Ֆ. ԳՐԻՆ «ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ». 1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ

ԳԻՐՔ, ՈՐ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
ՄԱՍ II

Ամերիկացի միսիոներ Ֆրեդերիկ Դեյվիս Գրինի՝ Սասունի նահատակների հիշատակին նվիրված «Հայկական ճգնաժամը Թուրքիայում. 1894-ի կոտորածը, նրա նախընթացները (դրդապատճառները) և նշանակությունը» գիրքը հայոց նկատմամբ իրականացրած ահասարսուռ ջարդերի վերաբերյալ այլազգի քաղաքացիների և ականատեսների վկայությունների ժողովածու էր: Բայց ոչ միայն: Գրքում առանձին գլխով ամփոփ և համակրանքով լեցուն ծանոթություն էր տրվում հայ ազգի, եկեղեցու և գրականության պատմության մասին:

ԶԵՅԹՈՒՆՑԻ (19-ՐԴ ԴԱՐ) Meisenbach, Birtarth & Co., Berlin Schöneberg - Postcard Illustration of Armenian type from Zeytun

ԶԵՅԹՈՒՆՑԻ (19-ՐԴ ԴԱՐ) Ֆ. ԳՐԻՆ «ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ». 1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ

Մի առանձին գլուխ էլ նվիրված էր ամերիկյան Պորդ ընկերության՝ Թուրքիայում ունեցած քրիստոնեական և կրթական դերին: Այս գլխում, մասնավորապես, արծարծվում էր Ամերիկայի կառավարության կողմից՝ ամերիկյան հաստատություններին և միսիոներներին Թուրքիայում պաշտպանելու խնդիրը, ինչը կառավարությունը, Ֆ.Դ.Գրինի ներկայացմամբ, զլանում էր ըստ պատշաճի անել: 19-րդ դարավերջին (1895-ի շրջանում), ըստ հեղինակի բերած հավաստի տվյալների, ամերիկյան Քոնկրե Քեյշնլ Պորդ և Փրիսպիտերևան Պորդ ընկերությունների կողմից Թուրքիայում գործում էին 223 բնիկ ամերիկացի միսիոներներ և 1094 տեղացի քարոզիչներ, հովիվներ և ուսուցիչներ: 1821-ից ի վեր Թուրքիայում գործել են 550 բնիկ ամերիկյան միսիոներներ: Նույն՝ 1821-ից սկսյալ՝ շուրջ 75 տարում այդ միսիոներությունները 10 միլիոն դոլլար էին ծախսել, ինչը հավաքվել էր 60 000 ամերիկյան բողոքական եկեղեցիներից: Թուրքիայում բողոքական եկեղեցիների թիվը հասնում էր 155-ի, իսկ քարոզիչներինը՝ 281-ի: Հաղորդվողների թիվը 13 528 էր, իսկ բողոքական հասարակության անդամների թիվը՝ 60 000: Միսիոներությունները Թուրքիայում ունեին նաև 5 քոլեջ, 6 աստվածաբանական սեմինարիա, 80 բարձր նախակրթարաններ, գիշերօթիկ վարժարաններ և 530 հասարակ երկսեռ վարժարաններ: Ուսանողների թիվը 27 000-ի էր հասնում, որոնցից 4085-ը՝ քոլեջների և սեմինարիաների ուսանողներ: Կային և ամերիկյան բողոքական եկեղեցու կողմից հովանավորվող բժշկական հաստատություններ, թերթեր՝ հայերեն, թուրքերեն, հունարեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Թուրքիայում գործող իրենց տպարաններում 7 միլիոն հատոր գիրք էր տպագրվել:

Ահա այս բողոքական հանրությանը ևս, որում հայերը զգալի մեծամասնություն էին կազմում, սպառնում էր թուրքական յաթաղանը: Ահա թե ինչու միսիոներ-հեղինակը նաև կարևորություն էր տալիս ամերիկյան կառավարության կողմից Թուրքիո մեջ բողոքականներին և, ընդհանրապես քրիստոնյաներին պաշտպանելու խնդրին: Բողոքական համայնքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը գրքի ընդամենը մի փոքր բաժինն էր կազմում, բայց բերված թվերն ինքնին հետաքրքրություն կարող են ներկայացնել ուսումնասիրողների համար:

Գիրքը նաև ճանաչողական մեծ նշանակություն ուներ, քանի որ նրա Բ գլուխն աշխարհագրական և ցեղագրական տեղեկություններ էր պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Թուրքիայում տիրող ընդհանուր իրավիճակը պարզորոշ պատկերելու և իրավիճակի հետևանքները ներկայացնելու համար Գ գլխում հեղինակը բերում էր վիճակագրական տեղեկություններ քրիստոնյա գյուղերում գործադրվող հարկահանության, հարստահարությունների վերաբերյալ: Գծագրում էր նաև ողջ երկրում տիրող ընդհանուր կեղեքման, հալածման և բնաջնջման պատկերը՝ ի միջի այլոց հիշելով և Կուռուպաշի դեպքը:

Այդ դեպքի մանրամասներն արդեն իսկ հրապարակվել էին արտասահմանում տպագրվող հայ լագրերում: Դա ինքնին մի Փոքր Սասուն էր և նշանավոր նրանով, որ Վանում հայ բնակչության հանդեպ եղեռնագործությունները ժողովրդական մեծ հուզումներ էին առաջացրել: Իսկ Վալի փաշան, թեև ժողովրդական շարժումը հանդարտեցնելու նպատակով խոստացել էր արդարությունը վերականգնել, բայց հետո ոչ միայ մարդասպաններին չէր պատժել, այլ նույնիսկ շատ հայերի, իրենց բացակայությամբ, դատապարտել էր մահվան, իբր թե վերջիններս են եղել եղեռնագործության հեղինակները և ոչ թե «անմեղ թուրքերն ու գառնուկ քրդերը»: Նույն գլխում հեղինակը նշում էր, որ անիրավացի է հայկական արխիվներից քաղած տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ առնելը և դրանք՝ իբրև չափազանցված ու հեղափոխականների շինծու պատմություններ գնահատելը: Եթե որոշ արխիվային նյութերում անորոշ կերպով են նշված քաղաքների ու անունների մանրամասները, ապա միայն այն պատճառով, որ թղթակիցներն ու զոհերը թրքական բարբարոսություններից ավելի չտուժեն:

Գրքի հեղինակ Ֆրեդերիկ Գրինը նկատելով, որ «Հիվանդ մարդու» (նկատի ուներ Թուրքիային) ախտերը անբուժելի են, հայոց խնդրի վերաբերյալ իր հայացքներն էր շարադրում՝ առաջարկելով երեք լուծում: Դրանցից մեկը հետևյալն էր. Ռուսաստանի կողմից գրավումը, ինչն ուրախությամբ պիտի ողջունվեր, քանի որ, ինչպես հեղինակն էր վկայում, եթե Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելու վերաբերյալ ընտրության հարց առաջանար, ապա հենց ինքն անձամբ Թուրքահայաստանից ռուսական սահմանը անցնելիս այն զգացումն էր ունեցել, կարծես թե դժոխքից արքայություն էր անցել: Երկրորդ լուծումն ազգային ինքնավարությունն էր, որ աշխարհագրական և քաղաքական պատճառներով պայմանավորված՝ մի երազ էր թվում հեղինակին: Եվ երրորդ լուծումը՝ արմատական և զորեղ վարչական բարենորոգում՝ անհրաժեշտ երաշխավորությամբ: Սա էր հեղինակը համարում ամենագործնականը: Այդուհանդերձ, հեղինակը տեղ-տեղ դարձյալ վերադառնում էր դեպի Թուրքիայից Հայաստանի անջատման գաղափարին՝ «Հիվանդ մարդու» համար վիրահատական գործողություն առաջարկելով, ինչը ստույգ միջոց կլիներ թե՛ քրիստոնեական և թե՛ մահմեդական ցեղերը փրկելու համար:

Դ գլխում Ֆ. Գրինն ապացույցներ էր բերում այն մասին, թե որչափ են օսմանյան կառավարության խոստումներն անարժեք: Ցույց էր տալիս, որ այդքան խոստումներ տալուց հետո Թուրքիան միշտ դեպի ավելի ետ է գնացել, կամ հեղինակի բնորոշմամբ, «խոզը լողանալուց հետո վերադառնում է՝ ցեխի մեջ թավալվելու: Եվ Հիվանդ մարդու (Թուրքիայի) համար է ասված Ավետարանում տեղ գտած՝ այն դիվահարի պատմությունը, որից յոթ դևեր հանվեցին, բայց նույն մարդը վերջում ավելի չար դարձավ, քան առաջ»: Այդպես էլ, հակառակ 1829-ի Ադրիանուպոլսի դաշնագրում, 1839-ի Հաթթի շերիֆի, 1844-ի Թանզիմաթի, 1856-ի Փարիզի դաշնագրի, 1878-ի Կիպրոսի և հետագայում՝ Բեռլինի դաշնագրերում Բ. Դռան հանձ առած պարտավորություններին և արած հանդիսավոր խոստումներին, մինչև իսկ հպատակ ազգերի կրոնական ազատությունները ոչ միայն չընդլայնվեցին, այլև առավել սահմանափակվեցին: Հեղինակը, որպեսզի ցույց տա, թե սուլթանի օրոք խղճի տարրական ազատությունը որչափ է բռնաբարված, մի քանի օրինակ էր բերում՝ Թուրքիայում լոկ կրոնական գրքերի գրաքննության հարցում ծայրահեղ և ծիծաղելի խստության վերաբերյալ: Պոլսի Փեյպլ Հաուսի ս. գրքերի ցանկի մի հրատարակությունն արտոնելու համար թուրք գրաքննիչը պահանջել էր, որ Երեմիայի 33-րդ գլխի հետևյալ՝ «Տրտմությունը պիտի փոխվի ուրախության» տողերը ջնջվեն: Պահանջել են ջնջել նաև Սաղմոսի 38-րդ գլխի «Ամբարիշտ խորհուրդները ի չիք դարձան», Եսթերի 4-րդ գլխի «Տրտմություն պալատի մեջ», Սաղմոսի 38-րդ գլխի «Տրտմության ժամանակ հույս», Հռովմեացոց 8-րդ գլխի «Ուրախանալ հալածանքների մեջ» վերնագրերը և այսպես՝ 50 այլ նմանատիպ խոսքեր:

Ե գլխում հեղինակը հիշատակում էր այն մասին, թե ինչպես է 1880-ի հունիսի 1-ին հայկական խնդրի վերաբերյալ մեծ տերությունների ծանուցագրին ի պատասխան Բ. Դուռը նախ խոստման, ապա խուսափողական պատասխան տվել, բայց շուտով իր դիրքը փոխել է, և սեպտեմբերի 11-ի՝ դեսպանների հավաքական ծանուցագրին ու ներկայացրած պահանջներին կարևորություն չտալով՝ բավարարվել լոկ մի գրավոր պատասխանով, թե մտադիր է այս ու այն բարեփոխումներն անել: Դրանից հետո այդ տերությունները չպնդեցին իրենց պահանջները, իսկ իշխան Բիսմարկը հայտարարեց, թե «ծանր իրավիճակներ կարող են ծագել, եթե հայկական խնդիր հարուցվի»: Անգլիան էլ լռելյայն մի կողմ քաշվեց: Հեղինակը Թուրքահայաստանի վերջին շրջանի աղետալի վիճակը Եվրոպայի՝ այդ գործի չդրված դաշնագրի հետևանքն էր համարում: Հեղինակն իր կարծիքն ուներ խնդրի վերաբերյալ. «Ոմանք ասում են, թե հայերն իրենց արարքով թուրքերին գրգռելով իրենց գլխին այս փորձանքը բերեցին: Սակայն ես հարց եմ տալիս, թե հայերին ո՞վ գրգռեց: Նախ Բեռլինի 61-րդ հոդվածն էր, որ իրենց դարերի թմրությունից արթնացրեց: Բացի այդ Բեռլինի դաշնագիրը մի ուրիշ հետևանք էլ ունեցավ. Թուրքիայի թշնամությունն ավելի սաստկացավ քրիստոնյա հպատակների հանդեպ՝ տերությունների երբեմնակի թույլ և անհարատև ճնշումների պատճառով: Ավելի լավ էր՝ այսպիսի ճնշում չլիներ: Հարկավոր էր արագ, վճռական և վերջնական գործողությունների գնալ: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ միայն այդպիսի վճռական գործողություններով է կարելի կասեցնել մի սարսափելի աղետ, որ կարող է Սասունի դեպքերն էլ նսեմացնել»:

Այս գլխում հեղինակը, պարսավանքի մի քանի խոսք էր ուղղում հայ հեղափոխականների հասցեին, որոնք, իր կածիքով, նիհիլիստական գաղափարներով տարված, գործել են չկշռադատված, և ինչից թուրք կառավարությունը հաջողությամբ օգուտներ է քաղել: Դարձյալ հեղինակի կարծիքով, հայի նման մի հանդարտ ժողովրդի մեջ հեղափոխական գաղափարների ի հայտ գալը պայմանավորված էր Բեռլինի դաշնագրից հետո Հայաստանում տիրող սոսկալի վիճակի, «և այդ հիվանդությունն ավելի ու ավելի տարափոխիկ պիտի լինի, եթե Եվրոպայի բժիշկները չփութան Հիվանդ մարդուն (Թուրքիային) վիրահատության ենթարկել, մի բան, որ լավ արդյունքներ է տվել Հունաստանի, Լիբանանի, Բուլղարիայի և Եգիպտոսի խնդիրների ժամանակ»:

Է գլխում տեղադրված էր այն բարբարոսական կոտորածների ցուցակը, որոնք թուրքերը 1894-ի՝ Սասունի ջարդերին նախորդած 75 տարիներին իրագործել են իրենց հպատակ հանդարտ բնակիչների, անպաշտպան կանանց և տղաների հանդեպ: Այդ ցանկում ներառված չէին 10 000-ից պակաս զոհ տված ջարդերը: Ահա այդ ցուցակը.

1822-ին ջարդերի են ենթարկվել հույները, մասնավորապես՝ Քիոս կղզում — 50 000 մարդ
1850-ին՝ ասորիներ, հայեր (քրիստոնյաների մեջ) ———————————-10 000 մարդ
1860-ին՝ մարոնիք, սիրիացիք (Լիբանանում և Դամասկոսում) ——————11 000 մարդ
1876-ին՝ բուլղարներ ————————————————————————10 000 մարդ
1894-ին՝ հայեր՝ Սասունում —————————————————————12 000 մարդ

Այս բոլոր թվերը քաղվել էին հեղինակավոր և պաշտոնական փաստաթղթերից ու վկայություններից: Դրանցից բացի, պետք է հիշատակել 1866-ի Կրետեի ջարդերը, 1877-ին Հայաստանում Շեյխ Ջելալէտտինի և Ուպեյաուլլահի կողմից իրականացրած կոտորածները, ինչպես նաև 1892-ին Մոսուլի եզդիների ջարդերը, որոնց ընթացքում կենդանի են մնացել միայն այն եզդիները, որոնք գոնե առերես հավատափոխվել ու իսլամն են ընդունել:

Ը գլխում խոսվում էր իսլամի ունեցած դերի մասին: Այստեղ մեջբերվում էին նշանավոր պատմաբան Ֆրեմենի տողերը, «Երբ մենք թուրքական տիրապետության պատճառած չարիքների մասին ենք խոսում, ոմանք մեզ առարկում են, թե քրիստոնյա իշխողներն էլ հին ժամանակներում նույնքան պարսավելի բաներ են արել: Դա մասամբ ճշմարտություն է, բայց ո՛չ ամբողջապես: Ոչ մի քրիստոնյա իշխանություն այսքան երկար ժամանակ չի շարունակել այսպես տգեղ կերպով կառավարել, ինչպես թուրքն է արել: Ճիշտ է՝ քրիստոնյաներն անցյալ դարերում թուրքերի արած գործերի պես որոշ արարքներ են թույլ տվել, բայց քրիստոնյաները վաղուց ի վեր վերջ են տվել նման գործելակերպին, մինչդեռ թուրքերը շարունակաբար նույնն են անում: Ամենահոռի քրիստոնյա կառավարություններն անգամ այսօր, 100 կամ 500 տարվա համեմատ, բարեփոխված են: Բայց թուրքական կառավարությունն այսօր նախկին 100 կամ 500 տարիների համեմատ առավել վատթարացել է: Կնշանակի՝ ամենավատ քրիստոնյա իշխանությունը կարող է բարեփոխվել, բայց Թուրքիան չի կարող»: Քիչ անց նույն պատմաբանի մտքերից արվում էր մեկ այլ մեջբերում. «Թուրքիան՝ իբրև թշնամի ու բարբարոս կառավարություն, եկավ բնակվեց Եվրոպայի հողի վրա: Դրանից 500 տարի է անցել, և այն դեռ մնում է նույն հողի վրա՝ որպես նույնքան թշնամի և բարբարոս մի բանակ, ինչպես որ էր այն ժամանակ, երբ առաջին անգամ ոտք դրեց այստեղ»:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա այն գրքի համառոտ բովանդակությունը, որը 1895-ին անգլիախոս երկրների հասարակությանը ներկայացրեց ոչ միայն թուրքերի կողմից 1894-ին Սասունում իրականացված կոտորածների իրական պատկերը, այլև քողազրկեց թուրքական կառավարության դեմքը՝ աշխարհի և մարդկության ուշադրությունը կենտրոնացնելով հայոց չարչրկված խնդրի վրա: Այն արևմտյան գրականության մեջ հայկական խնդրի վերաբերյալ մի կարևոր աշխատություն էր և կարճ ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ, մասնավորապես, Ամերիկայի և Անգլիայի հասարակական մտքի վրա, ինչի մասին են վկայում ժամանակի հարգված հայագիտական ամսագրերը:

Ամերիկացի միսիոներ և մեծ մարդասեր Ֆրեդերիկ Դեյվիս Գրինը 1915-ի եղերական դեպքերից ուղիղ 20 տարի առաջ ահազանգ էր հնչեցնում՝ հայությանը սպառնացող ահավոր վտանգի վերաբերյալ՝ հորդորելով մարդկությանը ջանքեր գործադրել, հասարակական կարծիքի գործադրմամբ ստիպել աշխարհի մեծ տերություններին՝ արագ, վճռական քայլել ձեռնարկելու՝ վերահաս աղետները կանխելու համար: Որոշ քայլեր, իհարկե ձեռնարկվեցին, և դրանց վկայությունն են, մասնավորապես, Անգլիայում Ուիլյամ Գլադսոնի՝ լիբերալ կուսակցության պարագլխի՝ հայկական խնդրի հանգուցալուծմանն ուղղված հայանպաստ քայլերը: Սակայն, ձեռնարկվածը բավարար չէր և ոչ վճռական:

Գրքի հրատարակումից երկու տասնամյակ անց Սասունի դեպքերը հազարապատիկ ուժգնությամբ կրկնվեցին Արևելյան Հայաստանի ողջ տարածքում: Իրականացավ Ֆ. Գրինի կանխատեսումը՝ կատարվեց մի աղետ, որի դիմաց Սասունի դեպքերը նսեմացան:

ԳԻՐՔ, ՈՐ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
ՄԱՍ I

Հասմիկ Սարգսյան

 

Одна идея о “Ֆ. ԳՐԻՆ «ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ». 1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ

  1. Hayagitaran Hayastan

    Եթե Հայոց հզոր դիմակայությունը, ապրելու և ստեղծելու ոգին, անթեղված հավատն ու ըմբոստությունը չլիներ, չէինք հասնի մեր օրերը և չէինք ունենա մեր պետականությունը: Այո՛, եղել են ջարդեր, բայց հայոց ոգին չի՛ ընկճվել: Այն իրադարձությունները, որոնք նկարագրված են սույն հոդվածում, արդյունք էին Սասունում ստեղծված խիստ պայթունավտանգ իրավիճակի, երբ քրդերի ու թուրքերի հարստահարությունից ըմբոստացած սասունցի հայերը 1893-ին հաջողությամբ ինքնապաշտպանվեցին իրենց անառիկ, բերդանման լեռներում և թուրք ու քուրդ բաշիբոզուկներին մի լավ ջարդ տվեցին: Դա չէր կարող ներվել թուրքական կառավարության կողմից, և մեկ տարի անց տեղի ունեցավ Սասունի խաղաղ բնակչության մեծ սպանդը: Նման ջարդերի են ենթարկվել Թուրքիո տիրապետության ներքո գտնվող այլ ազգեր ևս, ինչի մասին բավական հետաքրքիր մանրամասներ են բերնած հենց այս հոդվածում: Ի՞նչ է, այդ ժողովուրդնե՞րն էլ են դատապարտված շարունակական չարչարանքների: Ամեն ազգ իր ձեռքով է կռում իր ճակատագիրը: Հոդվածները բերվում են՝ աշխարհին հիշեցնելու, նաև մեր սերունդներին պատմելու ճշմարտություններ, որոնք կա՛մ մոռացվել են, կամ դիտավորյալ մոռացության են տրվում: Հեռևե՛ք < <Հայագիտարանի>> հետագա հրապարակումներին, և կտեղեկանաք Սասունում կատարվածի այլ մանրամասների, ինպես նաև՝ սասունցիների հերոսական դիմակայության պատմությանը:
    ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Добавить комментарий