ԱՆԴՐԴՎԵԼԻ ՍԱՍՈՒՆԸ

ՄԻ ԲՈՒՌ ՆՇԽԱՐ՝ ՍԱՍՈՒՆԻՑ. 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ.
ՄԱՍ II

Հասմիկ Սարգսյան

Սասունի բնակիչը լեռնային գեղեցիկ, բայց և դաժան բնաշխարհում իր գոյությունը պահպանում էր միայն համառ, անընկճելի մաքառումով: Հարթավայրերի բնակիչները, տեղափոխվելով այս լեռները, կորչելու էին սովամահ: Դարեր շարունակ ապրելով նման կյանքով՝ սասունցու մեջ զարգացել էին բնավորության և հոգեկերտվածքի չափազանց գնահատելի մի շարք առանձնահատկություններ:

Այն, որ այս լեռների ժողովուրդն իր գոյության արշալույսից ստիպված է եղել մարտնչել բռնակալության ու հարստահարիչների դեմ՝ հանուն իր ինքնուրույն գոյության, անվիճելի ճշմարտություն է: Լեռնցիք հնագույն ժամանակներից պահպանել են իրենց կիսանկախ իշխանությունը:

ՍԱՍՈՒՆՑԻՆ՝ ԵՐԿԱԿԻ ՀԱՐՍՏԱՀԱՐՎԱԾ

Թե ինչպես քրդական տարրը հաստատվեց Սասնա լեռներում և սկսեց խոշոր դեր խաղալ տեղի բուն բնակչության կյանքում՝ հայտնի չէ: Արաբների իշխանության ժամանակ Սասունն ու Բաղեշն անկախ էին Բաղդադի խալիֆներից: Սակայն հայ բնակչությունը ստիպված հետզհետե ենթարկվեց քրդերի իշխանությանը և նրանց մասամբ հարկատու դարձավ: Այստեղ բնակվող հայ բնակչության ներքին կառուցվածքը նման է եղել քրդերի ցեղախմբերի կառուցվածքին՝ բաժանված բազմաթիվ ցեղերի, յուրաքանչյուրն իր ցեղապետով կամ իշխանով, որին անպայման ենթարկվում էին: Բարքերն էլ նման էին՝ մանկությանից վարժված արյան, անխնա, արծվի նման իրենց թշնամուն վրա տվող: Քրդերի իշխանությունը դարավոր էր, և հայերը գրեթե ընտելացել էին այդ հպատակությանը: Սակայն իրերի դրությունը բոլորովին փոխվեց, երբ 19-րդ դարի առաջին կեսին օսմանցիք Քրդստանի դեմ երկարատև և կատաղի պատերազմից հետո կարողացան վերջնականապես խորտակել քրդերի ուժը և նրանց բեկերի փոխարեն Վանում ու Բիթլիսում նստեցնել իրենց կառավարիչ-վալիներին: Այս ժամանակահատվածի դեպքերը մի գեղեցիկ վիպասանության նյութ էին դարձել, որում պարզ կերպով երևում էին քրդերի և հայերի փոխհարաբերությունները:

Քրդերի երկարատև իշխանությունը և տիրող օսմանյան կառավարությունից անկախ լինելը բացատրվում էր, մի կողմից, սուլթանական պետության հետզհետե անկումով, մյուս կողմից՝ պալատական խռովություններով ու արյունահեղություններով, որոնք արգելք էին հանդիսանում՝ տերության ուժերը ներքին խնդիրներ վրա կենտրոնացնելուն: Անշուշտ, Քրդստանի նվաճումն էլ անհնարին կլիներ, եթե թուրքական զորքերին եվրոպացի ականավոր ռազմագետների աջակցությունը չլիներ: Գերմանացի հայտնի զինվորական կոմս Մոլակեն իր ռազմական ունակություններն ու գիտելիքները հաճախ է գործածել Տավրոսի ահռելի ամրությունները քրդերի ձեռքից մեկ առ մեկ խլելով: Բայց և այնպես, քրդերը միայն առերես էին հպատակությունն ընդունել: Նրանք առաջվա պես շարունակվում էին հպատակվել իրենց ցեղապետերին ու բեկերին, հարկ չտալ կառավարությանը կամ սակավ տալ, շարունակում էին հարկ պահանջել հայերից: Թուրք կառավարիչները, գիտակցելով իրենց տերության ուժասպառ վիճակը, վաղուց արդեն իրենց գլխացավանք չէին պատճառում՝ գերադասելով բռնի կերպով չմիջամտել քրդերի գործերին: Նրանք միայն բավարարվում էին թե՛ հայերից և թե՛ քրդերից ստացած հարկերով: Այսպիսով, հայերը պետք է կերակրեին քրդին էլ, թուրքին էլ՝ երկու տիրոջն էլ հարկ վճարելով: Երկուսն էլ դրա փոխարեն որոշակի պարտավորություններ էին ստանձնել. քուրդ բեկերը՝ պաշտպանել «յուրայիններին» ավազակներից, իսկ թուրքական կառավարությունը՝ պաշտպանել նույն ավազակների ու այլոց ճնշումներից, ինչպես պահանջվում է ցանկացած կառավարությունից: Սակայն իրականում ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը չէին կատարում իրենց հանձն առած պարտականությունները:

ՀԱՅԵՐԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՈՒՄ ԵՆ ՅԱՐԽՈՒՇՏԱ / ԱՆԴՐԴՎԵԼԻ ՍԱՍՈՒՆԸ

ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՈՒՄ ԵՆ ՅԱՐԽՈՒՇՏԱ / ԱՆԴՐԴՎԵԼԻ ՍԱՍՈՒՆԸ

Անիրավությունը հային տնտեսապես ուժասպառ էր անում: Նման իրավիճակի դեմ հայերի արդարացի և և խիստ բնական դժգոհությանն ի պատասխան թուրքական կառավարությունը, իր «որսին» քրդերից ազատելու փոխարեն, ընդհակառակը, առավել ևս նրանց մատնում էր քրդերին, քանի որ վերջիններիս դեմ կռվելու ուժ չուներ: Հայերի՝ հետզհետե հաճախացող և սաստկացող դժգոհությունները թե՛ քուրդ բեկերի հարստահարությունների և թե՛ թրքական կառավարության անտարբերության դեմ այն հետևանքն ունեցան, որ ի վերջո երկու նախկին ոսոխները բարեկամացան իրար հետ՝ ընդհանուր թշնամի համարելով հայերին: Դա ակնհայտորեն արտահայտվեց հատկապես 19-րդ դարավերջի բոլոր 20 տարիների ընթացքում և 1894-ի՝ սասունցի հայերի ջարդերի ժամանակ: Քրդական բոլոր ցեղապետերն իրենց ցեղերով կառավարության կողմն էին անցել այդ եղերական իրադարձությունների ժամանակ: Սասունցի հայերը, չնայած իրենց երկրի աղքատությանը, ըստ սովորության, պարտավոր էին միշտ հարկ տալ և ընծաներ մատուցել իրենց «պաշտպան» քուրդ բեկերին, կառավարության հարկահաններն էլ դարավերջին, իրենց հերթին, սկսեցին երևալ Սասունի լեռներում: Այսպիսով, երկու դարավոր դրացիների՝ հայերի ու քրդերի միջև կառավարությունը կարողացավ թշնամություն սերմանել:

19-րդ դարավերջին հարաբերություններն առանձնակի սրված էին. երկու կողմն էլ թշնամական արարքներ էր թույլ տալիս, հաճախ իրար հոտեր ու նախիրներ էին քշում, տանում, հայերը հրաժարվում էին քուրդ բեկերին հարկ վճարելուց: Քրդերն էլ գնալով ավելի հաճախ էին կրկնում իրենց հարձակումները: Կառավարությանն ուղղված՝ հայերի գանգանտները մնում էին անհետևանք, ինչի հետևանքով հայ լեռնականներն իրենց դժգոհությունն էին բացահայտորեն արտահայտում՝ մերժելով թուրք կառավարությանը հարկ վճարել և իրենց բնակավայրերից արտաքսելով հարկահավաքներին: Այդպես եղավ նաև 1893 թվականին. կառավարության զորքերը շրջապատեցին Սասունի կենտրոնական գավառը: Քուրդ բեկերն իրենց ցեղակիցներով միացան այդ զորքին: Սակայն Սասունն այդ ժամանակ մնաց անդրդվելի, և ինչպես զորքը, այնպես և քրդերը, լավ ջարդի ենթարկվեցին: Այս իրողությունն ավելի սաստկացրեց երկու դրացի ժողովուրդների թշնամությունը, ինչի հետևանքն եղավ այն, որ 1894-ին, թշնամիները վերջնականապես միանալով, հիմնահատակ կործանեցին, ավիրեցին հակառակորդի զորեղ բույնը:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Տես նաև՝

ՄԱՍ I

ՄԱՍ III

ՄԱՍ IV

Տես նաև՝ ՍԱՍՈՒՆՑԻ ԾՌԵՐ

1894-Ի ՍԱՍՈՒՆԻ ՋԱՐԴԵՐԸ

«ԹՈՒՐՔԸ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ».

Одна идея о “ԱՆԴՐԴՎԵԼԻ ՍԱՍՈՒՆԸ

Добавить комментарий