ՌԵՊՈՐՏԱԺ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

 1988 թվական, մայիս.
Որպես նախաբան.

Հասմիկ Սարգսյան - Hasmik Sargsyan / ՌԵՊՈՐՏԱԺ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

Հասմիկ Սարգսյան — Hasmik Sargsyan / ՌԵՊՈՐՏԱԺ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

Հավատարիմ՝ իմ վաղեմի գրառումները, թերթերում ու ամսագրերում տարբեր տարիների հրապարակումները, ինչպես նաև՝ ռադիոհաղորդումների տեքստերը պահպանելու սովորությանը՝ «պահեստարանումս» պահպանել էի նաև հեռավոր 1988-ին կատարած իմ այն ձայնագրությունների տեքստերը, որոնք եթեր են հեռարձակվել այն օրերին՝ դեռևս խորհրդային երկրում, ընդգծեմ՝ առանց կրճատումների: Թատերական (ներկայումս՝ Ազատության) հրապարակից ռեպորտաժի բովանդակությունը մեր օրերում՝ ձայնագրությունները կատարելուց 27 տարի անց հրապարակելու նպատակն անկախության տարիներին աճած սերնդին ցուցադրելն է, թե ինչպե՛ս է սկսվել մեծ արթնացումը, ինչպիսի՛ զգացումներով ու ձգտումներով են մարդիկ, հայ երիտասարդները համախմբվել, ի՛նչ պահանջներ են առաջ քաշել, ինչ մտածումներ են ունեցել, ինչ քայլերի են դիմել, ինչի՛ են հավատացել, ի՛նչ հիասթափություններ են ունեցել և ինչի՛ են պատրաստ եղել: Պատմության դասագրքերի հեղինակների սովորությունն է սրբագրումներ անել՝ հաճախ իրենց հայեցողությամբ, չհիշելով երբեմն անփութորեն, երբեմն դիտավորյալ, երբեմն էլ՝ անգիտությունից այնպիսի փաստեր ու իրողություններ, որոնք դրդել են համաժողովրդական արթնացման, մղել հետագա հերոսացման: Ուզում եմ, որ այսօր և հետագայում էլ այս համեստ տեքստը հիշեցնի, թե ինչպես է դա եղել, հաղորդի այն վեհ հույսերի, արթնացումի շունչը: Ուզում եմ, որ ճշմարտության ու արդարության համար հավաքված երիտասարդների խոսքից տարիների հեռավորությունից հորդացող անկեղծությունը, անշահախնդրությունը, անձնվիրությունը համակի նրանց, ում ուսերին է այսօր դրված 88-ի խանդավառների սերնդի գործի շարունակությունը: Դիտավորյալ ռեպորտաժի տեքստում ոչ մի փոփոխություն չեմ արել, կենդանի խոսքի շարահյուսական կառուցվածքում շտկումներ չեմ կատարել՝ հեղինակային միջամտությամբ չաղարտելու համար իմ խոսակիցների խոսքի հուզականության, շեշտադրումների կենդանի հևքը:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԼՈՒՌ ՑՈՒՅՑԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հեղինակ.— Շուրջ երեք ամիս է՝ մեր ժողովրդի ուշադրության կենտրոնում է երևանյան այս հրապարակը, հրապարակ, որտեղ ծավալվող իրադարձությունները հայ ժողովրդի, հայ երիտասարդության համար դարձան փորձաքար, որտեղ շատերն ապրեցին հավատաքննության մեծ դասը, զգացումների բազմերանգ տարուբերումների մեջ միանգամից հասունացան, ձևավորվեցին որպես մարդ ու քաղաքացի:

Եթե առաջներում Օպերայի և բալետի թատրոնի կողքով անցնելիս, ըստ սովորության, հայացքներս ուղղում էինք դեպի նրա բարձունքում տեղադրված ջերմացույցը, ապա հիմա, մի ներքին անհանգստությամբ բոլորս նայում ենք դեպի հրապարակը. ժողովրդական տրամադրությունների, դրանց նկատմամբ վերաբերմունքի յուրահատուկ «ջերմաչափ» է դարձել Թատերական հրապարակը:

Թատերական հրապարակ այս անգամ մեզ տարավ մի խումբ հայ երիտասարդների ՝ արդեն մեկ շաբաթ ձգվող բողոքի լուռ ցույցը: Հրապարակայնություն և դեմոկրատիա հռչակած մեր օրերում, երբ համարձակորեն, թունավոր ու վտանգավոր պալարը կտրողի վճռականությամբ բացեիբաց խոսվում է մեր պատմության ո՛չ այնքան լուսավոր, լռության մատնված, բայց ժողովրդական հիշողության մեջ երբեք չմոռացվող դեպքերից ու դեմքերից, երբ հսկա երկիրը ընդգրկող վերակառուցման շունչը վերափոխման ոչ հեշտ մի գործընթաց է սկսել ոչ միայն տնտեսական կյանքում, այլ առաջին հերթին մեր մտածելակերպում ու աշխարհընկալման մեջ,- ահա այս պայմաններում պետք է որ մեր քայլերն ուղղենք դեպի բազալտե այս աստիճանները, որտեղ օրեր ու գիշերներ արդեն հերթապահում են մեզ նման երիտասարդներ:

Ինչու՞ են նրանք այստեղ, ճի՞շտ է արդյոք նրանց ընտրած պայքարի ձևը. ի՞նչ է ասում նրանց լռությունը: Լսենք նրանց:

Ձայն.— Կարապետ Հարությունյան, նկարիչ: Ես Լենինականից եմ: Երեկ առավոտյան եկա Երևան: Լսել էի, որ Երևանի ուսանողությունը սկսել է պայքարի նոր ձև՝ հօգուտ Ղարաբաղի շարժման: Երևան գալով՝ տեսա նրանց պահանջները, որ գրավոր ներկայացված էին հենց օպերայի շենքի պատին, և միացա նրանց աներկմիտ կերպով: Քանի որ դրանք համապատասխանում էին և՛ կոնստիտուցիոն, և՛ մարդկային-բարոյական բոլոր օրենքներին, միացա նրանց, գիշերը անցկացրի նրանց հետ և ինչ-որ չափով պատկերացրի այն երիտասարդների, աղջիկների, տարիքավորների վիճակը, որոնք արդեն 5 թե 6 օր գիշերել էին, ու գտնում եմ, որ պայքարի ինչ-որ վերջնական ձև չէ այս, բայց կարելի ասել՝ պայքարի ճիշտ ձև է, որովհետև, վերջին հաշվով, բոլոր կոչերը, բոլոր ձևերը սպառել են իրենց, ամլացել են: Ժողովուրդը ինչ-որ նոր բանի է սպասում: Մենք էլ սպասում ենք, կարծես թե՝ ակտիվ կերպով: Մեր այդ սպասումը ի ցույց ենք դրել բոլորին, որպեսզի մարդիկ լինեն լարվածության մեջ, բայց բարոյական, եթե կարելի է այդպես ասել:

Ձայն.— Հարությունյան Անդրանիկ, գրող: Այստեղ մենք ունենք պլակատներ, որոնք բացատրում են՝ ինչի համար ենք հավաքված. «Անընդհատ նստացույց, մինչև հավաստիացման պատասխանը ստանանք»: Ունենք մեծ փորձ. 3 ամիս, 10 օր է անցել փետրվարյան օրերից. մենք սպասել ենք, մեզ հավաստիացրին, համոզեցին, որ լավ կլինի: Ցավոք սրտի, չեղավ:

Մեր ձայնը մենք այսկերպ լռեցրել ենք, լուռ ցույց ենք հայտարարել, որովհետև ուրիշ միջոց չկա և չի էլ կարող լինել: Եթե ամեն ինչ սպառված է, մենք, ուրեմն, լռությամբ (ես իրավունք չունեմ, երդմնազանց լինելով եմ տալիս այս հարցազրույցը) այս լռությամբ պիտի պայքարենք, որը երևի ամենաճիշտն է: Չգիտեմ: Որովհետև այլ միջոց առայժմ չկա, չենք տեսնում: Այլ ճանապարհ չկա առայժմ:

Եթե մեզ թողել են մեր հոգսերի հետ միայնակ, ուրեմն՝ մենք ինքներս մեր ուղեղի, մեր ֆանտազիայի հնարավորության սահմաններում ուզում ենք այդ հարցը լուծել ինքնուրույն:

Ձայն.— Միլիտոնյան Ավետիք, 36 տարեկան, բանվոր:

Լոզունգներ են բարձրացնում, որ ամենաթանկ բանը մեզ մոտ մարդն է: Իսկ արդյոք կարելի՞ է վեց օր անընդհատ անձրևին, ցրտին նստել, ու ղեկավարությունից ոչ մեկին չի հետաքրքրում այդ մարդկանց բախտը: Թող մտածեն այդ մասին:

Ձայն․— Արա, բանվոր:

Ես բողոքում եմ: Բողոքում եմ, որ մեր ժողովրդի արդար պահանջի նկատմամբ անտարբեր են:

Ադրբեջանցի նացիոնալիստ-շովինիստները ամեն տեսակ ծայրահեղության դիմում են: Մենք մեր հայ հոգեբանությամբ նման լկտիության չենք կարող հանգել: Մենք դա մեր հոգու մեջ չունենք և չենք կարող նման արարքներով պատասխանել: Դրա համար մենք անցկացնում ենք ցույց:

Հեղինակ.— Հրապարակում հավաքված են հետաքրքրասերներ, որոնք զարմանքով, երբեմն՝ կարեկցանքով, ոմանք էլ՝ դատապարտումով են դիտում ցուցարարներին: Բայց նրանք կարեկցանք չեն փնտրում: Մեր խոսակիցների մեջ կան պետական համալսարանի ուսանողներ: Ինչի՞ց սկսվեց այս շարժումը:

Ձայն.— Ես պետական համալսարանի ուսանող եմ: Շարժումը մենք սկսել ենք մայիսի 26-ից ընդամենը 10 հոգով: Ու ինչի՞ց սկսվեց շարժումը: Մայիսի 25-ին տեղի ունեցավ միտինգ, որը, փաստորեն, մի հերթական անգամ ապացուցեց, որ միտինգները վաղուց սպառել են իրենց: Երբ մենք եկանք այստեղ, մեզ առաջարկեցին համալսարանի ղեկավարությունից հանդիպել կառավարության հետ: Մյուս օրը արդեն հանդիպում եղավ ընկեր Սահակյանի, Մովսիսյանի և ՍՄԿԿ (Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության- հեղ.) Կենտկոմի պատասխանատու աշխատող Կաշինի մասնակցությամբ: Եվ եղավ պայմանավորվածություն, որ Հայաստանի կառավարությունը պետք է տա հաղորդագրություն այն մասին, որ Ղարաբաղի հարցը փակված չէ: Հաղորդագրությունը եղավ, բայց քանի որ Ղարաբաղում գործադուլ է, քանի որ ղարաբաղցիք Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմում Լիգաչովի արած հայտարարությունից բորբոքված են, իսկ այդ հայտարարությունը հենց պարզ ասել է, որ հարցը փակված է, և Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Պողոսյանին հանձնարարել էր այդ մասին հաղորդել մարզի կոմունիստներին ու աշխատավորներին, և Ղարաբաղը ոտքի է ելել, մենք ուզենք, թե չուզենք, պետք է սատար կանգնենք նրանց:

Եվ մենք ընտրեցինք այս ձևը. ինչի՞ համար: Որովհետև ամեն մի ճառ արդեն հոգնեցուցիչ էր: Ճառեր շատ են ասվել… Այս ձևը ունի իր առավելությունը, որ մենք սրանով կարող ենք խուսափել պրովակացիաներից:

Ձայն.— Անտոնյան Արամ, Կոնսերվատորիայի շրջանավարտ:

Այս պայքարը ժողովրդի մեջ խղճի խայթի զգացում է առաջացնում. «Վա՜յ, ի՜նչ լավն են մեր երեխաները, ի՜նչ մեղք են»: Արդեն ամեն ինչ սպառվել է, և այդ ժամանակ կդիմեն կտրուկ միջոցների, դա կբերի իր հետ շատ մեծ սխալներ, հետևանքը կլինի բավականին տխուր և բավականին ցավալի: Եվ քանի դեռ չի հասել այդ հետևանքին, և վատ դեպքեր չեն եղել, հարկավոր է , որ մեր կառավարությունը դիմի ավելի ռացիոնալ միջոցների, փորձի լսել ուսանողներին:

Ամբողջ 70 տարի նրանք քարոզում են, որ երիտասարդությունը մեր ապագան է: Իսկ ապագան չորանում և թրջվում է այս աստիճանների վրա 6 օր ու գիշեր: Եվ այստեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև շատերը հիվանդ պատկած են:

Սպասու՞մ են, ի սեր Աստծո, թող սպասեն. տեսնենք մինչև երբ կսպասեն: Մեզ մոտ այդպես է. լռու՞մ են, լռու՞մ են, թող լռեն: Մեկ է՝ կսպասենք, մինչև տեսնենք՝ իրենք մինչև երբ կլռեն:

Խոսելն էլ է շատ դժվար. հավաքվել է հարցերի մի ամբողջ կույտ: Դա Սումգայիթի դատավարությունն է, որ խայտառակ ձևով է վարվում: Ինչպե՞ս կարելի է մարդասպանին…. «Բանվորի ընտանիքից է…»: Եվ հետո էլ գրում են, որ վճիռը բեկման ենթակա չէ: Նման վճիռները մասսայական որոշման պետք է հանել:

Ձայն.— Անդրանիկ Վարդանյան, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող:

Ժողովուրդը հավաքվել է և պահանջում է՝ վերջնական մեր նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին: Եվ դրա համար մենք ունենք և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ պատմական բոլոր նախապայմանները:

Ինչու՞ են ամաչում մեր պատմաբանները ելույթ ունենալ, մեր ակադեմիկոսները ինչու՞ են ամաչում ելույթ ունենալ համամիութենական և հանրապետական ռադիոյով և ասել, որ պատմականորեն դա իսկական հայկական տարածք է:

Հեղինակ.— Թատերական հրապարակում այս հանդիպումներից հետո համոզվեցի նաև, որ երիտասարդությունը կարոտ է խելացի խոսքի ու խորհրդի, նրան հարկավոր է լսել ու հասկանալ:

Երիտասարդ արձակագիր Ավետիք Այվազյանի խոսքը կարճ էր. բայց ես չեմ կարող շատ բաներում չհամաձայնել նրա հետ:

Ձայն.— Ես ուզում եմ ասել, որ այսօր այստեղ լուծվում է ոչ միայն Ղարաբաղի հարցը, այլ այսօր այստեղ լուծվում է հայ երիտասարդության ապագայի հարցը, նրա հավատի հարցը: Եթե ստալինիզմը կոտրեց մեր ծնողներին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ապա այն սերունդը, որ տվեցին մեր ծնողները, իր գեներով էլի կապված է, կաշկանդված: Եվ եթե այս հարցը չպետք է լուծվի, ուրեմն չի լուծվում, ահա, երիտասարդության հավատի հարցը:

Հեղինակ.— Հանդիպումները Թատերական հրապարակում շարունակվում են: Այստեղ հանդիպում եմ երկու երիտասարդ ճարտարապետների: Այն ամենը, ինչի մասին խոսում են նրանք, այստեղ հուզում է շատերին:

Ձայն.— Աշոտ Խաչատրյան, ճարտարապետ:

Ինչ վերաբերում է վերջին ժամանակներում Լեռնային Ղարաբաղին և նրա շուրջն ստեղծված իրադրությանը, կարծում եմ՝ ամեն մի քաղաքացի, առավել ևս՝ հայ քաղաքացի, իրավունք չունի անտարբերություն ցուցաբերել դրա նկատմամբ:

Իհարկե, երևի պետք է հաշվի առնել տարիների ընթացքում, այսպես կոչված, «լճացման տարիներին» մարդկանց մեջ աճած անտարբերությունը: Սակայն երբ գործը հասնում է մարդու համար այնպիսի մի սրբազան գործի, ինչպիսին ազգային արրժանապատվությունն է, լռելը հանցագործություն է: Երևի այս հանգամանքն է պատճառը, որ առանց մեծ կազմակերպչական ջանքեր գործադրելու հարյուր-հազարավոր մարդիկ Հայաստանի տարբեր մասերում դուրս եկան փողոց՝ իրենց հավատի և նվիրվածության խոսքն ասելու՝ ի պաշտպանություն ազգային արժանապատվության, որի կոնկրետ դրսևորումը տվյալ դեպքում Արցախի վերամիավորման հարցն է:

Հայ ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել՝ ի համաձայնություն Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդում ազգային միավորման մասին ընդունված որոշման: Մինչև օրս մեր կառավարությունը չի պատասխանել մարզային խորհրդի այս որոշմանը: Պետք է տեղի ունենա Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի սեսիան, որին ես կոչ եմ անում՝ մեր ժողովրդական կառավարությանը, նրա Գերագույն սովետի դեպուտատներին, իրենց ձայնը միացնել ժողովրդի ձայնին, որը պահանջում է Արցախի վերամիավորումը Մայր Հայրենիքին:

Ձայն.— Աշոտ Գրիգորյան, ճարտարապետ:

Ուզում եմ շարունակել ընկերոջս՝ Աշոտի միտքը: Հայ ժողովրդի այսօրվա ռեալ սպասելիքները կապված են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հերթական նստաշրջանի հետ: Մեր դեպուտատների կարծիքը Արցախի բնակչության՝ Հայաստանի կառավարության դիմումի մասին, կարող է բախտորոշ լինել առաջիկա նստաշրջանում: Ցավոք, առայժմ ընտրված դեպուտատները ժողովրդի իսկական ընտրյալները չեն: Մեծ մասը առանձին ղեկավարների, կենտկոմի, շրջկոմների ընտրյալներն են: Այդ է վկայում, իմ կարծիքով, մինչ այժմ մեր կառավարության լռությունը: Ճիշտ ժամանակն է, որ դեպուտատները իրենց հստակ խոսքն ասեն՝ ի շահ իրենց ժողովրդի:

Ռեպորտաժ՝ Երևանի Թատերական հրապարակից, 1988 թվական, մայիս
Ռեպորտաժի հեղինակ՝ Հ. Սարգսյան

Одна идея о “ՌԵՊՈՐՏԱԺ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

Добавить комментарий