ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ
Սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա հաղորդաժամին կլսեք հեռակա զրույց վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի հետ, որին երբևէ չեմ հանդիպել: Իմ լրագրողական գործունեության արշալույսին դեռ չէի կարդացել նրա վեպերը: Բախտ չվիճակվեց նաև նրան գործընկեր լինելու. արդեն քանի տարի աշխատում եմ Հայկական հանրագիտարանում, որտեղ Վարդանն աշխատել է մինչև 1987 թվականը:
Վարդան Գրիգորյանի հետ զրույցի անսպառ նյութ տալիս են նրա պատմավեպերը՝ «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք»: Երեքն էլ արդիական են, բայց առանձնահատուկ վերաբերմունք ունեմ «Դար կորստյան» երկի նկատմամբ, որը համարում եմ ծրագրային:
Ես միշտ անբացատրելի ցավով եմ խոսում անցյալում ստեղծված, բայց արդիական հնչողություն ունեցող գրական գործերի մասին: Սա, ըստ իս, հավերժական ցավ է, մեր պարագայում՝ գուցե թե հայկական ցավ, որովհետև մեր ազգային հարցերը չեն լուծվում, փոխարենն անընդհատ ավելանում են նորերը՝ էլ ավելի ծանրացնելով գալիք սերունդների բեռը: Այդ առումով Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» վեպը, որ գրել է 1980–82 թվականներին, արդեն իսկ դարձել է մեր ուղեկիցը:
Իսկ Վարդանի ուղեկիցը պատմությունն էր: «Պատմությունը՝ հավերժության մեջ քարացած ժամանակն է,– գրել է նա «Հավերժական վերադարձ» վեպում:– Պատմության մեջ վայրկյանը կարող է դար դառնալ, դարը՝ վայրկյան: Ժամանակը վերադառնում է, հարություն տալիս լուսավոր, դարը մթագնած շլացուցիչ ակնթարթին»: Հանուն ազատության խարույկ բարձրացած իր հերոսի՝ Սիմեոնի պես «…նա լսում և տեսնում էր ժամանակը, անցյալ դարձած ներկան՝ ներկա դարձած ապագայի բարձունքից»: Եվ սա գրել է Բրեժնև-Սուսլովյան լճացման տարիներին: Վարդանը մասնագիտությամբ պատմաբան էր և պատմական նյութը ներկայացնում է սեփական հայեցակետով, որն ինձ անչափ հարազատ է: Այստեղից էլ՝ մեր գաղափարական ներդաշնակությունը: Մի առիթով նա նշել է, որ ոչ միայն համադրում է պատմական փաստերը, այլև քննում է դրանց հոգեբանական երեսակները, վերհանում մոռացության մատնված էջեր, կարևորում պատմական անձանց կամ գործիչների հոգեվիճակները՝ այս կամ այն քայլից առաջ: Պատճառահետևանքային կապերի որոնումներն էլ հնարավորություն են տվել նրան համոզիչ դարձնելու իր հերոսների արարքները, որոնցից պարտավոր ենք դաս քաղել այսօր բոլորս:
Սա անցյալի այն ընկալումն է և վերարժևորումը, որը բանական մարդուն միշտ տանում է պատմության խորքերը, որպեսզի հնարավորություն ունենա պատկերացնելու իր երկրի ու ազգի ապագան, որովհետև նրանց այսօրը պայմանավորված է միմիայն դրանցով: Այսինքն՝ եթե պատմությունից և հատկապես քո նախկին սխալներից դասեր չես քաղել, քո անիմաստ ու անհեռանկար ներկայով վտանգում ես ոչ թե քո, այլ երկրիդ ու ազգիդ ապագան: Այստեղ էլ համամիտ եմ Վարդանի տեսակետին, որովհետև ես էլ եմ կարծում, որ ներկա ժամանակ չկա. յուրաքանչյուր պահի այն դառնում է անցյալ:
«…Ինձ հուզողը Մարդ եւ Ժամանակ փոխհարաբերությունն էր,– մի առիթով գրել է Վարդան Գրիգորյանը:– Ներկան ժամանակի մեկ վիճակն է, գոյություն չունի առանց անցյալի և ապագայի, տվյալ պահին տեղի ունեցածը իմաստավորվում է լոկ երեկվանով և վաղվանով: Ժամանակի ամբողջական ընկալումն էր, որ ինձ տարավ մեր ժողովրդի պատմական անցյալը…»: Իսկ պատմական թեման միշտ է արդիական, եթե ուզում ես կերտել հուսալի ապագա: «Դար կորուսյալ» վեպում Վարդան Գրիգորյանն ուսումնասիրել և գեղարվեստորեն պատկերել է մեր պատմության թերևս ամենաողբերգական ու բեկումնային շրջանը՝ Անի կործանման, այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկման շրջանը, ներկայացրել հայրենի հողում գահակալած հայոց վերջին արքայատան կործանման պատմությունը, հայոց պետության ու պետականության կորուստը մեր բնօրրանում: Վեպի գլխավոր հերոսի՝ Գայլ Արշավիրի կերպարում ինձ համար ակնառու է հեղինակի՝ հայրենիքի ու ազգի հայեցակարգային աշխարհընկալումը՝ որպես հավիտենական արժեքներ, պետության ու պետականության աշխարհընկալումը՝ որպես բացարձակ արժեքներ: Գայլ Արշավիրը ոգեղեն կերպար է, որով Վարդան Գրիգորյանը գեղարվեստորեն խտացրել, բյուրեղացրել է իր իդեալը: Նրա միակ «մեղքը» անձնուրաց ու անմնացորդ հայրենասիրությունն է, «իր իսկ սիրո ծանրության տակ» ճզմվում է և դաժանորեն է պատժվում: Իր կյանքի մայրամուտին հասած իշխանը, վերլուծելով Անիի, այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկման պատճառները, խոստովանում է նաև իր «մեղքը». «…ճիշտ եք, հայոց իշխաններ… բոլորիդ ատում էի, և ատում էի ամեն ինչ՝ երկինքն ու գետինը, չարն ու բարին, ատում էի նաև ինձ, որ կործանվող երկրի զավակ էի, որ անկարող էի ոչ հաղթել և ոչ էլ հաշտվել կորստյան հետ…»: Ըստ իս՝ սա ամենաանփարատելի վիշտն ու անհատակ ողբերգությունն է, որ կարող է ապրել բանական էակը: Իր վերջին շնչում նա «միայն իրեն ծնած այս մի կտոր հողի անմահությանն է հավատում». «…ձեռքն այնպես է կառչել հողից, որ ոչ մի ուժ ընդունակ չէ նրան կտրել գետնից: Եղածը մի գրկաչափ է, բայց թվում է՝ ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ կտոր հողը»: Այսպես է ավարտել իր վեպը վաղամեռիկ վիպասանը: Պատկերավոր է նաև վեպի սկիզբը: Բնաբանը Մատթեոս Ուռհայեցուց է, պատմիչ, որ վախճանվել է Անիի կործանումից գրեթե 100 տարի անց՝ 1145-ին: Իր «Ժամանակագրության» մեջ նա գրում է. «…Այս է մեղաց պտուղն, զոր ցանեցին հարքն մեր եւ եւթնապատիկ ժողովեցին»: Չափազանց խոսուն է, շատ բան ասող, բայց քանի որ ասողին լսող չկա, ցայսօր մեզանից շատերը չեն հասկացել ու չեն էլ ուզում հասկանալ, որ սեփական «երկրից ելածը նոր հայրենիք չի գտնի»: Գայլ Արշավիրի այս և այլ մտքեր ու դատողություներ չափազանց կենսական են նաև մե՛զ համար: 11-րդ՝ «կորստյան դարի» ողբերգական հանգույցների՝ հայ աշխարհիկ ու հոգևոր իշխանավորների, նախարարների անհեռատես ու անմիաբան գործողությունների, մորթապաշտության, օտարներին հաճոյանալու, հնազանդվելու և վաճառվելու պատրաստակամության, մանր ու միջին պաշտոնյաների ողորմելի կամակատարության, համաճարակի պես գրեթե բոլորին վարակած ընչաքաղցության և Բագրատունյաց թագավորությունը կործանած մյուս ախտերի մասին է մեր այսօրվա հաղորդումը, որը, ըստ էության, հեռակա երկխոսություն է Վարդան Գրիգորյանի հետ՝ ըստ «Դար կորստյան» վեպի: Ի դեպ, երկը չեմ վերլուծելու, գրականագիտական գնահատականներ չեմ տալու: Պարզապես վեպի առանձին դրվագների միջոցով փորձելու եմ վերհանել գրողի մտահոգություններն ու տագնապները, որոնք, դժբախտաբար, հայերիս համար դարձել են հավիտենական: Ենթադրել կարելի է, որ նմանատիպ կացության մեջ են կործանվել Արշակունիների թագավորությունը, Հայաստանի առաջին հանրապետությունը…
***
Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» երկը չափազանց արդիական է հատկապես իր դասերով, և սա պետք է սեղանի գիրք, այսինքն՝ դասագիրք լինի յուրաքանչյուր հայի համար, եթե, իհարկե, նա ուզում է ապրել սեփական երկրում՝ սեփական դրոշի ներքո, եթե նա ուզում է պահպանել իր պետական կառույցները, իր լեզուն ու մշակույթը, եթե նա ուզում է հզորացնել ու շենացնել իր երկիրը, ամրապնդել իր բանակը, այլապես նրա աշխատանքի արդյունքից օգտվելու են օտարները, ինչպես եղավ դարեր շարունակ՝ չարաբաստիկ 1045 թվականից ի վեր…
«Վէմ» ռադիոկայան
18. 06. 2015
20-rd dari hay lavagooyn vep. voji tarmootioon, gidakcakani hosk, khoski kakhardank…. yev darn daser, kepari khoratapanc hogeverloocoutioon.
shnorhakalootioon heraka harcazrooyci hamar.