ՍԱՍՈՒՆՑԻՆ ՆԱԵՎ ԶԵ՛ՆՔ ԷՐ ՍԻՐՈՒՄ

ՄԻ ԲՈՒՌ ՆՇԽԱՐ՝ ՍԱՍՈՒՆԻՑ. 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ.
ՄԱՍ III
Հեղ․՝  Հասմիկ Սարգսյան

Հնում Սասունի քաղաքական սահմաններն են եղել՝ հյուսիս-արևելքից Մշո դաշտը, արևելքից՝ Խոյթը, արևմուտքից՝ Գինջը և Բոքլան, իսկ հարավից՝ Բշերիկը, Խարցանքը և Սլիվանը: 19-րդ դարավերջի տվյալներով՝ Սասունը շատ ավելի ընդարձակ սահմաններ ուներ, և նրա մեջ մտնում էին՝ իբրև գավառակներ՝ Խութը, Խարզանքը, Բշերիկը,Սլիվանը, Գինջը, Բռնաշենը, այսինքն այն գավառները, որոնք կից էին բուն Սասունի սահմաններին: Բայց և այնպես, բուն Սասուն անունով պատկերացնում էին հին Սասունը՝ Խարզանք գավառի մի մասով: Բուն Սասունը կազմված էր հետևյալ ութ գավառակներից՝ Վերին Գավառ, Խարզանք, Սասուն, Փսանաց (Փսանք), Շատախ, Տալվորիկ, Խուլբ և Խիան:

Այս ամբողջ տարածության վրա՝ իրարից հեռու-հեռու, ընկած էին 110-120 քրդի գյուղեր և մոտավորապես 2 600 տուն բնակիչ ունեցող 60-ի հասնող հայկական գյուղեր: Տները կառուցված էին միմյանցից մի-մի վերստ և ավելի հեռավորությամբ՝ մեջտեղները թողնելով իբրև հոտերի ու նախիրների արոտավայրեր: Այսպիսով՝ յուրաքանչյուր գյուղ փռված էր ահագին տարածության՝ հաճախ 5-10 սարերի ու հովիտների վրա: Քրդերից ու հայերից բացի Սասունում այլ ազգերի բնակիչներ չկային: Միայն Տավրոսի հարավային լանջերին տեղ-տեղ կարելի էր հանդիպել եզդիների և քաղդեացիների:

ՇԱՏԱԽ՝ «ԱՐՋԵՐԻ ԵՐԿԻՐ»

Գավառակներից առաջինը, որով Մշո դաշտից անցնելով տանում էր դեպի Սասունի կենտրոնը, Շատախն էր: Այս Շատախը պետք է տարբերել Մոկաց նահանգի Շատախ բնակավայրից: Սասնա Շատախը հիշատակված է Զենոբի «Տարոնի պատմության» մեջ, որում ասվում է, թե հնում այս գավառակը «արջերի երկիր» է անվանվել: Իրոք որ, «Տավրոսի շղթայի Մշի հարավային սահմանը Խութա լեռներն են,- ասում է Րաֆֆին «Կայծերում»,- որոնց մյուս կողմը շատախցիք են պատերազմում գազանների հետ»: Շատախի գագաթներն են՝ Սասուն, Անտոք (Անդոկ), Կամք, Ելք, Տորուզ, Սիմ և այլն: Հովիտներում հոսում էին առվակներ, իսկ մի գետակ, դուրս գալով Գելիե-Կուզան գյուղի մոտով, հոսում էր դեպի Անտոք, ապա դեպի Հիթեն գյուղը և, ոլոր-մոլոր անցնելով բազմաթիվ ձորերով, միանում էր մի ուրիշի հետ և ստանում Կուռ գետ անունը, որի ապառաժ ափին գտնվում էր համանուն գյուղը: Շատախի նշանավոր գյուղերն էին՝ Կոփ՝ 30 տուն, Իրիցանք՝ 15 տուն, Գեղաշեն՝ 20 տուն, Շուշնամերկ՝ 30 տուն, Սիմա կամ Սիմալ՝ 60 տուն, Շենիկ՝ 80 տուն, Գելիե-Կուզան՝ 120 տուն, Տափկ՝ 26 տուն, Աղբի՝ 35 տուն, Հիթեն (ըստ ոմանց՝ Հեթինք)՝ 50 տուն, Իշխնձոր՝ 80 տուն, Ալեանց՝ 50 տուն: Այս բոլոր գյուղերի բնակիչները հայ էին, միայն Տափկում 10 տուն քուրդ կար: Գրեթե ամեն գյուղ ուներ իր եկեղեցին և քահանան, իսկ ավելի բազմամարդ Գելիե-Կուզան գյուղը՝ երկու քահանա: Ամեն գյուղ ուներ իր ռեսը, բայց առաջնորդող դեր էր կատարում Գելիե-Կուզանի ռեսը: Շատախի գյուղերը կարող էին 1 000 զինվոր տալ:

Վերոհիշյալ գյուղերից Շենիկն ու Սիմալը գրեթե դաշտային էին: Նրանից վերև՝ Անտոք սարից կես ժամ դեպի արևելք, ընկած էր անառիկ համարվող Գելիե-Կուզանը: Անտոքը, որ նշանավոր դարձավ նաև 19-րդ դարավերջին իր բնակիչների՝ թուրքաց արշավների դեմ դիմակայությամբ, մի մենավոր գագաթ էր՝ պաշտպանվելու համար խիստ հարմար: Լեռան գագաթը ծածկված էր ընդարձակ արոտներով, իսկ ստորոտը՝ անտառով: Հարավից այն կից էր Կեփի ապառաժոտ լեռանը:

ՏԱԼՎՈՐԻԿ՝ ՍԱՍՈՒՆԻ ՍԻՐՏԸ

Շատախի հարավ-արևմտյան կողմում ընկած էր անվանի Տալվորիկը՝ Սասունի կենտրոնն ու սիրտը, որի ամենաբարձր վայրերում միայն հայերն էին բնակվում: Այս գավառակում կային մուտ 20 գյուղեր, որոնք ընկած էին մի երկայն ծառազարդ ու գեղատեսիլ ձորի երկու կրծքավանդակներին: Դա Տալվորիկի ձորն էր, որը երկայնքով՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կարելի էր անցնել 2-3 օրում: Ձորն սկսվում էր Կոփ գյուղի մոտ: Սկզբում լինելով նեղ և ահռելի՝ այն հետզհետե խոնարհվում ու լայնանում էր, այնպես որ ձորի բերանը մի դաշտավայր էր իրենից ներկայացնում՝ մուտ 5-6 վերստ լայնությամբ և կոչվում էր Ներքին դաշտ: Ահա այս ձորի ամենավերին մասում ընկած էր Տալվորիկ գավառակը՝ իր շրջակա գյուղերով: Ձորի վերին մասը մի լեռնային կիրճով դուրս էր գալիս, հասնում Մշո դաշտից դեպի Սասուն տանող ճանապարհին: Այստեղ՝ Տալվորիկի հյուսիս-արևմտյան կողմում էին գտնվում Մշո Ս. Կարապետի լեռները: Այդ լեռնանցքում էր ձգվում «Սատանի մազ» անվամբ կամուրջը, որը տանում էր Մուշից Տալվորիկի գյուղերը: Կամուրջը ձգվում էր ահռելի ձորի վրայով: Թշնամու հարձակումների ժամանակ բնակիչները քանդում էին այս կամուրջը և ամրանում անմատչելի ու անսասան գավառակում: Այս նախանձելի դիրքի շնորհիվ Տալվորիկ գյուղը, որ ամենահարմար տեղում էր գտնվում և այդ ձորի բանալին էր ասես, անառիկ բնակավայրի հռչակ ուներ, ուստի և թուրքական կառավարությունը միշտ երազել էր տիրել և հիմնահատակ կործանել Տալվորիկը: Բայց մինչ 1894-ը Տալվորիկը մնում էր անառիկ ու անհաղթ: 1893թ. երեք ամիս շարունակ կառավարությունը խստորեն պաշարել էր այդ գյուղը, և չնայած գյուղացիք առանց հացի էին մնացել, բայց կերակրվելով լոկ բանջարով, կանաչեղենով, կաթ ու մածնով, մնացին անընկճելի, իսկ զորքերը և մանավանդ քրդերը, ահագին վնասներ կրելով, հրաժարվեցին գյուղին տիրանալու մտադրությունից: Ձորի ամենաբարձր կետում ցցված էր Ֆրֆր-քար լեռը, որի հովանու ներքո էր գտնվում Տալվորիկը, և որի ապառաժների հետևում էին ապավինում գյուղացիք թշնամուց՝ իրենց մահաշունչ շեշխանաների ծխով լցնելով ախռելի ձորը: Ձորի մեջ՝ Սև լեռներից սկիզբ առնելով`հոսումէր մի գետ, որ կամաց-կամաց մեծանալով՝ իր մեջ էր առնում նաև Մերգեզար սարից հոսող մի ուրիշ գետի ջրերը, ապա հասնում էր Ներքին դաշտ ու կամրջի մոտ թափվում Բաթման-սուի կամ Փրէ-բաթման գետի մեջ:

Տալվորիկի գյուղերն էին. ձորի արևմտյան կրծքին՝ Տալվորիկ՝ 30 տուն, Հքմանք՝ 40 տուն և Հլողինք՝ 30 տուն, արևելյան կրծքին՝ Փուրխ՝ 25 տուն, Տվալինք՝ 35 տուն, Հոսնուտ՝ 15 տուն և Հարթք կամ Հարթուք՝ 60 տուն: Սրանք համարվում էին Տալվորիկ մեծ գյուղի զատված թաղեր և իրար խիստ մոտիկ էին: Այնուհետև, ձորից դուրս եկող վայրում՝ դեպի Մշո դաշտ իջնող լեռների կրծքին ընկած էին Սըպղանք՝ 25 տուն, Եղգարն՝ 15 տուն, Խլհովիտ՝ 17 տուն, Արթուխ կամ Հարթուխ՝ 25 տուն և Գերմավ կամ Կարմավ՝ 40 տուն: Այս բոլոր գյուղերը զուտ հայաբնակ էին և կազմում էին Սասունի սիրտն ու հոգին, և սրանք էին, որ միշտ մեծ անհանգստություններ էին պատճառում օսմանյան կայսրությանը: Տալվորիկի մի քանի գյուղերը միայն ունեին քահանա, ոչ մի տեղ դպրոց չկար: Գավառը կարող էր 500 զինյալ մարդ տալ:

ՎԵՐԻՆ ԳԱՎԱՌ՝ ԱՐԻԱՍԻՐՏ

Բացառյալ Շատախն ու Տալվորիկը, որ զուտ հայաբնակ էին, մնացյալ գավառներում հայերն ու քրդերը խառն էին ապրում: Դրանցից մեկն էր Վերին Գավառը, որ Սևսարով բաժանվում էր Խութից ու Բռնաշենից: Նրանում հայտնի էր Ս. Աստվածածնի լեռը: Գավառի միջով հոսում էր օձապտույտ գալարներով մի գետակ, որ նույնպես Բաթմանսուի մեջ էր թափվում: Գավառի դիրքը քարքարոտ էր, ինչի համար տեղացիները երկիրը կոչում էին «քարե բոլոզ»: Հացաբույսերը սակավ էին, բայց ուներ հրաշալի մարգագետիններ ու սիրուն արոտավայրեր, որոնցից նշանավոր էր Մրկե-խզլան: Բնակիչներն իրենց արիասրտությամբ հետ չէին մնում Տալվորիկի քաջերից: Այստեղ բնակվող քուրդ մարդաշատ ցեղը կրում էր Բըլըքցի անունը, խոսում էր արաբախառն քրդերենով և, ըստ ավանդության, հայ Պահլավունի նախարարության մնացորդներն էին, որոնք արաբական արշավանքների ժամանակ բռնի կերպով իսլամություն էին ընդունել: Նրանց շատ ծեսերն ու սովորությունները, նիստն ու կացը, մեծ մասամբ, հայկական էին: Մաքուր խոսում էին տեղի հայերեն բարբառով, ջերմ համակրանքով ու սիրով էին վերաբերվում դրացի հայերին: Ընդունված էր՝ իրենց գյուղական ժողովներում հայի ներկայությամբ հայերեն խոսել: Բաժանված էին երկու ցեղի՝ Բըրդըրցի և Շեկոյի տուն: Նրանց բեկերը 19-րդ դարավերջին վեցն էին, որոնք ընդունված էին գավառի թե՛ հայ, թե՛ քուրդ բնակչության կողմից՝ ըստ հին սովորության՝ «խաֆիրության»: Բնակիչները տուրքեր ու տասանորդներ էին վճարում նաև թուրքական կառավարությանը: Այս երկու դրացիների սիրալիր հարաբերությունները 19-րդ դարավերջի իրադարձությունների հետևանքով խիստ խախտվել էին և, անգամ, թշնամության վերածվել:

Գավառի 13 գյուղերն էին՝ Վարդնոց՝ 7 տուն, Կորդեր՝ 15 տուն, Խոջարինք՝ 10 տուն, Արծվիք՝ 15 տուն, Ռըմխանք՝ 8 տուն, Դրուր՝ 10 տուն, Ռշնիկ՝ 15 տուն, որոնց բնակիչները բոլորն էլ հայեր էին, նաև Խասոբի՝20 տուն, Դալըր ձոր՝ 22 տուն, Էրուր՝ 23 տուն և երկու քրդախառն գյուղեր:

ՄԱՐԱԹՈՒԿ ԼԵՌԱՆ ԱՍՏՎԱԾԱՍԵՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԷԻՆ ՍԻՐՈՒՄ

Խարզանք կամ Խրզանք գավառակը, որ բաժանվում էր վերին և ներքին մասերի, հարավից սահմանակից էր Տալվորիկին: Նրանում էր Մարաթուկ լեռը, որը ոչ միայն տեղաբնակների, այլ նաև ամբողջ Սասունի թե՛ հայ և թե՛ քուրդ ժողովուրդների համար սրբազան էր համարվում: Նրանով բնակիչները ծանր դեպքերում սրբորեն երդվում էին. «Ընը Սրբ. Մարաթուկ վըգա. ընը Սրբ. Մարաթու՜կ գինա»,- ասում էին սասունցի հայերը՝ հավատացնելով դիմացինին, որ իրենց ասածը ճշմարիտ է: «Բրկի Մարաթու՜կ»,- երդվում էին քրդերը: Թեև լեռնոտ ու քարքարոտ, բայց խիստ հոտավետ, ծաղկավետ և պտղավետ էր, բնակիչները զբաղվում էին խաշնարածությամբ, նաև՝ հողագործությամբ (ցանում էին հացահատիկային մշակաբույսեր, մշակում էին այգիներ): Նրանք հյուրասեր էին և կրոնասեր, բայց նաև զենք էին սիրում: Նույն Բըլըքցի քրդերի իշխանությունը տարածվում էր նաև այս գավառի վրա: Գավառակի գյուղերը 14-ն էին: Դրանց թվում՝ Պատըրմուտ՝ 23 տուն, Վերին Ջալալեք՝ 25 տուն, Ներքին Ջալալեք՝ 24 տուն, Ջակուր՝ 20 տուն՝ կիսախառն էին քրդերով: Ձորաղբի՝ 16 տուն, Արվուտուց՝ 22 տուն, Նախտ՝ 23 տուն, Փերջինք՝ 27 տուն, Թղի՝ 11 տուն, Հըռեկանք՝ 18 տուն, Տնկիդ՝ 22 տուն, զուտ հայաբնակ էին, նաև՝ 2-3 լեռնամեջերի քրդախառն հայկական գյուղեր:

Մյուս գյուղերն այլ գավառակների մեջ հետևյալն էին. Փառկա՝ 400 տուն՝ զուտ հայերի, որն ուներ 80 աշակերտով դպրոց, Բերմ՝ 200 տուն (մի դպրոց՝ 50 աշակերտով), Ահրոնք՝ 200 տուն (մի դպրոց՝ 60-70 աշակերտով), Սաղտուն՝ 100 տուն (մի դպրոց՝ 40 աշակերտով), Պահմտա՝ 100 տուն, Գեղարվան՝ 100 տուն, Շուղիկ՝ 70 տուն, Հեղին՝ 60 տուն, Արտկունք՝ 50 տուն, Ըհուպ՝ 35 տուն, Բըրնին՝ 30 տուն, Խոծաց վանք՝ 30 տուն, Ընկուզնակ՝ 30 տուն, Կրեմորի՝ 30 տուն, Սևիդ՝ 25 տուն, Ծորիր՝ 25 տուն, Արս՝ 20 տուն, Մազրեն-խիան՝ 17 տուն, Կալըկ-Գընմա՝ 15 տուն և Խըտան՝ 100 տուն՝ բոլորը հայկական:

Տես նաև՝

ՄԱՍ I

ՄԱՍ II

ՄԱՍ IV

Շարունակությունը՝ հաջորդիվ

Одна идея о “ՍԱՍՈՒՆՑԻՆ ՆԱԵՎ ԶԵ՛ՆՔ ԷՐ ՍԻՐՈՒՄ

Добавить комментарий