ԳԻՐՔ, ՈՐ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ֆ. ԳՐԻՆ «ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ».
1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ
ՄԱՍ I

1895 թվականի սկզբին անգլերեն լեզվով լույս է տեսնում մի գիրք` «Հայկական ճգնաժամը Թուրքիայում. 1894-ի կոտորածը, նրա նախընթացները (դրդապատճառները) և նշանակությունը» վերտառությամբ: Հեղինակն էր Ֆրեդերիկ Դեյվիս Գրինը՝ ամերիկացի միսիոներ, որ շուրջ չորս տարի ամերիկյան «Պորդ» ընկերության կողմից գտնվել էր Վանում և անձամբ դարձել այդ ժամանակահատվածում հայության կրած ճգնաժամերի ականատեսը: Վերադառնալով Ամերիկա՝ Ֆ.Դ. Գրինը, որպես անկախ ու անաչառ անձնավորություն, իր աշխատությամբ ներկայացնում է Սասունի ջարդերը՝ իբրև անպատվված ու չարչարված մարդկության կողմից բողոք՝ ընդդեմ սուլթանական բարբարոսությունների: Գիրքը նվիրված էր Սասունի նահատակների հիշատակին:

Սասունցի հայ (19-րդ դարի պատկեր) Armenian from Sasoun (19th c.)

Սասունցի հայ (19-րդ դարի պատկեր) Armenian from Sasoun (19th c.)

Գիրքը հրատարակվում է Միացյալ Նահանգներում հայ խնդրի համար աշխատող Հայ-ամերիկյան մարմնի հովանավորությամբ: Գրքի 20 000 օրինակների մեծ մասը ձրի կերպով տարածվում է անգլիախոս երկրներում: Այն ուներ 180 ութածալ էջ, զարդարված էր 18 գեղեցիկ պատկերներով: Դրանցից մեկը Վեհափառ Հայրապետի հաջողված պատկերն էր: Գրքի սկզբում էլ հայերեն լեզվով տեղադրված էր Ն. Վեհափառություն Խրիմյանի մի խոսքը՝ «Հուսահատելու չենք», որ Վեհ. Հայրիկը գրքի հեղինակին ասել էր անձամբ, երբ վերջինս գրքի հրատարակումից երկու տարի առաջ այցելել էր Էջմիածին և ներկայացել Վեհափառին:

Գիրքը շարադրված էր այնպես, որ ընթերցողն ամբողջապես անձնատուր էր լինում այն հուզումներին, որոնցով տոգորված էր հեղինակի մարդասեր և զգայուն հոգին: Այն միջոց էր՝ իրականությունը ներկայացնելու և հայության բողոքի ճիչը հասցնելու լուսավորյալ աշխարհի ոչ միայն ուղեղներին, այլ նաև սրտերին: Հիրավի, անգլիախոս ժողովուրդներին հայկական խնդրի մասին պատկերացում տալու համար ամփոփ ու միաժամանակ ճշգրիտ, հեղինակավոր անձանց թանկարժեք վկայություններ պարունակող մի գիրք էր դա: Հեղինակն իր բերած բոլոր տեղեկություններն ու փաստերը քաղել էր բացառապես անգլիացի և ամերիկացի ճանապարհորդների և միսիոներների գրառումներից: Հենց այս հանգամանքն էր Գրինի աշխատությունը մեծապես համոզիչ դարձրել անգլիախոս հասարակության համար, ինչով և դիվանագիտության վրա ճնշում գործադրելու նպատակով հանրային զորեղ կարծիք էր ստեղծվել:

Գրքի Ա գլուխը պարունակում էր 18 նամակներ, որոնք գրված էին Թուրքիայի մի շարք քաղաքներից, տարբեր թղթակիցների կողմից: Քաղաքների անունները չեն նշվել, որպեսզի նամակների հեղինակները թուրք բարբարոսության նշանակետ չդառնան, չնայած նրանք բոլորն էլ եվրոպացիներ կամ ամերիկացիներ էին: Սակայն որքան էլ նամակներն անանուն էին, ոչ ոք դրանց հավաստիությունը կասկածի տակ չէր առնում, քանի որ նամակների բնագրերը մեկտեղված, մինչ գիրքը հրատարակելը, ներկայացվել էին 20 տարվա ամերիկյան քաղաքացիություն ունեցող գրագետ անձանց, քաղաքագլուխների, օրենսգետների, որոնք էլ իրենց ստորագրություններով հաստատել էին ներկայացվող բնագրերի իսկությունը: Նույն անձինք, ուշի-ուշով ընթերցելով նամակները, վկայել էին դրանց հավաստիությունը: Ուստի գրքում բերված փաստերն ու նկարագրություններն ընթերցողն ընկալում էր կատարյալ վստահությամբ: Այսպես կոչված «քննիչների» հանձնարարականները, ինչպես նաև ստորագրությունները՝ հատուկ տպագրական փորագրությամբ (Fac-simile), տեղադրված էին նույն գրքի սկզբում՝ որպես նրանում տեղ գտած շարադրանքի հավաստիությունը հաստատող վկայագրեր:

Այդ նամակները, որ գրվել էին իրարից հարյուրավոր վերստեր հեռավորության վրա գտնվող 4-5 վայրերում, պարունակում էին իրարից անկախ տեղեկություններ, և բոլորն էլ լեցուն՝ Սասունի դեպքերի սոսկալի մանրամասներով: Նամակների բոլոր հեղինակները միաբան էին այն կարծիքում, որ Թուրքիան վերջին հինգ տարիներին բացահայտորեն ընթանում է հայության և քրիստոնեության ոչնչացման ուղով: «Պետք է հիշել,- գրում էր Ն. 14 նամակագիրը,- որ Սասունի դեպքերը կառավարության ընդհանուր դրության հետևանք են. այս վերջին տաս տարուց ի վեր հարյուրավոր Սասուններ տեղի ունեցան երկրի ներսում: Եվրոպայի թուլությունը պատեհ առիթ ընձեռեց Թուրքիային այս անգութ գործն իր ողջ սաստկությամբ առաջ տանելու: Այդ դրությունն առաջ է եկել ցեղի և կրոնի հանդեպ տածած ատելությունից և սպառնում է ջնջելու քրիստոնյաներին ու քրիստոնեությունը»: Մի ուրիշ տեղ էլ ասվում էր. «Թուրքն այժմ դատաստանի առջև պետք է կանգնի՝ բայց ոչ միայն Սասունը՝ իբրև փաստ բերելով. միևնույն ողբը երկրի բոլոր կողմերից է բարձրանում»: Ն. 11 նամակագիրն իր գրառումներն ավարտում էր հետևյալ հուզական տողերով. «Աստծո սիրուն, չպետք է թողնել, որ հանրային խիղճը դարձյալ անտարբեր գտնվի այս սարսափի տիրապետության հանդեպ. երկիրը սոսկումից և սարսափից անդամալուծված է»:

Սասունի դեպքերի, ինչպես նաև երկրի բոլոր ծայրերում տիրող ընդհանուր թշվառության մասին պատմող նամակները գրված էին ազդեցիկ ոճով, ու թերևս, այդ աղբյուրներն էին, որ նշված ժամանակահատվածում Անգլիայի կրոնական և աշխարհական շրջաններում մեծ հուզումների և Թուրքիայի հանդեպ ընդհանուր զայրույթի սկիզբ դրեցին: Ն. 7 նամակը Սասունի հայուհիների արիության և քրիստոնեական անձնվիրության վկայությունն էր. «Ամենից ավելի գեղեցիկ կանանց մի խմբի առաջարկվեց ուրանալ իրենց կրոնը և կյանքերն ազատել: Սակայն նրանք պատասխանեցին, թե՝ մենք չենք ուրանա Քրիստոսին, և ցույց տալով իրենց ամուսինների ու եղբայրների դիակները՝ գոչեցին՝ մենք նրանցից առավել չենք, մե՛զ էլ սպանեք: Եվ այսպիսով՝ նահատակվեցին»:

Նամակներից 7-երորդն ընդարձակ էր և իրենից ներկայացնում էր Սասունի դեպքերի մասին՝ խնամքով կազմված մի տեղեկագիր: Այդ տեղեկագիրը մեծ դժվարությամբ ու միասնական ջանքերով կազմել էին մի քանի անձինք, որոնցից՝ մինչև իսկ մեկի ստորագրությունը, գրքի հեղինակի կարծիքով, «ինքնին բավական էր այդ գրառումներին մեծ կշիռ տալու»: Ստորագրողները բարձր կացության տեր և ընդարձակ ազդեցություն ունեցող անձինք էին: Նրանք կենդանի կերպով նկարագրում էին թուրքերի բարբարոսությունները, և ընթերցողը չէր կարող առանց արտասվելու ընթերցել Զեքի փաշա կոչված հրեշի մասնակցությամբ կատարված անդրգազանային արարքների պատմությունը: Նամակագիրները հաստատում էին, որ Թուրքիան Սասունում իր դեմ ի սկզբանե ապստամբներ չի ունեցել և նրա դաժան պատժամիջոցները, բնավ, արդարացված չէին: Ն. 4-րդն իր ամերիկյան ոճով գրում էր հետևյալը. «Սուլթանն անմիջապես հրամայեց, որ հեծյալ և հետևակ զորագնդերը հարձակվեն՝ հայերի ապստամբությունը ճնշելու, և նրանք էլ հարձակվեցին: Միայն թե՝ իրենց դեմ և ոչ մի ապստամբություն չգտնելով՝ երկիրն այնպես մաքրեցին, որ ապագայում այդ տեսակ մի բան չպատահի»:

Նամակ 17-ը մի հայ կնոջ աղերսն էր, որ մի թուրք գայմագամի տղայի կողմից առևանգվելով՝ իր նախկին ուսուցիչ միսիոներին հաղորդում էր իր վիճակը. «Թեև նամակս մելանով է, սակայն հավատացեք, որ արյունով և արտասուքով է գրված»:

Ինչպես նամակները, այնպես էլ հեղինակի տված մնացյալ տեղեկությունները ցույց էին տալիս, որ Թուրքիան, իր հալածող և հայաջինջ քաղաքականությունը կյանքի կոչելիս, խտրություն չի դրել լուսավորչականի և բողոքականի միջև: Արգելված էր միսիոներական հաստատությունների զարգացումը: Հեղինակի գնահատմամբ, դրա պատճառը մասամբ Ամերիկայի անտարբեր քաղաքականությունն էր Թուրքիայի գործերի հանդեպ: Ճիշտ է, ամերիկյան միսիոներներն ամեն կերպ ջանացել են պահպանողական դիրք գրավել, անգամ՝ թրքասեր ձևանալ, սակայն դա չի մեղմել Թուքիո բռնած քաղաքականությունը քրիստոնյաների հանդեպ: Թուրքիան շատ տեղերում արգելել է բողոքական համայնքներին եկեղեցիներ կառուցել կամ հավաքվել մի տեղում և իրենց աղոթքն անել: Այն օրը, երբ Պոլսի ամերիկյան դեսպանը չկարողացավ միսիոներ Միստր Ռեյնոլթսի՝ Մուսա բեկից ստացած վերքերի համար ամենափոքր հատուցումը ստանալ, և անգամ, մեծ վեզիրի դռնից ձեռնունայն ետ դառնալով՝ դա մարսեց (ինչի մասին պատմվում է գրքի 161-րդ էջում), և բացի այդ, երբ Ամերիկայի կառավարությունը նախագահ Քլիվլենթի բերանով հայտարարեց, որ ինքը մինչև իսկ պարտավոր չէ պաշտպանել ամերիկյան քաղաքացի դարձած՝ Թուրքիայի բնակիչներին,- այդ անտարբերությունից մեծ վնաս կրեցին թե՛ բողոքական եկեղեցին և թե՛ բուն ամերիկյան հաստատություններն ու Թուրքիայում գտնվող բնիկ ամերիկացիները: Եվ ուրեմն, ինչպես երևում էր, ամերիկացի միսիոներների համբերությունն էլ հատել էր:

Ֆ. ԳՐԻՆ «ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ».
1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ ՄԱՍ II

Հոդվածում տեղ գտած տվյալները քաղված են 19-րդ դարավերջին Ս.-Պետերբուրգում լույս տեսած «Արաքս» հանդեսից

Հասմիկ Սարգսյան

 

 

7 идей о “ԳԻՐՔ, ՈՐ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Susanna Avetisyan

    Հայերը շատ ուժեղ պիտի լինեն, որ թուրքիդատաստանը իրենց ձեռքով տեսնեն: Ուժը փոխադարձ սիրո ու միասնության մեջ է: Բոլորի բռունցքը ազգովի մի տեղ պիտի խփի:Ուրիշ տարբերակ չկա: Մեր փոխարեն ուրիշ ոչ ոք այդ չի անի: Աստված պահապան ու զորավիգ թող լինի հայ ժողովրդին

  2. Susanna Avetisyan

    Աշխարհին հայտնի նամենահին գրավոր լեզուն շումերենն է, որը Աստվածաշնչի վկայությամբ մինչ Բաբելոնյան աշտարակի կառուցում ընդհանուր է եղել հին աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Ըստ Ս.Կրամերի այդ մասին գրում են նաև շումերները.»Բոլոր ժողովուրդները, ամբողջ տիեզերքը փառաբանում էին Էնլիլին միևնույն լեզվով: Ահա այս շումերենի միջոցով թարգմանվում են հայկական հին անվանումները այդ թվում. 1.Աղվանք = Ալ-ու-ան-կի = Ղեկավարող հզոր երկնայիների երկիր; 2.Արցախ = Ար-սա-հի=Արիական ղեկավարների միություն; 3.Առանշահիկի = Առ-ան-սա-հի-կի= Արիացի երկնային ղեկավարների միության երկիր: Այս թարգմանութունների շնորհիվ հասկացա, որ Աղվանքը հայ մելիքներին է պատկանել դեռևս բաբելոնյան աշտարակաշինությունից առաջ և շատ զարմացա, թե ինչու է երկրի անունը ընկալվել, որպես ազգություն, երբ նման էթնոնիմ ունեցող ազգի գոյությունը հանրագիտարաները ժխտում են: Այս հոդվածը կարդալուց հետո հանելուկը պարզվեց, շնորհակալ եմ: Գալով ուդիններին պետք է ասեմ, որ ուդին թարգմավում է խեցագործ (гончары), իրոք էլ սրանց հիմնական արհեստը խեցեգործությունն է եղել: Կենցաղով մեզ նման են կարծում եմ սրանք տարբեր սուբստրատների ենթարված հայեր են:

Добавить комментарий