ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ SAMVEL SHAHMURADYAN

  • ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՑԱՎԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԱՆՑԵԼ Է ՄԵԶ

    Սամվել Շահմուրադյան. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1991թ.

    ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ SAMVEL SHAHMURADYAN

    ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ SAMVEL SHAHMURADYAN

    Արդեն այս մի քանի դարձվածքները՝ 1915 թվական, եղեռն, Արևմտյան Հայաստան, բավական են, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ սարսուռ զգա, խորանա իր մեջ, մնա մեն-մենակ: Այդ մեծ ցավը, որ հետապնդում է մեզ, շատ ինտիմ ցավ է, և սովորաբար, հայ մարդը դրա մասին ուրիշին չի պատմում, թողնում է այն միայն իրեն:

    10 տարեկան էի, երբ 65 թվականը եղավ, և մենք առաջին անգամ բարձրաձայն արտահայտեցինք մեր ցասումը, մեր ցավը: 10 տարեկանից գրեթե ամեն պահ այդ ցավը հետապնդում է ինձ, և ես փորձում եմ ելք գտնել: Կա՞ արդյոք ելքը, ի՞նչ անել: Հաշտվե՞լ այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքը ընդմիշտ, հուսա՞լ, որ կգա մի ժամանակ, երբ մենք հնարավորություն կունենանք վերադարձնել մեր այդ հայրենիքը: Ամեն ինչ անորոշ է, իսկ հիմա՝ այս պահին մենք դատապարտված ենք տառապելու:

    Մի անգամ, չեմ հիշում՝ ո՛ր ուսումնասիրողի մոտ տեսա մի մեծ թիվ. ուսումնասիրողը փորձել էր գնահատել, թե ինչ կորուստներ ենք մենք ունեցել՝ կորցնելով Արևմտյան Հայաստանը՝ մեր պատմական հայրենիքի մեծագույն մասը և տալով 2 միլիոն զոհ: Մի քանի միլիարդ ֆրանկ էր գնահատել մեր կորստի չափը, և ես, ճիշտ ասած, ցնցվեցի՝ ինչպե՞ս թե: Կարելի՞ է գնահատել գումարով այն, ինչ մենք կորցրել ենք: Մի աղբյուրը, մի փոքրիկ ձորակը, երկու ծառը, ինձ թվում է, ավելի թանկ են, քան աշխարհի ամբողջ գանձերը: Մարդ կարող է ստեղծել ամեն ինչ իր ձեռքով և մտքով, բայց երբեք չի կարող կերտել հող, այն էլ՝ ինչպիսի՜ հող: Մենք կորցրել ենք մեր բնօրրանը, մեր հայրենիքը, ուր այդքա՜ն, այդքա՜ն սերունդներ են ապրել, աշխատել, ստեղծագործել: Մենք թողել ենք այնտեղ մեր պապերի գերեզմանները, մեր նախնիների շիրիմները, մեր վանքերը, մենք թողել ենք մեր հայրենիքը: Եվ ահա, դատապարտված ենք ամեն օր տեսնել մեր մեծ կորուստը ևս՝ Մասիս սարը:

    6 տարեկան տղաս հարցնում է, թե ինչպես են թուրքերը Մասիս սարը տարել մեզնից այնտեղ՝ իրենց մոտ: Նա կմեծանա և ամեն ինչ կիմանա: Եվ այդ ցավը գենետիկորեն կանցնի նաև իրեն: Բայց մինչև ե՞րբ: Աշխարհի պետությունները զբաղված են իրենց առաջընթացով, կյանքը շարունակվում է, մենք դատապարտված ենք կրելու այդ տանջանքի խաչը:

    Հիմա մենք շատ ենք խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին, և նույնիսկ այդ գաղափարը, որ մենք կարող ենք նստել թուրքերի հետ բանակցության սեղանի առաջ, կարծես թե վիրավորական է մի քիչ: Բայց սա արդեն ուրիշ խնդիր է. սա արդեն տնտեսական, քաղաքական խնդիր է, ազգի գոյատևման խնդիր է: Բայց բանակցելով թուրքերի հետ տնտեսական թե առևտրական հարցերի շուրջ, ձգտելով հաստատել երկու հարևան պետությունների միջև նորմալ, բարիդրացիական հարաբերություններ (որովհետև այդպես է պահանջում Հայաստանի, հայ ժողովրդի շահը) մենք երբեք չենք կարող մոռանալ այն, ինչ կատարվեց 1915 թվականին և հետագա մի քանի տարիներին: Երբեք ոչ մի պետություն չի կարող նորմավորել, չափավորել ժողովրդի վիշտը կամ հիշողությունը:

    Ուրեմն, ես ցանկանում եմ, որ մարդիկ շատ լավ հասկանան՝ այսօր պետական մակարդակով ձգտելով նորմալ տնտեսական կապեր հաստատել հարևան Թուրքիայի հետ, մենք բնավ մտադրություն չունենք քաղաքական կամ բարոյական զիջումներ կատարելու: Դրա իրավունքը ոչ ոք չունի: Բայց մենք արդեն այսօր պետք է մտածենք, թե ինչ կեցվածք պետք է ընդունենք՝ կարգավորելով մոտ ապագայում միգուցե հայ- թուրքական հարաբերությունները: Ես ցանկանում եմ շեշտել, որ պետք է հոգեբանորեն էլ պատրաստ լինենք մենք այդ երկխոսությանը, և երբեք այդ բանակցությունները, դրանք լինեն թե՛ մասնավոր զրույցներ, թե՛ պաշտոնական, երբեք չպետք է վնասեն մեր ազգի արժանապատվությանը և ինքնասիրությանը:

    Խոսելով մեր հայրենիք Արևմտյան Հայաստանի մասին՝ ես, իհարկե, մտածում եմ նաև մեր սփյուռքի մասին, մեր ազգի կեսի մասին, որը ցրված է աշխարհով մեկ և չունի իր ոտքի տակ հարազատ հողը: Մանավանդ նրանք են ցավագին ընդունում պետության դիքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում:

    Չափից ավելի վտանգված է այսօր Հայաստանը, այսօր չափից դուրս բարդ են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, մենք, ասես, մարտնչում ենք միանգամից մի քանի ռազմաճակատում, և ոչ ոք իրավունք չի տվել բացելու մի նոր և ավելի ծանր ռազմաճակատ այս պայմաններում:

    Մտածելով Արևմտյան Հայաստանի մասին՝ ես չեմ կարող չանդրադառնալ Արցախին, որովհետև Արցախն այսօր ինձ համար մի հողակտոր է, որն իր մեջ մարմնավորում, խորհրդանշում է բոլոր մեր կորուստները: Թե՛ Մուշը, որտեղ ապրել են իմ պապերը, թե՛ Կարինը, թե՛ Սասունը, թե՛ Ալաշկերտը: Ահավասիկ, վերջին մի խլյակը հայկական հողի՝ թշնամու ձեռքին, և այնտեղ հայեր են ապրում, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, հայկական դպրոցներ կան, հայ կյանքն է այնտեղ ծաղկում, և մենք, պայքարելով Արցախի համար, պետք է մտածենք, որ փրկում ենք կորստից վերջին այս հողակտորը:

    Տեղեկանք. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի դեպուտատ Սամվել Շահմուրադյանի՝ վերում բերված խոսքը հնչել է 1991 թվականի ապրիլի 24-ի՝ «Հառնեցինք վերստին» խորագրով ռադիոհաղորդման ընթացքում (Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի Երիտասարդական հաղորդումների խմբագրություն):

    Նյութը տրամադրել է հաղորդման հեղինակ և խմբագիր Հասմիկ Սարգսյանը:

 

Одна идея о “ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ SAMVEL SHAHMURADYAN

Добавить комментарий