և, առհասարակ, զինվորական կյանքին առնչվող հարցերի բավական մեծ շրջանակ (պետության զինված ուժերի կառուցվածքից մինչև հրամկազմի քանակը, պարտականությունները, իրավունքները և այլն): Այն ներառում է նաև գերի ընկած կամ զոհված զինվորականների և գերիների հարցերը: Վերջինիս անդրադառնանք քիչ ավելի մանրամասնորեն, քանի որ այն արտացոլում է հայոց ռազմարվեստի և ռազմական ամբողջ պատմության զարգացումը` մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը: «Որոգայթ փառացում» վերհանվում են իրավական նորմեր, որոնք այսօր իսկ նախանձելի-բաղձալի են մեզ համար, իսկ 18-րդ դարում ուղղակի անհավանական էին: Գերի զինվորականների հետ վարվելու կարգի մասին հոդվածում կարդում ենք. «Յուրաքանչյուր գերի ընկած զինվորական՝ աստիճանավոր կամ ղեկավար պաշտոնյա, եթե երդմամբ ու ստորագրությամբ խոստանում է, որ տվյալ պատերազմի ընթացքում, որի ժամանակ ինքը գերվեց, մինչև խաղաղության հաստատման պահը զենք չի բարձրացնի հայոց զորքի դեմ և իրեն գերի վերցնողը որ ժամին կանչի, հնազանդությամբ կներկայանա <…>, նրան տրվում է ազատ արձակման թուղթ, ըստ որի նա ազատ, անկաշկանդ կարող է ապրել այն տարածքում, որը նպատակահարմար է համարում իրեն գերողը. նա կալանքից ազատվում է և սպասում խաղաղության հաստատմանը: Խաղաղության ժամանակ նրա հետ վարվում են ըստ խաղաղության համաձայնագրի»:
Չափազանց մարդասիրությամբ է աչքի ընկնում նաև գերիներին պահպանելու կարգը: Առանձին հոդված է հատկացված դրա հետ կապված ծախսերին (հատուկ շեշտվում են՝ կերակուրը, հագուստը, դեղորայքը): Ընդ որում, նույնիսկ այն դեպքում, երբ մարդասիրության այս չտեսնված դրսևորումը միակողմանի է, իսկ թշնամի երկիրը հրաժարվում է հոգալ ոչ միայն գերված հայոց զինվորների, այլև իր թողած գերիների հոգսերը, արգելվում են նրանց մահապատիժը և անձի ինքնասիրությունը վիրավորող այլ արարքներ: Առավելագույնը որ թույլատրվում է` գերիներին «դատապարտել Հայաստանում ծառայական վիճակի», այսինքն՝ աշխատեցնել` սեփական աշխատանքով իր կենսական ծախսերը հոգալու միջոցներ հայթայթելու համար:
Գրավյալ տարածքներում հայոց բանակի զինծառայողների վարքը կանոնակարգվելու էր ոչ միայն քրիստոնեական ավանդույթներով, այլև օրենսդրորեն:
Պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ժամանակակից անգամ ամենախիստ պահանջների պահպանման օրինակ են պատերազմի ժամանակ հաղորդակցության, հասարակական թղթակցության կարգի ու պաշարված բնակավայրերից դուրս գալու կարգի մասին հոդվածները:
Խաղաղ բնակչությանը զինվորականից տարբերակելու չգերազանցված օրինակներ են օտար աշխարհից փախած և մեր երկրում ապաստանած անձանց և օտարների` պատերազմի ժամանակ Հայոց աշխարհից դուրս գալու կարգը կանոնակարգող հոդվածները:
Զուգահեռաբար քննարկվում են ինչպես առանց դիմադրության հանձնված բնակավայրերի բնակչության հետ վարվելու կարգը, այնպես էլ գրավված ամրությունների պահպանումը: Իսկ անձնատուր եղած բնակչության գույքային իրավունքների պահպանման մասին հոդվածն ուղղակի հավասարության նշան է դնում հակառակորդի անձնատուր եղած բնակավայրերի խաղաղ բնակչության և հայոց պետության քաղաքացիների միջև՝ առանց նույնիսկ ձևական տարբերության:
«Գերուն սպանողի պատժի մասին» հոդվածում կարդում ենք. «Եթե զինվորը կամ հրամանատարը սառնարյուն կերպով սպանում է անմեղ գերուն, մահապատժի է ենթարկվում»: Նկատենք, որ այս դեպքում թագավորական, իշխանական կամ այլ ծագում չունեցող, ինչպես նաև ռազմավարական առումով որևէ կարևորություն չներկայացնող գերին իր իրավունքներով հավասարեցվում է Հայաստանի քաղաքացիներին, քանի որ միայն այդ դեպքում էր մարդասպանի համար մահապատիժ սահմանվում: Սա ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում չլսված մարդասիրական նորմ է, որին համարժեք քրեական իրավունքի նորմ մինչ այդ երբեք չի եղել ոչ մի երկրում:

– Ի՞նչ եզրահանգման եք եկել:

– Ամենակարևորը հայ զինվորականի կերպարի վերանայման անհրաժեշտությունն է: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի մեր գիտակցության մեջ պատմական անցյալում կոտորվող հայի կերպարի փոխարեն արմատավորվի հաղթանակող, ընդ որում, պատերազմող և հաղթանակներից հետո հակառակորդին մեծահոգաբար ներող հայի կերպարը: Կարծում ենք, որ «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկան միանշանակ համահունչ է հայ զորավարի (հրամանատարի) ու զինվորի պատմականորեն ձևավորված ոգուն, հետևաբար ոչ միայն միջազգային իրավունքի, այլև մեր ազգային մտածելակերպին ու աշխարհայացքին մոտ դրույթներ պարունակող այդ առարկան ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների համակարգում ներառելը ժամանակին համապատասխանող ու արդարացված քայլ է:

«Վեմ» ռադիոկայան, 23. 06. 2004
«Շրջադարձ», 2004 թ., թիվ 4
«Դարը` մեր մեջ, մենք` դարի» (Հրապարակախոսություն), գիրք Դ, 2007

2 идей о “ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  1. Aida Pilojan

    Ինչու՞ պիտի այս վայրիվերո բորենի ցեղերը՛որոնք իրենց դեմոկրատ, ցիվիլիզացված, մարդասեր կամ յեսիմ էլ ինչ զահրումար են կոչում, այդքան մարդասիրական օրենքները կնդունեին, երբ բոլորի ուղեղում աշխարհը տիրելու տենչով է ապականված: Սրանք որդեգրել են ուրիշ բանաձև՛- «արդյունքը արդարեցնում է դրան հասնելու բոլոր ձևերը»

Добавить комментарий