ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ LESSON OF HUMANISM

 Հասմիկ Գուլակյանի զրույցը «Արարման վեցերորդ օրը» ժողովածուի հեղինակ Անահիտ Չիբուխչյանի հետ

Աշխարհում գոյություն ունեցող մասնագիտություններից թերևս ամենամարդասիրականի ներկայացուցիչները՝ բժիշկները, տվյալ պարագայում՝ հայ բժիշկները, չէին կարող չլինել ազատամարտի իրենց եղբայր կամավորների կողքին, երբ հայոց սահմաններին լսվեցին առաջին կրակոցները, երբ պայթեցին առաջին ռումբերը, երբ վիրավորվեցին ու զոհվեցին մեր առաջին քաջերը: Կործանարար երկրաշարժի պատճառած ցավն ու մորմոքը դեռ չթոթափած՝ որպես կամավորներ՝ նրանք շտապեցին առաջին գիծ ու դաշտային հոսպիտալներ. մասնագիտացված զինվորական բուժհիմնարկներ դեռ չունեինք: Երբեմն նրանք ստիպված էին լինում նաև զենք վերցնել ու կանգնել առաջին գծում: Քանի՜-քանի բժիշկ հայորդիներ չվերադարձան ռազմի դաշտից, մի մասն էլ զոհվեց կամ վիրավորվեց դաշտային հոսպիտալներում՝ ռմբահարությունների ժամանակ: Մեծն Հիպոկրատին երդում տված մեր հայրենակիցները, հիմնականում՝ երիտասարդ, երբեմն ստիպված էին լինում բուժել, վիրահատել ու փրկել նաև նաև գերեվարված վիրավոր թշնամի զինվորներին, որովհետև դա նույնպես նրանց մասնագիտական պարտքի շրջանակում էր: Հավատացեք, հոգեբանորեն անասելի ծանր է յուրայինիդ կյանքը խլած, հայրենիքդ ավերող ավարառուին կյանք պարգևելը, որովհետև չգիտես, թե վաղը, երբ նա հայտնվի ազատության մեջ, ի՛նչ նոր դավեր է նյութելու քո ազգի ու հայրենիքի դեմ: Սակայն մեր բժիշկները նախ և առաջ մարդ էին՝ բառիս ամենաիսկական ու արժանապատիվ իմաստով: «Արարման վեցերորդ օրը» երկհատորյա ժողովածուի մեջ բժիշկների այնպիսի պատկերասրահ է ներկայացված, որ ակամա ուզում ես առանձին-առանձին ծանոթանալ յուրաքանչյուրի հետ: Մեկը մյուսից համակրելի, մեկը մյուսից շենշող մտավորականներ են, երկրաշարժի ու պատերազմի դպրոց անցած բժիշկներ… Նրանք երջանիկ մարդիկ են, սիրում են իրենց մասնագիտությունը և նվիրված են իրենց հայրենիքին: Եվ որքան հպարտ պետք է լինի մեզանից յուրաքանչյուրը՝ նրանց ժամանակակիցը լինելու համար: Այդ մարդիկ մեր հարստությունն են… Հենց այս գիտակցումը պետք է դառնա ոգեղեն նոր լիցքերի խթանիչ՝ ի հակակշիռ մեր կյանքում առկա, մեղմ ասած, գորշության, եթե այլ բառ չասեմ… Նրանք մեր կողքին են, համեստորեն զբաղվում են իրենց աշխատանքով՝ առանց շեփորելու անցյալի իրենց գործունեության մասին: Ուզում եմ, որ մեր հայրենակիցներն ավելի ուշադիր լինեն նրանց և հատկապես Արցախյան ազատամարտի մեր բոլոր վետերանների նկատմամբ, որովհետև նրանք, վտանգելով իրենց կյանքը, արհամարհելով մահ ու սարսափ, ամեն տեսակի դժվարություններ, այնքա՜ն թանկ հաղթանակ են մեզ պարգևել: Իսկ ովքեր հեռացել են կյանքից, թող լույս իջնի նրանց պայծառ հոգիներին:

«Վէմ» ռադիոկայան
10. 06. 2015

Одна идея о “ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ LESSON OF HUMANISM

Добавить комментарий