ԱՐՑԱԽԻ ԶԱՎԱԿ ԿԱՐԵՆ ԵՎ ԳԱՐԻԿ ԲԱԼԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ. 1993 թվական

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Կարեն Բալայանը ևս չանսաց մոր թախանձանքին՝ տանը մնալ: Նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից տուն՝ Ստեփանակերտ և, որպես կամավոր, մեկնեց գործող բանակ, որտեղ արդեն կռվում էր եղբայրը՝ Գարիկը:

ԱՐՑԱԽԻ ԶԱՎԱԿ ԿԱՐԵՆ ԵՎ ԳԱՐԻԿ ԲԱԼԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ. Դադիվանք Dadivanq Дадиванк ԱՐՑԱԽԻ ԶԱՎԱԿ ԿԱՐԵՆ ԵՎ ԳԱՐԻԿ ԲԱԼԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ. Դադիվանք / Dadivanq / Дадиванк

Շուրջ մեկուկես տարի Աշոտ Ղուլյանի ղեկավարած դիվերսիոն-հետախուզական ջոկատում Կարենը կռվեց Մարտակերտում և Հադրութում, Մարտունիում և Ասկերանում, Քելբաջարում և Ջանհասանում, մասնակցեց Շուշիի ազատագրմանը: «Որտեղ մեր ջոկատն էր,- հիշում է Կարենը,- այնտեղ միշտ շրջապատում էր, ծուղակ»:

Ջոկատում ուս-ուսի կռվում էին Սեյրանն ու Վասիլը, Սամվելը, Լյովան, Նվերը, Վիլենը… Ամենից ավելի գորովով ու ակնածանքով Կարենը տալիս է Արթուր Խաչատրյանի անունը՝ մարտական ընկերոջ, որ նախկինում մանկավարժ էր եղել ու նկարիչ: Բայց նկարելու ժամանակ չէր, և Արթուր Խաչատրյանը թողել էր իր նկարակալն ու անավարտ կտավները, մեկնել մարտադաշտ: Հիմա նա կռվում է, կռվում է առանց Կարենի…

Հերթական մարտական գործողությունը հաջող էր անցել: Բարձունքը, ուր գործում էր թշնամական հրանոթը, վերցված էր, և ջոկատը հոգնած վերադառնում էր: Մարտական մեքենաներով Յողալանդի ճանապարհով անցնելիս Կարենը հիշեց, որ մեկ տարի առաջ նույն ճանապարհներին , Մաճկալաշենից դեպի Ֆիզուլի գնալիս ոտքը վիրավորել էր. փառք Աստծո, վերքը լավացել էր, և նա վերադարձել էր ջոկատ: Հիշեց նաև ավագ եղբորը՝ Գարիկին, որ մարատական մեքենայում թոքերը մրսեցրել էր և այժմ ծանր վիրահատման էր սպասում:

1993-ի օգոստոսի 15-ն էր: Ականապատ ճանապարհի նեղ հատվածում մարտական մեքենաներն անսպասելի ճակատ առ ճակատ հանդիպեցին. դարանակալ արկը հենց դրան էր սպասում: Նրա պայթյունից ճեղքվեց հողը, և տանելով մեկ մարտիկի կյանքը, վեցին կուրացրեց, մյուսներին վիրավորեց: Վեցից երեքն այլևս չէին տեսնելու, Կարեն Բալայանը՝ ևս: Երբ այցելեցի Կարենին Երևանի հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք, նա աչքի ծանր վիրահատություն էր տարել: Դժվարանում եմ պատումս շարունակել, որովհետև մի քանի օր առաջ մասնագետները հայտնել էին, որ Կարենն այլևս չի տեսնելու և պիտի սպասի բժշկական նոր հրաշք-հայտնությունների՝ կիսաարհեստական աչքեր պատվաստելու համար: Ե՞րբ կլինի այդ և կլինի՞ արդյոք: Ուժեղ, գեղեցիկ, եռանդով լի 22-ամյա երիտասարդը կորցրել էր լույս աշխարհը տեսնելու վերջին հույսը: Հետո իմացա, որ բուժման սկզբում անփութորեն արված ներարկումը վնասել էր դեռ մի քիչ տեսնող աչքը, բայց այդ մասին մեր զրույցի ընթացքում Կարենը լռեց:

Նույն հիվանդանոցի մի այլ բաժանմունքում բուժվում էր Կարենի ավագ եղբայրը՝ Գարիկը: Նա ևս ծանր վիրահատություն էր տարել. հեռացրել էին նրա մի թոքը, մի քանի ամիս անց վիրահատել սիրտը. 30-ամյա Գարիկը հաշմանդամ էր: Հիվանդասենյակում նա մեզ դիմավորեց ազատամարտիկի համազգեստով:

Խոսքը հատու էր, փոքր-ինչ ծաղրական: Քմծիծաղով պատմեց, թե ինչպես մարտական մեքենայով իրենք ոչ միայն թշնամու ռազմական մեքենաներ, այլև անգամ տանկ են գերել: Մասնակցել են Չլդրանի, Կիչանի, Գյուլաթաղի, Մոխրաթաղի մարտերին:

Բայց դրա մասին չէր ուզում խոսել, այլ վճռականորեն խնդրում ու պահանջում էր հիշեցնել, որ կան Կարեն ու Գարիկ Բալայաններ, կան նաև նրանց ծերացող մայրը և հաշմանդամ հայրը: Ստեփանակերտից բերել են բուժվելու, վիրահատելու, նրանք չեն եկել տաքուկ անկյուն գտնելու հարմարավետ բնակարաններում: Նրանք կռվել են և այժմ օգնություն հայցող ձեռքերով չպիտի դիմեն տարբեր նախարարությունների ու կազմակերպությունների՝ մի կերպ գոյատևելու համար: Նրանց դժվարությամբ են տրամադրում անգամ այն գումարը, որով պիտի դեղամիջոցներ գնեն: Մի՞թե նման ձեռքերը պիտի մուրան:

Փառք Աստծո, գտնվել են բարի մարդիկ, որոնք օգնել են ժամանակավոր ապաստան գտնելու, մանր-մունր ծառայություններ են մատուցում, ի վերջո, բաժանմունքի բուժանձնակազմը հոգատար և ուշադիր է նրանց նկատմամբ մշտապես: Կատարում եմ Կարենի խնդրանքը՝ տալով վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ Վարդան Հակոբյանի, Հակոբ Թումանյանի, Հենրիկ Սեփյանի, ավագ բուժքույր Լենա Բալոյանի անունները:

Բայց այս ջանքերը քիչ են: Հարկավոր է պետական հոգածություն նրանց և նրանց նմաններին, որպեսզի վերանա անօգնականության զգացումը:

Այո՛, հայրենասիրությունը զոհողության աղբյուր է հենց միայն այն պատճառով, որ վարձատրություն չի պահանջում: Եվ նրանց՝ հոգով իրոք ուժեղների մասին պատմելիս, ես համոզված եմ, որ վերջիններս վարձատրություն չեն պահանջում: Բայց մեզնից է մեծապես կախված (և դա լիովին հնարավոր է), որ նրանց կյանքը դադարի ամենօրյա փորձություն լինելուց: Որ մեր հերոսները չկորցնեն իենց հոգու արիությունը դարի փոթորիկներում:

Հ.Գ. Շուրջ երկու տասնամյակ առաջ գրված այս հոդվածը նորից հրապարակելու առիթը 2014-ին հայ զինվորի արիությունը պանծացնելու փաստն էր, զինվորի, որ ինչպես հերոսական կռիվների այն հեռավոր օրերին, այնպես էլ այսօր կարող է առյուծ դառնալ, երբ վտանգվում է հայրենին: Նաև այն պատճառով, որ հերոսների անունները չպետք է մոռացվեն: Ոչինչ չփոխեցի հոդվածում, ոչ մի խմբագրում չարեցի, թող այս տարիներին ծնված ու մեծացած սերունդը կենդանի կերպով զգա այն իրավիճակը, որ կար 20 տարի առաջ Հայաստանում: Դա և՛ պայքարի ու հաղթանակի հասնելու վճռականությունն էր, և՛ մեծաքանակ զոհերի գնով հաղթանակների կարևորությունը, և՛ անհատների ինքնազոհությունը և անշահախնդիր նվիրվածությունը հայրենիքի անկախության գաղափարին, և՛ հասարակ մարդկանց հոգատարությունն ու չինովնիկների ձևական-անտարբեր պահվածքը, և՛ իրենց երիտասարդ կյանքը չապրած երիտասարդների ողբերգությունը: Այս ակնարկը գրելուց որոշ ժամանակ անց տեղեկացա, որ այդպես էլ չապաքինվելով՝ իր մահկանացուն է կնքել Բալայան եղբայրներից ավագը՝ Գարիկը, նեղ պայմաններում էր շարունակում ապրել կրտսերը՝ Կարենը: Ուզում եմ, որ իրականությունը տեսնեք չվարագուրված, բայց առաջնայինը մնում է այն, որ Հայրենիքի կանչին արձագանքած երիտասարդների զոհողությունը զուր չէր: Եվ ուրեմն՝ հավերժ փա՜ռք նրանց:

Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 1993 թվականին Հասմիկ Սարգսյան

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՌԱՍՊԵԼԸԵս եղա մի երկրում, ուր երկնքի ու երկրի սահմանը փլվում, ամպերը քուլա են տալիս ոտքերիդ տակ, ու ս…

Posted by Հայագիտարան Հայաստան on 22 Նոյեմբեր, 2014

Одна идея о “ԱՐՑԱԽԻ ԶԱՎԱԿ ԿԱՐԵՆ ԵՎ ԳԱՐԻԿ ԲԱԼԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ. 1993 թվական

Добавить комментарий