Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ «ՎԱՐԴԱՆ» ԵՎ «ՍԱՍՄԱ ՄՀԵՐ» ՕՊԵՐԱՆԵՐԸ

 

Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Արշակ Չոպանյան, Վրթանես Փափազյան

Գևորգ Բաշինջաղյան Gevorg Bashinjaghian, Կոմիտաս Վարդապետ Komitas Vardapet, Ղազարոս Աղայան Ghazaros Aghayan,, Հովհաննես Թումանյան Hovhannes Tumanyan, Ավետիք Իսահակյան Avedik Isahakyan, Արշակ Չոպանյան Arshag Chobanian, Վրթանես Փափազյան Vrtanes Papazian ։

Կոմիտասն օպերային դրամատուրգիային ձեռնամուխ լինելու, օպերաներ արարելու բազմաթիվ մտահղացումներ է ունեցել: Օպերային արվեստի նկատմամբ նրա հետաքրքրության մասին են վկայում իր երկու հոդվածները, որոնցում անդրադարձել է օպերային արվեստի հսկաներ Վերդիի և Վագների արվեստին: Դեռևս 1892 թվականի նոյեմբերին Կոմիտասի կազմած արևելյան եղանակների ժողովածուի մեջ «օպերայի համար» հեղինակի ձեռքով նշումներ կան: Կոմիտասի առաջին մտաղացումներից էր «Վարդան» օպերան, որ պետք է արտացոլեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Երգահանն իր գրառումների տետրակում, անգամ, կազմել էր այդ օպերայի գլխավոր հերոսների ցուցակը՝ ըստ ձայնային դիապազոնների նշելով նրանց անունները: Այսպես, Վարդանի դերակատարը պետք է լիներ տենոր, Ղևոնդ երեցը՝ բարիտոն, Հովսեփ կաթողիկոսն ու մոգապետը՝ բաս, Հազկերտն ու Մուշկանը՝ դարձյալ բարիտոն, մոգերը՝ տենոր: Պահպանվել են նաև այլ ձեռագրեր, որոնցում կատարված նշումները վկայում են, որ դրանք ապագա «Վարդան» օպերայի հատվածներն են: Օրինակ, հայկական ձայնանիշներով շարադրված է մի պատկեր, որ նախատեսված է երգչախմբային կատարման համար: Այդ պատկերում, ըստ Կոմիտասի նկարագրության, պարսիկների հանդեպ հաղթանակ տոնած հայերը, ինչպես գրում է Կոմիտասը, «շնչահեղձ երգում են և պատմում պատերազմական գործողությունների մասին»: Այլ հատվածներում հանդիպում են Կոմիտասի ուրիշ նշումներ՝ «Նախարարները Պարսկաստանում իրենց հավատն ուրացած և արևին պաշտոն մատուցելիս երգում են մոգերի ու պարսից շահի հետ», նաև՝ «Ղևոնդ երեցը զորքերին խրախույս է տալիս և երգում»: Բոլոր այս հատվածները՝ արձանագրված հայկական ձայնանիշներով, վկայում են, որ Կոմիտասը լուրջ նախապատրաստական աշխատանք է տարել «Վարդան» օպերան ստեղծելու ուղղությամբ:

Բայց միայն «Վարդան» օպերայի ստեղծման աշխատանքները չէին, որ կիսատ մնացին: Կոմիտասի համար ստեղծագործության աղբյուր է եղել մեր էպոսը, և նա «Սասմա Մհեր» օպերայի համար նյութեր է նախապատրաստել: Կոմպոզիտորի արխիվում պահպանվել են «Սասունցի Դավիթ» էպոսից գրառումներ, հայտնաբերվել է նաև նույն օպերայի համար ստեղծված ռեչիտատիվի սևագիր ձեռագիրը, ինչը նախատեսված էր Դավթի և Փոքր Մհերի վեճն օպերայի լեզվով նկարագրելու համար:

«Նրա երազներից մեկն էր,— գրում է Մանուկ Աբեղյանը Կոմիտասի մասին,- որ միշտ պատրաստվում էր մի օպերա շարադրելու հայկական և ընդհանրապես արևելյան եղանակների ոգով. դրա համար ամենից հարմար նյութը համարում էր մեր «Սասմա ծռերը» և որքան գիտեմ, մի քանի եղանակ շարադրել էր: Այս միտքը հղացել էր նա ուսանողական ժամանակ և բեմին ծանոթանալու համար նա իր պրոֆեսորի միջնորդությամբ մի քանի անգամ Բեռլինում նույնիսկ բեմ է ելել, չեմ հիշում որ օպերայի խմբի մեջ, իբրև խորիստ: Այս մասին նա շատ քչերին էր պատմում»:

Օպերային արվեստի լիարժեք գործեր արարելու՝ Կոմիտասի մտահղացումներներն այդպես էլ մնացին թղթի վրա: Առջևում 1915-ն էր…

Հասմիկ Սարգսյան

Տես՝ ԿՈՄԻՏԱՍ

ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ

ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

Անավարտ «Անուշ» օպերան

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ

 

Одна идея о “Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ «ՎԱՐԴԱՆ» ԵՎ «ՍԱՍՄԱ ՄՀԵՐ» ՕՊԵՐԱՆԵՐԸ

  1. Roza Arvahi

    ինչքան հանճարներ, ինչքան փայլուն գիտական մտքեր ցեղասպանվեցին, ինչպիսի արեւներ խավարեցին ամբողջ տիէզերքի հարստությունը չի կարող փոխարինել այն կորուստներին որ եղավ ցեղասպանության ժամանակ,դրահամար մենք թուլացանք մենք խեղճացանք որի ապացույցե այսօրվա ժողովրդի իրադրությունն է

Добавить комментарий