«ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ԳՆԴԻ ՇՏԱԲՍ-ԿԱՊԻՏԱՆԸ

Այգեգործի բազմանդամ գերդաստանի չորրորդ զավակն էր Տաճատը՝ ուսումնատենչ, հուսավառ: Գյուղի ծխականն ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Աշտարակի քաղաքային դպրոցում, ապա Երևանի մանկավարժական սեմինարիայում: Ավարտելուց հետո վերադարձավ Աշտարակ, ուսուցանեց մայրենի ու հայոց պատմություն Օշականում, հետո նաև իր հայրենի Ղըզըլ-Թամար (այժմյան՝ Ոսկեվազ) գյուղում:

ԿԱՐՍ - KARS / «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ԳՆԴԻ ՇՏԱԲՍ-ԿԱՊԻՏԱՆԸ

«ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ԳՆԴԻ ՇՏԱԲՍ-ԿԱՊԻՏԱՆԸ . ԿԱՐՍ — KARS

Առաջին համաշխարհայինը նոր էր սկսվել, երբ նրան զորակոչեցին բանակ: Սակայն Տաճատ Հովակիմյանին միանգամից գործող բանակ չուղարկեցին: 1914 թվականի նոյեմբերին նա ընդգրկվում է գործող բանակում, կռվում ավստրո-հունգարական ռազմաճակատում: Նրա սպայական ունակությունների, անձնական սխրանքի ու արիության մասին են խոսում Գեորգևյան խաչը և Ալեքսանդրովյան թուրը, որոնցով պարգևատրվում է քաջորդին:

Մոսկվայի Ալեքսադրովսկու անվան ռազմական ակադեմիան ավարտում է՝ հետագայում ականավոր զորահրամանատարներ Յակիրի, Տուխաչևսկու, Բլյուխերի հետ:

1915 թվականի գարնանը Տաճատ Հովակիմյանն արդեն Կովկասյան ռազմաճակատում էր: Հինգերորդ լեռնահրաձգային բանակի հեծելազորային ջոկատի հրամանատարը մասնակցում է Էրզրումի շրջապատմանն ու Ռևանդուզի արյունահեղ ճակատամարտերին, ամենածանր ու հաղթական մարտերում հասունանում ՝ նրա հրամանատարական ձիրքը, բազմապատկվում է տակտիկական-օպերատիվ պատրաստվածությունը: Մարտական բարձր վարպետության, Վանի շրջանի ազատագրման ընթացքում ցուցաբերած խիզախության համար Տաճատը պարգևատրվում է «Աննայի» շքանշանով, Վլադիմիրյան երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով:

1917 թվականի հոկտեմբեր: Ռուսական զինվորական միավորումները հեռանում են ռազմաճակատից: Ոստանը մնում է անպաշտպան: Ճակատը չէին լքում միայն հինգերորդ գունդը և փոքրաթիվ աշխարհազորայինները: Տաճատ Հովակիմյանը Արսեն Տեր-Պողոսյանի, Վարդան Զալինյանի, Թևիկ Առաքելյանի հետ ստեղծում են վաշտային կոմիտեներ, որոշում իրենց հետագա գործողությունները:

1918 թվականին գունդը, որի հրամանատարն էր գնդապետ Պողոս բեկ Փիրումյանը, անվանվում է Մահապարտների:

Զինադադար է: Տագնապի շունչը կախված է ամենուր, վտանգավոր ու պայթունավտանգ լռություն է: Տաճատ Հովակիմյանը, որ վերակազմավորված ջոկատների գնդացրային վաշտի հրամանատարն է, իր վաշտը համալրում է հայրենասեր ղարաբաղցիներով, աշտարակցիներով, եղվարդցիներով:

1918 թվականի փետրվարին թուրքական խոշոր ռազմական ուժերն ուղղվում են դեպի Անդրկովկաս: Նվաճելով Արաքսի աջափնյա հողերը՝ նրանք մտնում են Ալեքսանդրապոլ և շարժվում դեպի Էջմիածին ու Երևան: Մայիսի 21-ին թուրքական զորախումբը գրավում է Սարդարապատ գյուղը և երկաթուղային կայարանը: Որպես ընդհանուր համահավաքի կոչ է հնչում հայկական զորքերի երևանյան խմբավորման հրամանատար գեներալ Սիլիկյանի դիմումը՝ Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

Մայիսի 27-ին սկսվում են Սարդարապատի և Ապարանի ճակատամարտերը: Գնդապետ Պողոս Բեկ Փիրումյանի հետ Տաճատ Հովակիմյանի գնդացրային վաշտը դուրս է գալիս համարձակ գրոհի, թուրքերը դուրս են շպրտվում Սարդարապատ գյուղից ու կայարանից: Առաջին հաղթանակը ոգևորում է ռազմաճակատի բոլոր հատվածներում կռվող հայերին:

Մայիսի 26-ին թուրքական զորախմբերը գրոհ են ձեռնարկում ամբողջ ճակատով, հակառակորդի մարտկոցը խփում է գերակշիռ դիրքեր գրավող բլրին, ուր խրամատավորված են Տաճատ Հովակիմյանի գնդացիրները: Ծանր ու տագնապալից վիճակ է ստեղծվում: «Թշնամին ուր որ է վերցնելու էր գերակշռող բլուրը, վերագրավելու Սարդարապատ կայարանը,- հիշում է ճակատամարտի գնդացրորդ, հետագայում՝ պրոֆեսոր Հարություն Մկրտչյանը:- Մեր զորքերը պատրաստվում էին նահանջի: Հանկարծ, ճակատագրական այդ պահին թիկունքից մեկը վազում է դեպի բլուրը: Շտաբս-կապիտան Տաճատ Հովակիմյանն էր: Մենք շունչներս պահած հետևում ենք նրան: Չանցած մի քանի րոպե նրա ձեռքում գտնվող «Մաքսիմը» նորից կրակ է մաղում թուրքերի վրա: Զարմանալի մենամարտ է տեղի ունենում: Թուրքական մարտկոցը խփում է բլրին: Ծխի ու փոշու ամպը ծածկում է բարձունքը: Տաճատի գնդացիրը լռում է, և թշնամու գումարտակը շարունակում է գրոհել: Վա՜խ, Տաճատը զոհվեց,- հառաչում է գնդապետ Փիրումյանը,- բայց տեղի է ունենում հրաշքը: «Մաքսիմը» հարություն է առնում Տաճատ Հովակիմյանի ձեռքերի մեջ: Շտաբս-կապիտանը շարունակում է իր ահեղ հունձը:

Մերոնք անցնում են գրոհի: Թշնամին հետ է շպրտվում: Տաճատ Հովակիմյանը հանդարտ իջնում է բարձունքից: Նրան ընդառաջ վազող սպաներն ու զինվորները գրկում ու համբուրում են իրենց հերոսին…»:

-Տաճատի մեկ օրվա սխրանքը,- հետագայում փաստել են ճակատամարտին մասնակից այլ զորավարներ,- երբ որոշիչ կարող էր լինել վայրկյանն անգամ, ճակատագրական էր Սարդարապատի ճակատամարտի ելքի համար:

Այնուհետև Տաճատ Հովակիմյանը նշանակվում է Աշտարակի շրջանի կամավորական ջոկատների հրամանատար և Կարո Սասունու հետ թուրքաբնակ գյուղերի վնասազերծումից հետո նրանցում բնակեցնում Արևմտահայաստանից բնավորված հազարավոր գաղթականների: 1919-ին նա Էջմիածնի ռազմական կայազորի պարետն էր, ապա սահմանապահ ջոկատների հրամանատար. նրա նստավայրը Շահթաղթ գյուղն էր: Այստեղից էլ նա մեկնեց իր վերջին կռվին:

1920 թվականի սեպտեմբեր: Կարսը վտանգված էր, և գնդապետ Տաճատ Հովակիմյանը Շահթաղթից շարժվում է՝ պաշտպանելու Ալեքսանդրապոլ-Ղարս տարածքը: Վճռական հակահարձակման դիմելով՝ նա թուրքերից ազատագրում է Կարսի շրջանի մի շարք գյուղեր: Նա, ինչպես և հայրենանվեր և բանիմաց շատ սպաներ (որոնց թվում էր նաև Մազմանովը) քաջատեղյակ էին, որ Կարսն ունի կայուն կայազոր, լավ պաշտպանված է և կարող է դիմադրել հակառակորդին: Կարսը չհանձնելու վճռականությանը, սակայն, այդ ժամանակ պիտի հակադրվեր «Կարմիր թուրքերի» նկատմամբ բոլշևիկյան համակրանքի կարգախոսը, գաղտնի խմբակների կողմից հրահրված դասալքությունը, և, ի վերջո, Կարսը պիտի ընկներ…

Նոյեմբերի 23-ին Բաշկադիգչար գյուղից դեպի Կարս ոչ մեծաքանակ պաշտպաններով շարժվեց մահվան սայլակը: Նրանում Տաճատի անկենդան մարմինն էր: Կարծես քնած լիներ. մարմնի վրա ոչ մի վերք չէր երևում: Գուցե թիկունքից էի խոցել: Իսկ գուցե դա ինքնասպանությու՞ն էր: Մազմանովն արդեն ինքնասպան էր եղել: Տաճատը երկրորդ զոհն էր: Տաճատի զինվորները տարիներ անց անգամ կիսաշշուկ պատմում էին՝ Տաճատին դավաճանեցին: Անուններ ու փաստեր չէին բերում: Վախենում էին: Նրա ողբերգական մահվան պատճառը տարիներ ու տասնամյակներ այդպես էլ մնաց առեղծված:

Կարսը թողնելով թշնամուն՝ նահանջող հայկական զորքերը Տաճատ Հովակիմյանի և Մազմանովի դիակները հասցրին Ալեքսանդրապոլ: Այստեղ էլ, քաղաքի բերդի մատույցներում, 24-ամյա գնդապետի դին հողին հանձնեցին: Մահախոսականում ասվում էր, որ գալիք սերունդները չեն մոռանա երկու գնդապետների սխրանքը, որ նրանք զոհվեցին հանուն հայրենիքի՝ խորապես համոզված, որ Կարսի հանձնումը ճակատագրական սխալ էր:

Դաժան ճակատագիր էր վերապահված Տաճատի ողջ գերդաստանին: «Հալածվում էին մեր ծնողները,- պատմում է Տաճատ Հովակիմյանի եղբորորդին՝ պատմաբան Արծրուն Ալեքսանյանը:- Մեծացանք մեր մեծ տան ներքնահարկում: Վերնահարկում բնակվում էին նրանք, ովքեր, այսպես ասած, «ժողովրդի թշնամու» հալածողներն էին»: Իսկ կնոջը՝ ճանաչված բժիշկ, գիտական աշխատությունների հեղինակ Վարդուշ Բուդաղյանին 30-ականներին վիճակվեց տաժանակիր աքսորը:

Հ.Գ. Այսօր, երբ Արցախի համար հերոսական գոյամարտի արձագանքները շատ թարմ են, երբ հայոց սահմաններին չեն դադարում կրակոցները, ու հայ զինվորի արիության ու անձնվիրության շնորհիվ է, որ պահպանվում է երկրի անդորրը, Տաճատ Հովակիմյանի հերոսական կյանքի պատմությունը ձեռք է բերում նո՛ր երանգ, նոր բովանդակություն: Այն յուրօրինակ կոչ է մեզ՝ անդավաճան անցնելու դժվարին ուղին և բացճակատ կանգնելու սերունդների դատի առաջ:

Հասմիկ Սարգսյան

 

Добавить комментарий