Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն այս տարի նշվեց նաև Կրետե կղզում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն հունվարի 15-ը Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն է, և հայ եկեղեցիներում տոնի առթիվ մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Հովհաննես Մկրտիչը քրիստոնեական եկեղեցու գլխավոր սուրբերից է։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է Ավետարանում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրան դասում է ամենամեծ սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած սրբի հիշատակին` Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի, ինչպես նաև Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը։

Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմամբ է սկսվում Ղուկասի Ավետարան, որտեղ նկարագրվում է, որ Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր ծեր էին և երեխա չունեին (Ղուկ. Ա:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստանում է Աստծուց Գաբրիել Հրեշտակապետի միջոցով Տաճարում ծիսական խնկարկություն անելու ժամանակ: Այս խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, Սուրբ Հոգով լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված Մեսիայի (Քրիստոսի) գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. Ա։8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքն առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, ով արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է խաղալ (Ղուկ. Ա։35-45)։ Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն բացվում է, և նա սկսում է օրհնաբանել Աստծուն (Ղուկ. Ա։67-75)։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանն անվանում են Հովհաննես, որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն։

Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն այս տարի մեծ շուքով նշվեց նաև Կրետե կղզում: Հունվարի 15-ը տոնական և կարևոր օր էր կրետեաբնակ հայության համար, քանի որ Իրակլիոն քաղաքում գտնվող հայկական եկեղեցին կրում է Սբ. Հովհաննես Մկրտչի անունը, որտեղ և եկեղեցու անվանակոչության օրվա առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. պատարագիչն էր՝ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը:

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի երեք խորան, որոնցից մեկը կրում է Սբ. Հովհաննես Մկրտչի անունը, սակայն խորանը մինչ օրս չուներ Սբ. Հովհաննես Մկրտչի սրբապատկերը: Ուստի օրն ավելի տոնական և խորհրդանշական դարձնելու համար և հուրախություն եկեղեցու համայնքի՝ սրբապատկերող Գևորգ Փոլադյանը, ով նկարելու աստվածատուր շնորհ ունի, իր իսկ ցանկությամբ երկար աշխատանքից հետո որպես «աղոթք սիրո և հավատի»` եկեղեցուն նվիրաբերեց Սբ. Հովհաննես Մկրտչի սրբապատկերը: Գունային նուրբ զգացողությամբ և սրբապատկերին հատուկ ճիշտ գծագրությամբ ստեղծված սուրբի պատկերը, արժանի տեղը գտավ եկեղեցու մեջ՝ զարդարելով Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող Սուրբ Սեղանը:

Սրբապատկերը, որպես լուսավոր խորհուրդը, կօգնի հավատացյալին հաստատուն մնալ հոգևոր կյանքի և աստվածապաշտության մեջ:

Սրբապատկերներ պարզ գծագրություններ կամ նկարազարդումներ չեն, այլ հավիտենական կյանքի պատգամներն են փոխանցում մեզ և ինչպես 7-րդ դարի մեր վարդապետներից Վրթանես Քերթողն է գրում. «Եկեղեցիներում նկարում են այն ամենն ինչի մասին Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերի խոսքերը միայն ականջներին են լսելի, իսկ պատկերները տեսանելի են աչքերին: Աչքերով տեսնում, ականջներով լսում, և սրտով հավատում ենք»:

Որպես կանոն պետք է երկրպագել և աղոթել միայն օրհնված սրբապատկերների առջև:

Այսպիսով` Սուրբ Պատարագի ավարտից հետո հավատացյալների մասնակցությամբ տեղի ուենցավ սրբապատկերի օրհնության կարգը, որ էլ ավելի աղոթական շունչ հաղորդեց եկեղեցուն:

Հայերն իրականում նորեկներ չեն Կրետե կղզում: Հայերի ներկայությունն այստեղ հաշվվում է դեռևս բյուզանդական ժամանակաշրջանից: Հայտնի է նաև, որ 10-րդ դարում գոյություն է ունեցել երկու հայկական զինվորական բնակավայրեր Պրիինում և Պլատանիում:

Հայերի` Իրակլիոնում բնակության հիմնական պատճառը հայկական Սբ. Կարապետ եկեղեցու գոյությունն է եղել, որի կառուցման մասին տեղեկանում ենք եկեղեցու մուտքի գլխավերևում գտնվող արձանագրությունից, ըստ որի` այն կառուցվել է 1669 թ. և համարվում է Եվրոպայում փրկված ամենահին եկեղեցին: Ավելի քան 200 տարիների ընթացքում հայկական Սբ. Կարապետ եկեղեցին և հունական Սբ. Մաթևոս եկեղեցին Մինայում միակ գործող եկեղեցիներն են եղել:

Հոգեշնորհ Տ Դերենիկ աբեղա Սահակյան

Добавить комментарий